ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-966-25.11.2024-ԳԿ-011/0), «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9661 -25.11.2024-ԳԿ-011/0), «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9662 -25.11.2024-ԳԿ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9663 -25.11.2024-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-966-25.11.2024-ԳԿ-011/0), «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9661 -25.11.2024-ԳԿ-011/0), «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9662 -25.11.2024-ԳԿ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9663 -25.11.2024-ԳԿ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 2-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «Սահմանադրություն» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» բառերով:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում սահմանված է «վերահսկվող սուբյեկտ» հասկացությունը, որի համաձայն. «7) վերահսկվող սուբյեկտ՝ նախադպրոցական, հանրակրթական, (տարրական, հիմնական, միջնակարգ), արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող կամ արտադպրոցական ուսումնական հաստատություն (այսուհետ նաեւ՝ ուսումնական հաստատություն), բարձրագույն ուսումնական հաստատություն, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների արտաքին գնահատում, մանկավարժական աշխատողների վերապատրաստում, դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձեւավորում, դասագրքերի բաշխում կամ շրջանառություն իրականացնող կազմակերպություն:»:

Հարկ ենք համարում նշել, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանված «նախադպրոցական կրթություն» հասկացությունը բացահայտվում է որպես հանրակրթության սկզբնական աստիճան: Բացի այդ «Կրթության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված է. «(…) Հանրակրթական հիմնական ծրագրերն են`

1) նախադպրոցական.

2) տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

3) հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

4) միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նշենք, որ «նախադպրոցական ծրագիր» հասկացությունը ներառվում է «հանրակրթական ծրագիր» հասկացության մեջ: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «նախադպրոցական» բառը գրել փակագծերի մեջ՝ «տարրական» բառից առաջ:

3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները:»: Հետեւաբար, եթե նորմատիվ իրավական ակտում չի տրվել որեւէ հասկացության սահմանում, ապա այդ հասկացությունը կարող է կիրառվել այլ նորմատիվ իրավական ակտով տրված իմաստով եւ չկա իմաստային տարբերություն: Ուստի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման համատեքստում առաջարկում ենք հանել Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը առ այն, որ «Սույն հոդվածի 1-ին մասում չնշված եւ սույն օրենքում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ այլ օրենքներով սահմանված իմաստներով:», քանզի Նախագծում կիրառված, սակայն Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում չնշված հասկացությունները ամեն դեպքում կիրառվելու են այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իմաստներով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով՝ առանց դրա վերաբերյալ հավելյալ կարգավորման նախատեսման անհրաժեշտության:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն տեսչական մարմնի լիազորությունն է «ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների տարեկան հաշվետվությունների ուսումնասիրություն եւ վերլուծություն»-ը: Սույն կարգավորման շրջանակում Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված վերահսկվող սուբյեկտին նկատի ունենալու պարագայում առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «կամ»-ը փոխարինել «եւ»-ով՝ շփոթություններից խուսափելու նպատակով, քանզի «Կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին չհամարակալված պարբերության 4-րդ կետի իմաստով ուսումնական հաստատությունը եւս հանդիսանում է իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն:

5. Նախագծի 8-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն. «9. Տեսչավորումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, (…)»: Մինչդեռ Նախագծի 8-րդ հոդվածի 11-րդ մասում նշվում է տեսչավորում իրականացնելու վերաբերյալ հրամանը կամ հանձնարարագիրը ստորագրությամբ ստանալու փաստը չհավաստելու դեպքի մասին: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ տեսչավորումը իրականացվում է հանձնարարագրի հիման վրա, առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 11-րդ մասում «հրամանը կամ» բառերը հանել՝ Նախագծում ներքին հակասությունը բացառելու նպատակով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթից, այն է. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»:

6. Նախագծի 8-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետի համաձայն. «14. Տեսչավորման ընթացքում կարող են իրականացվել հետեւյալ գործողությունները՝ 

(…)

 3) ուսումնական հաստատությունում բարոյահոգեբանական մթնոլորտի վերլուծության կամ կրթական գործընթացի կազմակերպման առանձին խնդիրների պարզաբանման նպատակով տեսչավորման ընթացքում սովորողների, նրանց ծնողների, կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատության աշխատողների հետ հանդիպումների կամ վերջիններիս շրջանում հարցումների իրականացում.»:

Նշված դրույթում «կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ» ձեւակերպումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես քննարկվող ձեւակերպումը չի բացահայտում որոշակի սուբյեկտների շրջանակ, քանի որ օրենսդրությամբ սահմանված են պետական կառավարման համակարգի մարմիններ, տարածքային կառավարման մարմիններ, ինչպես նաեւ կրթության բնագավառի օրենսդրությամբ կիրառվում են կրթության կառավարման մարմիններ եւ ուսումնական հաստատության կառավարման մարմիններ հասկացությունները: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետում վերանայել «կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ» ձեւակերպումը՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ:

7. Նախագծի 8-րդ հոդվածի 22-րդ մասի համաձայն. «22. Տեսչավորման եզրակացությունը տրամադրվում է նաեւ լիազոր մարմնին եւ հրապարակվում է Տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում:»:

Նշված դրույթը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես այն սահմանում է տեսչավորման եզրակացությունը լիազոր մարմնին տրամադրելու պարտականություն, ինչպես նաեւ տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում հրապարակելու պարտականություն: Սակայն չի սահմանում նշված պարտականությունների իրականացման անհրաժեշտ ժամկետ: Ժամկետի սահմանումն անհրաժեշտ է իրավական հարաբերությունների որոշակիության եւ հստակության ապահովման, ինչպես նաեւ կայուն ու կանխատեսելի իրավական միջավայրի ձեւավորման համար: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ Նախագծի 8-րդ հոդվածի 22-րդ մասում առաջարկում ենք սահմանել տեսչավորման եզրակացությունը լիազոր մարմնին տրամադրելու եւ տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում հրապարակելու հստակ ժամկետ: Սույն առաջարկը կապահովի իրավական կարգավորման կանխատեսելիությունը եւ իրավական որոշակիությունը՝ հասեցատեր սուբյեկտներին հնարավորություն ընձեռելով դրեւորել համապատասխան վարքագիծ: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 9-րդ մասին:

8. Նախագծի 9-րդ հոդվածը կարգավորումներ է նախատեսում դիտարկման, որպես կրթության բնագավառի վերահսկողության ձեւի հասկացության, իրականացման հիմքերի, ժամկետների եւ արդյունքների ամփոփոփման վերաբերյալ՝ չամրագրված թողնելով այն կոնկրետ գործողությունների շրջանակը, որը իրավասու մարմինը լիազորված է կատարել դիտարկում իրականացնելու ընթացքում: Ուստի Նախագծի 9-րդ հոդվածը առաջարկում ենք լրամշակել՝ նախատեսելով այն գործողությունների շրջանակը, որը դիտարկման իրականացման ընթացքում կարող է կատարվել, ինչպիսիք որպես օրինակ նախատեսված են տեսչավորման իրականացման կարգի վերաբերյալ կարգավորումներ նախատեսող Նախագծի 8-րդ հոդվածի 14-րդ մասում:

9. Նախագծի 9-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Դիտարկման արդյունքում սահմանաված կարգով կազմված տեղեկանքը երկօրյա ժամկետում տրամադրվում են Գրասենյակին, ինչպես նաեւ շահագրգիռ պետական կառավարման, մարզպետին կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:»: Նախագծի 9-րդ հոդվածի 7-րդ մասը առաջարկում ենք լրամշակել եւ «պետական կառավարման» բառերից հետո ավելացնել «մարմիններին» բառը, քանզի Նախագծում գործող խմբագրությամբ ոչ միանշանակ են այն շահագրգիռ սուբյեկտները, որոնք հանդիսանում են դիտարկման արդյունքում կազմված տեղեկանքի հասցեատեր:

10. Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին թղթակցությունը ուղարկվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, իսկ դրա բացակայություն դեպքում՝ նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, եթե նրանք այլ էլեկտրոնային փոստի հասցե չեն տրամադրել: Պետական մարմին, իրավաբանական անձ եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող հասցեատիրոջը թղթակցությունը ուղարկվում է էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով, եթե այդ մասին միջնորդել է հասցեատերը:»:

Նշված դրույթի 2-րդ նախադասության մեջ առաջարկում ենք «Պետական մարմին» բառերը փոխարինել «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ» բառերով՝ տեղական ինքնակառավարման մարմիններին եւս ներառելով թվարկված բացառությունների շարքում: Սույն առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեղական ինքնակառավարման մարմիններին ծանուցելու եղանակները նախատեսված են Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությամբ, որը բացառում է տեղական ինքնակառավարման մարմինների միջնորդության հիման վրա հաղորդակցության այլ միջոցներով վերջիններիս ծանուցելու հնարավորությունը:

11. Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված են վերահսկվող սուբյեկտի պաշտոնատար անձի պարտականությունները, որի 3-րդ կետի համաձայն «1. Վերահսկվող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են՝

(…)

3) տեսչական մարմնի ծառայողի պահանջով ներկայացնել փաստաթղթեր, տվյալներ, բանավոր եւ գրավոր բացատություններ, տեղեկանքներ, տրամադրել դրանց պատճենները, կրկնօրինակները եւ այլ տեղեկություններ.»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նախատեսված է տեսչական մարմնի ծառայողի փաստաթղթեր, կրկնօրինակներ, պատճեններ, քաղվածքներ, իրեր եւ այլ անհրաժեշտ նյութեր վերցնելու իրավունքը: Ուստի առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում վերահսկվող սուբյեկտի պաշտոնատար անձանց պարտականությունների շարքում լրացնել նաեւ իրեր եւ այլ անհրաժեշտ նյութեր տրամադրելու պարտականությունը:

12. Նախագծում կիրառվում են «Տեսչական մամին» եւ «տեսչական մարմին» կամ «Տեսչական մարմնի ղեկավար» եւ «տեսչական մարմնի ղեկավար» գրելաձեւերը: Առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում պահպանել միեւնույն եզրույթի միատեսակ գրելաձեւ:

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում սահմանված է «կրթության բնագավառի տեսչական վերահսկողություն» հասկացությունը: Մինչդեռ Նախագծում կիրառվում են նաեւ «վերահսկողություն» կամ «տեսչական վերահսկողություն» եզրույթները: Առաջարկում ենք Նախագծում կիրառել արդեն իսկ սահմանված տարբերակը՝ միեւնույն միտքը միեւնույն բառերով արտահայտելու նպատակով: 

Սույն առաջարկները բխում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթներից՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

13. Նախագծի 17-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք Կառավարության կողմից ընդունման ենթակա ակտերը մատնանշելիս «ենթաօրենսդրական իրավական ակտերն» արտահայտության փոխարեն օգտագործել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն» արտահայտությունը՝ ուղորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված սահմանմամբ:

14. «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «մարտի 4-ի» բառերը փոխարինել «ապրիլի 14-ի» բառերով՝ հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի ընդունման ամսաթիվը:

15. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերով: Սույն առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ  «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կատարվում է մեկ փոփոխություն եւ մեկ լրացում:

16. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների պահպանմամբ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք ուղղել նրա հերթական համարը, այն է՝ «ՀՕ-62»-ի փոխարեն «ՀՕ-62-Ն»:

17. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացվող նոր՝ 13.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Սույն օրենքի 13.1-ին հոդվածի 4-րդ 2-րդ մասով նախատեսված զգուշացումը կարող է կիրառվել նաեւ տեսչական մարմնի միջնոդրագրի հիման վրա:»:

Քննարկվող դրույթում առաջարկում ենք ուղղել հղումը, քանի որ հասկանալի չէ՝ ո՞ր դրույթին է կատարվում հղումը: Բացի այդ, առաջարկում ենք «զգուշացումը» բառը փոխարինել «նախազգուշացումը» բառով՝ հիմք ընդունելով «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 13.1-ին հոդվածում կիրառված «նախազգուշացում» եզրույթը: Սույն առաջարկը բխում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պահանջից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

18. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) նոր լրացվող 189.29-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածով (բացառությամբ 1-ին մասի) սահմանված արարքներից որեւէ մեկը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանք՝ սույն հոդվածով սահմանված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:»: Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 189.29-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսվում է իր բնույթով արդեն իսկ պարբերաբար կատարված արարքների համար պատասխանատվություն, քանզի 6-րդ մասով պատասխանատվություն նախատեսվում է 1-ին մասով նախատեսված արարքի կրկին կատարման համար, իսկ 7-րդ մասով 1-ին մասով նախատեսված արարքը երրորդ կամ ավելի անգամներ կատարելու համար: Ուստի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 189.29-րդ հոդվածի 8-րդ մասը տարածելի դարձնելը նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 189.29-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերի նկատմամբ կառաջացնի կիրառական խնդիրներ՝ երկու եւ ավելի անգամ կատարված արարքը «կրկին կատարված» որակելու բարդություններ: 

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք լրամշակել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 189.29-րդ հոդվածի 8-րդ մասը եւ բացի 1-ին մասից բացառություն նախատեսել նաեւ 6-րդ եւ 7-րդ մասերի համար եւս:

19. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքում լրացնել նոր՝ 244.23-րդ հոդված: Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգիրքը պարունակում է 244.23-րդ համարակալմամբ հոդված: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով:»: 

Հիմք ըդնունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացումն Օրենքսգրքում կատարել լրացուցիչ համարով:

20. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 244.23-րդ հոդվածի համաձայն. «1.Կրթության բնագավառի նկատմամբ վերահսկողութություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 182.7-րդ եւ 189.29-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեսչական մարմնի ղեկավարը:»:

Վերոնշյալ լրացմամբ Օրենսգրքի 182.7-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու իրավասությունը վերապահվում է կրթության բնագավառի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին: Նշված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունքը վերապահվում է տեսչական մարմնի ղեկավարին:  Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 182.7-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը սահմանված է Օրենսգրքի 244.19-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն. «Սույն օրենսգրքի 182.7-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր նշանակում են վերահսկողություն իրականացնող կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին եւ այլ վարչական ակտ կայացրած համապատասխան տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը կամ տարածքային կենտրոնների պետերը:»:

Այսպես՝ Օրենսգրքի 182.7-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության վերաբերյալ Օրենսգրքով նախատեսվում է երկու տարբեր հոդվածներով կարգավորումներ, որոնցում նշված գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու սուբյեկտների շրջանակը տարբեր է: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով սահմանված լրացմամբ Օրենքսգրքի 182.7-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության վերաբերյալ իրավադրույթի սահմանումն՝ Օրենսգրքում ներքին հակասություններ եւ անհիմն կրկնություն թույլ չտալու նպատակով: Սույն առաջարկը բխում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջից:

21. Նախագծերի փաթեթի ամբողջ տեքստում առաջարկում ենք շտկել շարադասական (օրինակ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակտում) եւ կետադրական (օրինակ Նախագծի 8-րդ հոդվածի 9-րդ մասում) սխալները, ինչպես նաեւ վրիպակները:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին, «Կրթության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

                        Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

13.12.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

                        Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

13.12.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված  Նախագծերի փաթեթով, կրթության բնագավառում պատշաճ վերահսկողության իրականացման ապահովման նպատակով, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Կրթության պետական տեսչության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-233-Ն օրենքը եւ ընդունել նոր օրենք, որով կնախատեսվեն հետեւյալ հիմնական իրավական կարգավորումները՝ կրթության բնագավառում տեսչական վերահսկողության նպատակները եւ խնդիրները, կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի լիազորությունները, որպես կրթության որակի նկատմամբ տեսչական մարմնի վերահսկողության ինքնուրույն ձեւ նախատեսել տեսչավորումը, որպես կրթական գործընթացի գնահատման նպատակով իրականացվող համալիր գործառույթ, որն ուղղված է առանձին ուսումնական հաստատությունում կրթության որակի գնահատմանը կամ առկա խնդիրների բացահայտմանը, նախատեսվում է սահմանել պետական, մարզպետարանի կամ համայնքապատարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում ստուգումների իրականացման իրավական հնարավորություն՝ կարգավորելով ստուգումների իրականացման դեպքերը, կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջները խախտելու դեպքում վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավական հնարավորություն, ինչպես նաեւ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար լիցենզավորման համապատասխան կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների եւ պայմանների նկատմամբ վերահսկողություն:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) որոշ դրույթների վրա: 

1.  Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է, որ կրթության բնագավառի տեսչական վերահսկողության նպատակներից է. «կրթության բնագավառի սկզբունքների առավելագույն իրացման ապահովումը», այն դեպքում, երբ տվյալ Նախագծով որեւէ սկզբունք չի սահմանվում: Փոխարենը, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է «Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները», եւ եթե Նախագծի հեղինակը նկատի ունի հենց այդ սկզբունքները, ապա անհրաժեշտ է հստակ թղթակցություն ապահովել սույն Նախագծի եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի միջեւ, այն է՝ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «կրթության բնագավառի սկզբունքների» բառերը փոխարինել «կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքների» բառերով:

2.  Նախագծի նույն՝ 4-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, որպես կրթության բնագավառի տեսչական վերահսկողության խնդիրներ, սահմանվում են «կրթական ծառայությունների արդյունավետության գնահատման ու հետադարձ կապի ապահովումը» եւ «կրթության բնագավառում ռիսկերի գնահատումը եւ կառավարումը»: Այս կապացությամբ հարկ է նշել, որ՝

ա) Նախագիծը կրթական ծառայությունների արդյունավետության գնահատման ու հետադարձ կապի ապահովման, ինչպես նաեւ կրթության բնագավառում ռիսկերի գնահատման եւ կառավարման կարգեր կամ նման կարգերի ընդունման լիազորող նորմեր չի պարունակում (թեեւ կրթական ծառայությունների արդյունավետության գնահատման խնդիրը սահմանված է նաեւ գործող՝ «Կրթության պետական տեսչության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-233-Ն օրենքով՝ նույնպես առանց համապատասխան կարգի կամ դրա ընդունման լիազորող նորմի): Հետեւաբար, նախ եւ առաջ անհրաժեշտ է լրացնել տվյալ բացը եւ սահմանել համապատասխան կարգերը կամ էլ լիազորել ՀՀ կառավարությանը՝ ընդունելու դրանք, անցումային դրույթներում համապատասխան ժամկետ ամրագրելով, առավել եւս, որ համաձայն Նախագծերի փաթեթի հիմնավորման դրա. «անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության բնագավառում պատշաճ վերահսկողության իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:»:

բ) Կրթական ծառայությունների արդյունավետության գնահատման ու հետադարձ կապի ապահովման կարգի մշակման ու ընդունման խիստ անհրաժեշտությունը եւ կարեւորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինչպես կրթական, այնպես էլ ցանկացած ծառայության արդյունավետության գնահատումը մի կողմից շատ բարդ եւ ժամանակատար խնդիր է, իսկ մյուս կողմից՝ պահանջում է հատուկ մշակված եւ հաստատված մեթոդաբանության առկայություն: Խնդիրը կայանում է նրանում, որ «արդյունավետությունը»-ը շատ բարդ, մեկնաբանելի եւ ցանկացած ոլորտի համար առանձնահատկություններ պարունակող տնտեսագիտական կատեգորիա է, իսկ որպես տնտեսագիտական երեւույթ ունի գնահատման տասնյակ չափանիշներ եւ իր վրա կրում է 160-ից ավելի գործոնների ազդեցություն: Հետեւաբար, առանց համապատասխան մեթոդիկայի առկայության կրթական ծառայությունների արդյունավետության գնահատման խնդիրն անհնարին է լուծել, իսկ այդ պարագայում օրենքով նման խնդրի սահմանումը կվերածվի զուտ դեկլարատիվ արտահայտության: 

Գրեթե նույն խնդիրն առկա է նաեւ կրթության բնագավառում ռիսկերի գնահատման եւ կառավարման պարագայում՝ որոշ առանձնահատկություններով: Մասնավորապես, ինչպես հայտնի է, պետական կառավարման համակարգում ռիսկերի գնահատման եւ կառավարման խնդիրը, գոնե օրենսդրության մակարդակում, լուծվում է «Ներքին աուդիտի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-17-Ն օրենքով, ինչպես նաեւ դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով եւ հատկապես՝ ներքին աուդիտի ստանդարտներով, որոնք էլ հիմնված են աուդիտի միջազգային ստանդարտների վրա: Նախագծերի փաթեթից անհայտ է մնում, թե ո՞ր կարգերով պետք է գնահատվեն կրթության բնագավառում ռիսկերը, թեեւ, մեր կարծիքով, նշված օրենքն ու ստանդարտները տվյալ դեպքում կիրառելի չեն: Հետեւաբար, եթե իրապես խնդիր է դրվում գնահատել եւ կառավարել կրթության բնագավառում ռիսկերը (ինչը, Նախագծը ընդունման դեպքում, դառնալու է օրենքի պահանջ), անհրաժեշտ է մշակել եւ ընդունել կրթության բնագավառում ռիսկերի բացահատման, գնահատման եւ կառավարման կարգ, համապատասխան ստանդարտներ եւ մեթոդաբանություն: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ կապված ապագա օրենքի դրույթների գործնական կիրառելիության ապահովման համար ենթաօրենսդրական դաշտի ստեղծման օրենսդրաիրավական հիմքերի ամրագրման հետ:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

05.12.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի, ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

- սահմանել կրթության բնագավառում տեսչական վերահսկողության նպատակները եւ խնդիրները.

- սահմանել կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի լիազորությունները.

- որպես կրթության որակի նկատմամբ տեսչական մարմնի վերահսկողության ինքնուրույն ձեւ նախատեսել տեսչավորումը, որպես կրթական գործընթացի գնահատման նպատակով իրականացվող համալիր գործառույթ, որն ուղղված է առանձին ուսումնական հաստատությունում կրթության որակի գնահատմանը կամ առկա խնդիրների բացահայտմանը.

- նախատեսել պետական, մարզպետարանի կամ համայնքապետարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում ստուգումների իրականացման իրավական հնարավորություն՝ կարգավորելով ստուգումների իրականացման դեպքերը.

- նախատեսել բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար լիցենզավորման համապատասխան կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների եւ պայմանների նկատմամբ վերահսկողություն եւ այլն:

Ակնկալվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում համապարփակ կկարգավորվեն կրթության բնագավառում տեսչական մարմնի գործունեության հետ կապված իրավահարաբերությունները՝ ստեղծելով տեսչական մարմնի բնականոն վերահսկողության համար անհրաժեշտ եւ բավարար իրավական նախադրյալներ: 

«Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները եւ առաջարկությունը.

- Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը տրվում է տեսչական մարմնի ծառայողի՝ տեսչական մարմնի ղեկավարին ներկայացրած հիմնավորված զեկուցագրի հիման վրա եւ զեկուցագիր ներկայացվում է  այն դեպքում, երբ տեսչական մարմնի՝ ստացված գրավոր տեղեկությունների, դիմումների կամ բողոքների վերլուծության արդյունքում սովորողների կրթական իրավունքների խախտման վտանգը բարձր է գնահատվում, կամ երբ նույն խնդրի վերաբերյալ ստացվել են բազմաթիվ գրավոր տեղեկություններ, դիմումներ կամ բողոքներ: 

Այսինքն` վերոնշյալ շարադրանքից կարելի է եզրակացնել, որ եթե նույն խնդրի վերաբերյալ ընդամենը թվով 1 կամ 2 գրավոր տեղեկություններ/դիմումներ/բողոքներ են ստացվել (նույնիսկ   հիմնավորված, փաստարկված), ապա վերոնշյալ զեկուցագիրը չի ներկայացվի, իսկ եթե թվով օրինակ, 4 կամ 5  գրավոր տեղեկություններ/դիմումներ/բողոքներ ներակայացվեն (անկախ դրանց հիմնավորված լինելու, հավաստիության աղբյուրից եւ այլ հանգամանքներից), ապա համապատասխան զեկուցագիր կներկայացվի եւ հարցին ընթացք կտրվի: Բացի այդ, առհասարակ, հարց է առաջանում, թե «բազմաթիվ» ասելով ի՞ նչ քանակի գրավոր տեղեկությունների/դիմումների/բողոքների մասին է խոսքը գնում: 

- Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ 

Տեսչական մարմնի ծառայողն իրավունք ունի՝ 

վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, պատճեններ, քաղվածքներ, իրեր եւ այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են վերահսկողության նպատակներին եւ չեն խոչընդոտում վերահսկվող սուբյեկտի բնականոն աշխատանքին: Փաստաթղթերի կրկնօրինակներ, պատճեններ, քաղվածքներ կամ տեղեկանքներ վերցնելու անհրաժեշտության դեպքում տեսչական մարմնի ծառայողը դրանց կրկնօրինակները եւ պատճենները ներկայացնում է վերահսկվող սուբյեկտի ղեկավարի կամ փոխարինող պաշտոնատար անձի հաստատմանը: 

Վերոնշյալի կապակցությամբ առաջարկում ենք հստակեցնել, թե ի՞ նչ է իրենից ներկայացնում վերահսկվող սուբյեկտի ղեկավարի կամ փոխարինող պաշտոնատար անձի հաստատումը՝ կրկնօրինակների, պատճենների, քաղվածքների կամ տեղականքների վրա ստորագրու՞ մ է, թե  ուսումնական հաստատության կնիքն է դնում /առկայության դեպքում/, թե կան նաեւ այլ եղանակներ: Բացի այդ, փաստաթղթերի կրկնօրինակները եւ պատճենները վերցնելիս տեսչական մարմնի ծառայողը տեղում փաստաթղթի բնօրինակը դրա պատճենի/կրկնօրինակի հետ համեմատելու հնարավորություն է ունենում:

- Նախագծի 8-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն.

«Տեսչավորման իրականացմանը կարող են ներգրավվել նաեւ մասնագետներ: Մասնագետների վճարումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տեսչական մարմնի տարեկան բյուջեի միջոցների հաշվին՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափով»:

Կարծում ենք, որ բացառապես «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափով վճարում նախատեսելը մասնագետներ ներգրավելու ճկունություն ապահովելու տեսանկյունից կարող է խնդրահարույց լինել:


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը որոշ լրամշակման կարիք ունի:

Նախագծերի փաթեթում ներառված այլ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ  առաջարկություններ չկան:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

16.12.2024թ.