ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1050-11.04.2025-ՊԱ-011/0), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1050.1-11.04.2025-ՊԱ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Պ-1050.2-11.04.2025-ՊԱ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1050.3-11.04.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1050-11.04.2025-ՊԱ-011/0), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1050.1-11.04.2025-ՊԱ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը  (փաստաթղթային կոդ` Պ-1050.2-11.04.2025-ՊԱ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1050.3-11.04.2025-ՊԱ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվող  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» մասին օրենքի (այսուհետ՝ Օրենքի) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունում կարգավորումը կունենա հետեւյալ տեսքը՝  «Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է`

1) շարքային կազմի`

ա. արական սեռի քաղաքացիների համար՝ 24 ամիս, կամ 6 ամիս՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 15 միլիոն դրամ վճարելու դեպքում, կամ 1 ամիս՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 20 միլիոն դրամ վճարելու դեպքում.»:

Սույն իրավակարգավորումից բխում է, որ օրենքով սահմանված պարտականությունը, այն է՝ անցնել պարտադիր զինվորական ծառայություն 24 ամիս ժամկետով, հավասարապես չի տարածվում յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացու համար եւ կարող է տարբերակված կիրառվել՝ կախված վերջիններիս գույքային վիճակից: Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն. «Բոլորը հավասար են օրենքի առջեւ»: Իրավահավասարությունը որպես իրավական կատեգորիա ձեւական հավասարությունն է, որը օրենքի շրջանակում նպատակ ունի վերացնել մարդկանց փաստացի անհավասարությունները: Այս սկզբունքի պահպանմանն է ուղված նաեւ Սահմանադրության 29-րդ հոդվածը՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:»: Գտնում ենք, որ այս համատեքստում Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորումները կարող են դրսեւորվել խտրական ձեւով՝ կախված անձի գույքային վիճակից եւ  հանգեցնել Սահմանադրության 28-րդ եւ 29-րդ սկզբունքների խախտման:

Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:» Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի գործող խմբագրությամբ յուրաքանչյուր արական սեռի քաղաքացի, անկախ որեւէ հանգամանքից, կրում է 24 ամսով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պարտականություն: Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող փոփոխությամբ այս հավասարակշռությունը կխախտվի եւ որոշակի խումբ անձիք հնարավորություն կունենան չկատարելու Սահմանդրությամբ իրենց առաջադրված պարտականությունը՝ որոշակի գումար վճարելու միջոցով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնել առավել պակաս ժամկետով՝ ի տարբերություն մյուսների: Նման կարգավորման նախատեսումը կարող է դիտարկվել որպես գույքային վիճակով պայմանավորված խտրական վերաբերմունքի դրսեւորում, քանի որ ակնհայտ է, որ օրենքի նման կարգավորումները ոչ միայն չեն պահպանում Սահմանադրության 29-րդ հոդվածի ոգին, այլ նաեւ նրանց կիրառման փուլում առավել ընդգծված են դարձնելու քաղաքացիների գույքային վիճակի տարբերությունները՝ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը շատերի համար դարձնելով ոչ վերաբերելի:

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասում նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին կետի կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 28-րդ, 29-րդ հոդվածների տեսանկյունից:

2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է լրացում կատարել Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, որի արդյունքում կարգավորումը կունենա հետեւյալ տեսքը՝ «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը` մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն։ Սույն կետում նշված՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով այլ պետությունում զինվորական կամ 18 ամսից պակաս ժամկետով այլընտրանքային ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչեւ 37 տարեկան արական սեռի քաղաքացին սույն մասի 1-ին կամ 3-րդ կետերով կամ 2-րդ կամ 5-րդ մասերով սահմանված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերով կամ 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր չունենալու դեպքում կարող է 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում այլընտրանքային ծառայություն անցնելու փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից.»։

Սույն լրացման առնչությամբ ցանկանում ենք նշել, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ չի նշվել այն իրավաչափ նպատակը, որը որպես օբյեկտիվ անհրաժեշտություն արդարացնում է այսպիսի տարբերակված մոտեցումը, որը կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն նոր ստացած եւ ի սկզբանե Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացած անձանց համար։ 

Սահմանադրական դատարանը, իր ՍԴՈ-881 որոշմամբ, անդրադառնալով իրավահավասարության եւ խտրականության արգելման սկզբունքներին, իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «(…) Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով եւ իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միեւնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից եւ իրավաչափ նպատակից»: Համանման տեսակետ ունի նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ըստ որի ցանկացած տարբերակում կամ տարբերություն չէ, որ կարելի է խտրականություն համարել: Մասնավորապես, իր Andrejeva v. Latvia GC 18.02.2009, (55707/00) վճռի 81-րդ կետում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է. «(…) տարբերակումը կամ տարբերությունը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»:

 Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի փոփոխությունների արդյունքում ի սկզբանե Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձիք նախ պարտավորվում են անցնել ժամկետային զինվորական ծառայություն 24 ամիս ժամկետով, մինչդեռ նոր քաղաքացիություն ստացած անձանց համար այն սահմանվում է 12 ամիս՝ անգամ այն դեպքում, երբ վերջիններս մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս  չեն ծառայել այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս  չեն անցել այլընտրանքային ծառայություն։

Բացի այդ որպես զինվորական ծառայության անցնելու այլընտրանք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող գումարը մի քանի անգամ քիչ է Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում սահմանված չափից։ Այսպիսի տարբերակված մոտեցումը ի սկզբանե Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց նկատմամբ ունի վատթար ազդեցություն եւ կարող է հանգեցնել հակառակ էֆֆեկտի, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից անձը հրաժարվելով եւ նորից ձեռքբերելով կփորձի ունենալ առավել շահեկան իրավական դիրք,  կրճատել զինվորական ծառայության ժամկետ եւ վճարման ենթակա գումարը։

Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում նախատեսվող փոփոխությունների եւ Օրենքի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի լրացման համակարգային վերլուծության արդյունքում ցանկանում ենք արձանագրել, որ վերջիններս իրավաչափ նպատակ հետապնդելու եւ համաչափ լինելու տեսանկյունից չհիմնավորված եւ խնդրահարույց են, տարբերակված մոտեցումներ եւ արտոնություններ են նախատեսում որոշակի սուբյեկտների համար, որոնք չեն բխում Սահմանադրության 28-րդ եւ 29-րդ հոդվածների պահանջներից։

Միաժամանակ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում լրացվող նախադասությունից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

3. Առաջարկում ենք Նախագծով նաեւ սահմանել Նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածներով նախատեսվող եւ Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող գումարների վճարման կարգը եւ ժամկետները:

4. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետը առաջարկում ենք հանել, քանզի «ա» ենթակետով սահմանվում է, որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետի գործողությունը տարածվելու է միայն օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու օրվանից հետո 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիների վրա։ Հետեւաբար ավելորդ է նախատեսել, որ այն չի տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիների վրա, որոնք շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են մինչեւ 27 տարին լրանալը։

5. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ ցանկանում ենք արձանագրել, որ 2021 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» եւ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքներին  հղում կատարելու փոխարեն անհրաժեշտ է օգտագործել «օրենքի պահանջների խախտմամբ» ձեւակերպումը, ինչը իրենում արդեն կներառի թե՛ առաջին հիշատակված օրենքը, թե՛ երկրորդը, քանզի «օրենք» հասկացությունը չի սահմանափակվում միայն տվյալ պահին գործող օրենքով եւ իրենում կներառի արդեն իսկ ուժը կորցրած օրենքների գործողության ժամանակ սահմանված կարգի խախտումները:

Միաժամանակ ցանկանում ենք նաեւ նշել, որ Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասում օրենքների անվանումները հիշատակելիս չեն պահպանվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

6. Առաջարկում ենք վերանայել Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմանը որպես անցումային դրույթ, քանզի վերջինս առանձին կարգավորումներ՝ իրավունքներ եւ պարտականություններ, նախատեսելով որոշակի խումբ անձանց համար, իր բնույթով չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվող անցումային դրույթների ընդհանուր նկարագրին, կապված չէ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասի նորմերի գործողության հետ:

7. Առաջարկում ենք «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից հանել «2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն » ձեւակերպումը, քանի որ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ նախատեսող իրավական ակտի վերնագրում անհրաժեշտ է հղում կատարել օրենքի կրճատ անվանմանը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված իրավադրույթից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտի վերնագրում բերվում է միայն փոփոխվող կամ գործողությունը դադարեցվող իրավական ակտի` սույն օրենքի սահմանված կրճատ անվանումը:» եւ նույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթից, որի համաձայն. «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

8. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով  նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը: Վերջինս անցումային դրույթ նախատեսող կարգավորում է նույն օրենքի 2-րդ հոդվածի վերաբերյալ: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածը նախատեսում է Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 1.1-ին եւ 1.2-րդ մասերով: Միաժամանակ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 19-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել լրացված 1.1-ին եւ 1.2-րդ մասերը: Այսինքն, Նախագիծը, ուժի մեջ մտնելով, մեխանիկորեն հանգեցնելու է  Օրենքի 19-րդ հոդվածում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքով լրացված 1.1-ին եւ 1.2-րդ մասերի ուժի կորցրած ճանաչվելուն՝ իր հերթին նույն օրենքի անցումային դրույթը դարձնելով իրավական նշանակությունը սպառած: Հետեւաբար առկա չէ անհրաժեշտություն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով  նախատեսել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ կարգավորում եւ առաջարկում ենք այն վերանայել:

9. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը եւ այն համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: »:

10. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով նախատեսվող «Պետական տուրքի մասին» օրենքի 13-րդ հոդվածում փոփոխություններ նախատեսելիս առաջարկում ենք հաշվի առնել այն հանգամանքը, որ հոդվածը ենթարկվել է փոփոխությունների նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ին ընդունված օրենքով, որը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից: Ուստի «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու պահին «Պետական տուրքի» մասին օրենքի 13-րդ հոդվածը հնարավոր է ունենա այլ խմբագրություն։ Ընդ որում, հաշվի առնելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ին ընդունված օրենքի ընդունման ժամկետի նոր լինելը, այն է՝ 2025 թվականի հունվարի 22-ը, ցանկանում ենք նշել, որ նույն օրենքի նույն հոդվածում փոփոխություններ կատարելիս պետք է հաշվի առնվի օրենսդրության կայունության ապահովման սկզբունքը։

11. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով նախատեսվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետը վերախմբագրել եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար վճարման ենթակա պետական տուրքը գործող բազային տուրքի 25-ապատիկի չափից (ընդունված, սակայն դեռ ուժի մեջ չմտած փոփոխությամբ բազային տուրքի 150-ապատիկի)   18 տարին չլրացած արական սեռի քաղաքացիների համար դարձնել բազային տուրքի 15000-ապատիկի չափով, իսկ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիների եւ իգական սեռի քաղաքացիների համար դարձնել բազային տուրքի 150-ապատիկի չափով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությանը բնորոշ է կամավորության սկզբունքը, որի էությունը պայմանավորված է նրանով, որ քաղաքացիություն ձեռք բերելը միջազգային-իրավական ակտերով համարվում է մարդու բնական իրավունքը եւ ոչ ոք (այդ թվում պետություններն) իրավունք չունի անձին ստիպել ձեռք բերելու այս կամ այն պետության քաղաքացիություն: Կամավորության սկզբունքի արտահայտություն է նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետությունը նպաստում է ապաքաղաքացիության կրճատմանը, խրախուսում է (եւ ոչ թե ստիպում) հանրապետությունում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ չի խոչընդոտում նրանց՝ իրենց կամաարտահայտությամբ այս կամ այն պետության քաղաքացիություն ստանալուն: Կամավորության սկզբունքի էությունն արտահայտվում է նաեւ նրանում, որ «Քաղաքացիության մասին» օրենքի (24-րդ հոդվ.) համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխել իր քաղաքացիությունը՝ դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն: Այդ իրավունքից ոչ ոք չի կարող զրկվել: Այսինքն՝ պետության հետ անձի իրավական ամուր կապը, որը հատուկ է քաղաքացիությանը, ամենեւին չի նշանակում անձին հարկադիր կերպով քաղաքացիության մեջ պահել: 

Շարադրվածը նպատակ է հետապնդում նշելու, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Հայաստանի Հանրապետության պետական տուրքի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար նախատեսվող տուրքի չափի գրեթե 100 անգամ բարձրացումը կարող է դիտարկվել, որպես քաղաքացիության կամավորության հատկանիշի «խեղման»՝ անհաղթահարելի դժվարություն առաջացնելով եւ հանգեցնելով որոշակի խումբ անձանց համար քաղաքացիությունը փոխելու անհնարինության:

12. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:»:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածում սահմանված են վճարի տեսակները, որի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են`

1) պետական վճարներ, որոնց տեսակներն են՝

ա. պետական տուրքը,

(...)»: 

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության փոխելու համար գործող պետական տուրքերի դրույքաչափերի վերանայում: Սահմանելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի  «ա» ենթակետի իմաստով պետական վճար՝ այդպիսի դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարող ենք փաստել, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը կարող է ուժի մեջ մտնել օրենքի ընդունման օրը ներառող հարկային տարվան՝ 2025 թվականին, հաջորդող հարկային տարվա՝ 2026 թվականից: Մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածում ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանված է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված ժամկետը՝ համապատասխանեցնելով այն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսվող համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելու վերաբերյալ ընդունելի ժամկետներին:

13. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք)  լրացնել նոր «226.1» հոդված, մինչդեռ նոր լրացվող հոդվածը կրում է «462.1» համարը: Առաջարկում ենք այս անհամապատասխանությունը շտկել:

14. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքում լրացնել նոր 462.1-ին հոդված, որի 1-ին մասի օբյեկտիվ կողմը դրսեւորվելու է հետեւյալ արարքներից որեւէ մեկի կատարմամբ՝ 

- Օրենսգրքի 461-րդ հոդվածի կամ 462-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը 

- Օրենսգրքի 461-րդ հոդվածի կամ 462-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության ենթարկվելուց խուսափելը

- Օրենսգրքի 461-րդ հոդվածի կամ 462-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելը 

- Օրենսգրքի 461-րդ հոդվածի կամ 462-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության հետազոտման համար նմուշ տալուց խուսափելը:

Ցանկանում ենք նշել, որ քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննություն ապացուցողական գործողությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով: 

Ոչ միայն Օրենսգրքի 461-րդ հոդվածի կամ 462-րդ հոդվածի հատկանիշներով քննվող վարույթի, այլ ցանկացած այլ իրավական հիմքով նախաձեռնված վարույթի ընթացքում փորձաքննության ենթարկվելը եւ հետազոտության համար  նմուշ տալը պարտականություն է վարույթի մասնավոր մասնակցի, վկայի համար, ինչպես նշված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 50-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով եւ 58-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Օրենքով ամրագարված պարտականությունը չկատարելու համար նախատեսված են համապատասխան քրեադատավարական գործիքներ՝ վարույթի մասնակցին իր վրա դրված պարտականությունը  կատարել հարկադրելուն ուղղված: Մասնավորապես խափանման միջոցները, դատավարական սանկցիաները, որոնք կիրառելը նպատակ է հետապնդում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների, այդ թվում փորձաքննության ենթարկվելու, կատարումն ապահովել:  Այս համատեքստում անհասկանալի է որոշակի ենթադրյալ հանցանքներով վարույթներով վարույթի իրականացմանը խոչընդոտելու մասնավոր դեպքերի քրեականացումը, քանզի նրանց կատարումն ապահովող քրեադատավարական գործիքակազմ է աշխատում: Ընդ որում, այդ գործիքների կիրառումը ապահովված է որոշակի քրեադատավարական երաշխիքներով, մինչդեռ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 462.1-ին հոդվածի 1-ին մասով որոշակի պարտականություններից խուսափելու համար ներգործության տարբերվող միջոցների նախատեսումը կարող է դիտարկվել խնդրահարույց եւ քրեադատավարական երաշխիքները շրջանցող: 

Բացի այդ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակներն են` վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին եւ կանխել հանցագործությունները:»: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 462.1-ին հոդվածով նախատեսվող հանցակազմից բխում է, որ նրա համար նախատեսվող պատիժը չի սպասարկելու Օրենսգրքի 55-րդ հոդվածի նպատակները, այլ միայն սպառնալիք է հանդիսանալու սուբյեկտի համար իր վրա դրված պարտականության կատարումն իրականացնելու:  Այս մասին վկայում է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 462.1-ին հոդվածի 2-րդ մասի խրախուսական դրույթի ներառումը: 

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ հիմնավորված չէ կոնկրետ հանցանքներով ապացուցողական գործողություն հանդիսացող փորձաքննությունից հրաժարվելու, խուսափելու կամ հետազոտման նմուշ տրամադրելուց խուսափելու կամ հրաժարվելու քրեականացումը, այն պարագայում, երբ առկա են առավել բարձր վտանգավորություն ունեցող ծանր, առանձնապես ծանր հանցանքներ, որոնց վերաբերյալ վարույթներով փորձաքննության իրականացման խոչընդոտումը չի քրեականացվել: 

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք վերանայել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 462.1-ին հոդվածը:

15. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 462.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մինչեւ վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը կամ դատական քննության ընթացքում մինչեւ դատարանի կողմից դատավճիռ կամ որոշում կայացնելու նպատակով առանձին սենյակ հեռանալը, կամավոր ներկայացել է նմուշառմանը կամ կամավոր ենթարկվել է փորձաքննության: »: Ցանկանում ենք նշել, որ ըստ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 8-րդ մասի դատավորը առանձին սենյակ է հեռանում նաեւ խափանման միջոցի երկարաձգման կամ վերացման հարցով որոշում կայացնելու համար: Գտնելով, որ սույն  խրախուսական նորմի իմաստը մինչեւ վարույթի ըստ էության ավարտը անձին կամավոր փորձաքննության կամ նմուշառման մասնակցելուն ուղղորդելն է՝ առաջարկում ենք «դատավճիռ կամ որոշում » արտահայտությունը փոխարինել «վերդիկտ կամ եզրափակիչ դատական ակտ» ձեւակերպմամբ, որն առավել լավ կարտահայտի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները վարույթի ավարտի վերաբերյալ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 14-րդ, 28-րդ եւ 29-րդ հոդվածների տեսանկյունից:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի, «Քաղաքացիության մասին», Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

02.05.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

02.05.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կատարել մի քանի փոփոպխություններ եւ լրացումներ, մասնավորապես՝ որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության, ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարեկանը, մինչեւ 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար պետական տուրքի չափը սահմանել 15 մլն. դրամ, քրեականացնել փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը կամ խուսափելը կամ հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելը եւ այլն: 

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել հետեւյալ հանգամանքների վրա: 

1. Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն. «...մեծացնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվողների թիվը, բարձրացնել պարտադիր զինվորական ծառայության գրավչությունը, կանգնեցնել արտագաղթը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների մինչեւ 37 տարին լրանալը հետախուզման մեջ մնալը, քրեականացնելով նվազագույնի հասցնել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով փորձաքննությունից հրաժարվելու դեպքերը:...» եւ այլն: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ ցանկացած երեւույթի, տվյալ դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կամ 27 տարեկանը լրանալուց հետո ՀՀ վերադառնալու հետ կապված հարաբերությունների խստացումը սկզբունքորեն չի կարող «բարձրացնել պարտադիր զինվորական ծառայության գրավչությունը, կանգնեցնել արտագաղթը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը» եւ այլն: Այսինքն, առաջարկվող կարգավորումները կարող են հակառակ ազդեցությունն ունենալ եւ ոչ միայն չնպաստել պարտադիր զինվորական ծառայության գրավչության մակարդակի բարձրացմանը, այլեւ հակառակը՝ կարող են էականորեն նվազեցնել այն: Ինչ վերաբերում է Նախագծերի փաթեթի հեղինակի կողմից «խրախուսող կարգավորումներ» ներկայացված երեք առաջարկություններին, այն է՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների դրամական ապահովության չափի բարձրացումը (ներկայումս այն կազմում է 3.400 դրամ), նաեւ մինչեւ 18 տարեկաններին կրճատված ժամկետով զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն տալը եւ արական սեռի անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու խրախուսումը, կարծում ենք, դրանք ավելի շուտ տեսական, քան գործնական նշանակություն կարող են ունենալ, քանի որ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մտադրություն ունեցող անձին, ըստ էության, չի էլ հետաքրքրի թե որքա՞ն կմեծանա զինվորական ծառայության զորակոչված զինծառայողի 3.400 դրամ դրամական բավարարման չափը, կամ որոշակի գումարի դիմաց մինչեւ 18 տարեկաններին կրճատված ժամկետով զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն տալը կամ 15-20 մլն դրամի դիմաց գործնականում զինվորական ծառայությունից օրինական հիմքերով ազատվելը, կարծում ենք, չի կարող շատերի համար գրավիչ լինել՝ պարզապես համապատասխան գումարները չունենալու պատճառով եւ այլն: 

2. Բացի այդ, հարկ ենք համարում հատուկ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ 15-20 մլն դրամի դիմաց գործնականում զինվորական ծառայությունից օրինական հիմքերով ազատելը մի կողմից նշանակում է, որ պետությունն ուղղակի ցանկանում է «փոխարինել» այն պաշտոնատար անձանց, որոնք ստանալով անօրինական վարձատրություն՝ կազմում են բժշկական կամ կեղծ այլ փաստաթղթեր՝ հնարավորություն տալով զորակչիկին խուսափելու զինվորական ծառայությունից, իսկ մյուս կողմից՝ ֆինանսական մեկ այլ մոտիվացիա կարող է ծնել բժշկական կամ կեղծ այլ փաստաթղթերի միջոցով զինվորական ծառայությունից ազատվել ցանկացողներ համար: Մասնավորապես, զուտ ֆինանսական մոտիվացիայի տեսանկյունից, եթե պետությունը հայտարարի, որ 15-20 մլն դրամ վճարելով զորակոչիկը կարող է ծառայել 6 ամիս կամ 1 ամիս, ապա բժշկական կամ կեղծ այլ փաստաթղթերի միջոցով ընդհանրապես զինվորական ծառայությունից ազատելու արդեն իսկ գոյություն ունեցող համակարգն իր այսպես կոչված «սակագները» (կաշառքի չափերը) կարող է սահմանել, օրինակ, 8-10 մլն դրամի սահմաններում եւ իր կողմը գրավել գումարի դիմաց զինվորական ծառայությունից խուսափել ցանկացող զինկոչիկներին: 

3. Ինչ վերաբերում է Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կատարվող առաջարկությանը, ըստ որի՝ առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար սահմանված բազային տուրքի 25-պատիկի չափը (25.000 դրամը) մինչեւ 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար սահմանել բազային տուրքի 15.000-պատիկի չափով (կամ 15 մլն. դրամով), ոչ միայն հաշվի չի առնում քաղաքացիությունը փոխելու առանձնահատկությունները (քանի որ անձինք քաղաքացիությունը չեն փոխում բացառապես իրենց երեխաներին զինվորական ծառայությունից ազատելու նպատակով), կարող է էականորեն խոչնդոտել անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը եւ այլն, այլեւ հակասում է  «Պետական տուրքի մասին» օրենքի 2-րդ հոդվածին, ըստ որի. «Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:» Այսինքն, տվյալ դեպքում նշված պետական տուրքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար եւ պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական անձանցից գանձվող պարտադիր վճար է, այն դեպքում, երբ առաջարկվող կարգավորման նպատակը (այն է՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով արտագաղթի կասեցումը կամ նվազեցումը) կապ չունի քաղաքացիությունը փոխող պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների հետ (նրանք ընդամենը ձեւակերպում են ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացման փաստը): 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ տեսանկյունից արմատական վերաիմաստավորման եւ հիմնավորման կարիք ունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

23.04.2025թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, փոփոխություն կատարել ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում, փոփոխություն եւ լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, ինչպես նաեւ լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում:

Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում)՝ օրենսդրական նախաձեռնության նպատակն է՝ մեծացնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվողների թիվը, բարձրացնել պարտադիր զինվորական ծառայության գրավչությունը, կանգնեցնել արտագաղթը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների մինչեւ 37 տարին լրանալը հետախուզման մեջ մնալը, քրեականացնելով նվազագույնի հասցնել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով փորձաքննությունից հրաժարվելու դեպքերը: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ առաջարկությունն ու նկատառումները.

1. ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի՝ նոր խմբագրությամբ շարադրվելիք 1-ին կետի համաձայն.

«Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է՝

1) շարքային կազմի՝

ա. արական սեռի քաղաքացիների համար՝ 24 ամիս, կամ 6 ամիս՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 15 միլիոն դրամ վճարելու դեպքում, կամ 1 ամիս՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 20 միլիոն դրամ վճարելու դեպքում.

բ. կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար՝ 6 ամիս»:

Առաջարկում ենք քննարկել 1 (մեկ) ամիս ծառայելու նպատակահարմարության հարցը: Արդյո՞ ք հնարավոր է 1-ամսյա ժամկետում որեւիցե պատրաստվածություն ստանալ եւ 1-ամսյա զինվորական ծառայություն անցած անձի պատրաստվածությունը կարող է արդյո՞ ք թույլ տալ վերջինիս հետագայում անհրաժեշտության դեպքում մասնակցելու պաշտպանական գործողությունների: 

2. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի՝ 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի լրացման համաձայն՝ «Սույն կետում նշված՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով այլ պետությունում զինվորական կամ 18 ամսից պակաս ժամկետով այլընտրանքային ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչեւ 37 տարեկան արական սեռի քաղաքացին սույն մասի 1-ին կամ 3-րդ կետերով կամ 2-րդ կամ 5-րդ մասերով սահմանված շարքային կազմի պարտադիր զիվորական ծառայությունից ազատվելու կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերով կամ 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր չունենալու դեպքում կարող է 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում այլընտրանքային ծառայություն անցնելու փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից»:

Միեւնույն ժամանակ, Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն. «3-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը 18 տարին լրացած եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած արական սեռի քաղաքացիների վրա»: 

Վերոնշյալի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ բավական մեծ է այլ երկրի քաղաքացիություն ստացած մինչեւ 18 տարեկան, ինչպես նաեւ արդեն իսկ 18 տարին լրացած անձանց քանակը, որոնք այլ երկրի քաղաքացիություն են ստացել փաստացի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով եւ երբեւիցե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս չեն բնակվել: Ստացվում է, որ վերոնշյալ անձինք, օրինակ, վերջիններիս  23 կամ 25 տարին լրանալուց հետո կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ընդամենը 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ վճարելով՝ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: 

3. Կարծում ենք, որ օրենսդրական փոփոխությունների իրականացման արդյունքում գոյացող/ստացվելիք ֆինանսական միջոցների պարագայում կարող է հատկապես 24 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների համար նախատեսվել սոցիալական երաշխիքների բավական լայն շրջանակ, մինչդեռ Հիմնավորման մեջ որպես պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) համար նախատեսվող սոցիալական երաշխիք է նշվում միայն վերջիններիս դրամական ապահովության չափերի բարձրացումը:


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկությունն ու նկատառումները՝ կարծում ենք, որ Նախագծերի փաթեթը ենթակա է լրամշակման եւ լրացուցիչ հիմնավորման:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                         ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235 /Ներք. 1618/

30.04.2025թ.