ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-978-03.12.2024-ԳԿ-011/0) եւ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9781 -03.12.2024-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-978-03.12.2024-ԳԿ-011/0) եւ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9781 -03.12.2024-ԳԿ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի  (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում լրացվող նոր պարբերության «տարածական հաշվառում» բառերն առաջարկում ենք գրել թավ տառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»

2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր՝ 23-րդ կետի համաձայն. «23) Սույն օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած եւ պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված եւ սահմանված կարգով առանձնացված հողատարածքի եւ պահպանական գոտիների տարածական հաշվառում:»:

Անշարժ գույքի պետական ռեգիստրի նշված լիազորության վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Անշարժ գույքի պետական ռեգիստրի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած եւ պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված եւ սահմանված կարգով առանձնացված հողատարածքի եւ պահպանական գոտիների տարածական հաշվառման լիազորությունն իրականացվում է միայն Օրենքով նախատեսված դեպքերում: Հարկ է նկատել, որ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 47.2-րդ հոդվածում նախատեսված են պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած եւ պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված եւ սահմանված կարգով առանձնացված հողատարածքի եւ պահպանական գոտիների տարածական հաշվառման առանձնահատկությունները, որոնցում տարածական հաշվառման դեպքերը բացակայում են: Այսպիսով՝ Օրենքում, ինչպես նաեւ Նախագծում սահմանված չեն տարածական հաշվառման իրականացման դեպքերը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր՝ 23-րդ կետում սահմանված դրույթի բովանդակությունը, մասնավորապես՝ կա՛մ «Սույն օրենքով նախատեսված դեպքերում» բառերը փոխարինել «Սույն օրենքով նախատեսված տարածական հաշվառման առանձնահատկությունների հաշվառմամբ» բառերով, կա՛մ համապատասխան դեպքերը լրացնել Օրենքում:

3. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 47.2-րդ հոդվածի 3-րդ մասում «կառավարության» բառն առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով՝ Նախագծում եզրույթի գրելաձեւի միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով:

4. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 47.2-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «Օ Ջի Սի Վի Մի Էս» (OGC WMS)» ձեւակերպումը վերանայել այն համապատասխանեցնելով «Տարածական տվյալների մասին» օրենքում կիրառված ձեւին: Մասնավորապես՝ քննարկվող ձեւակերպման «Մի» տառերը փոխարինել «Էմ» տառերով՝ ապահովելով հայերեն ճիշտ տառադարձությունը:

5. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 47.2-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն. «8. Դիմումի բավարարման դեպքում հուշարձանների պահպանության լիազորված մարմնինը եռօրյա ժամկետում հուշարձանի տարածքի եւ դրա պահպանական գոտիների փոփոխված հատակագիծը Կառավարության սահմանած կարգով ներկայացնում է անշարժ գույքի պետական ռեգիստր՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետներում տարածական հաշվառման տվյալներում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:»:

Նշված դրույթում հղում է կատարված Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 47.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետներին: Մինչդեռ հարկ է նկատել, որ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 47.2-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված դրույթը, այն է. «3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ հուշարձանների տարածքների եւ դրանց պահպանական գոտիների հատակագծերը կազմվում են կառավարության սահմանած կարգով հուշարձանների պահպանության լիազորված մարմնի կողմից՝ «Տարածական տվյալների մասին» օրենքով սահմանված ազգային գեոպորտալի «Օ Ջի Սի Վի Մի Էս» (OGC WMS) առցանց քարտեզագրական ծառայության միջոցով հասանելի բազային տարածական տվյալների հիման վրա:», ժամկետների վերաբերյալ որեւէ իրավակարգավում չի նախատեսում: Հիմք ընդունելով վերոգրյալն առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 47.2-րդ հոդվածի 8-րդ մասում վերանայել Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 47.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետներին կատարված հղումը:

6. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված դրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»

7. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «ՀՀ կառավարությունն» բառերը փոխարինել «Կառավարությունն» բառով՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ սահմանված հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»:

8. Նախագծի 5-րդ հոդվածի համաձայն. «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ութ ամսվա ընթացքում

ՀՀ կառավարությունն ընդունում է հուշարձանի տարածքի եւ դրա պահպանական գոտիների հատակագծերի օրինակելի ձեւերը,  հատակագծերին ներկայացվող պահանջները, հատակագծերի կազմման եւ հատակագծերի ներկայացման եւ տարածական հաշվառման իրականացման կարգը սահմանելու մասին որոշում:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված Կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրվանից:»:

Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ ողջ Նախագծն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացի Նախագծի 4-րդ հոդվածից, որի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է՝ տարածական հաշվառման կարգը նախատեսող Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը: Մինչդեռ նշենք, որ Նածագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթն առ այն, որ Կառավարությունը պետք է իրականացնի տարածական հաշվառում, ուժի մեջ մտնելով պաշտոնական հրապարման օրվան հաջորդող օրվանից, չի կարող իրացվել, քանի որ իրականացման կարգն ըստ էության դեռեւս ուժի մեջ մտած չի լինի:

Հիմք ընդունելով վերոգրյալն առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշում կատարել նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով կատարվող փոփոխության եւ լրացման ուժի մեջ մտնելու մասին, այն պայմանավորելով Նախագծով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ:

Սույն առաջարկը բխում  է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում սահմանված դրույթից, որի համաձայն. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.»:

9. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «մասի» բառն առաջարկում ենք փոխարինել «չհամարակալված պարբերության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Սահմանադրույթան տեսանկյունից խնդրսհարույց նորմեր առկա չեն: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

20.12.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

20.12.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է իրականացնել պետական սեփականություն հանդիսացող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած եւ պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված եւ սահմանված կարգով առանձնացված հողատարածքների եւ պահպանական գոտիների հաշվառում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի պահպանական գոտին կամ հուշարձանի տարածքը կարող են ներառել նաեւ համայնքի կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասեր՝ Նախագծով սահմանվում է դրույթ առ այն, որ նմանատիպ դեպքերում այդ պահպանական գոտու կամ հուշարձանի տարածքի տարածական հաշվառումն իրականացվում է հուշարձանների պահպանության լիազորված մարմնի կողմից նախապես տվյալ հողամասի սեփականատիրոջ (սեփականատերերի) գրավոր համաձայնությունը ձեռք բերելու պարագայում: Գործընթացն առավել արագ եւ մատչելի կազմակերպելու նպատակով Նախագծով  առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած հողատարածքների եւ պահպանական գոտիների հաշվառումն իրականացնել օրթոֆոտոհատակագծերի հիման վրա կազմված հատակագծերով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չափագրման աշխատանքների իրականացման համար կպահանջվեն ավելի երկար ժամկետներ եւ լրացուցրչ ռեսուրսներ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան

20.12.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ  կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում, համապատասխան փոփոխություններ կատարելով նաեւ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին»  օրենքում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել անշարժ գույքի պետական ռեգիստրի  նոր լիազորություններ, ըստ որի վերջինս իրականացնելու է՝

- պետական սեփականություն համարվող՝ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական գրանցում, ինչպես նաեւ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածական հաշվառում, 

- պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած եւ պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված եւ սահմանված կարգով առանձնացված հողատարածքի եւ պահպանական գոտիների տարածական հաշվառում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ օրենքով սահմանել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած եւ պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված եւ սահմանված կարգով առանձնացված հողատարածքի եւ պահպանական գոտիների տարածական հաշվառման առանձնահատկությունները:

Բացի այդ, Նախագծերի փաթեթով նախատեսվող փոփոխություններով պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքների հողերը, որոնք ծանրաբեռնված չեն այլ անձանց որեւէ տեսակի իրավունքներով, օրենքի ուժով կդասվեն հատուկ պահպանվող նպատակային նշանակության, պատմական եւ մշակութային գործառնական նշանակության հողերի շարքին եւ կունենան այդ հողերի համար սահմանված օգտագործման եւ իրավական հատուկ ռեժիմ (բացառությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հուշարձանների):     Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած հողատարածքների եւ պահպանական գոտիների կարգավիճակը, նույնականացնել եւ հստակեցնել հուշարձանների, դրանց տարածքների եւ պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների մակերեսները, դրանք արտացոլել կադաստրային քարտեզում:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                             ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

13.12.2024թ.