ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-993-24.12.2024-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-993.1-24.12.2024-ՖՎ-011/0), «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-993.2-24.12.2024-ՖՎ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-993.3-24.12.2024-ՖՎ-011/0), «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-993.4-24.12.2024-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-993.5-24.12.2024-ՖՎ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-993.6-24.12.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-993-24.12.2024-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-993.1-24.12.2024-ՖՎ-011/0), «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-993.2-24.12.2024-ՖՎ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-993.3-24.12.2024-ՖՎ-011/0), «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-993.4-24.12.2024-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-993.5-24.12.2024-ՖՎ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-993.6-24.12.2024-ՖՎ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) եւ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) Պետական վերահսկողական ծառայությանն (այսուհետ՝ ՊՎԾ) է վերապահված պետական վերահսկողության իրականացումը՝ որպես Վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովմանն ուղված գործունեություն. Նախագծով պետական վերահսկողությունն իր մեջ ընդգրկում է հետեւյալ հիմնական լիազորությունները՝ 1. վերահսկվող օբյեկտի նկատմամբ ուսումնասիրության եւ մշտադիտարկման իրականացում, 2. պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացում: Այսինքն՝ Նախագծով նախատեսված կարգավորումներով պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողությունը իրականացվելու է Վարչապետի վերահսկողական լիազորությունների շրջանակներում, մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «Ծառայության կողմից վարչապետի վերահսկողական լիազորություններն իրականացվում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-12-րդ կետերով Ծառայությանը վերապահված լիազորությունների իրականացմամբ», մինչդեռ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողությունը, որպես Վարչապետի վերահսկողական լիազորություն, նախատեսվում է իրականացվել ստուգումների միջոցով, որը ներառված չէ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-12-րդ կետերում: Բացի այդ, ինչպես վերը նշվեց, Նախագծով նախատեսված համապատասխան ձեւակերպումից բխում է, որ ՊՎԾ-ի կողմից իրականացվող պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողությունը դիտարկվելու է Վարչապետի վերահսկողական լիազորություն, հետեւաբար բյուջետային ծրագրի կարգադրիչ հանդիսացող մարինինների կողմից (օրինակ՝ Ազգային ժողով) իրականացված բյուջեի կատարման ճշտությունը պարզելը եւս ներառվելու է Վարչապետի վերահսկողական լիազորության մեջ. մինչդեռ, կարծում ենք, Վարչապետի վերահսկողական լիազորությունները տարածելի են պետական կառավարման համակարգի մարմինների նկատմամբ, ինչը բխում է վերջինիս սահմանադրական կարգավիճակով. այն է՝« Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը եւ համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը (Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մաս): Հատկանշական է նաեւ, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ որեւէ անդրադարձ չի կատարվել պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողությունը, որպես Վարչապետի վերահսկողական լիազորություն, սահմանելու, ինչպես նաեւ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողությունը Կառավարության կողմից, ի դեմս Ֆինանսների նախարարության, կատարելու ոչ արդյունավետ կամ ոչ նպատակահարմար լինելու հանգամանքի վերաբերյալ: Նախագծերի հիմնավորվածության վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1176 որոշմամբ արտահայտել է հետեւյալ դիրքորոշումը՝ «օրենսդրությունն ստատիկ երեւույթ չէ, այն կարող է եւ պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ: Միեւնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարեւորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսեւորում եւ հայեցողության ընդլայնում:»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ անդրադառնալ նշված հիմնական փոփոխության անհրաժեշտությանը. մասնավորապես պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողությունը այլեւս Վարչապետի եւ ոչ թե Կառավարության վերահսկողական լիազորություն սահմանելու եւ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողությունը ֆինանսների նախարարության կողմից իրականացնելը ոչ նպատակահարմար լինելու մասով: 2. Նախագծի 1-ին հոդվածով կիրառված է՝ «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)» ձեւակերպումը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»: Այսինքն, արտահայտության առաջին իսկ կիրառումից հետո միայն սահմանված կրճատ տարբերակը պետք է կիրառվի համապատասխան նորմատիվ իրավական ակտում: Ուստի առաջարկում ենք պահպանել սույն պահանջը Նախագծում, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայություն» հասկացության կրճատ տարբերակը, այն է՝ «Ծառայություն» ձեւակերպումը օգտագործել Նախագծի ողջ տեքստում՝ ներառյալ Նախագծի գլուխների եւ հոդվածների վերնագրերում: 3. Նախագծով նախատեսված են մի շարք կարգավորումներ, որնք միանշանակ չեն ընկալվում եւ կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանության տեսանկյունից. օրինակ՝ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված է՝ «Ծառայությունը՝ 10) վերահսկվող օբյեկտների կողմից, այդ թվում՝ պետական միջոցների կառավարման կամ ձեւավորման, հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի կամ հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով իրավասու է առաջարկելու կասեցնել գործողությունները,»գործարքների կատարումը, ինչպես նաեւ դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները». նշենք, որ նշված ձեւակերպումից հասկանալի չէ՝ Ծառայության առաջարկությունը որքանո՞վ է պարտադիր վերահսկվող օբյեկտի համար, նշված առաջարկությունը չընդունելն ի՞նչ բացասական հետեւանք կարող է ունենալ վերջինիս համար հետագայում համապատասխան չարաշահումները բացահայտելու դեպքում կամ կասեցված գործողությունները ե՞րբ եւ ի՞նչ հիմքով կարող են վերսկսվել.
Իրավական շփոթից խուսափելու նպատակով եւ առաջնորդվելով իրավական որոշակիության սկզվունքով՝ առաջարկում ենք նշված դրույթները վերախմբագրել: Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1270 որոշմամբ, անդրադառնալով օրենքների որոշակիությանը, արձանագրել է՝ «Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարեւորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի»: 4. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում դուրս են մնում «Պետական վերահսկողական ծառայության» մասին օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով Ղեկավարի կողմից Վարչապետին Ծառայության գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը ներկայացնելու, Ծառայության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը հաստատելու պարտականությունները, ինչը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: 5. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված է, որ ուսումնասիրության իրականացման հանձնարարագրով, ի թիվս այլ վավերապայմանների, սահմանվելու են նաեւ «ամսաթիվը, ամիսը, տարին» նշված ձեւակերպումից հասկանալի չէ, ինչի ամսաթիվն է սահմանվելու հանձնարարագրով՝ ուսումնասիրության իրականացման, հանձնարարագրի տրման, ստորագրման թե այլ գործողության: Առաջարկում ենք հստակեցնել կարգավորումը՝ նշելով թե որ գործողության ամսաթիվը, ամիսը, տարին է նախատեսվում սահմանել հանձնարարագրում: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 7-րդ մասում նշված «ՀՀ» հապավումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: 6. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 13-րդ եւ 15-րդ կետերի համարակալումն անհրաժեշտ է շտկել՝ համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի պահանջներին: Նշենք նաեւ, որ Նախագծերի փաթեթում ներառված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի մասերի համարակալումը եւս շտկման կարիք ունի: 7. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջն առ այն, որ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Նույն առաջարկությունը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված այլ նախագծերի անցումային դրույթներ բովանդակող համապատասխան հոդվածների վերնագրերին: 8. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 1-ին հոդվածով նախատեսվում է համապատասխան օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել նոր 13-րդ կետ, մինչդեռ նշված օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում արդեն իսկ առկա է 13-րդ կետ: Առաջարկում ենք նշված նախագծով նախատեսված լրացումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջին, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում: Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով»: Միաժամանակ տեղեկացնենք, որ 2024 թվականի հունիսի 7-ին ստորագրվել եւ ընդունվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով հասանելություն է տրվել բժշկական գաղտնիքին նաեւ համանման գործառույթներ իրականացնող հաշվեքննիչ պալատին: Կարծում ենք, առանց անձի համաձայնության վերջինիս անձնական տվյալները, ներառյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունը հասանելի դարձնելով տարբեր պետական մարմիններին ընդլայնվում է այդ տեղեկատվության տարածվածությունը եւ նվազում է վերջինիս գաղտնիք համարվելու հանգամանքը. բացի այդ համապատասխան նախագծով բժշկական գաղտնիքին հասանելիություն տրամադրելը, կարծում ենք լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, ինչպես նաեւ առաջարկում ենք օրենքով սահմանել համապատասխան գաղտնիքի ձեռքբերման եւ կիրառության վերաբերյալ մանրամասներ: 9. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով, որպես ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմին, լրացվում է ՊՎԾ-ն: Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «Սույն օրենքով նախատեսված պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում սույն օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումների միջոցով՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ Ծառայությունը այլ պետական մարմինների կողմից (ներառյալ բյուջետային ծրագրերի կարգադրիչ հանդիսացող մարմինների) պետական բյուջեի կատարման նկատմամբ կարող է ստուգում իրականացնել՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքը: Մինչդեռ նշենք, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի կարգավորման առարկայից բխում է, որ համապատասխան օրենքը կարգավորում է բացառապես տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ իրականացվող ստուգումների հետ կապված հարաբերությունները: Նույն տրամաբանությամբ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը եւս վերաբերելի է տնտեսվարող սուբյեկտներին: Հետեւաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքը չի կարգավորում պետական մարմնի կողմից այլ պետական մարմնի նկատմամբ իրականացվող ստուգումների հետ կապված հարաբերությունները, առաջարկում են Նախագծի եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի համապատասխան կարգավորումները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: 10. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսված լրացումները չեն կարող կատարվել, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում արդեն իսկ առկա են 182.9-րդ եւ 244.19-րդ հոդվածներ: Միաժամանակ նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսվում ՊՎԾ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար, մինչդեռ նշված վարչական պատասխանատվության համար նյութական հիմք հանդիսացող Նախագծի 7-րդ հոդվածի 7-րդ մասով պատասխանատվություն է նախատեսվում Ծառայության գործունեությանը խոչընդոտելու համար: Դրույթների միմյաց համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանել, որ վարչական պատասխանատվություն է առաջացնում Ծառայության լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը: 11. Առաջարկում եմ դիտարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող հոդվածներով նախատեսված վարչական տույժի չափը Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքի լույսի ներքո. մասնավորապես՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով ՊՎԾ պաշտոնատար անձի օրինական պահանջը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ այլ կերպ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը խախտում կատարած անձի նկատմամբ՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով: 2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով: Հակտանշական է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) այլ հոդվածներով այլ պետական մարմինների գործունեության իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված է առավել նվազ տույժի չափ. օրինակ՝ Օրենսգրքի 182.8-րդ հոդվածով, նույնանման վերահսկողական գործառույթներ իրականացնող Հաշվեքննիչ պալատի Հաշվեքննության ընթացակարգի իրականացմանը խոչընդոտելու համար, նախատեսված է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ նույն արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու համար նախատեսված տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Կամ Օրենքգրքի 182.6-րդ հոդվածով հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի աշխատանքին խոչընդոտելու համար վարչական տույժ սահմանված է առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով: Օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված է, որ տույժ նշանակելիս հաշվի է առնվում կատարված իրավախախտման բնույթը: Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձ է կատարել վարչական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սկզբունքին. օրինակ՝ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-924 որոշմամբ սահմանել է, որ hամաչափության սկզբունքն առաջին հերթին պահանջում է ապահովել արդարացի հավա-սարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի եւ պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջեւ ( ): Բացի այդ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-920 որոշմամբ սահմանել է, որ վարչական պատասխանատվության միջոցներն ու չափը սահմանելիս օրենսդրի հայեցողությունն ունի դրսեւորման շրջանակներ, եւ օրենսդիրն իր նշված լիազորությունն իրականացնելիս կաշկանդված է առանձին սահմանադրական սկզբունքներով: ( ) հանրային իշխանության իրականացումը նախեւառաջ սահմանափակվում է իրավական պետության գաղափարներից բխող համաչափության ընդհանուր սկզբունքով: Այսպիսով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վարչական իրավախախտման համար սահմանված տուգանքի չափը պետք է համաչափ լինի կատարված արարքի հանրային վտանգավորության, զանցաքի բնույթի եւ լրջության հետ, առաջարկում ենք Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանել համապատասխան զանցանքի առավել հանրային վտանգավոր լինելը, համադրելով եւ համեմատական անցկացնելով այլ պետական մարմինների (օրինակ Հաշվեքննիչ պալատի) գործունեությանը խոչընդոտելու զանցանքի պատասխանատվության չափի հետ: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության, հիմնավորվածության տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավադրույթների համապատասխանությունը միմյանց, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի , «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 14.01.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 14.01.2025թ.
Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) նախատեսվում է հստակեցնել ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) լիազորությունները, դրանց իրականացման կարգը, Ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին վերապաhված վերահսկողական լիազորությունների իրականացման միջոցով պետական միջոցների կառավարման օրինականության եւ արդյունավետության վերահսկումը, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը փոխանցել Ծառայությանը: Փաթեթում ընդգրկված «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է «պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողություն» հասկացությունը, իսկ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ պետական բյուջեի կատարման հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված՝ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 10.01.2025թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում, ինչպես նաեւ փոփոխություններ եւ լրացումներ կատարել որոշ հարակից օրենքներում: Ի թիվս Նախագծերի փաթեթով առաջարկվող մի շարք փոփոխությունների/լրացումների, առաջարկվում է նաեւ Պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից իրեն վերապահված լիազորությունների ամբողջական եւ առավել արդյունավետ իրականացման նպատակով սահմանել, որ բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, Կառավարության սահմանած կարգով կարող են փոխանցվել նաեւ Ծառայությանը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել Ծառայության լիազորությունները, դրանց իրականացման կարգը, այդ թվում՝ վերահսկողական լիազորությունների իրականացման միջոցով պետական միջոցների կառավարման օրինականության եւ արդյունավետության վերահսկումը, հնարավոր չարաշահումների բացահայտումը, կանխումը դարձնել առավել արդյունավետ, ինչպես նաեւ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը փոխանցել Ծառայությանը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 13.01.2025թ.
|