ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-964-20.11.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-964-20.11.2024-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծով կատարվում են միայն լրացումներ: Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթից, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»: 2. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «(այսուհետ՝ օրենք)» ձեւակերպման մեջ «օրենք» բառը նշել մեծատառով՝ Նախագծի 8-րդ հոդվածում կիրառված «Սույն օրենքն» ձեւակերպման հետ շփոթից խուսափելու նպատակով: 3. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «2.1 մասը» ձեւակերպումը փոխարինել «2.1-ին, 2.2-րդ եւ 2.3-րդ մասերը» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով «Պետական գաղտնիքի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացվում են՝ «2.1-ին, 2.2-րդ եւ 2.3-րդ» մասեր: Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացվող նոր՝ 2.1-ին, 2.2-րդ եւ 2.3-րդ մասերի համարակալումը տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «( ): Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: ( )»: 4. Նախագծով նախատեսվում է Օրենքի մի շարք դրույթներում լրացումներ կատարել, որոնց ուժով Արտաքին հետախուզության ծառայության շրջանակներում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրվելու է ոչ թե լիազոր մարմնի համաձայնությամբ, այլ Արտաքին հետախուզության ծառայության կողմից՝ առանց լիազոր մարմնի համաձայնության: Այսինքն՝ միայն Արտաքին հետախուզության ծառայության ոլորտում պետական գաղտնիքին առնչվող տեղեկությունների պաշտպանությունը, պահպանությունը, վերահսկողությկունը այլեւս դուրս են գալու լիազոր մարմնի իրավասության տիրույթից, եւ լիազոր մարմնին վերապահված լիազորություններն իրականացնելու է Արտաքին հետախուզության ծառայությունը: Հարկ է նկատել, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ պետական գաղտնիքի պաշտպանությունը՝ լիազոր մարմնի համակարգմամբ Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց ուժերի ու միջոցների կիրառումն է` ուղղված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, արտադրանքների եւ նյութերի հրապարակմանը եւ հոսակորուստը կանխելուն: Նույն հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմին է հանդես գալիս՝ ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական մարմինը: Օրենքով է սահմանված նաեւ, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության եւ պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների համակարգումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից (18-րդ հոդվածի 5-րդ մաս), որի իրագործման նպատակով վերջինիս տրված են մի շարք լիազորություններ, այդ թվում՝ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը: Նշված դրույթներից բխում է, որ Օրենքով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության եւ պաշտպանության ուղղությամբ իրականացվող բացառիկ լիազորությունը վերապահված է Ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական մարմնին, ինչն ինքնանպատակ չէ եւ բխում է ինչպես Օրենքի կարգավորման առարկայից եւ նպատակից, այնպես էլ Օրենքի ամբողջ տրամաբանությունից: Նախագծով նախատեսված կարգավորումների արդյունքում ստացվում է, որ պետական գաղտնիքին առնչվող տեղեկությունների տնօրինաման ոլորտում Ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական մարմնի եւ Արտաքին հետախուզության ծառայության լիազորությունները խաչվում են եւ նույնանում, մինչդեռ պետական մարմինները, ի թիվս այլնի, բնութագրվում են իրենց լիազորությունների առանձնահատկություններով, պետական գործառույթներ իրականացնելու՝ իր համար նախատեսված ձեւերով ու մեթոդներով. Այսինքն՝ պետական մարմիններից յուրաքնչյուրը գործում է օրենքով սահմանված բացառապես իրեն վերաբերելի լիազորությունների եւ իրավասությունների շրջանակներում: Վերոգրյալից ելնելով, եւ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքով պետական գաղտնիքի պահպանության, վերահսկողության շրջանակը գտնվում են լիազոր մարմնի իրավասության տիրույթում, կարծում ենք, Արտաքին հետախուզության ծառայությանը լիազոր մարմնին վերապահված գործառույթների փոխանցումը կամ լիազոր մարմնի կողմից Արտաքին հետախուզության ծառայության ոլորտում պետական գաղտնիքի պահպանության եւ վերահսկողության գործառույթի ոչ արդյունավետ իրականացնելը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Բացի այդ նշենք, որ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված լրացման արդյունքում ստացվում է, որ արտաքին հետախուզության ծառայության կողմից տրամադրվող թույլտվության դեպքում արտաքին հետախուզության ծառայությունն է գնահատելու օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններում աշխատող անձի՝ ՀՀ ազգային անվտանգության համար սպառնալիք պարունակելու հանգամանքը. մինչդեռ Օրենքի եւ «Արտաքին հոտախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի բովանդակությունից չի բխում արտաքին հետախուզության ծառայության կողմից ազգային անվտանգության համար սպառնալիքները գնահատելու իրավասության առկայություն կամ նման գործառույթ իրականացնելու համար անհրաժեշտ գործիքակազմի առկայություն: Լրացուցիչ հիմնավորման կարիք ունի նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեված լրացումն առ այն, որ Արտաքին հետախուզության ծառայությունում միջգերատեսչական վերահսկողության շրջանակներում ստուգում լիազոր մարմինը կարող է իրականացնել Արտաքին հետախուզության ծառայության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում եւ ծավալով: Մասնավորապես, կարծում ենք, որ լիազոր մարմնի կողմից նախքան ստուգում իրականացնելը Արտաքին հետախուզության ծառայության պետի հետ դեպքերի եւ ստուգման ծավալի համաձայնեցումը կարող է նվազեցնել նշված ստուգման արդյունավետությունը: Օրենքների հիմնավորված լինելու պահանջի կարեւորության վերաբերյալ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել իր ՍԴՈ-1176 որոշմամբ, ըստ որի «սահմանադրական դատարանը կարեւորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի ( ), օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսեւորում եւ հայեցողության ընդլայնում»: 5. Նախագծի 6-րդ հոդվածում առաջարկում ենք «9.1» գրելաձեւը փոխարինել «9.1-ին» գրելաձեւով՝ պահպանելով դասական թվականների ճիշտ գրելաձեւը: Միաժամանակ առաջարկում ենք նաեւ Նախագծի 6-րդ հոդվածով լրացվող նոր՝ «9.1» մասի տեքստից առաջ նշել ՝ «9.1.» մասի համարը: 6. Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը, համապատասխանությունը «Պետական գաղտնիքի մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 05.12.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 05.12.2024թ.
Նախագծով առաջարկվում է Արտաքին հետախուզության ծառայությանը վերապահել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվություն տալու լիազորություն: Նախատեսվում է նաեւ սահմանել, որ Ծառայության գործունեության բնագավառում գաղտնիության ռեժիմի պահպանման, հնարավոր խախտումների բացահայտման կանխման նպատակով միջգերատեսչական հսկողություն կարող է իրականացվել Արտաքին հետախուզության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում եւ ծավալներով: Նախագծով Ծառայությանը վերապահվում է լիազորություններ իր գործունեության բնագավառում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ օրենքով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ գլխավոր մասնագետ Գ.Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 03.12.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական գաղտնիքի մասին» օրենքում: Ակնկալվում է, որ Նախագծի ընդունման դեպքում կապահովվի ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության բնականոն գործունեությունը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու, անձանց նման տեղեկությություններին առնչվելուն թույլտվություն տալու, ստուգողական միջոցառումներ իրականացնելու եւ այլ հարցերում: Միաժամանակ, ակնկալվում է պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու եւ վերը հիշատակված մյուս հարցերում հասնել Լիազոր մարմնի (Ազգային անվտանգության ծառայության) եւ Արտաքին հետախուզության ծառայության լիազորությունների հստակ տարանջատման եւ տարընկալումների բացառման: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 06.12.2024թ.
|