ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1081-21.05.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1081-21.05.2025-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Պետական սահմանի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) նոր լրացվող 10.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում արտացոլվող տվյալ դիտարկել նաեւ տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետութունից ելքի սահմանափակման վերաբերյալ տվյալները: Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր լրացվող 10.1-ին հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում մուտքագրվող տվյալների շրջանակը եւ մուտքագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

Վերոգրյալ դրույթների կապակցությամբ նշենք, որ Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ չհամարակալված պարբերությամբ արդեն իսկ սահմանված է համանման կարգավորում, որի համաձայն՝ միայն տրանսպորտային միջոցի ելքի սահմանափակման վերաբերյալ տեղեկատվությունն արդեն իսկ համարվում է Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում մուտքագրվող տվյալ, եւ վերջինիս մուտքագրման կարգը նույն հոդվածի 4-րդ մասի ուժով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Նման պայմաններում Նախագծով նախատեսվող համապատասխան կարգավորումը կհանգեցնի դրույթների անհիմն կրկնության եւ զուգահեռ կիրառման:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է, որ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ չհամարակալված պարբերությունն ուժը կորցրած ճանաչել՝ որպես Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում արտացոլվող տվյալ դիտարկելով նաեւ տրանսպորտային միջոցի ելքի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ տեղեկատվությունը:

2. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկություների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

06.06.2025թ.

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

06.06.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում ամրագրել Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի գործունեության հիմքերը, որը գործում է սահմանային վերահսկողության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով: Նախագծով նախատեսվում են այդ համակարգից օգտվելու եւ դրանում տեղեկություններ մուտքագրելու ընդհանուր պայմանները, ինչպես նաեւ հստակեցվում են համակարգի վերաբերյալ ենթաօրենսդրական մակարդակում կարգավորման ենթակա հարցերի շրջանակն ու լիազորված մարմնի գործառույթները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

03.06.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Պետական սահմանի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Նախագծով առաջարկվում է Օրենքում ամրագրել սահմանային վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ՍԷԿՏ համակարգ) գործելու հանգամանքը, նախատեսել համակարգից օգտվելու եւ դրանում տեղեկություններ մուտքագրելու ընդհանուր պայմանները, ինչպես նաեւ հստակեցնել համակարգի վերաբերյալ ենթաօրենսդրական մակարդակում կարգավորման ենթակա հարցերի շրջանակն ու լիազորված մարմնի գործառույթները:

Ակնկալվում է, որ Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ՍԷԿՏ համակարգի կարգավիճակը եւ հնարավորություն կստեղծվի առավել համակարգային կարգավորումների նախատեսման համար: 

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծի ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

(հեռ. /011/ 513 235, ներք. 16-18)

29.05.2025թ.