ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-830-23.04.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-830-23.04.2024-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 9-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ նախադասությունը, այն է՝ «Ազգային ժողովի հերթական ընտրությունների դեպքում լիազոր մարմինն ընտրողների ռեգիստրը՝ ըստ տեղամասերի, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր եւ 7 օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 21 օր եւ 7 օր առաջ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար։»: Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 13-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է որոշակի ժամկետներում ընտրողների ցուցակների հրապարակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ներքին գործերի նախարարության համացանցային կայքերում: Միեւնույն ժամանակ Օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարում եւ ընտրողների ցուցակը կազմում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը եւ ընտրողների ցուցակը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան վարելու եւ կազմելու համար:»: Այսինքն, Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 13-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրում է պարտականություն ընտրողների ցուցակները՝ ըստ ընտրատեղամասերի հրապարակելու, սակայն այդ ցուցակներին հասանելիություն ունի միայն Օրենսգրքով նախատեսվող լիազոր մարմինը, որի, այդ տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին փոխանցելու լիազորությունը Նախագծի 2-րդ հոդվածով ճանաչվում է ուժը կորցրած

Առաջարկում ենք ապահովել Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածների համապատասխանությունը միմյանց:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

10.05.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

10.05.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարել համապատասխան փոփոխություն, այն է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի միջոցով մինչեւ քվեարկությունը ընտրողների ցուցակի տեղադրում, որում պետք է պարունակվի տեղեկատվություն ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան (hայրանունը` համապատասխան անձը հաստատող փաստաթղթերում առկայության դեպքում), ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա եւ ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի մասին՝ ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը երաշխավորելու նպատակով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343) 

02.05.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում եւ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենք): 

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ համարելով, որ իրազեկման այդ պահին առկա տարբերակներից անհատական փոստային ծանուցումն ամենաարդյունավետն է՝ լիազոր մարմինն ընտրել էր ընտրողներին իրազեկելու այդ տարբերակը: Այսպիսով, մինչ այժմ ընտրողների ծանուցումներն իրականացվել են անհատական թղթային ծանուցմամբ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով: Նշված եղանակով իրազեկումն արդարացված համարելու համար անհրաժեշտ է համոզված լինել, որ ընտրված եղանակը ընտրողներին ընտրության մասին համապատասխան տեղեկությունները տրամադրելու ամենաարդյունավետ եղանակն է: Մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ նման եղանակով իրականացվող ծանուցումներն անարդյունավետ են եւ չեն ծառայում իրենց նպատակին: Մեծամասամբ այդ ծանուցումները հետ են ստացվում՝ հասցեատերերի տեղափոխված լինելու հիմքով կամ «Չպահանջված» նշումով: Չնայած դրան՝ հարցումները փաստում են, որ նույնիսկ փաստացի չծանուցված ընտրողները մեծամասամբ, ընտրություններին մասնակցելու նախկին փորձը հաշվի առնելով, գիտեն իրենց ընտրատեղամասը եւ այլ մանրամասներ կամ համապատասխան տեղեկատվությունը փնտրում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում: 

Արդյունքում, փոստային եղանակով ծանուցումներ ուղարկելը փաստացի չի նպաստում ընտրողների՝ իրենց ընտրական իրավունքների եւ ընտրության անցկացման մանրամասների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը կամ ընտրողների՝ ընտրական գործընթացին առավել ակտիվ կերպով ներգրավմանը: Վարչարարությունը պարզեցնելու ու ավելի թափանցիկ դարձնելու տեսանկյունից ժամանակակից պայմաններում առավել նպատակահարմար է օգտագործել ընտրողներին իրազեկելու այլ միջոցներ: 

Նախագծով նախատեսվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի միջոցով մինչեւ քվեարկությունը ընտրողների ցուցակի տեղադրում, որում պետք է պարունակվի տեղեկատվություն ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան (հայրանունը՝ համապատասխան անձը հաստատող փաստաթղթերում առկայության դեպքում), ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա եւ ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի մասին՝ ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը երաշխավորելու նպատակով:

Ակնկալվում է, որ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ընտրողներին հանրամատչելի, հրապարակայնորեն հասանելի եղանակով ծանոթանալ ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկություններին, այդ թվում՝ ընտրատեղամասին, որտեղ պետք է քվեարկեն՝ առավել արդյունավետ կերպով ապահովելով ընտրողների՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի իրացումը: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Սակայն, հաշվի առնելով կանոնակարգվող հարաբերությունների բնույթը՝ կցանկանայինք ընդգծել  կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ իրավասու մարմինների կողմից հապատասխան միջոցառումների իրականացման միջոցով հանրությանը իրազեկելու կարեւորությունը: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                         ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

07.05.2024թ.