ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-996-13.01.2025-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-996-13.01.2025-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի կետերն առաջարկում ենք համարակալել արաբական թվանշաններով, իսկ համարները տեքստից բաժանել փակագծերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված պահանջները, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: ... Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:» 2. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում առաջարկում ենք «1-ին մասի 1-ին կետում» բառերը հանել: 3. Նախագծի 6-րդ հոդվածի 7-րդ մասին հաջորդում է 7-րդ մաս: Ուստի առաջարկում ենք ապահովել Նախագծի 6-րդ հոդվածի մասերի համարակալման հաջորդականությունը: Սույն առաջարկի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա վերանայել Նախագծի 9-րդ հոդվածում Նախագծի 6-րդ հոդվածի 8-րդ մասին կատարված հղումը: 4. Նախագծի 6-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 208-րդ հոդվածի 7-րդ մասում «կենսապաշարների» բառից առաջ լրացնել «բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող» բառերը: Նախագծի 6-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսվում է Օրենսգրքի 208-րդ հոդվածի 7-րդ մասի ամբողջ տեքստում «եւ 4-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով: Վերոնշյալ դրույթների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Օրենսգրքի 208-րդ հոդվածի գործող 7-րդ մասում սահմանված դրույթը վերաբերում է կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերի որոշմանը, որը ներառում է ինչպես բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող, այնպես էլ կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարները: Նախագծի 6-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված լրացմամբ Օրենսգրքի 208-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերի որոշման վերաբերյալ դրույթը կկարգավորի միայն բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերի որոշմումը, նույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված փոփոխությամբ կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի հաշվարկման դրույքաչափերին կատարված հղումները հանվում են: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է անցումային դրույթ միայն Նախագծի 6-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված փոփոխության համար, այն է. «1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորումը կիրառվում է այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, իսկ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած՝ բնօգտագործման վճարի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը բնօգտագործման վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը:»: Քանի որ Նախագծի 6-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերում սահմանված լրացումը եւ փոփոխությունը փոխպակցված են եւ վերաբերում են Օրենսգրքի 208-րդ հոդվածի 7-րդ մասին, առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթը վերաբերլի դարձնել Նախագծի 6-րդ հոդվածով Օրենսգրքի 208-րդ հոդվածի 7-րդ մասում կատարվող եւ՛ լրացմանը, եւ՛ փոփոխությանը: 5. Նախագծի 9-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված դրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավադրույթների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 24.01.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 24.01.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է՝ - վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը՝ դրանք ավելացնելով մինչեւ 2 անգամ, որն ընդգրկում է նաեւ դրույքաչափի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված՝ գործող 1.3 գործակիցը, - բարձրացնել սիգի օգտագործման համար բնօգտագործման դրույքաչափը՝ սահմանելով 1 կիլոգրամի համար 200 դրամ, - Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 219-րդ հոդվածով՝ կենսապաշարների համար (բացի փայտանյութից եւ երկրորդական անտառանյութից) պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման համար հիմք ընդունել կենսապաշարների օգտագործման պայմանագրով կամ լիազոր մարմնի կողմից տրամադրված լիցենզիայով սահմանված ծավալները: Ելնելով վերագրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխանաբար փոփոխել նաեւ Օրենսգրքի 201-րդ եւ 203-րդ հոդվածներով սահմանված կենսապաշրաների հարկման բազան եւ հարկման բազայի չափաքանակը, - նույն հոդվածում ներառել դրույթ, համաձայն որի՝ կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկ չներկայացնողների կողմից պետական բյուջե կվճարվի կենսապաշարների օգտագործման պայմանագրերի կամ լիցենզիայի տրամադրման պահին: Ինչպես նաեւ ամրագրվում է, որ Կենսապաշարների՝ պայմանագրերով կամ լիցենզիայով սահմանված եւ փաստացի օգտագործված ծավալների դրական տարբերության դեպքում պետական բյուջե վճարված բնօգտագործման վճարի գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ, - կատարել նշված փոփոխություններից բխող այլ հստակեցումներ: Ընդհանուր առմամբ Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, եւ այս առումով Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Սակայն հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել մեկ հանգամանքի վրա՝ կապված հարկային քաղաքականության միասնկանության սկզբունքի պահպանման անհրաժեշտության հետ: Մասնավորապես, ինչպես արդեն նշվեց, Նախագծով առաջարկվում է սահմանել, որ կենսապաշարների համար (բացի փայտանյութից եւ երկրորդական անտառանյութից) պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման համար հիմք պետք է ընդունվի կենսապաշարների օգտագործման պայմանագրով կամ լիազոր մարմնի կողմից տրամադրված լիցենզիայով սահմանված ծավալները, այսինքն՝ բնաօգտագործման վճար պետք է գանձվի նաեւ փաստացի չօգտագործված կենսապաշարների համար: Այս կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ Կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրված օրինագծերի փաթեթ (փաստաթղթային կոդ՝ Կ-967-25.11.2024-ՏՀ-011/0), որով առաջարկվում է փոխադրամիջոցների գույքահարկից ազատել հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերին՝ այդ փոխադրամիջոցի մասով՝ քրեական վարույթ հարուցելու պահից մինչեւ փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տնօրինմանը հանձնելը: Այս փոփոխությունը հիմնավորվել է նրանով, որ գույքի սեփականատերը չպետք է վճարի գույքահարկ այն գույքի համար, որն իր տնօրինման եւ տիրապետության տակ չէ, կամ այլ կերպ ասած՝ գույքի սեփականատերը չի կարողանում փաստացի օգտագործել իր գույքը, այն դեպքում, երբ համանման իրավիճակում (որը կարգավորվում է սույն Նախագծով), առաջարկվում է որդեգրել հակառակ սկզբունքը կամ մոտեցումը, այն է՝ բնօգտագործման վճար գանձել նաեւ կենսապաշարների այն մասի համար, որը բնօգտագործողը փաստացի չի օգտագործել: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 20.01.2025թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք): Նախագծով նախատեսվող փոփոխություններով եւ լրացումներով, հեղինակն առաջարկում է՝ - վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման վճարի դրույքաչափերը՝ կրկնակի (կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը վերանայվել են՝ գործող 1.3 գործակցի հաշվարկով), - սիգի բնականոն վերարտադրության պահանջից ելնելով՝ բնօգտագործման դրույքաչափը բարձրացնել՝ սահմանելով 1 կիլոգրամի համար 200 դրամ, - հստակեցնել տրամադրվող թույլատրող փաստաթղթերի անվանումները, - պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման համար հիմք ընդունել կենսապաշարների օգտագործման պայմանագրով կամ տրամադրված լիցենզիայով սահմանված ծավալները (Օրենսգրքի 201 եւ 203 հոդվածներով սահմանված կենսապաշարների հարկման բազան եւ հարկման բազայի չափաքանակը փոփոխել), - կենսապաշարների համար բնօգտագործման վճարի հաշվարկման եւ վճարման գործընթացի արդյունավետ վերահսկողության ապահովման նպատակով վերոհիշյալ հոդվածից հանել կենսապաշարների օտարման եւ սպառման վայրում վճարի հաշվարկման եւ վճարման նկատմամբ վերահսկողություն նախատեսող դրույթը, պետական բյուջեի վճարման ենթակա կենսապաշարների մնացած տեսակների համար բնօգտագործման վճարը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից պետական բյուջե է վճարվում կեսապաշարների օգտագործման պայմանագրերի կնքման կամ լիցենզիայի տրամադրման պահին: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծի ընդունման դեպքում, հեղինակն ակնկալում է, որ նպաստավոր պայմաններ կստեղծվեն կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների գերօգտագործման ծավալների էական կրճատման, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացման համար: Ակնկալվում է նաեւ, որ կպարզեցվի եւ կհստակեցվի բնօգտագործման վճարի հաշվարկման եւ վճարման արդյունավետ վերահսկողության գործընթացը: Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 21.01.2025թ.
|