ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-879-02.07.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-879-02.07.2024-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «զոհված զինծառայող» հասկացությունը, այն է. «զինծառայող, ով զոհվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի գործողությունների հետեւանքով՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության (այսուհետ՝ մարտական գործողությունների) հետեւանքով կամ մահացել է մարտական գործողություններից հետո՝ մարտական գործողությունների հետեւանքով ստացած վնասվածքներից»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ զոհված զինծառայողներին վերաբերող դրույթները տարածվում են նաեւ անհայտ կորած կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների վրա, առաջարկում ենք Նախագծում «զոհված զինծառայող» հասկացության փոխարեն կիրառել այնպիսի հասկացություն, որն իր մեջ կներառի նաեւ անհայտ կորած կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողներին:

Միաժամանակ առաջարկում ենք քննարկվող նորմում «(այսուհետ՝ մարտական գործողությունների)» ձեւակերպման մեջ «այսուհետ» բառից հետո լրացնել «նաեւ» բառը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 7-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված են առանձին կարգավորումներ Նախագծի իմաստով մարտական գործողություն համարվող ցանկացած գործողության հետ կապված:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է. «ընտանիքի անդամ՝ զոհված զինծառայողի ծնողը (հարազատ հայրը եւ մայրը, բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից), որդեգրողը, ամուսինը, ինչպես նաեւ զավակը՝ մինչեւ 23 տարին լրանալը, եղբայրը, քույրը՝ մինչեւ 23 տարին լրանալը»: Հատկանշական է, որ Նախագծի բազմաթիվ դրույթներում սահմանվում են կարգավորումներ՝ ընտանիքի անդամներին առանձին թվարկելով, այնուամնայնիվ, Նախագծի ողջ տեքստում առկա չէ որեւէ կարգավորում որդեգրողի վերաբերյալ:

Միաժամանակ նշենք, որ «ընտանիքի անդամ» հասկացության մեջ նշված է միայն ամուսինը, մինչդեռ Նախագծի ողջ տեքստում տարբեր հոլովաձեւերով կիրառվում են ամուսին (կին) եւ կին (ամուսին) տարբերակները եւս:

Բացի այդ՝ հարկ է անդրադառնալ քննարկվող նորմում նշված «ծնողը (հարազատ հայրը եւ մայրը, բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից)»: Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են այն երեխայի հետ ազգակցության փաստի վրա հիմնված բոլոր իրավունքները, որի նկատմամբ ծնողական իրավունքներից նրանք զրկվել են (ընդ որում՝ նրանցից ապրուստի միջոց ստանալու, ինչպես նաեւ երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնությունների ու պետական նպաստների իրավունքները)»: Հետեւաբար, կարծում ենք, քննարկվող նորմում փակագծերում նշված արտահայտությունն անհրաժեշտ է հանել:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվում է, որ Նախագծում «սեփականության իրավունք» հասկացությունը կիրառվում է հետեւյալ իմաստով. «Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող՝ բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունք կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունք, հողի նկատմամբ իրավունք»: Վերը մեջբերվածից բխում է, որ Նախագծում «սեփականության իրավունք» հասկացությունը վերաբերում է միայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքին: Այս դեպքում հարկ է անդրադառնալ այն փաստին, որ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերում կիրառվող «սեփականության իրավունք» հասկացությունը վերաբերում է ոչ թե անշարժ գույքին, այլ փոխադրամիջոցներին: Առաջարկում ենք ապահովել Նախագծի դրույթների համապատասխանությունը միմյանց:

Միաժամանակ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»: Վերը մեջբերված դրույթում «նորմատիվ իրավական ակտերով սահմանված» բառը «հանրածանոթ» բառից «կամ» շաղկապով անջատելու արդյունքում դրանից բխում է, որ հանրածանոթ հասկացությունը նորմատիվ իրավական ակտերով սահմանելու կարիք չունի: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «սեփականության իրավունք» հասկացությունը կիրառվում է իր հանրածանոթ իմաստով՝ նշենք, որ այդ հասկացությունը սահմանելու կարիք չկա:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածով նախատեսված երաշխիքները տրամադրելու դեպքերը, պայմանները, կարգը եւ չափը սահմանում է Կառավարությունը»: Մինչդեռ Նախագծի 7-12-րդ հոդվածներով սահմանվում են երաշխիքների տրամադրման դեպքերը եւ պայմանները, իսկ Նախագծի 13-րդ հոդվածով՝ տրամադրման կարգը:

5.       Նախագծի 2-րդ գլխի վերնագիրն առաջարկում ենք գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջը, այն է. «(…) Գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով (…)»: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի բոլոր գլուխներին՝ բացի առաջին գլխից:

6. Նախագծի 5-րդ հոդվածի առաջին նախադասությամբ նշված է. «Զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների ոլորտում լիազոր մարմինը (այսուհետ նաեւ՝ Լիազոր մարմին)», մինչդեռ Նախագծի որոշ դրույթներում կիրառվում են «լիազոր մարմին» բառերը: Առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ  իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով եւ միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը:

7. Նախագծի 5-րդ հոդվածի երկրորդ նախադասությամբ սահմանված է. «Զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար սահմանվում է կարգավիճակ»: Հատկանշական է, որ այս դրույթից բացի Նախագծի որեւէ այլ դրույթներում առկա չէ նշում այդ կարգավիճակի վերաբերյալ, հետեւաբար հասկանալի չէ, թե ինչի արդյունքում կամ որ պահից է անձը համարվում այդ կարգավիճակը ստացած եւ ինչ ընթացակարգով դա իրականացվում:

Միաժամանակ նշենք, որ այս նախադասությունը սահմանված է Նախագծի՝ «Լիազոր մարմին» վերտառությամբ 2-րդ գլխի «Զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների ոլորտում լիազոր մարմինը» վերտառությամբ 5-րդ հոդվածում: Վերոգրյալից բխում է, որ քննարկվող նախադասությունն իր բովանդակությամբ չի համապատասխանում ո՛չ հոդվածի, ո՛չ էլ գլխի վերնագրին, ինչը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ եւ 10-րդ մասերի պահանջներին:

8. Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված տեղեկությունները եւ փաստաթղթերը Լիազոր մարմնին տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը»: Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը վերաբերում են բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող տեղեկություններին եւ փաստաթղթերին: Հատկանշական է, որ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված է նաեւ կարգավորում Լիազոր մարմնի՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից տեղեկություններ եւ փաստաթղթեր ստանալու իրավասության մասին: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Կառավարությունը լիազորված է սահմանելու միայն Նախագծի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված տեղեկությունները եւ փաստաթղթերը Լիազոր մարմնին տրամադրելու կարգը՝ նշենք, որ հասկանալի չէ, թե ինչպես է կարգավորվում Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված տեղեկությունների եւ փաստաթղթերի տրամադրումը, ինչպես նաեւ ինչ ժամկետում է այն իրականացվում եւ որ դեպքերում կարող է մերժվել:

9. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է. «զոհված զինծառայողին տրված հիփոթեքային վարկը (…) ամբողջությամբ մարվում է պետության կողմից, եթե  զոհված զինծառայողի ամուսինը (կինը) դարձել է հիփոթեքով ձեռք բերված բնակարանի միակ սեփականատերը, եւ զոհված զինծառայողի հետ ունի ընդհանուր երեխա(ներ), որոնցից առնվազն մեկին սեփականության իրավունքով պարտադիր պետք է անցնի բնակարանը»: Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է. «զոհված զինծառայողին տրված հիփոթեքային վարկը (…) ամբողջությամբ մարվում է պետության կողմից, եթե  հիփոթեքով ձեռք բերված բնակարանը սեփականության իրավունքով անցնում է զոհված զինծառայողի ծնողներին եւ/կամ երեխաներին»: Նախագծի՝ վերը մեջբերված դրույթների վերլուծությունից բխում է, որ այդ կարգավորումները սահմանելիս հաշվի չի առնվել ըստ կտակի ժառանգության ինստիտուտը եւ անարժան ժառանգների գործոնը, ինչի հետեւանքով հաշվի չի առնվել զոհված զինծառայողի ազատ կամահայտնության իրավունքը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձեւով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին սույն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը»: Հատկանշական է, որ, Հայաստանի Հանրապետության համաձայն, առաջնահերթության կարգով կատարվում է ժառանգություն ըստ կտակի, քանի որ կտակի միջոցով քաղաքացին իր հայեցողությամբ որոշում է ժառանգական զանգվածի մեջ մտնող իր գույքի ճակատագիրն իր մահից հետո: Իսկ ըստ օրենքի ժառանգությունը կատարվում է այն դեպքում, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը: Կտակն արտահայտում է քաղաքացու կամքն իր մահվան դեպքում իրեն պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ: Ընդ որում՝ իր մահից հետո իրեն պատկանող գույքի իրավական ճակատագրի վերաբերյալ կտակարարի կամքն արտաքին ձեւով ճշգրիտ արտահայտելու, այսինքն՝ ներքին կամքի եւ արտաքին կամահայտնության համապատասխանությունն ապահովելու նպատակով օրենսդիրը նախատեսել է կտակը կազմելու ու այն նոտարական կարգով վավերացնելու որոշակի ընթացակարգ: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ կարող ենք փաստել, որ սեփականության հարցում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը առաջնային կարեւորություն տալիս է հենց մահացածի կամահայտնությանը, հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ մասերը խմբագրել՝ հաշվի առնելով ըստ կտակի ժառանգության ինստիտուտը եւ անարժան ժառանգների գործոնը եւ ժառանբման հարաբերությունների առանձնահատկությունները:

Նշենք նաեւ, որ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի հետ կապված առկա են նաեւ մի շարք այլ դիտարկումներ: Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հետ կապված նշենք հետեւյալը.

Զոհված զինծառայողի հիփոթեքային վարկի ամբողջությամբ մարման համար անհրաժեշտ է երեք պայմանների միաժամանակյա առկայություն, դրանք են՝ զոհված զինծառայողի ամուսինը (կինը) դարձել է հիփոթեքով ձեռք բերված բնակարանի միակ սեփականատերը, նրանք ունեն ընդհանուր երեխա, հիփոթեքով ձեռք բերված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքն անցնելու է նրանց ընդհանուր երեխաներից առնվազն մեկին: Այս կապակցությամբ հարկ է անդրադառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածին, որով սահմանվում է, որ ամուսինը (կինը) եւ երեխան հանդիսանում են նույն հերթի ժառանգ, հետեւաբար հնարավոր չէ մի իրավիճակ, երբ երեխա ունենալու պարագայում զոհված զինծառայողի ամուսինը (կինը) դառնա զոհված զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի միակ սեփականատեր:

Քննարկվող նորմում առաջարկում ենք «երեխա(ներ)» ձեւակերպումը խմբագրել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը»:

Միաժամանակ առաջարկում ենք քննարկվող նորմում ցանկացած հոլովաձեւով նշված «բնակարան» բառերը փոխարինել Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «բնակելի անշարժ գույք» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Նույն դիտարկումը վերաբերելի է Նախագծի ողջ տեքստում ցանկացած հոլովաձեւով նշված «բնակարան» բառերին:

Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հետ կապված հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1222-րդ հոդվածով սահմանված է. «Կտակի կամ օրենքի ուժով ժառանգատուի ամուսնուն պատկանող ժառանգության իրավունքը չի վերաբերում գույքի այն մասի նկատմամբ նրա իրավունքին, որը համատեղ ձեռք է բերվել ժառանգատուի հետ ամուսնության ընթացքում եւ ամուսինների համատեղ սեփականությունն է: Մահացած ամուսնու բաժինն այդ գույքում որոշվում է սույն օրենսգրքի 201 հոդվածին համապատասխան եւ մտնում է ժառանգության զանգվածի մեջ», իսկ 201-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջեւ կնքված պայմանագրով»: Վերոգրյալը հիմք ընդունելով կարող ենք փաստել, որ քննարկվող նորմում նշված դեպքում բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը չի կարող անցնել միայն զոհված զինծառայողի ծնողներին կամ երեխաներին՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված անշարժ գույքը համարվում է զոհված զինծառայողի եւ վերջինիս ամուսնու (կնոջ) համատեղ սեփականությունը:

Նշենք նաեւ, որ հասկանալի չէ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում դրսեւորված տարբերակված մոտեցումը, մասնավորապես՝ հիփոթեքով ձեռք բերված բնակելի անշարժ գույքի՝ սեփականության իրավունքով զոհված զինծառայողի ամուսնուն (կնոջը) անցնելու դեպքում պարտադիր պայման է այդ անշարժ գույքը հետագայում վերջիններիս երեխային սեփականության իրավունքով անցնելը, մինչդեռ հիփոթեքով ձեռք բերված բնակելի անշարժ գույքի՝ սեփականության իրավունքով զոհված զինծառայողի ծնողներին անցնելու դեպքում նման պահանջ առկա չէ:

Միաժամանակ առաջարկում ենք քննարկվող նորմը խմբագրել՝ առանց «/» նշանը կիրառելու՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայերենում նման կետադրական նշան առկա չէ:

10. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանվում է, թե զոհված զինծառայողի կողմից հիփոթեքով ձեռք բերված բնակելի անշարժ գույքը վերջինիս ընտանիքի անդամին անցնելու դեպքում հիփոթեքային վարկի մարման հետ կապված ինչ աջակցություններ է տրամադրում պետությունը: Այս դեպքում նշենք, որ հասկանալի չէ, թե ինչպես է որոշվում՝ որ դեպքում են կիրառվում Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-4-րդ կետերով սահմանված աջակցության տեսակները:

11. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հետո համարակալումն առաջարկում ենք շտկել:

Համարակալման վրիպակ առկա է նաեւ Նախագծի մի շարք այլ դրույթներում, ինչպես օրինակ՝ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից հետո առկա համարակալումը, 10-րդ հոդվածի 3-րդ մասից հետո առկա համարակալումը եւ այլն:

12. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ 4-րդ կետով սահմանված է. «զինծառայողի զոհվելուց հետո ընտանիքի անդամին տրված հիփոթեքային վարկի սպասարկման համար ծառայության վճարների մասնակի վճարումը կամ հիփոթեքային վարկի մայր գումարի եւ սպասարկման համար ծառայության վճարների ուղղությամբ կատարված ծախսերի մասնակի փոխհատուցումը, եթե զինծառայողի ընտանիքի անդամներից մեկն ունի այդ հիփոթեքային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք»: Առաջարկում ենք վերը մեջբերված նորմում հստակեցնել, թե զինծառայողի մահվանից հետո մինչեւ երբ է գործելու այս աջակցությունը, հակառակ դեպքում քննարկվող նորմից բխում է, որ զոհված զինծառայողի ընտանիքի ցանկացած անդամի կողմից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում պետությունը պարտավոր է ցուցաբերել աջակցություն վերջինիս ողջ կյանքի ընթացքում:

13. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «Հարկային» բառն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «Հարկային» բառին:

14. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Եթե հիփոթեքային վարկի սպասարկման համար ծառայության վճարների գումարները Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով վերադարձվել են, ապա հիփոթեքային վարկի մայր գումարի եւ սպասարկման համար ծառայության վճարների ուղղությամբ կատարված ծախսը սույն հոդվածով սահմանված կարգով չի փոխհատուցվում»: Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չէ հիփոթեքային վարկի սպասարկման համար ծառայության վճարների գումարները վերադարձնելու հնարավորություն, նշված հոդվածը վերաբերում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների:

15. Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածի 1-ին մասում նշված գումարները տրամադրելու պայմանները եւ կարգը, 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերում նշված՝ մարման, վճարման կամ փոխհատուցման ենթակա գումարների չափերը (առավելագույն չափերը) սահմանում է Կառավարությունը»: Հատկանշական է, որ քննարկվող նորմով նշված Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված է հիփոթեքային վարկի մայր գումարի եւ սպասարկման համար վճարվող տոկոսների ամբողջական եւ միանվագ մարման հնարավորություն, հետեւաբար հասկանալի չէ, թե Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասում մարման ենթակա գումարի ինչ առավելագույն չափի մասին է խոսքը:

Միաժամանակ հասկանալի չէ, թե Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հետ կապված տարբերակված մոտեցումն ինչով է պայմանավորված, եթե դրանով սահմանվում է նույն աջակցությունը, որը սահմանված է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով:

16. Նախագծի 7-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Հիփոթեքային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը տրամադրվում է ընտանիքի բոլոր անդամներին եւ տարածվում է նրանց տրված հիփոթեքային բոլոր վարկերի վրա՝ հաշվի առնելով սույն օրենքի դրույթները»: Առաջարկում ենք վերը մեջբերված դրույթը հստակեցնել՝ հակառակ դեպքում դրանից բխում է, որ զոհված զինծառայողի ցանկացած ընտանիքի անդամին երբեւիցե տրամադրված ցանկացած հիփոթեքային վարկի համար պետությունը պարտավոր է վերջիններիս տրամադրել ֆինանսական աջակցություն:

Բացի այդ նշենք, որ Նախագծի 7-րդ հոդվածի այլ մասերով առանձնացվում են ընտանիքի անդամները՝ նրանց տրամադրվող աջակցությունների տեսանկյունից, հետեւաբար անհրաժեշտ է Նախագծի 7-րդ հոդվածի դրույթները համապատասխանեցնել միմյանց:

17. Նախագծի՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամների բնակարանային ապահովման երաշխիքները կարգավորող 8-րդ հոդվածի 1-ին մասում ընտանիքի անդամների շարքում նշված է նաեւ զոհված զինծառայողի խնամակալը: Հատկանշական է, որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված «ընտանիքի անդամ» հասկացության մեջ թվարկված անձանց շրջանակում խնամակալը նշված չէ: Հիմք ընդունելով Նախագծի 1-ին հոդվածը, որով սահմանվում է Նախագծի կարգավորման առարկան, եւ որով սահմանված է, որ Նախագիծը կարգավորում է միայն զոհված զինծառայողների ընտանիքի անդամների երաշխիքը, կարող ենք փաստել, որ զոհված զինծառայողի խնամակալին երաշխիք տրամադրելու վերաբերյալ դրույթները դուրս են Նախագծի կարգավորման առարկայից:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածում առկա խնամակալի վերաբերյալ դրույթներին:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ խնամակալի վերաբերյալ կարգավորումներ սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել, թե, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ում նկատմամբ է խնամակալ նշանակվում:

18. Հատկանշական է, որ Նախագծի մի շարք դրույթներով սահմանվում են արտոնություններ՝ առանց Հայաստանի Հանրապետության գործող այլ օրենսդրական ակտերում համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարելու, ինչի արդյունքում առկա է հակասություն Նախագծի եւ այլ օրենսդրական ակտերով սահմանված կարգավորումների միջեւ: Ինչպես օրինակ՝ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված է. «զոհված զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների գույքահարկից ամբողջական ազատում, եթե հարկման օբյեկտը անցել է երեխային, ծնողներից որեւէ մեկին, խնամակալին, իսկ քրոջը կամ եղբորն անցնելու դեպքում՝ 50 տոկոսով»: Հարկ է նկատել, որ վերը մեջբերված դրույթով սահմանված կարգավորումը տարբերվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգավորումից, որով սահմանված է. «Փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են (…) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը` մինչեւ այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը, իսկ եթե անձն ամուսնացած չի եղել կամ չունի (չի ունեցել) զավակներ` մինչեւ հարկման օբյեկտի նկատմամբ ընտանիքի անդամի սեփականության իրավունքի դադարելը»: 

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգավորման կապակցությամբ հարկ է նշել նաեւ, որ դրանում նշված երաշխիքից օգտվող անձանց ցանկում նշված են «ընտանիքի անդամ» հասկացության մեջ ներառված բոլոր անձինք, նույնիսկ ընտանիքի անդամ չհանդիսացող խնամակալը, մինչդեռ զոհված զինծառայողի ամուսնու (կնոջ) համար նման հնարավորություն նախատեսված չէ: Վերոգրյալ տարբերակված մոտեցումը հասկանալի չէ:

Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված «զոհված զինծառայողի ծնողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների գույքահարկից ազատում 50 տոկոսի չափով» երաշխիքը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով ընդհանրապես սահմանված չէ: 

Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կարգավորման վերաբերյալ նշենք, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով մանրամասն կարգավորված են անշարժ գույքի հարկման եւ այդ հարկից ազատվելու վերաբերյալ հարաբերությունները: Առաջարկում ենք ապահովել Նախագծով սահմանված դրույթների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին: 

Այս առումով անհրաժեշտ է նշել, որ Նախագծի այլ դրույթներով եւս սահմանվում են զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին տրվող երաշխիքների տեսակներ, սակայն սահմանվող դրույթներն ամրագրվում են միայն Նախագծով՝ առանց համապատասխան օրենքներում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու: Օրինակ՝ Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երաշխիքը, այն է. «Զոհված զինծառայողի զավակը, քույրը, եղբայրն  ընդունվում է (տեղափոխվում է) զոհված զինծառայողի ընտանիքի չափահաս անդամի նախընտրած՝ պետական մարմինների ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություն (դպրոց)»: Մինչդեռ «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներով սահմանված չէ նման երաշխիք: 

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Զոհված զինծառայողի նախադպրոցական տարիքի զավակը, քույրը եւ եղբայրը արտահերթ ընդունվում է (տեղափոխվում է) զոհված զինծառայողի ընտանիքի չափահաս անդամի նախընտրած՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություն (մանկապարտեզ)», մինչդեռ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով սահմանված է. «Նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից, ըստ հերթագրման ամսաթվի, համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի, օգտվում են զոհված զինծառայողի երեխան, քույրը, եղբայրը»: Այսպես՝ վերը մեջբերված երկու դրույթների համադրությունից բխում է, որ Նախագծով նախատեսվում է զոհված զինծառայողի երեխայի, քրոջ եւ եղբոր ընդունելություն նախադպրոցական հաստատություն արտահերթ կարգով, մինչդեռ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նրանք ընդունվում են ոչ թե արտահերթ, այլ ունեն առաջնահերթության իրավունք ըստ հերթագրման ամսաթվի:

19. Նախագծի 10-րդ հոդված 3-րդ մասից հետո նշված 1-ին կետով նշված է. «Պետությունը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի այն սովորողներին (…)»: Հատկանշական է, որ Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված չէ որեւէ կարգավորում ուսանողների մասին, այդ դրույթը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատություններին: Հետեւաբար առաջարկում ենք քննարկվող նորմում կատարված հղումը շտկել:

Շտկման կարիք ունեն Նախագծի մի շարք դրույթներում կատարված հղումներ եւս, օրինակ՝ Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասում, Նախագծի 15-րդ հոդվածում կատարված բոլոր հղումները եւ այլն:

20. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի առաջին «ՀՀ» հապավումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, իսկ երկրորդ «ՀՀ» հապավումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարության» բառը փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի ողջ տեքստում ցանկացած հոլովաձեւով առկա «կառավարություն» բառին:

21. Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք է վերապահվում երկու տարի եւ ավելի ժամկետով անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց երկու տարվա սահմանափակման) այն ամուսիններին, որոնք հանդիսանում են զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված որդու ծնողներ»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ մեջբերված դրույթը չի վերաբերում միայն պարտադիր զինվորական ծառայությանը՝ հասկանալի չէ, թե ինչու է Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասում նշված արտոնությունը վերաբերում միայն զոհված որդու ծնողներին: Առաջարկում ենք քննարկվող նորմում «որդու» բառը փոխարինել «զավակի» բառով: 

22. Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասում նշված են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ ավարտից հետո պատճառական կապով զոհված (մահացած)» բառերը: Այս կապակցությամբ նշենք, որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված է. «զոհված զինծառայող՝ զինծառայող, ով զոհվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի գործողությունների հետեւանքով՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության (այսուհետ՝ մարտական գործողությունների) հետեւանքով կամ մահացել է մարտական գործողություններից հետո՝ մարտական գործողությունների հետեւանքով ստացած վնասվածքներից»: Այսպես՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ թվարկված գործողություններն իրարից անջատվում են «կամ» շաղկապով, կարող ենք նշել, որ «մարտական գործողություններ» բառերը վերաբերում են «զոհված զինծառայող» հասկացության մեջ թվարկված  ցանկացած գործողության: Այս դեպքում հասկանալի չէ, թե Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասում ինչու են առանձին թվարկվում այն գործողությունները, որոնք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն այսուհետ պետք է կոչվեն «մարտական գործողություններ»: Միաժամանակ նշենք, որ հասկանալի չէ, թե Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասում թվարկված գործողությունների շարքում ինչու նշված չէ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով «մարտական գործողություն» համարվող հակառակորդի նախահարձակ գործողությունը եւս:

23. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասությամբ սահմանված է. «Հայաստանի Հանրապետության այլ հանգստյան տներում զոհված զինծառայողի ընտանիքի անդամի տարին մեկ անգամ յոթնորյա հանգստի երեսուն տոկոսը վճարվում է պետության կողմից, բայց ոչ ավելի քան 60 հազար դրամը»: Առաջարկում ենք հստակեցնել, որ վերը մեջբերված դրույթում նշված արտոնությունը վերաբերում է ոչ միայն յոթնօրյա հանգստին, այլեւ դրանից պակաս օրերով հանգստին եւս: Հետեւաբար առաջարկում ենք քննարկվող նորմում «անգամ» բառից հետո լրացնել «մինչեւ» բառը:

24. Նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Զոհված զինծառայողի ծնողները իրավունք են ձեռք բերում որդեգրել երեխա, եթե նրանց գումարային տարիքը չի գերազանցում հարյուրը, ինչպես նաեւ համապատասխանում են որդեգրման համար սահմանված մյուս չափորոշիչներին»: Այսպես՝ եթե զոհված զինծառայողի ծնողները երեխա որդեգրելու համար պետք է համապատասխանեն որդեգրման համար սահմանված չափանիշներին, ստացվում է, որ որդեգրելու հետ կապված արտոնությունը որդեգրողների տարիքն է, այն է գումարային տարիքը հարյուրը չգերազանցելը: Այս կապակցությամբ հարկ է անդրադառնալ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասին, որով սահմանված է. «Որդեգրողի եւ որդեգրվողի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս եւ 50 տարուց ոչ ավելի, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան որդեգրվում է որդեգրելու նախապատվության իրավունք ունեցող անձանց կողմից»: Քննարկվող նորմի եւ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համադրությունից բխում է, որ Նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթը չի հանդիսանում երաշխիք կամ արտոնություն, քանի որ Հայաստանի Հանրապետության գործող կարգավորումների համաձայն, զոհված զինծառայողի ծնողները կարող են որդեգրել երեխա առանց Նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթի:

25. Նախագծի 12-րդ հոդվածի 5-րդ մասի վերջին նախադասությամբ սահմանված է. «Սույն մասից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ այդ ուսումնական հաստատությունում ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով՝ գիտելիքների հիման վրա»: Նշենք, որ ոչ միայն Նախագծի 12-րդ հոդվածի 5-րդ մասը, այլ նաեւ Նախագծի 12-րդ հոդվածն ընդհանրապես չի ներառում որեւէ կարգավորում ուսումնական հաստատությունների վերաբերյալ, հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի 5-րդ մասի վերջին նախադասությունը հանել:

26. Նախագծի 12-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է. «Հոդված 10-ով եւ 11-ով սահմանված արտոնությունները տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը»: Նշենք, որ այս դրույթն իր բովանդակությամբ չի համապատասխանում Նախագծի 12-րդ հոդվածի վերնագրին, հետեւաբար առաջարկում ենք այն սահմանել Նախագծի 10-րդ եւ 11-րդ հոդվածներով: Այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասից:

27. Նախագծի «Առողջապահական եւ սոցիալական ոլորտի արտոնություններ եւ երաշխիքներ» վերտառությամբ 5-րդ գլխում ընդգրկված են Նախագծի 13-15-րդ հոդվածները, որոնք կարգավորում են ցանկացած տեսակի երաշխիք տրամադրելը, դրանց դադարելը, մարվող գումարի (վճարվող կամ փոխհատուցվող գումարի) չափը վերահաշվարկելը, երաշխիքների տրամադրման հրապարակային լինելը: Հատկանշական է, որ վերոնշյալ հոդվածներն իրենց բովանդակությամբ չեն համապատասխանում Նախագծի 5-րդ գլխի վերնագրին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է. «(…) գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը», հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 13-15-րդ հոդվածները սահմանել դրանց բովանդակությանը համապատասխանող վերնագիր ունեցող այլ գլխով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ գլխի վերնագրին:

28. Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Լիազոր մարմինը, ըստ անհրաժեշտության, սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված մարմիններից եւ կազմակերպություններից ստանում է ընտանիքի անդամին համապատասխան երաշխիք տրամադրելու համար լրացուցիչ տեղեկություններ (փաստաթղթեր) եւ տասն աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը»: Նախ՝ նշենք, որ ընտանիքի անդամին համապատասխան երաշխիք տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթուղթ եւ տեղեկատվություն տրամադրող մարմինների մասին նշվում է ոչ միայն Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասով, այլեւ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հետեւաբար առաջարկում ենք հղում կատարել նաեւ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին: Միաժամանակ առաջարկում ենք հստակեցնել, թե տասն աշխատանքային օրվա ժամկետը որ պահից սկսած է հոսում:

29. Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանվում է, թե Լիազոր մարմնի կողմից Նախագծի 7-9-րդ հոդվածներով սահմանված երաշխիքների տրամադրելու մասին որոշում կայացնելու դեպքում Լիազոր մարմինը հաջորդիվ ինչ քայլեր է ձեռնարկում: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 10-12-րդ հոդվածներով եւս սահմանվում են երաշխիքների տեսակներ, առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածով սահմանել նաեւ այդ երաշխիքների տրամադրելու մասին որոշում կայացնելու դեպքում Լիազոր մարմնի հաջորդիվ քայլերը:

30. Նախագծի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է. «Երաշխիք տրամադրելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում լիազոր մարմինը այդ մասին տեղեկացնում է դիմողին»: Առաջարկում ենք հստակեցնել, թե ինչ ժամկետում է Լիազոր մարմինը պարտավոր տեղեկացնել դիմողին երաշխիք տրամադրելու մերժման որոշման մասին:

Ժամկետի հստակեցման վերաբերյալ դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում նշված Լիազոր մարմնի կողմից երաշխիքների տրամադրելու մասին որոշում կայացնելու պահից հետո վերջինիս կողմից հաջորդիվ քայլեր ձեռնարկելու ժամկետին:

31. Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքով սահմանված երաշխիքները դադարում են ընտանիքի անդամի մահվան դեպքում»: Առաջարկում ենք այս դրույթում հստակեցնել, որ երաշխիքը դադարում է միայն մահացած ընտանիքի անդամի մասով:

32. Նախագծի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքով սահմանված երաշխիքները դադարեցվում են նաեւ Կառավարության սահմանած դեպքերում»: Կարծում ենք, երաշխիքների դադարեցման հիմքերը օրենսդրական ակտի փոխարեն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանելն արդարացված չէ: Հատկապես, եթե Նախագծով արդեն իսկ սահմանված են երաշխիքների դադարեցման որոշ հիմքեր, եւ հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված տարբերակված մոտեցումը հիմքերի դեպքում, ինչ սկզբունքով է որոշվում, թե որ հիմքերը պետք է սահմանվեն օրենսդրական ակտով եւ որ հիմքերը՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 15-րդ հոդվածի երկրորդ 4-րդ մասով սահմանված երաշխիքների շրջանակներում մարվող գումարի վերահաշվարկելու դեպքերը սահմանելու Կառավարության լիազորությանը:

33. Նախագծի 16-րդ հոդվածով սահմանված է. «Սույն օրենքը խախտողները պատասխանատվություն են կրում Օրենքով սահմանված կարգով»: Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել, թե Նախագծով սահմանվող որ դրույթները կարող են առաջացնել պատասխանատվություն, պատասխանատվության ինչ տեսակներ կարող են կիրառվել եւ որ օրենքով են սահմանվում պատասխանատվության միջոցները:

34. Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրավան հաջորդող 10-րդ օրը»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, (…) եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին (…)»: Մինչդեռ Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը Նախագծով սահմանվող իրավակարգավորումների համար հիմնավոր ժամանակահատված չի կարող համարվել: Բացի այդ՝ Նախագծով սահմանվում են մի շարք աջակցության տեսակներ, որոնք պահանջում են պետական բյուջեի ծախսերի էական ավելացում: 2024 թվականի պետական բյուջեի նախագիծն արդեն ընդունված է, եւ դրանում ընդգրկված չեն Նախագծով առաջարկված ծախսերը: Առաջարկում ենք սահմանել Նախագծի՝ ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, սակայն ոչ շուտ քան 2025 թվականը:

35. Նախագծի 17-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկում ենք «ենթաօրենսդրական» բառից հետո լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ», ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված մի շարք կարգավորումներ անհրաժեշտ է հստակեցնել եւ որոշակիացնել:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը միմյանց, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

23.07.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք, առաջանալու է օրենսդրական փոփոխություն կատարելու անհրաժեշտություն մի շարք օրենքներում: Օրինակ՝ Նախագծի 9-րդ հոդվածում նշված դրույթներից բխում է, որ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, Նախագծի 10-րդ հոդվածում նշված դրույթներից՝ «Կրթության մասին» կամ «Հանրակրթության մասին» օրենքում եւ այլն:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

23.07.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար սահմանել տարբեր տեսակի երաշխիքներ, դրանց տրամադրման պայմաններ ու կարգ, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրներ:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 2-րդ հոդվածով տրվում են օրենքում օգտագործվող հասկացությունների սահմանումները, որոնք, կարծում ենք, վերաիմաստավորման եւ հստակեցման կարիք են զգում: Մասնավորապես՝

ա) «զոհված զինծառայող» եւ «ընտանիքի անդամ» հասկացությունների բովանդակությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համապատասխան հասկացություններին, քանի որ տվյալ Նախագծով եւ նշված օրենքով խոսքը գնում է նույն կատեգորիաների մարդկանց մասին,

բ) «բնակելի անշարժ գույք» հասկացության սահմանումը որեւէ բան չի բացատրում (այն ընդամենը փաստում է, որ անշարժ գույքը պետք է գրանցված լինի, ինչն էլ, իր հերթին, անիմաստ է փաստել, քանի որ չգրանցված անշարժ գույքի հետ կապված որեւէ գործողություն հնարավոր չէ կատարել, հնարավոր չէ նաեւ նույնականացնել այդ գույքի սեփականատիրոջը, հետեւաբար՝ տվյալ Նախագծի տեսանկյունից այն որեւէ հետաքրքրություն ներկայացնել չի կարող), 

գ) «սեփականության իրավունք» հասկացության սահմանումը (ըստ որի՝ այն անշարժ գույքի եւ հողի նկատմամբ սեփականության իրավունքն է) հակասում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի (մասնավորապես՝ դրա 10-րդ գլխի) դրույթներին, իսկ մյուս կողմից էլ՝ տվյալ Նախագծով այն սահմանելու որեւէ իմաստ եւ անհրաժեշություն չկա (առաջարկում ենք հանել այս հասկացության սահմանումը): 

2. Նախագծով սահմանվում են սոցիալական մի շարք երաշխիքներ եւ արտոնություններ, որոնք արդեն իսկ սահմանված են տարբեր օրենքներով եւ իրավական ակտերով, սակայն ոչ Նախագծի անցումային դրույթներով, ոչ էլ առանձին օրենքներով այդ իրավական ակտերով սահմանված երաշխիքներն ու արտոնությունները չեն չեղարկվում: Արդյունքում՝ առաջանում է արտոնությունների տարբեր տեսակների գծով կրկնություններ, որոնք էականորեն կարող են խեղաթյուրել դրանց ֆինանսական արժեքների որոշման եւ ֆինանսավորման հիմքերը: Տվյալ հանգամանքը հիշատակվում է նաեւ Նախագծի հիմնավորման մեջ, որտեղ հեղինակը փաստում է, որ. «Անհրաժեշտություն է առաջացել, որ այս ամենը մեկտեղվի մեկ օրենքում,....», սակայն գործնականում այդ խնդիրը լուծելու փորձ չի կատարվում:

3. Նախագծի 7-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի 1-3-րդ կետերում խոսվում է այն մասին, որ. «զոհված զինծառայողին տրված հիփոթեքային վարկը (մինչեւ աջակցությունը տրամադրելու օրը ժամկետանց պարտավորություններ, ...), ամբողջությամբ մարվում է պետության կողմից, եթե զոհված զինծառայողի ամուսինը (կինը) դարձել է հիփոթեքով ձեռք բերված բնակարանի միակ սեփականատերը,...», սակայն խնդիրը կայանում է նրանում, որ հիփոթեքով ձեռք բերվող բնակարանի համար վճարումները կարող են կատարվել մի քանի կամ տասնյակ տարիների ընթացքում, որի ժամանակ վարկը մարողը դեռեւս չի հանդիսանում այդ բնակարանի սեփականատերը: Մյուս կողմից, այս առումով սեփականության իրավունքի շեշտումը (առավել եւս այն դեպքում, երբ այն դեռեւս ձեւակերպված չէ), անիմաստ է դառնում, քանի որ այսպես, թե այնպես՝ տվյալ արտոնության շահառուն զոհվածի ընտանիքի անդամն է՝ անկախ սեփականության իրավունքի ձեւակերպման հանգամանքից (հետեւաբար՝ տվյալ դեպքում առավելագույնը կարող է խոսք գնալ ոչ թե սեփականության, այլ ժառանգության իրավունքի մասին):

բ) 1-ին մասի 1-3-րդ եւ 4-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերի միջեւ, բացի վարկի տեսակի եւ վարկառուի դեպքերի կրկնություններից, կարծում ենք, առկա է նաեւ որոշակի հակասություն՝ այն մասով, որ 1-3-րդ կետերում խոսքը գնում է վարկի եւ տոկոսագումարների ամբողջական մարման մասին, իսկ 4-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերում, ինչպես նաեւ 4-րդ մասում՝ դրանց մասնակի (կամ ինչպես տեքստում է ասվում՝ «միանվագ մասնակի») մարման կամ փոխհատուցման առավելագույն չափերի կամ կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման մասին, որոնք հստակեցման կարիք ունեն,

գ) 2-րդ մասով սահմանվում է, որ. «Եթե հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարները վճարվել են կամ հիփոթեքային վարկի մայր գումարի եւ սպասարկման համար ծառայության վճարների ուղղությամբ կատարված ծախսերը փոխհատուցվել են սույն հոդվածով սահմանված կարգով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին, այդ տոկոսների գումարները Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վերադարձման ենթակա չեն:»: Խնդիրը կայանում է նրանում, որ այս դրույթի հետ կապված անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն (լրացում) կատարել նաեւ Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասում, այլապես այդ մասի եւ Նախագծի տվյալ դրույթի միջեւ կառաջանա հակասություն, որի դեպքում գործելու  է  Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասը (որպես ավելի գերակա իրավական ուժ ունեցող ակտի դրույթ): Նույն խնդիրն առկա է նաեւ հաջորդ՝ 7-րդ հոդվածի 3-րդ մասում:

դ) 5-րդ մասով սահմանվում է, որ. «Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անշարժ գույքը զինծառայողին կամ նրա ընտանիքի անդամին պատկանում է ընդհանուր սեփականության իրավունքով, ապա սույն հոդվածի 4-րդ մասի հիման վրա մարումը կատարվում է (գումարը վճարվում կամ ծախսը փոխհատուցվում է) սեփականության իրավունք ունեցող՝ ընտանիքի անդամ հանդիսացող անձանց թվին համամասնորեն:»: Այս առումով հարկ է նշել, որ նախ՝ խոսքը կարող է գնալ ոչ թե «ընդհանուր սեփականության իրավունքի», այլ  «ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի» կամ «ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի» մասին, երկրորդ՝ տվյալ մասով սահմանվող դրույթն ընդհանրապես անիմաստ է դառնում, քանի որ վարկի մարումը կատարվում է անկախ ընտանիքի անդամների թվից կամ սեփականատեր հանդիսանալու հանգամանքից, իսկ փոխհատուցումներն էլ, եթե այդպիսիք կլինեն, այսպես, թե այնպես՝ պետք է տրվեն ընտանիքի այն անդամին, ով կատարել է համապատասխան ծախսերը (առաջարկում ենք այս մասը հանել): 

ե) նախորդ կետում նշված՝ 5-րդ մասի (եւ ընդհանուր առմամբ՝ ողջ Նախագծի տրամաբանւթյան) հետ հակասության մեջ է մտնում նաեւ 8-րդ մասը, ըստ որի. «Հիփոթեքային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը տրամադրվում է ընտանիքի բոլոր անդամներին եւ տարածվում է նրանց տրված հիփոթեքային բոլոր վարկերի վրա՝ հաշվի առնելով սույն օրենքի դրույթները:»: Բացի առկա հակասությունից, հարկ է նկատի ունենալ նաեւ, որ պետական աջակցությունը չի կարող տարածվել ընտանիքի անդամներին տրված հիփոթեքային բոլոր վարկերի վրա, առավել եւս, որ խոսքը հստակ չի գնում այն վարկերի մասին, որոնք վերցվել են մինչեւ զինծառայողի զոհվելը:

զ) 9-րդ մասը (ըստ որի. «Առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպություններն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու կարող են ներել զոհված անձանց, ինչպես նաեւ նրանց ամուսինների, համատեղությամբ ապրող զավակների կամ համատեղությամբ ապրող ծնողների վարկային պարտավորությունները (ներառյալ՝ տոկոսները, տույժերը եւ (կամ) տուգանքները), եթե դրանք ստացել են մինչեւ զոհվելու օրը:») ինքնին չի կարող կիրառվել՝ կապված դրա ոչ հստակ լինելու եւ իրավական որոշակիության սկզբունքին չհապատասխանելու հետ (նման դրույթների կիրառությունը պահանջում է առանձին օրենքի ընդունում, որով պետք է հստակ սահմանվեն հարկային պարտավորության տեսակները, դրանց ժամկետները, պարտավորության ներման հետեւանքով համապատասխան ծախսերի ծախսագրման մեթոդաբանությունը, ժամկետները եւ այլն):

4. Նախագծի բոլոր այն հոդվածները, որոնք սահմանում են սոցիալական երաշխիքներ կամ տարատեսակ արտոնություններ (օրինակ՝ 8-12-րդ հոդվածները), համապատասխան օրենքերում փոփոխությունների եւ լրացումների կատարման անհրաժեշտություն են առաջացնում, ուստի առաջարկում ենք լրամշակել տվյալ Նախագիծը եւ ներկայացնել այն օրենքների նախագծերի փաթեթի տեսքով՝ դրված նպատակներին հասնելու եւ դրանց համար լիարժեք իրավական հիմքեր ստեղծելու նպատակով:

5. Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:», սակայն հաշվի առնելով տվյալ Նախագծով սահմանվող արտոնությունների եւ սոցիալական երաշխիքների մեծ ծավալները, դրանց կիրառության համար համապատասխան ծախսային ծրագրերի կազմման անհրաժեշտությունը եւ այլն, կարելի փաստել, որ Նախագծի կիրարկումը, նշված ժամկետից հետո, ուղղակի անիրատեսական եւ անիրագործելի է: Այս կապակցությամբ առաջարկում ենք որոշակի իրատեսական ժամկետ սահմանել օրենքի ուժի մեջ մտնելու եւ դրանով նախատեսված դրույթները բյուջետային ծրագրավորման ենթարկելու եւ կիրարկելու համար:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

12.07.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի կողմից ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ մինչ այժմ այս ոլորտի օրենսդրական կարգավորումների դաշտում ունենք մի պատկեր, որտեղ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սոցիալական ապահովության երաշխիքները եւ արտոնությունները սահմանվում են տարբեր օրենքներով, Կառավարության, նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների առանձին որոշումներով: Անհրաժեշտություն է առաջացել, որ ամենը մեկտեղվի մեկ օրենքում՝ միաժամանակ լրացնելով այն բացը, որն առկա է մինչեւ այժմ:

Նախագծով առաջարկվում են հետեւյալ երաշխիքները.

- հիփոթեքային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամին տրվող պետական աջակցությունը,

- ընտանիքի անդամի որոշակի ծախսերի փոխհատուցումը,

- ընտանիքի անդամի այլ արտոնություններ:

Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկությունները եւ նկատառումները.

1. Նախագծի 7-րդ հոդվածի կապակցությամբ գտնում ենք, որ՝ «հիփոթեքային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամին տրվող պետական աջակցությունը» երաշխիքը ենթադրում է անհավասար մոտեցման դրսեւորում, քանի որ ստացվում է, որ եթե զոհված զինծառայողն օգտվել էր հիփոթեքային վարկավորումից, հետագայում վերջինիս ընտանիքի անդամը կօգտվի համապատասխան չափով գումարի ստացման երաշխիքից/հնարավորությունից, մինչդեռ մյուս զոհված զինծառայողի /որը չէր օգտվել հիփոթեքային վարկավորումից/ ընտանիքի անդամը, որն, օրինակ, բնակվում է  վարձակալված բնակարանում,  հնարավորություն չի ունենա նման գումարային աջակցության երաշխիքից օգտվել: 

Բացի նշվածից, անհավասար մոտեցումը փաստացի առկա կլինի նաեւ՝ կախված վարկի գումարի մեծությունից:

Պատկերը բոլորովին այլ կլիներ, եթե զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար նախատեսվեր համապատասխան գումարի շրջանակներում ֆոնդ եւ այդպիսով հնարավորություն տրվեր բոլորին հավասար հիմունքներով դիմելու եւ օգտվելու տրամադրվող աջակցությունից: Կարծում ենք, որ աջակցության ստացման հնարավորությունը բոլոր զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար պետք է լինի հավասար հիմունքներով՝ անկախ վարկային պարտավորությունների առկայության հանգամանքից: 

2. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում առաջարկում ենք նախատեսել  հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը նաեւ ամուսնուն անցնելու դեպքում գույքահարկի վճարումից ամբողջական կամ մասնակի ազատում. 

3. Առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասում նշված՝ «փոխանցում է համապատասխան կազմակերպություններին, բանկերին կամ ընտանիքի անդամներին» բառերը փոխարինել «փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով» բառերով:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից վերանայման եւ լրամշակման կարիք ունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

հեռ. /011/ 513-235, 16-18

22.07.2024թ.