ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-988-18.12.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-988-18.12.2024-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 26.12.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին «1899 թվականի Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիայի 24-րդ հոդվածի 8-րդ մասի եւ «1907 թվականի Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիայի 46-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանի անդամներն իրենց պարտականություններն իրականացնելիս եւ իրենց երկրից դուրս գտնվելիս ունեն դիվանագիտական արտոնություն եւ իմունիտետ: Իսկ օրինակ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տերիտորիայում այն օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված վարչական իրավախախտումների պատասխանատվության հարցը, ովքեր գործող օրենքների եւ ԽՍՀՄ միջազգային պայմանագրերի համաձայն ԽՍՀ Միության եւ Հայաստանի Հանրապետության վարչական պատասխանատվության հանդեպ օգտվում են անձեռնմխելիության իրավունքից, լուծվում է դիվանագիտական ճանապարհով: Հետեւաբար Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը կարծում ենք բացակայում է: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»: «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 26.12.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» կոնվեցիանները, որոնք հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի (այսուհետ նաեւ՝ Դատարան) ստեղծման համար: Դատարանի մատուցած ծառայությունները չեն սահմանափակվում վեճերի արբիտրաժային կարգավորմամբ, այլեւ կարող են ներառել փաստահավաք առաքելություններ, անդամ երկրներին ցուցաբերվող վարչական աջակցություն, վեճերի դեպքում միջնորդություն, փաստաթղթաշրջանառության եւ արխիվացման ծառայություններ եւ այլն: 1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները (այսուհետ՝ Կոնվենցիաներ), որոնք միասին հայտնի են որպես Հաագայի կոնվենցիաներ, ապահովում են Դատարանի գոյության եւ գործունեության իրավական հիմքը: Ներկայումս 122 պետություններ հանդիսանում են կոնվենցիաներից մեկի կամ երկուսի մասնակից (այդ թվում՝ Կոսովոն եւ Պաղեստինը): 1899 թվականի կոնվենցիան վավերացրել է 74 պետություն, իսկ 1907 թվականի կոնվենցիան՝ 114 պետություն: Կոնվենցիաներում նախատեսվում են դրույթներ, որոնք իրենից ենթադրում են Կոնվենցիային միացած կամ որոշակի վեճում ներգրավված պետության կողմից կատարվող ծախսեր, մասնավորապես, 1899 թվականի կոնվենցիայի 29-րդ եւ 57-րդ հոդվածներով եւ 1907 թվականի 36-րդ, 50-րդ եւ 85-րդ հոդվածներով նախատեսվում են հետեւյալը. Միջազգային բյուրոյի ծախսերը հոգում են պայմանավորվող կողմերը՝ Համաշխարհային փոստային միության միավորային համակարգի համաձայն հաշվարկվող միավորների չափաբաժնով: Մեկ միավորի տարեկան արժեքը յուրաքանչյուր տարի սահմանվում է Վարչական խորհրդի կողմից: Կոնվենցիային միացող երկրների համար ծախսերը հաշվարկվում են ուժի մեջ մտնելու օրվանից սկսած: Յուրաքանչյուր վեճի շրջանակներում ձեւավորվող քննիչ հանձնաժողովի եւ տրիբունալի գործունեության ծախսերի մասով՝ կողմ հանդիսացող պետությունները հոգում են ինչպես իրենց ծախսերը, այնպես էլ քննիչ հանձնաժողովի եւ տրիբունալի՝ կողմերի միջեւ հավասարապես բաշխված ծախսերի իրենց մասնաբաժինը: Կոնվենցիային միանալու դեպքում Հայաստանի Հանրապետության համար առկա են ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ, ինչպես նաեւ պետական բյուջեի ծախսերի ավելացման անհրաժեշտություն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 24.12.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները (այսուհետ՝ Կոնվենցիա)՝ Մշտական արբիտրաժային դատարանին (այսուհետ՝ Դատարան) անդամակցելու նպատակով: Դատարանը միջազգային կազմակերպություն է, որը հարթակ է տրամադրում պետությունների, միջպետական կազմակերպությունների եւ մասնավոր կողմերի միջեւ արբիտրաժի միջոցով վեճերի խաղաղ լուծման համար: Դատարանը զբաղվում է նաեւ բնապահպանական վեճերի կարգավորմամբ, ցուցաբերում է վարչական աջակցություն էներգետիկ խարտիայի շրջանակներում կամ UNCITRAL-ի արբիտրաժային կանոնների ներքո իրականացվող վեճերի կարգավորման գործընթացներին, ինչպես նաեւ մատուցում այլ ծառայություններ: Նշենք, որ Կոնվենցիաները ապահովում են Դատարանի գոյության եւ գործունեության իրավական հիմքը: Դատարանին առավել նպատակահարմար է անդամակցել Կոնվենցիաների համաժամանակյա վավերացմամբ՝ այդպիսով ընդունելով արբիտրաժային միջազգային նորմերի եւ ընթացակարգերի էվոլյուցիան եւ կատարելագործումը: Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիաների վավերացումը, եւ համապատասխանաբար Դատարանին անդամակցումը, կարեւորվում է միջազգային հեղինակության բարձրացման տեսանկյունից: Անդամակցումը կարեւորվում է նաեւ Հայաստանի՝ տնտեսական զարգացման եւ ներդրումային գրավչության բարձրացման համատեքստում՝ հնարավոր ներդրողներին տալով լրացուցիչ իրավական երաշխիքներ: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 24.12.2024 թ.
|