ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1086-26.05.2025-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10861 -26.05.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1086-26.05.2025-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10861 -26.05.2025-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդված 1-ին մասի 49-րդ եւ 50-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 

«49) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ՝ տրանսպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կամ կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման տարածքի սահմաններից, գետաողողատից օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների դուրս բերումը ընդերքից.

50) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն՝ տրանսպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կամ գետերի հուների արգելապատնեշների կամ կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով տվյալ օբյեկտի կառուցման տարածքի սահմաններում ընդերքի տեղամասից ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ կատարելու իրավունք»:

Վերը մեջբերված դրույթներով սահմանվում են «ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ» եւ «ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն» հասկացությունները, այսինքն՝ նախ սահմանվում է, թե ինչ է իրենից ներկայացնում ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթը, այնուհետեւ՝ դա իրականացնելու միանգամյա թույլտվությունը: Այս կապակցությամբ հատկանշական է այն փաստը, որ չնայած «ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ» հասկացության արդեն իսկ սահմանված լինելուն, «ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն» հասկացության սահմանման մեջ նախորդիվ արդեն իսկ սահմանված «ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ» հասկացությանը հղում կատարելու փոխարեն այն սահմանվում է կրկին, ընդ որում՝ որոշակի անհամապատասխանությամբ: Մասնավորապես՝ «ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն» հասկացության սահմանումից բացակայում է գետաողողատից ոչ մետաղական օգտակար հանածոների ընդերքից դուրս բերման վերաբերյալ նշումը, բացի այդ՝ նշված հասկացության նոր ձեւակերպմամբ նախատեսվում է ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն տալու պահանջ նախատեսել նաեւ գետերի հուների արգելապատնեշների կառուցման կամ շահագործման նպատակով տվյալ տարածքի սահմաններում ընդերքի տեղամասից ոչ օգտակար հանածոյի հանույթ կատարելու համար, որը նախատեսված չէ «ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ» հասկացության սահմանման մեջ: 

Վերոգրյալի հիման վրա, առաջարկում ենք, ապահովել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 49-րդ եւ 50-րդ կետերի համապատասխանությունը միմյանց: Մասնավորապես՝ առաջարկում ենք «կամ գետերի հունի արգելապատնեշների» բառեը լրացնել Նախագծի 1-ի հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 49-րդ կետում՝ «ջրամբարների» բառից հետո, իսկ նոր խմբագրությամբ շարադրված 50-րդ կետում՝ «ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն» հասկացությունը սահմանել որպես՝ ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ կատարելու իրավունքը:

2. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.6-րդ մասի գործող կարգավորմամբ սահմանվում է. «Բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին տրամադրում է սույն հոդվածի 6.5-րդ մասով նախատեսված եւ իր տնօրինման տակ առկա տեղեկատվությունը: Տեղեկատվության բացակայության դեպքում 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն սկսում է ստուգման գործընթացը եւ լիազոր մարմնին տեղեկացնում տեղեկատվության տրամադրման ժամկետների վերաբերյալ»: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.6-րդ մասով «10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն սկսում է ստուգման գործընթացը եւ լիազոր մարմնին տեղեկացնում տեղեկատվության տրամադրման ժամկետների վերաբերյալ» բառերը փոխարինվում են «5-օրյա ժամկետում բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը լիազոր մարմնին տեղեկացնում է տեղեկատվության տրամադրման ժամկետների վերաբերյալ» բառերով: Ինչի արդյունքում հասկանալի չէ, թե տեսչական մարմինը առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի եւ փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատման, ինչպես նաեւ դրանց արժանահավատության վերաբերյալ տեղեկատվության բացակայության պայմանում այդ տեղեկատվությունն ինչ եղանակով է ստանում, եթե վերջինիս կողմից ստուգում իրականացնելու վերաբերյալ կարգավորումը հանվում է: 

3. Նախագծով նախատեսվում է Օրենսգրքում կատարել մի շարք փոփոխություններ եւ լրացումներ, որոնց արդյունքում սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում արդյունահանում եւ օգտակար հանածոյի պաշարների ուսումնասիրություն իրականացնելու համար ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից կներկայացվեն արտաքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաեւ մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում տրամադրված համաձայնությունները: Հատկանշական է, որ Նախագծով սահմանված չէ վերոնշյալ համաձայնությունների տրման հստակ ժամկետ: 

Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր՝ 30-րդ կետով նշվում է միայն, որ Կառավարության կողմից սահմանվում է վերոնշյալ համաձայնությունների տրամադրման կարգը: Այս համատեքստում կարեւոր է նաեւ արձանագրել, որ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենսգրքի 16-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասով սահմանված է, որ «Տրված համաձայնությունները  կարող են ներկայացվել լիազոր մարմին համապատասխան բնագավառի լիազորված մարմնի համաձայնության տրամադրման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում»: Այսինքն՝ Նախագծով սահմանվում է սահմանափակ ժամկետ համապատասխան համաձայնությունները լիազոր մարմին ներկայացնելու, եւ համապատասխան մարմինների կողմից համաձայնությունների տրման ժամկետ չսահմանելը կարող է հանգեցնել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցող անձի կողմից ընդերքօգտագործում իրականացնելու անհնարինության՝ վերջինիս մեղքի բացակայությամբ՝ վեցամսյա ժամկետի բացթողման պատճառով (օրինակ՝ արտաքին գործերի նախարարությունը տվել է 6 ամսյա ժամկետում, իսկ ազգային անվտանգության ծառայությունը վեցամսյա ժամկետում չի տվել համաձայնություն, իսկ համաձայնությունները լիազոր մարմնին առանձին ներկայացնելն իմաստազուրկ է): Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծով սահմանել, թե արտաքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաեւ մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինները համապատասխամ դիմում ստանալուց հետո առավելագույնը ինչ ժամկետում են պարտավոր տրամադրել համապատասխան համաձայնությունները: 

4. Նախագծի 14-րդ հոդվածով Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող 34-րդ կետում առաջարկում ենք «Կառավարության» բառը փոխարինել «կառավարության» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում նշված է «Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն)»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի ողջ տեքստում առկա (բացառությամբ՝ Նախագծի 16-րդ հոդվածի) ցանկացած հոլովաձեւով նշված «Կառավարություն» բառին:

5. Առաջարկում ենք վերացնել Նախագծի 15-րդ հոդվածում առկա վրիպակը՝ «(ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի)» ձեւակերպումը շարադրելով չակերտներում:

6. Նախագծի 16-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի (…)»:

7. Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում «ենթաօրենսդրական» բառից հետո առաջարկում ենք լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

16.06.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

16.06.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է արգելել սահմանային գետերի հունից գետավազի արդյունահանումը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով» նախատեսելով ընդերքօգտագործողի կողմից գետի հունից ավազի արդյունահանման դեպքում վարչական պատասխանատվության բավականին բարձր սահմանաչափ՝ նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով, ինչպես նաեւ նախատեսել ահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքները ՋիՊիԷս (Գլոբալ Տեղորոշման Համակարգ, (GPS)) համակարգով կահավորված եւ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված՝ հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների միջոցով իրականացնելու վերաբերյալ պահանջ:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

06.06.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Ներկայումս Արաքս գետի հունից իրականացված արդյունահանումների հետեւանքով առաջանում են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր, ուստի առկա է նշյալ խնդիրների հրատապ կարգավորման անհրաժեշտություն:  Միաժամանակ առկա է սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերը բացահայտելու գործիքակազմի անբավարարություն:

Հաշվի առնելով վերոգրյալը, Նախագծերի փաթեթով առաջարկվում է.
 

  • սահմանել սահմանային գետերի հունից գետավազի արդյունահանման արգելք,


սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում արդյունահանում եւ օգտակար հանածոյի պաշարների ուսումնասիրություն իրականացնելու համար ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացնել արտաքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաեւ մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում տրամադրված համաձայնությունները,

ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձի պարտավորություններում լրացնել դրույթ, որով պետք է նախատեսվի, որ գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձը պարտավոր է գետերի հուների արգելապատնեշների կառուցման նպատակով արդյունահանման աշխատանքների մեկնարկի օրվա, արդյունահանման աշխատանքների իրականացման տեւողության (ժամկետի) եւ արդյունահանման ծավալների վերաբերյալ գրավոր իրազեկել ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում լիազոր մարմնին եւ բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ արդյունահանման աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ,

նախատեսել ընդերքօգտագործողի կողմից գետի հունից ավազի արդյունահանման դեպքում վարչական պատասխանատվության բավականին բարձր սահմանաչափ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                 ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

13.06.2025թ.