Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-990-24.12.2024-ՏՀ-011/0), «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-990.1-24.12.2024-ՏՀ-011/0), «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-990.2-24.12.2024-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-990.3-24.12.2024-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) նոր լրացվող 886.2-րդ հոդվածի 6-րդ մասում «(կամ ստացված համարվելու)» արտահայտությունը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) նոր լրացվող 33.1-ին մասի 4-րդ մասում, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում նոր լրացվող 35.1-ին հոդվածի 6-րդ մասում «(պայմանագրով սահմանված դեպքում՝ ստացված համարվելուց)» արտահայտությունն առաջարկում ենք հանել, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հիշատակված հոդվածներում «պահանջը ստացվել է» հասկացության գործածումը արդեն իսկ վկայում է այն մասին, որ պահանջը փոխատուից փոխառուին է փոխանցվել օրենքով կամ կողմերի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված կարգով եւ ձեռք բերել «ստացված» կարգավիճակ: Սույն առաջարկի հիմքում ընկած է նաեւ դատավարական օրենսդրությամբ որդեգրված այն մոտեցումը, որտեղ օգտագործվում է «ծանուցված» հասկացությունը՝ նկատի ունենալով ծանուցման ցանկացած եղանակով դրա իրականացումը՝ առանց փակագծերում մասնավորեցնելու: 2. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով, քանզի Օրենքում եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում կատարվում է միայն մեկ փոփոխություն՝ ի դեմ համապատասխանաբար «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի: 3. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 33.1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսվող որոշումը կայացվում է, եթե, ի թիվս փոխատուի կողմից ներկայացված դիմումի, ստացվում է նաեւ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը: Ցանկանում ենք նշել, որ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 33.1-ին հոդվածի 2-րդ մասը, ունենալով հետեւյալ բովանդակությունը՝ «Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի, որով ընկերությունը հանդիսանում է փոխառու՝ ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը տեղի է ունենում ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ:», չի պարունակում փոխատուի կողմից ներկայացման ենթակա որեւէ պահանջ, այլ միայն նախատեսում է ընդհանուր ժողովի կողմից կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ որոշում ընդունելու կարգ: Հետեւաբար առաջարկում ենք վերոգրյալի հիման վրա վերանայել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 33.1-ին հոդվածի 4-րդ մասը: 4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում նոր լրացվող 35.1-ին հոդվածի 2-րդ մասը, ունենալով «Փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու) կնքման մասին որոշումն ընդունում է ժողովը՝ Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ:» բովանդակությունը, չի պարունակում ընկերության գործադիր մարմնին ներկայացման ենթակա պահանջի վերաբերյալ կարգավորումներ: Ուստի առաջարկում ենք կատարված դիտարկումների հիման վրա լրամշակել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում նոր լրացվող 35.1-ին հոդվածի 6-րդ մասը: 5. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում նոր լրացվող 35.1-ին հոդվածի 7-րդ մասի համաձայն ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու) բաժնետոմսերի թողարկման եւ փոխատուի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում, բացառությամբ, այն դեպքի, երբ փոխարկելի փոխառության պայմանագիրը կնքվել է Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի ձայների առնվազն 3/4-ով եւ որոշմանը դեմ քվեարկած բաժնետերերը ձեռք են բերել բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք: Ցանկանում ենք նշել, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում բացակայում են բաժնետերի կողմից այդ նախապատվության իրավունքից օգտվելու դեպքում փոխարկելի փոխառության պայմանագրի կատարման այլընտրանքային տարբերակները: Առաջանալու է մի իրավիճակ, երբ ընդունվի որոշում փոխարկելի փոխառության պայմանագիր կնքելու, թողարկվի պայմանագրի համաձայն սահմանված տեսակի, դասի, քանակի բաժնետոմսեր, դրանք ձեռքբերման նախապատվության իրավունքով ձեռքբերի ընկերության այն բաժնետերերը բաժնետերը, ովքեր դեմ են քվեարկել իսկ փոխատուի պահանջը մնա չբավարարված: Առաջարկում ենք լրամշակել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ հաշվի առնելով սույն դիտարկումը: 6. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 64-րդ հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասի համաձայն ՝ «Եթե փոխարկելի փոխառության պայմանագրի կնքումը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված գործարք, ապա այն ենթակա է նաեւ հաստատման ժողովի կողմից՝ Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ, իսկ սույն օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ կանոնադրությամբ սահմանված ձայների քանակով:»: Ցանկանում ենք նշել, որ սույն կարգավորումը հակասում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում նոր լրացվող 35.1-ին հոդվածի 2-րդ մասին, ըստ որի փոխարկելի փոխառության պայմանագիր կնքելու մասին որոշում կայացնելը հանդիսանում է ժողովի բացառիկ իրավասությունը՝ առանց բացառությունների: Մինչդեռ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 64-րդ հոդվածում կատարվող լրացումների արդյունքում շահագրգռվածության առկայության դեպքում այդպիսի որոշում կայացնելու է խորհուրդը՝ հետո այն ներկայացնելու ժողովի հաստատմանը: Առաջարկում ենք «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 6-րդ հոդվածների կարգավորումների միջեւ ապահովել համապատասխանությունը միմյանց: 7. Նախագծի 4-րդ հոդվածի, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 10-րդ հոդվածի եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 14.01.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 14.01.2025թ.
Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է սահմանել, որ փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի եւ տոկոսների կամ դրանց մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով եւ պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի եւ դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր): Առաջարկվում է նաեւ սահմանել, որ փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը պետք է սահմանված լինի պայմանագրի կնքման պահին: Նախատեսվում է նաեւ, որ ֆինանսական կազմակերպությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրերի կնքման դեպքերը, կարգը եւ պայմանները սահմանվում են ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով եւ ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 08.01.2025թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում, ինչպես նաեւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում՝ դրանցում սահմանելով փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը եւ դրա կիրառման հիմնական պայմանները՝ հիմք ընդունելով աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձեւավորված գործարար պրակտիկան: Ակնկալվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունմամբ կստեղծվեն Հայաստանի Հանրապետությունում գործող (հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի) ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ, որոնց իրավական կարգավորումը կնպաստի ՀՀ ընկերությունների ներդրումային գրավչության բարձրացմանը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները. - ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի նոր լրացվելիք 35.1 հոդվածի 4-րդ մասի համաձայն.«Եթե ժողովը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կայացրել է փոխարկելի փոխառության պայմանագիր կնքելու մասին որոշում, ապա այդ որոշմանը դեմ քվեարկած բաժնետերն ունի սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված նախապատվության իրավունքը», միաժամանակ նոր լրացվելիք 35.1 հոդվածի 7-րդ մասի համաձայն. «Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու) բաժնետոմսերի թողարկման եւ փոխատուի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի». Վերոնշյալի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ փոխարկելի փոխառության պայմանագրի կնքման որոշմանը դեմ քվեարկած բաժնետիրոջ համար «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 47-րդ հոդվածով սահմանված նախապատվության իրավունք նախատեսելը (բաժնետիրոջ կողմից իր նախապատվության իրավունքից օգտվելու դեպքում) կարող է որոշ դեպքերում խնդիրներ ստեղծել փոխառության պայմանագրով փոխատուի նկատմամբ ստանձնած պարտավորությունները փոխառու Ընկերության կողմից պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում կատարելու առումով.
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխարկելի փոխառության պայմանագրերը բավական շատ ընդհանրություններ ունեն ՍԵՅՖ պայմանագրերի հետ, որոնց վերաբերյալ կարգավորումներն ուժի մեջ են մտել 30.05.2024թ.-ին (««Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի թվականի մայիսի 2-ի ՀՕ-213-Ն օրենք), ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց (ՍԵՅՖ պայմանագրերի) շրջանառումը նույնպես միտված է ՀՀ ընկերությունների ներդրումային գրավչության բարձրացմանը, ուստի նպատակահարմար կլիներ, որպեսզի Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված լինեին տվյալներ ՍԵՅՖ պայմանագրերի ինստիտուտի ներդրման շնորհիվ/միջոցով ՀՀ ընկերություններում կատարված ներդրումների վերաբերյալ: Եզրահանգում
Վերոնշյալը հաշվի առնելու դեպքում՝ Նախագծերի փաթեթը որոշ լրամշակման կարիք կունենա:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 14.01.2025թ.
|