ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1079-20.05.2025-ՄԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1079-20.05.2025-ՄԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածն առաջարկում ենք ձեւակերպել առանց առանձին փոփոխության եւ լրացման՝ մեկ փոփոխություն նախատեսող հոդվածի շրջանակներում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի պահանջները. մասնավորապես՝ «Հոդված1.  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության մեջ նշված «վերաբերյալ» բառը փոխարինել «, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» բառերով եւ կետադրական նշանով:» Սույն առաջարկությունը բխում է նաեւ այն հանգամանքից, որ նորմատիվ իրավական ակտում ավելացումներ չեն կատարվում:

2. Նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածներով նախատեսված լրացումներից առաջ անհրաժեշտ է նշել վերջիններիս մասերի համարակալումը. համապատասխանաբար «2.1. Եթե սույն հոդվածի 1-ին մասով (...)» եւ «3.1. Եթե սույն հոդվածի 1-ին մասով (...)»:

Միաժամանակ հիմք ընդունելով դասական թվականների գրելաձեւը՝ առաջարկում ենք Նախագծի ողջ տեքսում  կիրառված դասական թվականները կիրառել  համապատասխանաբար -ին կամ -րդ վերջավորությամբ. օրինակ՝  2.1-ին, 3.1-ին, 4.1-ին, 8.1-ին, 30.1-ին, 30.2-րդ:

3. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 3-րդ հոդվածի ուժով հստակեցվում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»  սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրկան օրենք) 17-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը վերաբերելի է գրավոր բողոքին, իսկ 17-րդ հոդվածը կարգավորումներ է նախատեսում եւ՛ բանավոր, եւ՛ գրավոր բողոքների համար՝ առաջարկում ենք նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասության մեջ եւս՝ «Բողոքի» բառը փոխարինել «Գրավոր բողոքի» բառերով:

4. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածում լրացնել նոր 7-րդ մաս, որի բովանդակությունից բխում է, որ պաշտպանն իրավասու է խթանել միջազգային պարտավորություններին ներպետական օրենսդրության եւ դրա կիրառման համապատասխանեցումը. մինչդեռ նշենք, որ սույն ձեւակերպումից հասկանալի չէ, թե ինչ եղանակով կամ միջոցով կարող է պաշտպանն իրականացնել նշված լիազորությունը, եթե Սահամանդրական օրենքով հստակ սահմանված են, թե որ դեպքերում եւ որ նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման առնչությամբ Պաշտպանը կարող է առաջարկություններ ներկայացնել: Նշենք նաեւ, որ ՀՀ օրենսդրությամբ նորմատիվ իրավական ակտի նախագիծ մշակելու միջոցով միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում ներպետական օրենսդրության համապատասխանեցումը միջազգային պայմանագրով նախատեսված իրավական կարգավորումներին վերապահված է պետական-իրավական փորձաքննությանը (հիմք՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 6-րդ հոդված):

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նոր լրացվող 4.1-ին մասի համարը տեքստից առանձնացնել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի պահանջները:

5. Առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածում նշված «աշխատակազմում» բառը փոխարինել «աշխատակազմից» բառով՝ հիմք ընդունելով Սահամանդրական օրենքի 36-րդ հոդվածի բովանդակությամբ Պաշտպանի աշխատակզմի հստակ սահմանված կառուցվածքը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

03.06.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

03.06.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում: Մասնավորապես, հստակեցվում է հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կարգը, ըստ որի՝ Պաշտպանին փոխարինելու մասին որոշման անհնարինության կամ հրաժարականի դեպքում Պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտներից տարիքով ավագը, իսկ Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարներից տարիքով ավագ ղեկավարի կողմից Պաշտպանին ժամանակավորապես փոխարինելու  անհնարինության դեպքում Պաշտպանի աշխատակազմի հաջորդ դեպարտամենտի ղեկավարը: 

Համաձայն Նախագծի՝ Պաշտպանն իրականացնում է մարդու իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ հարցերով հետազոտություններ, ինչպես նաեւ հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Պաշտպանն իրավասու է ներկայացնելու հատուկ կարծիք (amicus brief) Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների առնչությամբ՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան

26.05.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում:

Նախագծով, մասնավորապես առաջարկվում է՝

- հստակեցնել Պաշտպանի լիազորությունները մարդու իրավունքների խթանման շրջանակներում. 

- սահմանել, որ Պաշտպանի ժամանակավոր բացակայության ընթացքում Պաշտպանին փոխարինելու մասին որոշման անհնարինության կամ հրաժարականի դեպքում Պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարներից տարիքով ավագը, իսկ Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարներից տարիքով ավագ ղեկավարի կողմից Պաշտպանին ժամանակավորապես փոխարինելու անհնարինության դեպում` Պաշտպանի աշխատակազմի հաջորդ դեպարտամենտի ղեկավարը.

- նախատեսել, որ Պաշտպանի՝ երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններ, ինչպես նաեւ հանրակրթական ուսումնական հաստատություններ անարգել այցեր իրականացնելու լիազորության կատարմանն ուղղված գործառույթներ միայն Պաշտպանի գրավոր որոշման հիման վրա՝ այդ որոշմամբ նախատեսված կարգով եւ ծավալով կարող են իրականացնել ոչ միայն Պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողները, այլեւ Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող այլ անձինք.

- նախատեսել Պաշտպանի՝ հաշանդամություն ունեցող անձանց գտնվելու վայր հանդիսացող հաստատություններ անարգել այցեր իրականացնելու լիազորության կատարմանն ուղղված Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց գործառույթը եւ այլն: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                    ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

09.06.2025թ.