ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-963-18.11.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-963-18.11.2024-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 344-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում կատարել լրացում, որի արդյունքում այն ունենալու է հետեւյալ տեսքը՝ «Կամերալ (ներքին) ուսումնասիրության նպատակն է հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների եւ հարկային մարմին ներկայացված տեղեկությունների ուսումնասիրության եւ վերլուծության միջոցով պարզել՝ (…) 4) հարկային հաշվարկներով եւ հարկային մարմին ներկայացված տեղեկությունների համեմատությամբ համադրելի ցուցանիշների ու տվյալների համապատասխանությունը, ինչպես նաեւ հարկ վճարողների (այդ թվում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց) վերաբերյալ Օրենսգրքի 350.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունների եւ հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների համապատասխանությունը»: 

Ցանկանում ենք նշել, որ Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն հարկ վճարող է համարվում  կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն: Հետեւաբար, արձանագրելով, որ  «հարկ վճարող» հասկացությունն արդեն իսկ ընդգրկում է հարկ վճարելու պարտականություն ունեցող բոլոր անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, եւ փակագծերում լրացուցիչ շեշտադրումը կառաջացնի մտքի կրկնություն, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով  նախատեսվող Օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում կատարվող լրացումից հանել «(այդ թվում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց)» արտահայտությունը:

Նույն դիտարկումը վերաբերելի է  նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 349.1-ին հոդվածի 2.1-ին մասում կատարվող լրացմանը: 

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 349.1-ին հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասի համաձայն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մոտ թեմատիկ ուսումնասիրության իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ կամերալ (ներքին) ուսումնասիրության այն արդյունքները, որոնք կատարվել են հարկային մարմնին օրենքով սահմանված կարգով հայտնի դարձած հարկվող գործարքների ուսումնասիրության եւ վերլուծության նպատակով: Ցանկանում ենք փաստել, որ Օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասում սպառիչ թվարկված են կամերալ (ներքին) ուսումնասիրության նպատակները, որոնցում ներառված չէ հարկային մարմնին օրենքով սահմանված կարգով հայտնի դարձած հարկվող գործարքների ուսումնասիրության եւ վերլուծության նպատակը: Առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով կատարվող լրացումը եւ վերացնել նրա եւ Օրենսգրքի 344-րդ հոդվածի միջեւ անհամապատասխանությունը:

3. Հարկային հսկողության իրականացման եղանակները սահմանված են Օրենսգրքի 333-րդ հոդվածով, որի համաձայն՝ «հարկային հսկողությունն իրականացվում է հետեւյալ եղանակներով՝

(…) 

2) հարկային ուսումնասիրություններ.

(…)»

Ըստ Օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի՝ «հարկային ուսումնասիրությունը հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում սույն գլխով սահմանված կարգով իրականացվող ընթացակարգ է, որի նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումները կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, սույն բաժնով սահմանված դեպքերում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային պարտավորությունների առաջադրումն ու հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը», իսկ նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ «հարկային հսկողության շրջանակներում հարկային ուսումնասիրություններն իրականացվում են հետեւյալ եղանակներով.

(…) 

2) արտագնա՝ հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով սույն գլխով սահմանված կարգով հարկ վճարողի մոտ իրականացվող ուսումնասիրություն»: 

Վերոշարադրյալի համատեքստում հարկ ենք համարում ընդգծել, որ արտագնա ուսումնասիրությունը ինքնին ենթադրում է հարկ վճարողի գտնվելու եւ հաշվարկային փաստաթղթերի պահման վայրում կատարվող ուսումնասիրության տեսակ: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ «Հարկային հսկողության շրջանակներում արտագնա հարկային ուսումնասիրությունների տեսակներն են.

(…) 

6) թեմատիկ ուսումնասիրությունը: Ընդ որում, սույն կետով սահմանված ուսումնասիրության համար հարկային մարմնում բավարար տեղեկատվության առկայության դեպքում այն կարող է իրականացվել նաեւ առանց հարկ վճարողին այցելության՝ հարկային մարմնի գրասենյակում: Եթե հարկային մարմնում առկա տեղեկատվությունը բավարար չէ ուսումնասիրության իրականացման համար, եւ հարկ վճարողը ուսումնասիրության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ հարկային մարմնի կողմից ծանուցում ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, չի ներկայացնում կամ հրաժարվում է ներկայացնել ուսումնասիրության համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա ուսումնասիրությունը կարող է իրականացվել հարկ վճարողին այցելության եղանակով՝ անհրաժեշտ փաստաթղթերին տեղում ծանոթանալու կամ դրանցից քաղվածքներ անելու նպատակով:»:

Հարկ է նկատել, որ, թեեւ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 349.1-ին հոդվածում լրացվող 2.1-ին մասով նախատեսվում է թեմատիկ ուսումնասիրությունը հարկ վճարող անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձնաց նկատմամբ, որպես հարկային հսկողության տեսակ, սահմանելը, սակայն այս արտագնա ուսումնասիրության տեսակը, իր բնույթով պայմանավորված, ենթադրում է որոշակի լրացուցիչ կարգավորումների նախատեսում: Մասնավորապես, Օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի կարգավորումներից պարզ է դառնում, որ կարող են առաջանալ օբյեկտիվ իրավիճակներ, որոնք հարկ վճարողի գտնվելու կամ բնակության վայրում թեմատիկ ուսումնասիրություն կատարելը կդարձնեն անհրաժեշտություն: Վերջինիս տրամաբանությունը անհրաժեշտ փաստաթղթերը տեղում ուսումնասիրելն է: Սակայն ցանկանում ենք նշել, որ Օրենսգրքի 26-րդ հոդվածի կարգավորումներին համապատասխան ֆիզիկական անձ հարկ վճարողի բնակության վայր այցելելը չի երաշխավորում անհրաժեշտ փաստաթղթերը տեղում ստուգելու հնարավորություն: Ավելին. այդպիսի այցելությունը եւ փաստաթղթեր պահանջելը սկսում է առնչվել բնակարանի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքին: Փաստելով, որ Նախագծում բացակայում են «այցելության վայրի» դիպուկ որոշման վերաբերյալ կարգավորումները՝ առաջարկում ենք հետագայում իրավակիրառի բախումը օրենսդրական բացերին կանխելու նպատակով լրամշակել Նախագիծը՝ ապահովելով «այցելությունների վայրի» որոշման կարգավորումների լիարժեքությունը կամ նախատեսելով ֆիզիկական անձի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը պահանջելու այլ ընթացակարգ:

4. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 349.1-ին հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասի համաձայն՝ «Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մոտ թեմատիկ ուսումնասիրության իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ նաեւ հարկային մարմնին օրենքով սահմանված կարգով հայտնի դարձած հարկվող գործարքների ուսումնասիրության եւ վերլուծության նպատակով հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքները, որոնց մասին անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը նախապես ծանուցվել է էլեկտրոնային ծանուցման եղանակով, սակայն ծանուցման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարկային հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված) կամ խախտումների առկայության վերաբերյալ հիմնավոր առարկություններ չի ներկայացրել: Հարկ վճարողի հաշվառման համար չունեցող ֆիզիկական անձանց սույն մասով նախատեսված ծանուցումն իրականացվում է Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5.2-րդ մասով սահմանված կարգով: »:

Վերոգրյալից պարզ է դառնում, որ Նախագիծը, նորմատիվ մակարդակում, ֆիզիկական անձ հարկ վճարողներին ընձեռելով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ առարկություններ ներկայացնելու իրավունք, փաստացիորեն այդ իրավունքի իրացումը ապահովում է միայն հարկ վճարողի հաշվառման համար ունեցող ֆիզիկական անձանց համար, քանզի վերջիններս կարող են այն ներկայացնել էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: Միեւնույն ժամանակ հարկ վճարողի հաշվառման համար չունեցող ֆիզիկական անձանց համար նախատեսվում է միայն փոստով ծանուցման եղանակ Օրենսգրքի 398-րդ հոդվածով սահմանված կարգով, սակայն հարկային մարմնին ի պատասխան առարկություններ ներկայացնելու մասով Նախագծով նախատեսվող կարգավորումները լռում են: Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 349.1-ին հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասը լրամշակել՝ կարգավորումներ նախատեսելով հարկ վճարողի հաշվառման համար չունեցող ֆիզիկական անձանց կողմից հարկային մարմին ուսումնասիրության արդյունքների մասին առարկություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ:

5. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվող Օրենսգրքի 351-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասի համաձայն՝ «Թեմատիկ ուսումնասիրության ընթացքում հարկային մարմինն անուղղակի եղանակներով իրականացնում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկման բազաների եւ հարկային պարտավորությունների գնահատում (վերագնահատում)՝ հետեւյալ հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում.

1) հարկային պարտավորությունների հաշվարկման համար սահմանված տեղեկությունների կամ փաստաթղթերի չներկայացումը.

2) հարկային մարմին ներկայացրած հարկային հաշվարկներում ոչ հավաստի տվյալների ներառումը.

3) բանկերի կողմից հարկային մարմին ներկայացված բանկային հաշիվների ամփոփ տեղեկությունների անհամապատասխանությունը հարկային հաշվարկներով ներկայացված տեղեկություններին:»:

Ցանկանում ենք նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող կարգավորումներով հարկ վճարողի բանկային հաշվի վերաբերյալ տեղեկությունների եւ հարկային մարմին ներկայացված հաշվարկների անհամապատասխանությունը ինքնին հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ հարկ վճարողի նկատմամբ հարկային ուսումնասիրություն սկսելու հիմք: Հետեւաբար նրա նախատեսումը Օրենսգրքի 351-րդ հոդվածում կհանգեցնի յուրաքանչյուր դեպքում ֆիզիկական անձ հարկ վճարողի հարկման բազաների եւ հարկային պարտավորությունների գնահատումը անուղղակի եղանակներով իրականացնելուն: Առաջարկում ենք սույն դիտարկման հիման վրա վերանայել Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 1.1-ին մասի 3-րդ կետը կամ նախաձեռնել առանձին կարգավորում, որի համաձայն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ թեմատիկ ուսումնասիրությունը կիրականացվի միշտ անուղղակի եղանակներով՝ համատասխանաբար հիմնավորելով այդ կարգավորմանը նպատակահարմարությունը եւ այլ եղանակներով ուսումնասիրության իրականացման ողջամիտ չլինելը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

28.11.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

28.11.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է կամերալ ուսումնասիրություն իրականացնելու եղանակով պարզել նաեւ հարկ վճարողների (այդ թվում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց) վերաբերյալ ՀՀ Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 350.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունների եւ հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների համապատասխանությունը, ինչպես նաեւ, որպես ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողության իրականացման եղանակ, սահմանել թեմատիկ հարկային ուսումնասիրությունը, որի իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ նաեւ հարկային մարմնին օրենքով սահմանված կարգով հայտնի դարձած հարկվող գործարքների ուսումնասիրության եւ վերլուծության նպատակով հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքները, որոնց մասին անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը նախապես ծանուցվել է էլեկտրոնային ծանուցման եղանակով, սակայն ծանուցման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարկային հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված) կամ խախտումների առկայության վերաբերյալ հիմնավոր առարկություններ չի ներկայացրել: 

Միաժամանակ, նախատեսվում է նաեւ կանոնակարգել հարկային մարմնի կողմից թեմատիկ ուսումնասիրության ընթացքում անուղղակի եղանակներով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկման բազաների եւ հարկային պարտավորությունների գնահատում (վերագնահատում) իրականացնելու հիմքերը, մասնավորապես` հարկային պարտավորությունների հաշվարկման համար սահմանված տեղեկությունների կամ փաստաթղթերի չներկայացումը, հարկային մարմին ներկայացրած հարկային հաշվարկներում ոչ հավաստի տվյալների ներառումը եւ բանկերի կողմից հարկային մարմին ներկայացված բանկային հաշիվների տեղեկությունների անհամապատասխանությունը հարկային հաշվարկներով ներկայացված տեղեկություններին:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

22.11.2024թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», ինչը պայմանավորված է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ թեմատիկ ուսումնասիրություն իրականացնելու եղանակով հարկային հսկողության գործընթացի կարգավորմամբ:

Հեղինակը՝ Նախագծով առաջարկվող լրացումներով եւ փոփոխությամբ, նախատեսում է կանոնակարգել հարկային մարմնի կողմից թեմատիկ ուսումնասիրության ընթացքում անուղղակի եղանակներով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկման բազաների եւ հարկային պարտավորությունների գնահատում (վերագնահատում) իրականացնելու հիմքերը, մասնավորապես`

- հարկային պարտավորությունների հաշվարկման համար սահմանված տեղեկությունների կամ փաստաթղթերի չներկայացումը,

- հարկային մարմին ներկայացրած հարկային հաշվարկներում ոչ հավաստի տվյալների ներառումը,

- բանկերի կողմից հարկային մարմին ներկայացված բանկային հաշիվների տեղեկությունների անհամապատասխանությունը հարկային հաշվարկներով ներկայացված տեղեկություններին:

Համաձայն Նախագծով առաջարկվող կանոնակարգումների, կներդրվի անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ թեմատիկ ուսումնասիրություն իրականացնելու եղանակով հարկային հսկողական գործիքակազմ, արդյունքում՝ հնարավոր կլինի լիարժեք հսկողություն իրականացնել անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ եւ վերջիններիս կողմից հարկվող գործարքներ իրականացնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով առաջադրել հարկային պարտավորություններ:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծի ընդունման արդյունքում, հեղինակն ակնկալում է, որ կապահովվի հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունը եւ կբարձրանա հարկային կարգապահության մակարդակը:

Նախագծով առաջարկվող լրացումների եւ փոփոխության  ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

21.11.2024թ.