ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-967-25.11.2024-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-967.1-25.11.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-967-25.11.2024-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-967.1-25.11.2024-ՏՀ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվող Հայաստանի Հանարապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 245-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 6-րդ կետի համաձայն՝ «Փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են` հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով: Սույն կետի իմաստով հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը հանցագործության հիմքով փոխադրամիջոցը սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվելու մասին քրեական վարույթ նախաձեռնելու պահից մինչեւ փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տիրապետմանը հանձնելն ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի գույքահարկից, եթե շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով փոխադրամիջոցի գույքահարկի հաշվառում իրականացնող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնում տեղեկատվություն է ստացվում հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցված լինելու մասին:»:

Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Նախագծով փոխադրամիջոցի գույքահարկից ազատումը իրականացվում է միայն այն դեպքում, եթե շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից տեղական ինքնակառավարման մարմնում տեղեկատվություն է փոխանցվում հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցված լինելու մասին: Այսինքն անձի նկատմամբ գույքահարկի հաշվարկը կդադարի միայն եթե հանրային իշխանության մարմինները միմյանց հետ փոխգործակցում են եւ տեղեկությունները փոխանակում: Մինչդեռ պետական մարմինները իրենց լիազորությունները իրականացնելիս չպետք է առաջնորդվեն «եթե»-ներով: Պետական մարմինը՝ ի դեմս շարժական գույքի կադաստր վարող մարմնի, ունենալով հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցված լինելու մասին տեղեկատվություն, պարտավոր է այն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով փոխանցել տեղական ինքնակառավարման մարմնին: Հանրային իշխանության մարմինների միջեւ փոխգործակցության եւ իրենց պարտականությունների չկատարման բացասական հետեւանքները չեն կարող տարածվել անձի վրա: Իրավունքի սուբյեկտը պետք է ամեն դեպքում ազատվի փոխադրամիջոցի գույքահարկից, եթե հանցագործության հիմքով փոխադրամիջոցը դուրս է գտնվում սեփականատիրոջ տիրապետումից: 

Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվող Օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 6-րդ կետը ձեւակերպել հետեւյալ տեսքով՝ «Փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են` հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով: Սույն կետի իմաստով հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը հանցագործության հիմքով փոխադրամիջոցը սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվելու մասին քրեական վարույթ նախաձեռնելու պահից մինչեւ փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տիրապետմանը հանձնելն ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի գույքահարկից: Շարժական գույքի կադաստր վարող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցված լինելու մասին փոխադրամիջոցի գույքահարկի հաշվառում իրականացնող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին:»:

2. Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվող Օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 6-րդ կետում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարության» ձեւակերպման փոխարեն կիրառել «Կառավարության» ձեւակերպումը:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված Օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 6-րդ կետում եւ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 246-րդ հոդվածում նոր լրացվող 5-րդ մասում, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 5-րդ կետում առաջարկում ենք «հանցագործության հիմքով» բառերը փոխարինել «ենթադրյալ հանցագործության հիմքով» բառերով:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արարքը հանցագործություն որակվում է միայն դատարանի կողմից դատաքննության արդյունքում կայացված վերդիկտով, որտեղ հիմնավորվում են՝  փաստական հանգամանքները (արարքը), այդ արարքի քրեական հակաիրավականությունը, մեղադրյալի կողմից այդ արարքը կատարելը եւ մեղադրյալի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ: Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվող Օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 6-րդ կետի բովանդակությունից պարզ է դառնում, որ փոխադրամիջոցի գույքահարկից ազատումը իրականացվում է այն դեպքում, երբ նախաձեռնված է փոխադրամիջոցի հափշտակության հատկանիշներով քրեական վարույթ եւ հաշվարկը վերսկսվում է, երբ փոխադրամիջոցը սեփականատիրոջ տիրապետմանն է անցնում՝ անկախ քրեական վարույթը ավարտված լինելու հանգամանքից: Քրեական վարույթը նախաձեռնվում է միայն առերեւույթ հանցանքի հիմքով, քանզի նրա վերջնական որակումը որպես հանցագործություն կատարվում է դատարանի կողմից: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք առաջնորդվել մեր կողմից նշված տերմինաբանությամբ՝ հետագա շփոթմունքից խուսափելու նպտակով:

4. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 250-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նախատեսվող լրացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի թիվս այլնի, լիազորվում է սահմանել շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմնի կողմից նաեւ պետական գրանցումը կասեցված փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները հաշվառող մարմիններ ներկայացնելու կարգ: Ուստի առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում կատարել լրամշակում եւ ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: 

5. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 5-րդ կետում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:» եւ «Հարկային օրենսգրքի» ձեւակերպման փոխարեն օգտագործել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» ձեւակերպումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

16.12.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

16.12.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է փոխադրամիջոցների գույքահարկից ազատել հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերին այդ փոխադրամիջոցի մասով՝ քրեական վարույթ հարուցելու պահից մինչեւ փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տնօրինմանը հանձնելը: 

Փաթեթում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Ինչպես նշվեց, Նախագծով առաջարկվում է փոխադրամիջոցների գույքահարկից ազատել հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերին՝ այդ գույքի մասով: Համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման. «այդ փոխադրամիջոցների սեփականատերերը փաստացի զրկված են իրենց սեփականության տնօրինման, տիրապետման եւ օգտագործման հնարավորությունից: Նշված խնդիրն առնվազն անարդար վիճակ է ստեղծում այդ կատեգորիայի սեփականատերերի համար, քանի որ վերջիններից գույքահարկի գանձման պարտավորություն է ակնկալվում այն գույքի համար, որը վերջիններս չեն տնօրինում:»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել, որ համաձայն Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի. «փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:»: Նույն մոտեցումն է ամրագրված նաեւ անշարժ գույքի հարկի մասով, որն, ըստ Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի. «...հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:»: Այսինքն, ինչպես փոխադրամիջոցների գույքահարկի, այնպես էլ անշարժ գույքի դեպքում հարկ վճարող հանդիսանալու պայման է սահմանվում սեփականության իրավունքի առկայությունը՝ անկախ հարկման օբյեկտի (փոխադրամիջոցի կամ անշարժ գույքի) օգտագործման փաստից: Հետեւաբար, կարծում ենք, Նախագծով առաջարկվող մոտեցումը չի բխում փոխադրամիջոցների գույքահարկի էությունից եւ ընդհանուր տրամաբանությունից, քանի որ այս դեպքում որպես հարկային պարտավորության առաջացման պայման է դիտարկվում փոխադրամիջոցի տնօրինման (կամ օգտագործման) հնարավորությունը: Նույն տրամաբանությամբ, եթե Նախագծով առաջարկվող մոտեցումն ընդունվելու է, ապա այն պետք է տարածել նաեւ համանման բոլոր դեպքերի վրա, երբ փոխադրամիջոցի (նաեւ անշարժ գույքի) նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձը զրկված է (այդ թվում նաեւ՝ ոչ իր մեղքով) այն տնօրինելու եւ օգտագործելու հնարավորությունից: Նախագծով առաջարկվող մոտեցումը, կարծում ենք, չի բխում նաեւ Հարկային օրենսգրքով սահմանված խտրականության բացակայության սկզբունքից, ըստ որի. «հարկերի ու վճարների կիրառությունը եւ հարկային վարչարարությունը չպետք է ունենան խտրական բնույթ` կախված սոցիալական, քաղաքական, կրոնական, էթնիկական, գաղափարական, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլ գործոններից:»:

2. Սույն եզրակացության 1-ին կետում նշված դիտողությամբ հանդերձ, կարծում ենք, որ Նախագծի ընդունման դեպքում պետք է հաշվի առնվեն հետեւյալ նկատառումները: 

ա) Նախագծով առաջարկվում է հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերին այդ գույքի մասով ազատել փոխարամիջոցների գույքահարկից՝ առանց հստակեցնելու հանցագործության տեսակներն ու դեպքերը: Նախագծին կից նեկայացված հիմնավորման մեջ դիտարկվում են միայն նախաքննության մարմիններում փոխադրամիջոցների հափշտակության հիմքով հարուցված քրեական վարույթների դեպքերը, երբ դրանց սեփականատերերը փաստացի զրկված են իրենց սեփականության տնօրինման, տիրապետման եւ օգտագործման հնարավորությունից: Կարծում ենք, գործնականում կարող են լինել այլ դեպքեր, երբ հանցագործության հիմքով փոխադրամիջոցը հայտնվի սեփականատիրոջ տիրապետումից դուրս: Օրինակ, երբ հանցագործություն կատարելու մեջ կասկածվում է այն փոխադրամիջոցի սեփականատերը, որով կատարվել է ենթադրյալ հանցագործությունը: Ստացվում է, որ նման դեպքերում պետությունն այդ անձանց (ըստ էության՝ հանցագործներին) նույնպես պետք է տրամադրի հարկային արտոնություն, ինչը տրամաբանական չէ: Հետեւաբար, անհրաժեշտ ենք համարում հստակ սահմանել այն դեպքերը, որոնց առաջացման պարագայում կտրամադրվի Նախագծով առաջարկվող հարկային արտոնությունը: 

բ) Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է, որ հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը հանցագործության հիմքով փոխադրամիջոցը սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվելու մասին քրեական վարույթ նախաձեռնելու պահից մինչեւ փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տիրապետմանը հանձնելն ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի գույքահարկից, եթե շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով փոխադրամիջոցի գույքահարկի հաշվառում իրականացնող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնում տեղեկատվություն է ստացվում հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցված լինելու մասին: Հարկային օրենսգրքի 250-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանվում է, որ Կառավարության սահմանած կարգով հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված (հաշվառված) եւ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմինը մինչեւ տվյալ հարկային տարվա օգոստոսի 1-ը ներառյալ ներկայացնում է հաշվառող մարմիններին, իսկ շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմինը մինչեւ յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում փոխադրամիջոցների սեփականատերերի, ինչպես նաեւ փոխադրամիջոցների գրանցման (հաշվառման) տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններ: Չնայած այն հանգամանքին, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ փոխադրամիջոցների նկատմամբ սեփականության իրավունքների ծագման եւ դադարման մասին տեղեկատվությունը ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ 1210-Ն որոշմամբ սահմանված կարգով շարժական գույքի կադաստր վարող մարմինը սահմանված ժամանակագրական պարբերականությամբ փոխանցում է ՏԻՄ-երին, կարծում ենք, որ Նախագծի ընդունման դեպքում դրա կիրարկման առումով առավել հստակություն ապահովելու համար անհրաժեշտ է նշված տեղեկատվությունը՝  այն է հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցված լինելու մասին տեղեկատվության ներկայացման պահանջը ամրագրել Հարկային օրենսգրքի 250-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների ցանկում:

գ) Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացման համաձայն փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է, իսկ հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Նախագծով չի կարգավորվում այն դեպքը, երբ հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի գույքահարկից ազատման հիմքը վերանում է մինչեւ հարկային արտոնության տրամադրման ժամկետի (1 տարին) լրանալը: Այսինքն, օրինակ, եթե հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվելու եւ այդ փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցվելու միջեւ ժամակահատվածը 3 ամիս է, ապա գույքահարկի արտոնությունը եւս կտրվի մեկ տարով, ինչը տրամաբանական մոտեցում չի կարելի համարել:

դ) «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Ընդ որում, համայնքի բյուջեի կորուստները ենթակա են փոխհատուցման, եթե դրանք առաջացել են նշված օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված` համայնքի բյուջեին ամրագրված պարտադիր վճարների գծով: Որպես այդպիսիք են սահմանված նաեւ համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար վճարվող գույքահարկը եւ համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի համար վճարվող հողի հարկը: Չնայած այն հանգամանքին, որ նշված հարկերն ըստ Հարկային օրենսգրքի այլեւս գոյություն չունեն եւ գործում են դրանց համարժեքները (փոխադրամիջոցների գույքահարկ եւ անշարժ գույքի հարկ), ակնհայտ է, որ Նախագծի ընդունման դեպքում համայնքի բյուջեի կորուստները ենթակա կլինեն փոխհատուցման՝ ելնելով նշված օրենքի պահանջներից:


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

12.12.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, համապատասխան փոփոխություն եւ լրացում կատարելով նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում:

Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայիս կարգավորումներով տրանսպորտային միջոցի հափշտակված լինելու հանգամանքը հիմք չէ, որ դրա սեփականատերն ազատվի գույքահարկից եւ հափշտակված փոխադրամիջոցների սեփականատերերը շարունակում են վճարել գույքահարկ՝ չնայած այն հանգամանքին, որ իրենց գույքը փաստացի իրենց տիրապետման տակ չէ։ Այսինքն, հափշտակված փոխադրամիջոցների սեփականատերերից գույքահարկի գանձման պարտավորություն է ակնկալվում այն գույքի համար, որը վերջիններիս տիրապետումից դուրս է գտնվում:

Նախագծերի փաթեթի հեղինակի կողմից առաջարկվում է հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերին՝ հանցագործության հիմքով փոխադրամիջոցը սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվելու մասին քրեական վարույթ նախաձեռնելու պահից մինչեւ փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տիրապետմանը հանձնելը, ազատել գույքահարկից:

2. Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կարող են սոցիալական առումով դրական ազդեցություն ունենալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով, կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունումը կոնկրետ շրջանակի անձանց (տուժած քաղաքացիների) ֆինանսական բեռը թեթեւացնելու տեսանկյունից կունենա դրական նշանակություն:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                         ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

09.12.2024թ.