ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-1053-21.04.2025-ՊԱ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-10531 -21.04.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի եւ Արսեն Թորոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-1053-21.04.2025-ՊԱ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-10531 -21.04.2025-ՊԱ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի  1-ին հոդվածում առաջարկում ենք «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի լրիվ անվանումը շարադրելիս առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, այն է. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ անհրաժեշտ է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի լրիվ անվանումը շարադրելիս առաջարկում ենք կատարել համապատասխան շտկումներ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, մասնավորապես նշյալ օրենսգրքի վերնագրի եւ լրիվ անվանման շարադրանքի հերթականության վերաբերյալ:

Միաժամանակ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Օրենսգիրք» բառն այլեւս չի կիրառվում Նախագծում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված դիտարկումների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                    ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

02.05.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                    ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

02.05.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների եւ բարձրախոսների, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչների տեղադրումը՝ միաժամանակ սահմանելով վարչական տույժ տվյալ պահանջը խախտելու համար::

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

Փաթեթում ընդգրկված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասում կատարել լրացում, որի արդյունքում վարորդին կարգելվի տրանսպորտային միջոցներում տեղադրել ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ: Համաձայն Փաթեթին կից ներկայացված հիմնավորման, դա ուղղված է «հասարակական անդորրը չխախտելուն, աղմուկի աղտոտում չառաջացնելուն»: Այս կապակցությամբ, կարծում ենք, որ տվյալ նպատակի ձեռք բերման համար անհրաժեշտ է ոչ միայն արգելել նշված սարքավորումների տեղադրումը (ինչը կարող է կատարվել նաեւ ոչ վարորդի կողմից), այլ նաեւ օգտագործումը, քանի որ նման անորոշ ձեւակերպմամբ վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելը կհանգեցնի նրանց կողմից անհիմն ֆինասնսական կորուստների: Ընդ որում, հասարակական անդորրի խախտում եւ աղմուկի աղտոտում կարող է առաջանալ նաեւ ինչպես ստանդարտին համապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչների կամ բարձրախոսների, այնպես էլ գործարանային արտադրության նմանատիպ միջոցների չափից բարձր օգտագործման դեպքում: Հետեւաբար, կարծում ենք, որ Փաթեթով հետապնդվող խնդրի առավել ընդգրկուն լուծման համար անհրաժեշտ է արգելել ոչ միայն տրանսպորտային միջոցներում ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչների կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչների կամ բարձրախոսների տեղադրումը, այլեւ դրանց օգտագործումը, եթե այն հանգեցնում է «հասարակական անդորրի» խախտմանը: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունը հաշվի առնելու տեսանկյունից:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

29.04.2025թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), համապատասխան փոփոխություն կատարելով նաեւ հարակից՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», ըստ որի՝ առաջարկվում է Օրենքով կանոնակարգել տրանսպորտային միջոցների վրա խլացուցիչների, լրացուցիչ ուժեղացուցիչների եւ բարձրախոսների տեղադրման արգելքը: Ըստ հեղինակների, լրացուցիչ ուժեղացուցիչներից եւ բարձրախոսներից հնչող երաժշտությունը, վերասարքավորված կամ լրացուցիչ տեղադրված խլացուցիչների ձայները հանգեցնում են հասարակական անդորրի խախտման, երթեւեկության ընթացքում վարորդների ուշադրության շեղման, նպաստում ճանապարհային երթեւեկության անվտանգության չպահպանման:

Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից, ներկայացվող փոփոխություններն, ինչ խոսք, դրական են եւ միտված են հասարակության հանգստի եւ ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանմանը, սակայն կցանկանայինք ներկայացնել նաեւ հետեւյալ նկատառումները: 

Մասնավորապես, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ «տրանսպորտային միջոցներում տեղադրել ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ»:

Նախ, պարզ չէ, թէ ի՞նչ ստանդարտի մասին է խոսքը գնում: Կարծում ենք, Նախագծով պետք է հղում կատարվեր «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի պահանջներին, իսկ «ստանդարտ» բառի փոխարեն՝ օգտագործվեր «տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտացման փաստաթղթերով եւ տեխնիկական մասնագրերով սահմանված պահանջներին» բառակապակցությունը: 

Այնուհետեւ, պարզ չէ, թե ի՞նչ միջոցներով եւ ընթացակարգերով է ոստիկանության պարեկը հայտնաբերելու տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող, օրինակ՝ նվագարկչի լրացուցիչ ուժեղացուցիչը, կամ, ոչ պակաս կարեւոր, «ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչը»: Այս կապակցությամբ, հարկ ենք համարում նշել, որ ներկայում շահագործվող թանկարժեք ավտոմեքենաներում (Range Rover, Brabus, Porche եւ այլն) գործարանային տեղադրված են գերհզոր խլացուցիչներ, իսկ վերջին սերնդի բազմաթիվ թեթեւ մարդատար մեքենաներում՝ բարձր որակի ձայնային գերհզոր հնչողություն ունեցող նվագարկիչներ եւ ակուստիկ համակարգեր: Նմանատիպ համակարգերը արդեն իսկ գործարանում են տեղադրված եւ դրանց հետագայում «տեղադրված» լինելու փաստը արձանագրելը եւ հաստատելը կդառնա անհնարին: Հետեւաբար, նաեւ խիստ տրամաբանական կլինի, եթե առաջարկվող տուգանքները կամ պատասխանատվության միջոցները կիրառվեն ոչ թե նշված սարքերի եւ սարքավորումների տեղադրման, այլ դրանց օգտագործման համար:

Ինչ վերաբերում է Նախագծերի փաթեթի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով առաջարկվող փոփոխությանը, ապա վերը ներկայացված փաստով ոստիկանության պարեկի կողմից «հաստատված իրավախախտումը» արձանագրելը գործնականում անիրատեսական է: Սակայն, կցանկանայինք արձանագրել, որ իրականում սահմանված տեխնիկական կանոնակարգերի խախտումով տեղադրված սարքերը եւ համակարգերը օգտագործելը նվազագույն աշխատավարձի տասնապատիկով տուգանելը, կարծում ենք, բավարար չէ (հաշվի առնելով վերոհիշյալ համակարգերի շուկայական բարձր գինը՝ առաջարկվող տուգանքի չափը շատ փոքր է): Առաջարկում ենք տուգանքի չափը սահմանել նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխության եւ լրացման ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն՝ վերը նշված առաջարկությունները հաշվի առնելուց հետո:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

28.04.2025թ.