ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1092-30.05.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1092-30.05.2025-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 11.06.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 11.06.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), համաձայն որի` նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները (շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրամադրել ընդհանուր 21 օրացուցային օր ժամկետով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում ծառայություն անցնողներին՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով՝ դրանք տրամադրելով ծառայության ընթացքում երեք հավասար մասերով): Նախագծով առաջարկվում է նաեւ շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական երդում տալու կապակցությամբ տրամադրել 2 օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ: Նախագծով նախատեսվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը փոխարինել իրենց կարիքներին համահունչ պետական բյուջեի միջոցների հաշվին հիփոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով: «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու եւ օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերի, դադարում է պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը եւ հիփոթեքային վարկավորման կնքված պայմանագրով իրականացվող պետական աջակցությունը: Պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողը պարտավոր է եռամսյա ժամկետում պետական բյուջե վճարել հիփոթեքային վարկավորման պայմանագրի կնքման օրվանից մինչեւ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրը հիփոթեքային վարկավորման պայմանգրի հիման վրա պետական բյուջեի հաշվին իրականացված վճարումների ամբողջ գումարը: Նախագծի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունումը 2026 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտարկումները: 1. Զինորական ծառայության գրավչության մակարդակի բարձրացման իրական մեխանիզմներից մեկը զինծառայողների բնակարանային ապահովությունն է, որի իրավական հիմքը Օրենքի 65-րդ հոդվածն է, մասնավորապես՝ դրա 2.1.-ին մասը: Տվյալ մասը Նախագծով առաջարկվում է վերաշարադրել, որի արդյունքում էականորեն փոփոխման են ենթարկվում զինծառայողների բնակարանային ապահովության երեք պայմաններ, եւ որի հետեւանքով մեծապես կարող է նվազել զինվորական ծառայության գրավչությունը: Մասնավորապես, գործող կարգավորումների համաձայն. «Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում է բնակարան՝ նրա հետ կնքելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: ... Սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով կնքված պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալու կամ մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու կամ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու եւ օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքերում հատկացված բնակարանը զինծառայողին տրամադրվում է անհատույց սեփականության իրավունքով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի եւ զինծառայողի (նախկին զինծառայողի) միջեւ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր կնքելու միջոցով: Սույն օրենքով սահմանված այլ հիմքերով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու կամ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածով սահմանված այլ հիմքերով ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակվելու, ինչպես նաեւ սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգ տեղափոխվելու դեպքերի, անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը համարվում է լուծված, եւ հատկացված բնակարանի նկատմամբ դադարում է զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքը: Կնքված պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը սույն մասով սահմանված կարգով անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է զոհված (մահացած) զինծառայողի՝ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ընտանիքի անդամներին: ...»: Նախագծով առաջարկվող նոր խմբագրությամբ սահմանվում է, որ. «Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներն օգտվում են պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից: ... Սույն մասի համաձայն կնքված հիփոթեքային վարկավորման ընթացքում մինչեւ սույն մասում նշված զինծառայողի հետ կնքված զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալը զինծառայողին պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու դեպքում, բացառությամբ ... հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերի, դադարում է պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը եւ հիփոթեքային վարկավորման կնքված պայմանագրով իրականացվող պետական աջակցությունը, ինչպես նաեւ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողը պարտավոր է եռամսյա ժամկետում պետական բյուջե վճարել հիփոթեքային վարկավորման պայմանագրի կնքման օրվանից մինչեւ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրը հիփոթեքային վարկավորման պայմանագրի հիման վրա պետական բյուջեի հաշվին իրականացված վճարումների ամբողջ գումարը:»: Այսինքն, ստացվում է, որ. ա) բնակարանի անհատույց օգտագործման եւ համապատասխան պայմանների բավարման դեպքում անհատույց այդ բնակարանի սեփականատեր դառնալու իրավունքը առաջարկվում է փոխարինել պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից օգտվելու հնարավորությամբ, որի դեպքում զինծառայողը դեռ մի քանի տարի պետք է սպասի հիփոթեքով բնակարանի կառուցմանը եւ անհայտ է մնում, թե որտե՞ղ եւ ի՞նչ միջոցների հաշվին պետք է այդ ընթացքում բնակվի տվյալ զինծառայողը, բ) սահմանված ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում զինծառայողը պետք է եռամսյա ժամկետում վերադարձնի մինչեւ արձակման օրը վճարված հիփոթեքային վարկի ամբողջ գումարը, այն դեպքում, երբ գործող կարգավորումների դեպքում՝ ուղղակի զրկվում էր անհատույց բնակվելու եւ հետագայում բնակարանի սեփականատեր դառնալու իրավունքից: Այս սխեմայի դեպքում հնարավոր են մի քանի սցենարներ, որոնցից ոչ մեկի առումով Նախագիծը կարգավորումներ չի սահմանում: Մասնավորապես. - ընդհանրապես չի սահմանվում այն դեպքը, երբ զինծառայողը չի կարողանում կամ չի ցանկանում վերադարձնել վարկավորման ծրագրով վճարված գումարները: Այս դեպքում, բնականաբար, զինծառայողը պետք է զրկվի հետագայում այդ բնակարանի սեփականատեր դառնալու հնարավորությունից եւ իրավունքից՝ առանց պետությանը որեւէ դրամի պարտք մնալու: Չի սահմանվում նաեւ այն իրավական հետեւանքը, երբ նախկին զինծառայողը եռամսյա ժամկետում, ինչպես սահմանվում է Նախագծի տեքստում, պետությանն է վերադարձնում արդեն իսկ վճարված գումարները (այս դեպքւոմ էլ անհրաժեշտ է հստակա ամրագրել, որ տվյալ զինծառայողը դառնում է կառուցված բնակարանի կամ բնակարանի կառուցման իրավունքի սեփականատերը), - որեւէ կերպ չի սահմանվում, թե կնքված հիփոթեքային վարկավորման պայմանագրի համաձայն ո՞վ պետք է հանդես գա որպես բնակարանի գնման իրավունքի սեփականատեր՝ զինծառայո՞ղը, թե՞ պետական լիազորված մարմինը: Այս առումով, կարծում ենք, կարելի է ենթադրություններ անել, քանի որ գործնականում առկա է հնարավոր երկու սցենար, սակայն իրավական որոշակիության սկզբունքի տեսնկյունից օրենքը չի կարող կառուցվել հնարավոր ենթադրությունների վրա, ուստի այս հանգամանքը, կարծում ենք, պետք է անպայման հստակ ամրագրել Նախագծում, - եթե զինծառայողը որոշի թողնել զինվորական ծառայությունը այն ժամկետի ընթացքում, երբ համապատասխան բնակարանը դեռ չի էլ կառուցվել (օրինակ հիփոթեքային պայմանագրի ստորագրումից 2 կամ 3 տարի հետո), ապա նա, ըստ Նախագծի կարգավորումների, պետք է եռամսյա ժամկետում այդ տարիների համար վճարված գումարները վերադարձնի պետական բյուջե՝ նույնիսկ չտեսնելով այն բնակարանը, որի համար վճարելու է, ինչն էլ ուղղակի աբսուրդ է, - սահմանված ժամկետից շուտ զինվորական ծառայությունը թողնելու դեպքում արդեն նախկին զինծառայողի համար Նախագծով չի սահմանվում հնարավորություն կամավոր շարունակելու հիփոթեքային վարկով բնակարանի համար վճարումներ կատարելու եւ այդ բնակարանի սեփականատեր դառնալու համար, թեեւ պահանջվում է եռամսյա ժամկետում վերադարձնել արդեն վճարված գումարները եւ դրանք վերադարձնելու դեպքում նախկին զինծառայողն արդեն իսկ պետք է դառնար կառուցվող կամ արդեն կառուցված բնակարանի սեփականատերը (կամ գոնե այդ բնակարանի գնման իրավունքի սեփականատերը): Տվյալ դեպքում նախկին զինծառայողը կունենա անհիմն եւ որեւէ կերպ չարդարացված ֆինանսական կորուստներ, - նույնիսկ եթե զինծառայողի համար սահմանվի հիփոթեքային վարկով բնակարանի համար կամավոր վճարումներ կատարելու եւ այդ բնակարանի սեփականատեր դառնալու իրավունք (այն դեպքւոմ, երբ հիփոթեքային վարկը ձեւակերպված է լիազոր մարմնի անունով), եւ զինծառայողը չցանկանա օգտվել այդ իրավունքից, ապա այս դեպքում էլ նա չպետք է վերադարձնի պետական բյուջեից կատարված վճարումները, քանի որ այդ բնակարանի կամ դրա ձեռք բերման իրավունքի սեփականատերը կհանդիսանա պետությունը, հետեւաբար՝ պետությունն էլ պետք է որոշի շարունակել վարկավորման ծրագիրը (այլ զինծառայողի կառուցվող բնակարանը հատկացնելու նպատակով), թե՞ դադարեցի համապատասխան ֆինանսավորումը եւ սահմանված կարգով կառուցապատողից հետ ստանա վճարված գումարները եւ փոխանցի պետական բյուջե: Վերջին հարցի պատասխանը, ինչպես նաեւ նշված որոշումը կայացնող լիազոր մարմինը, նույնպես Նախագծով չի սահմանվում: գ) Վերջապես, եթե գործող կարգավորումների համաձայն կնքված պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը սույն մասով սահմանված կարգով անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին, ապա նոր շարադրանքի պարագայում այս իրավունքն ընդհարապես վերացվում է: Եզրահանգում Ամփոփելով կարելի է փաստել, որ գործող կարգավորումների համամետությամբ, Նախագծով առաջարկվող Օրենքի 65-րդ հոդվածի նոր 2.1.-ին մասով սահմանված կարգավորումները, բացի այն, որ խիստ թերի են, զինծառայողների սոցիալական երաշխիքների, մասնավորապես՝ նրանց բնակարանային ապահովության տեսանկյունից, էականորեն հետընթաց են պարունակում, ոչ միայն իրավունքների սահմանափակման ու գործնականում բնակարանային ապահովության տեսանկյունից, այլեւ որոշակի պայմանների առկայության դեպքում՝ նախատեսում են անհիմն ֆինանսական բեռի սահմանում, ինչն էլ, վերջին հաշվով, կարող է զգալիորեն նվազեցնել զինվորական ծառայության գրավչության մակարդակը: Այս կապակցությամբ Նախագիծն ամբողջությամբ վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք է զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 10.06.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Նախագծով նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները եւ նրանց համար լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդում ընդունելու կապակցությամբ, ինչպես նաեւ ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը փոխարինվում է իրենց կարիքներին համահունչ պետական բյուջեի միջոցների հաշվին հիփոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով, սահմանվում են գործընթացի իրականացման հետ կապված պայմանները: Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկություններն ու նկատառումները. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 65-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվելիք 2.1 մասում նշվում է, որ՝ «Սույն մասի համաձայն կնքված հիփոթեքային վարկավորման ընթացքում մինչեւ սույն մասում նշված զինծառայողի հետ կնքված զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալը զինծառայողին պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու դեպքում, բացառությամբ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով կամ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու եւ օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերի, դադարում է պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը եւ հիփոթեքային վարկավորման կնքված պայմանագրով իրականացվող պետական աջակցությունը, ինչպես նաեւ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողը պարտավոր է եռամսյա ժամկետում պետական բյուջե վճարել հիփոթեքային վարկավորման պայմանագրի կնքման օրվանից մինչեւ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրը հիփոթեքային վարկավորման պայմանագրի հիման վրա պետական բյուջեի հաշվին իրականացված վճարումների ամբողջ գումարը:»: - Առաջարկում ենք վերոնշյալ «եռամսյա ժամկետը» վերանայել՝ սահմանելով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինվորականի կողմից հիփոթեքային վարկավորման պայմանագրի կնքման օրվանից մինչեւ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրը հիփոթեքային վարկավորման պայմանագրի հիման վրա պետական բյուջեի հաշվին իրականացված վճարումների ամբողջ գումարի վճարման առնվազն «տասներկուամսյա ժամկետ»՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձի կողմից այլ աշխատանք գտնելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ. - Նշենք նաեւ, որ կարգավորված չեն հիփոթեքային վարկավորման պայմանագիր կնքած զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում վերջինիս ընտանիքի անդամների համար պետական աջակցության իրականացման պայմանները եւ ընթացակարգը. - Առաջարկում ենք նախատեսել նաեւ, որ պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրի շրջանակներում թույլատրվում է անշարժ գույքը (բնակարան/բնակելի տուն) վարձակալությամբ տրամադրելը: Եզրահանգում Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկություններն ու նկատառումները՝ կարծում ենք, որ Նախագիծը լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 /Ներք. 1618/ 12.06.2025թ.
|