ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-983-09.12.2024-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-983.1-09.12.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-983-09.12.2024-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-983.1-09.12.2024-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:

                                                      
Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 2-րդ հոդվածում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը առ այն՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:» եւ Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ տարբերակներից որեւէ մեկով՝

«Հոդված 2. 

1. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առեւտրին թույլատրված)՝

ա. բաժնետոմսերի մասով 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված շահաբաժինները,

բ. պարտատոմսերից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված տոկոսները կամ մարելիս զեղչի ձեւով ստացվող եկամուտները, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչեւ մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց,

գ. պարտատոմսերի՝ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օտարումից, մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ այլ արժեթղթերով փոխանակումից կամ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարվող նման այլ գործարքներից ստացվող եկամուտները, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչեւ մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց.

2. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից հանել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների» բառերը:», 

կամ «Հոդված 2. 

1. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 

1) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առեւտրին թույլատրված)՝

ա. բաժնետոմսերի մասով 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված շահաբաժինները,

բ. պարտատոմսերից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված տոկոսները կամ մարելիս զեղչի ձեւով ստացվող եկամուտները, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչեւ մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց,

գ. պարտատոմսերի՝ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օտարումից, մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ այլ արժեթղթերով փոխանակումից կամ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարվող նման այլ գործարքներից ստացվող եկամուտները, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչեւ մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց.

2) 2-րդ մասի 4-րդ կետից հանել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների» բառերը:»:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  149-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի 4-րդ կետից առաջարկում ենք հանել «գ» ենթակետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով արդեն իսկ որպես նվազեցվող եկամուտ է նախատեսվում կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը: Միեւնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պարտատոմսերը համարվում են արժեթղթեր: Ուստի Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 149-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի 4-րդ կետում «գ» ենթակետի նախատեսումը կառաջացնի Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասում նույն մտքի անհարկի կրկնության:

3. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի անվանումն անհրաժեշտ է շտկել. մասնավորապես  «2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն» բառերն ավելորդ են, քանզի Նախագծի վերնագրում անհրաժեշտ է հղում կատարել Օրենքի կրճատ անվանմանը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասում եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթներից, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտի վերնագրում բերվում է միայն փոփոխվող կամ գործողությունը դադարեցվող իրավական ակտի` սույն օրենքի սահմանված կրճատ անվանումը:», իսկ «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

4. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը առ այն, որ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: »:

5. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենսգրքի համապատասխանաբար 126-րդ հոդվածի 5.1-ին մասը եւ 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը: Միաժամանակ նույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսվում է անցումային դրույթ՝ վերոնշյալ 3-րդ եւ 4-րդ հոդվածներով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող կարգավորումների գործողության պայմանների վերաբերյալ: Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենսգրքի համապատասխանաբար 126-րդ հոդվածի 5.1-ին մասը եւ 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ սահմանելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով նախատեսվող խմբագրությունից տարբերվող կարգավորումներ, որոնք այլեւս իրավական ուժ չեն ունենալու Նախագծի ուժի մեջ մտնելու դեպքում: Ուստի Նախագծի ուժի մեջ մտնելուն զուգահեռ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածը իր իրավական նշանակությունը սպառելու է: Հետեւաբար գտնում ենք, որ առկա չէ անհրաժեշտություն «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ կարգավորում եւ առաջարկում ենք այն վերանայել:

6. Նախագծերի փաթեթում ներառված օրենքի նախագծերի համար ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2025 թվականի հունվարի 1-ը: Ստացվում է այնպիսի իրավիճակ, որ օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետն ավելի շուտ վրա կհասնի, քան օրենքի նախագծի ընդունումը, ինչն իրավական տեսանկյունից խնդրահարույց է, քանի որ ստացվում է, ուժի մեջ է մտնում դեռեւս չընդունված օրենքի նախագիծը:  Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով՝ օրենքի ընդունման համար սահմանված ընթացակարգերը եւ ժամկետները՝ առաջարկում ենք սահմանել Նախագծի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

26.12.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

26.12.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առեւտրին թույլատրված) բաժնետոմսերից, պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտների հարկման նպատակով Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունների գործողության ժամկետները: Միեւնույն ժամանակ, վերոգրյալով պայմանավորված՝ ներդրողների համար լրացուցիչ կանխատեսելի միջավայր ապահովելու նպատակով առաջարկվում է եւս երկու տարով երկարաձգել այդ արտոնությունների գործողության ժամկետները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

16.12.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), համապատասխան փոփոխություն կատարելով նաեւ հարակից՝  «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում, ինչը պայմանավորված է ՀՀ-ում գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից, պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտների հարկման նպատակով Օրենսգրքով սահմանված արտոնությունների գործող ժամկետների հստակեցմամբ եւ արտոնությունների գործողության ժամկետի երկարաձգմամբ:

Ըստ Նախագծերի փաթեթի հեղինակի, արտոնությունների գործողության ժամկետի առումով ներկայիս իրավակարգավորումները  (…արտոնություններ նախատող դրույթները տարածվում են այն արժեթղթերի (արժեթղթերի դասերի) վրա, որոնք Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակվել (առեւտրին թույլատրվել) են ոչ ուշ, քան 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:) բավականաչափ հստակ չեն եւ, ինչով էլ պայմանավորված, առաջարկվում է Օրենսգրքով տրվող ձեւակերպումների շրջանակում հստակեցնել արտոնությունների գործողության ժամկետները: Առաջարկվում է նաեւ երկու տարով հետաձգել արժեթղթերից ստացվող եկամուտների մասով գործող հարկային արտոնությունների գործողության ժամկետները: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

23.12.2024թ.