ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Ք-985-13.12.2024-ԵԻ-011/0) վերաբերյալ Քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Ք-985-13.12.2024-ԵԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծով նախատեսվում է՝ «Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր հռչակում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը:»: Ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նորմատիվ իրավական ակտը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ է, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար: Օրենքը օրենսդիր իշխանության մարմնի՝ խորհրդարանի կողմից հատուկ կարգով կամ համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված նորմատիվ իրավական ակտն է, որը կարգավորում է կարեւորագույն, առանձնահատուկ նշանակություն ունեցող հասարական հարաբերությունները եւ օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով (տե՛ս «Նորմատիվ իարվական ակտերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը): Օրենքը հասարակական հարաբերությունները կարգավորում է իրավական նորմեր սահմանելով, փոփոխելով կամ գործողությունը դադարեցնելով: Օրենքով նախատեսվող իրավունքի նորմերը հասարակական հարաբերությունները կարագավորում են մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների եւ պարտականությունների սահմանման միջոցով: Իրավունքի նորմն ունի հստակ կառուցվածք՝ - հիպոթեզ, որով նախատեսվում են նորմի գործողության համար անհրաժեշտ նախապայմաններ, - դիսպոզիցիա, որում նշվում է, թե ինչպիսին պետք է լինի վարքագիծը հիպոթեզում նշված պայմանների առկայության դեպքում: - սանկցիա, որում ամրագրվում է, թե պետական հարկադրանքի, ինչ միջոցներ կարող են կիրառվել դիսպոզիցիայում նախատեսված կանոնը խախտելու համար: Այլ խոսքերով՝ օրենքը որպես նորմատիվ իրավական ակտ պետք է պարունակի վարքագծի համապարտադիր ձեւական-որոշակի կանոններ, որոնց կատարումը պետք է ապահովվի պետական հարկադրանքով: Իրավունքի նորմը կարող է համապատասխանել որոշակիության պահանջին, եթե նրա բովանդակությունից հստակ է, թե ինչ պայմաններում է գործում տվյալ նորմը, ինչ իրավունքներ եւ պարտականություններ են առաջանում այդ նորմի հիման վրա, ինչ իրավական հետեւանքներ են վրա հասնում այդ նորմի չիրականացման դեպքում: Նախագծով նախատեսվող ձեւակերպումը կարող է խնդրահարույց լինել այս տեսանկյունից, քանզի անհասկանալի է՝ ինչ վարքագծի կանոն է նախատեսվում իրավունքի սուբյեկտի համար, ով է այդ վարքագծի կանոնի «հասցեատերը», ինչ անբարենպաստ հետեւանքներ կառաջանան Նախագծով նախատեսվող վարքագծի կանոններին չհետեւելու դեպքում եւ այլն: Այսինքն, Նախագծով նախատեսվող ձեւակերպումները չեն ընկալվում, միանշանակ եւ առաջացնում են տարընթերցումներ: Նախագծի բովանդակության եւ մեր կողմից ներկայացված իրավունքի նորմի հատկանիշների համեմատական վերլուծության արդյունքում՝ ցանկանում ենք արձանագրել, որ Նախագծում նախատեսված չեն վարքագծի պարտադիր կանոններ, որոնք կհամապատասխանեն իրավական նորմերի դասական եռաբաղադրիչ կառուցվածքին, օժտված կլինեն իրավական որոշակիությամբ եւ կերաշխավորվեն պետական հարկադրանքով: Օրենքները որպես նորմատիվ իրավական ակտեր ուղղված են միայն ու միայն վարքագծի պարտադիր կանոններ նախատեսելուն: Հետեւաբար, եթե Նախագիծը չի պարունակում քննարկված հատկանիշներին համապատասխանող վարքագծի կանոններ, ապա խնդրահարույց է նրա «օրենք» բնորոշվելու հարցը: Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Նախագծով նախատեսվող կարգավորումները չեն համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներին եւ առաջարկում ենք վերանայել: 2. Առաջարկում ենք Նախագծում ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը առ այն՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:»: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի տեքստից հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ» նշումը, քանզի Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվում են արդեն իսկ ընդունված օրենքները, իսկ Նախագիծը այդպիսի կարգավիճակ դեռ չի ստացել: 3. Հարկ ենք համարում նշել, որ Եվրոպական Միությունն իրենից ներկայացնում է միջազգային կազմակերպություն, իսկ վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցելու մանրամասն ընթացակարգերը սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցը լուծվում է հանրաքվեի միջոցով: Նույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված է, որ այդ դեպքում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այսպիսով՝ վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության ընթացակարգը փուլ առ փուլ նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Իսկ Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի ներկայացումը վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցելու՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգին նախորդող գործողություն չէ, եւ հասկանալի չէ վերջինիս իրավական հետեւանքը: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցելու՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանության տեսանկյունից:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 20.12.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 20.12.2024թ.
Նախագծով առաջարկվում է հռչակել Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 17.12.2024թ.
Քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծով առաջարկվում է հռչակել Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 24.12.2024թ.
|