ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-1048-10.04.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-1048-10.04.2025-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված կանոնը, ինչպես նաեւ «ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» բառը փոխարինել «ՕՐԵՆՍԳԻՐՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» բառերով՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի անվանումը: 2. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք հիշատակել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի լրիվ անվանումը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնից, որի համաձայն. «Հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում:»: Հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանման հիշատակման կանոնը, այն է. «Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը:»: 3. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «կետում» բառը փոխարինել «մասում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված նորմը, որի համաձայն. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»: 4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասում «հանձնաժողովին դեմքով եւ թիկունքով դեպի պատը» բառերը փոխարինել «թիկունքով դեպի հանձնաժողովը» բառերով: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է. «3. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ եւ այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով, եւ բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը, ինչպես նաեւ ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության ցանկացած հնարավորություն:»: Հարկ է նկատել, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասը չի պարունակում «եւ թիկունքով դեպի պատը» բառեր: Սույն փոփոխությունը կատարվել է 2021 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածով: Նախագծով նախատեսված փոփոխության վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Կարծում ենք՝ քվեախցիկի տեղադրումը այնպես, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով, եւ բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը նվազեցնում է այլ անձանց, ինչպես նաեւ տեսախցիկների կողմից ընտրողի գործողությունների դիտարկման հնարավորությունը։ Այդպիսի դասավորությունը ընտրողին տալիս է զգացողություն, որ նրա գործողությունները տեսանելի չեն այլ անձանց կողմից, ինչը նվազեցնում է արտաքին ազդեցության ու ճնշման հնարավորությունը: Քվեախցիկի տեղադրումը այնպես, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով, եւ բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը, ինչպես նաեւ ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության ցանկացած հնարավորությունն, ապահովում են քվեարկության գաղտնիությունն ու պաշտպանությունն արտաքին ազդեցությունից: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող ` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 30.04.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող ` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 30.04.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխել ՀՀ Ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ կետը եւ սահմանել, որ քվեախցիկը պետք է տեղադրվի այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը, այն նկատառումով, որ եթե քվեախցիկները տեղադրվեն քվեարկության գործընթացին մասնակիցներից պատշաճ հեռավորության վրա, ինչն անհնարին կդարձնի նկատել, թե ընտրողը ինչպես է քվեարկում, ապա եւ քվեարկության գաղտնիությունը ապահովված կլինի եւ ընտրողի ազատ կամարտահայտումը: Հեղինակների կարծիքով, այս դեպքում, գրեթե անհնար կլինի նկարել քվեաթերթիկը, կամ տեսանկարահանել քվեարկության գործընթացը, որն առավելագույնս կապահովվի քվեարկության գաղտնիությունը, թափանցիկությունը եւ ընտրողի ազատ կամարտահայտությունը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 14.04.2025թ.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենսգիրք): Նախագծով, հեղինակներն առաջարկում են Օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ կետում «հանձնաժողովին դեմքով եւ թիկունքով դեպի պատը» բառերը փոխարինել «թիկունքով դեպի հանձնաժողովը» բառերով, ինչն, ըստ հեղինակների, գրեթե անհնար կդարձնի քվեաթերթիկը եւ քվերակության գործընթացը լուսանկարելը, կապահովվի քվերակության գաղտնիությունը եւ թափանցիկությունը, ինչպես նաեւ ընտրողի ազատ կամարտահայտությունը: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 18.04.2025թ.
|