ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-980-03.12.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-980-03.12.2024-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը»: 2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի»: Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ 2025 թվականի հունվարի 1-? սահմանելիս ստացվում է այնպիսի իրավիճակ, որ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետն ավելի շուտ վրա կհասնի, քան Նախագծի ընդունումը, ինչն իրավական տեսանկյունից խնդրահարույց է, քանի որ ստացվում է, ուժի մեջ է մտնում դեռեւս չընդունված Նախագիծը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով՝ օրենքի ընդունման համար սահմանված ընթացակարգերը եւ ժամկետները՝ առաջարկում ենք սահմանել Նախագծի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ: 3. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բացառության մասին չնշել, քանի որ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է Նախագծի ուժի մեջ մտնելու ընդհանուր ժամկետը, իսկ 2-րդ մասը? հատուկ ժամկետը, հետեւաբար ընդհանուր կանոնի կողքին բացառության մասին նշելու անհրաժեշտությունը բացակայում է: Միաժամանակ՝ նշենք, որ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված «ծագող (ծագած) հարաբերությունների նկատմամբ» ձեւակերպումը միանշանակ չի ընկալվում՝ մասնավորապես հասկանալի չէ, թե նշված դրույթի իմաստով ինչն է հանդիսանում ծագող կամ ծագած հարաբերություն, օրինակ, լիզինգի պայմանագիրը կնքելը, տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելը, թե տրանսպորտային միջոցը լիզինգառուին սեփականության իրավունքով անցնելը: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 20.12.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 20.12.2024թ.
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ վարձույթով տրամադրելու համար ձեռքբերված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների մասով Հարկային օրենսգրքի 73-րդ հոդվածի 8.1 մասով սահմանված` ԱԱՀ-ի վերաձեւակերպումներ չեն կատարվում, ինչպես նաեւ նշված ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների օտարումից եկամտի որոշման առանձնահատուկ կարգավորումները լիզինգի (տարատեսակների) պայմանագրի շրջանակներում լիզինգատուի կողմից լիզինգառուին այդ ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների օտարման գործարքների նկատմամբ կիրառելի չեն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 11.12.2024թ.
ԱԺ պատգամավորի կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), որի նպատակն է վարձույթով տրամադրելու համար ձեռքբերված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների մասով Օրենսգրքի 73-րդ հոդվածի 8.1 մասի կիրառության առումով բացառություն նախատեսելը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների օտարումից եկամտի որոշման առանձնահատուկ կարգավորումները լիզինգի (տարատեսակների) պայմանագրի շրջանակներում լիզինգատուի կողմից լիզինգառուին տրանսպորտային միջոցների օտարման գործարքների նկատմամբ չկիրառելը: Ներկայացված իրավակարգավորումների անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ավտովարձույթով տրամադրելու նպատակով շահագործված եւ օտարվող մեքենաների մասով նախկինում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները վերահաշվարկելու պահանջի կիրառությունը խոչընդոտում է նշյալ գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների գործունեությանը՝ լրացուցիչ ֆինանսական ծախսեր առաջացնելով վերջիններիս համար: Բացի այդ, լիզինգի պայմանագրով լիզինգատուի կողմից ձեռքբերված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցներն այնուհետեւ լիզինգառուին օտարվում են առանց վերադիրի, ինչով պայմանավորված էլ նպատակահարմար չէ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների օտարումից եկամտի որոշման առանձնահատուկ կարգավորումները լիզինգի պայմանագրով օտարվող տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառելը: Նախագծով, հեղինակն առաջարկում է սահմանել, որ վարձույթով տրամադրելու համար ձեռքբերված տրանսպորտային միջոցների մասով Օրենսգրքի 73-րդ հոդվածի 8.1 մասով սահմանված տրանսպորտային միջոցների օտարումից եկամտի որոշման առանձնահատուկ կարգավորումները լիզինգի պայմանագրի շրջանակներում լիզինգատուի կողմից լիզինգառուին ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների օտարման գործարքների նկատմամբ կիրառելի չեն, ուստի առաջարկվող լրացումների ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կբարելավվի տրանսպորտային միջոցները վարձույթով եւ լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծով առաջարկվող լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 11.12.2024թ.
|