ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-987-17.12.2024-ՏՀ-011/0) եւ «Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ին ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-987.1-17.12.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-987-17.12.2024-ՏՀ-011/0) եւ «Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ին ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-987.1-17.12.2024-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 2-րդ հոդվածի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 253-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասում առաջարկում ենք մասի համարակալումը տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված իրավադրույթը, որի համաձայն. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»: 2. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 257-րդ հոդվածում նախատեսվում է լրացնել նոր՝ 3-րդ մաս: Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 257-րդ հոդվածը պարունակում է 3-րդ մաս, ուստի առաջարկում ենք լրացումը կատարել լրացուցիչ համարով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասում սահմանված դրույթից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում: Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով:»: Նշված առաջարկը ընդունելիս անհրաժեշտություն կառաջանա Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող լրացման տեքստում համապատասխանաբար ուղղել կատարված հղումը: 3. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 253-րդ հոդվածի 2.1-ին մասում եւ 254-րդ հոդվածի 4.1-ին մասում «Խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի» բառերը փոխարինել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի եւ բուքմեյքերային գործունեության» բառերով: Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասում «Խաղատների, շահումով խաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության» բառերը փոխարինել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի եւ բուքմեյքերային գործունեության» բառերով: Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 8.1-ին տողում «Խաղատների, շահումով խաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեությունից» բառերը փոխարինել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի եւ բուքմեյքերային գործունեության կազմակերպումից» բառերով: Ըստ Նախագծի 9-րդ հոդվածի վերը նշված հոդվածներն ուժի մեջ են մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից: Նշված հոդվածների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում սահմանված են նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու կանոնները: Մասնավորապես՝ նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունները կարող են կատարվել կա՛մ հիմնական ակտում, կա՛մ սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված, սակայն ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտում կամ դրա ուժի մեջ չմտած մասում: Հարկ ենք համարում նշել, որ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կարող են կատարվել նորմատիվ իրավական ակտերում արդեն իսկ գոյություն ունեցող կարգավորումների վերաբերյալ եւ չկա որեւէ օրենսդրական հնարավորություն օրենքով փոփոխություններ կատարել հիմնական ակտում դեռեւս գոյություն չունեցող դրույթների վերաբերյալ: Մինչդեռ Նախագծի 6-8-րդ հոդվածներով փոփոխություններ են նախատեսվում Օրենքսգրքի այն կարգավորումների մասով, որոնք դեռեւս գոյություն չունեն Օրենսգրքում եւ ունեն «օրենքի նախագծի» կարգավիճակ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 6-8-րդ հոդվածներով նախատեսված փոփոխությունները Նախագծից հանել, եւ դրանց վերաբերյալ հանդես գալ այլ օրենսդրական նախաձեռնությամբ՝ Նախագծով սահմանաված համապատասխան կարգավորումների ընդունվելուց եւ հիմնական ակտում ինկորպորացվելուց հետո: 4. «Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ին ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՀԱՐԿԱՅԻՆ» բառից առաջ լրացնել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով օրենքի վերնագիրը: Միաժամանակ առաջարկում ենք «Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ին ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից հանել «2024 թվականի հունիսի 12-ին ՀՕ-269-Ն» ձեւակերպումը, քանի որ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ նախատեսող իրավական ակտի վերնագրում անհրաժեշտ է հղում կատարել օրենքի կրճատ անվանմանը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված իրավադրույթից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտի վերնագրում բերվում է միայն փոփոխվող կամ գործողությունը դադարեցվող իրավական ակտի` սույն օրենքի սահմանված կրճատ անվանումը:» եւ նույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթից, որի համաձայն. «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Սահմանադրույթան տեսանկյունից խնդրսհարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 03.01.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 03.01.2025թ.
Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչ համարվող ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունների համար դադարեցնել ներկայումս գործող ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը եւ տվյալ ոլորտի գործունեությունը հարկել շրջանառության հարկով՝ անկախ դրա վճարող համարվելու համար օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներից: Արդյունքում, նախատեսվում է խաղատների, շահումով խաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեությունը հարկել շրջանառության հարկի 10 տոկոս դրույքաչափով՝ որպես հարկման բազա սահմանելով կատարվող խաղադրույքների կամ մասնակցության վճարների հանրագումարը: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 26.12.2024թ.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), համապատասխան փոփոխություններ կատարելով նաեւ հարակից «Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում»: Մասնավորապես, առաջարկվում է Օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 2.1 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ «2.1 Խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչ համարվող ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:»: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում խաղատների, շահումով խաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեությունը կհարկվի 10 տոկոս շրջանառության հարկով: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն՝ սոցիալական որոշ շերտերի մասնակցությունը խաղային գործունեությանը սահմանափակելու միջոցով: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարողներ` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) Մ. Դալլաքյան 26.12.2024թ.
|