Ծնվել է 1945թ. հունվարի 9-ին: 1968-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ արեւելագետի (արաբերեն լեզու եւ գրականություն) որակավորմամբ:Սովորել է Սանկտ Պետերբուրգի արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1972-ին պաշտպանել է թեկնածուական, 1987-ին՝ դոկտորական դիսերտացիա, ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1972-78-ին աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1978-1985-ին՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ գիտական քարտուղար, 1985-91-ին՝ ավագ գիտական աշխատող;
Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից: 1988 թ. փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն: Նույն թվականի մայիսից ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում: 1988 թ. դեկտեմբերի 10-ին ձերբակալվել եւ մինչեւ 1989 թ. մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին: 1989 թ. նոյեմբերին ընտրվել է Հայոց համազգային շարժման վարչության անդամ, այնուհետեւ՝ նախագահ:1989թ. օգոստոսին ընտրվել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր, 1990-ի փետրվարին՝ ԳԽ նախագահության անդամ:
ՀՀ ԳԽ պատգամավոր ընտրվել է Երեւանի Արագածի 7-րդ ընտրատարածքից:
1990 թ. օգոստոսի 4-ին ընտրվել է ՀՀ ԳԽ նախագահ,1991 թ. հոկտեմբերի 16-ին համաժողովրդական քվեարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ: 1990 թ. ընտրվել է Սահմանադրական հանձնաժողովի նախագահ:
Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատությունների՝ նվիրված աղբյուրագիտությանը, հայ միջնադարյան թարգմանական գրականությանը եւ հայ-ասորական գրական առնչություններին:
Հայաստանի գրողների միության, Ֆրանսիական Ասիական ընկերության, Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի անդամ, Լա Վեռնի (ԱՄՆ) համալսարանի պատվավոր դոկտոր: