ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1094-02.06.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1094-02.06.2025-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասով սահմանված է. «4. Վերապատրաստման վայրից դուրս մշտապես բնակվող սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրների համար Ակադեմիան, հնարավորության դեպքում, կազմակերպում է նրանց բնակության ապահովումը»:

Նշված, ձեւակերպումից բխում է, որ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով վերապատրաստման վայրից դուրս մշտապես բնակվող որոշակի ունկնդիրների միայն բնակության ապահովումը Ակադեմիան այսուհետ կազմակերպելու է բացառապես հնարավորության դեպքում: Նախագծով սահմանված չէ «հնարավորության դեպքում» եզրույթի չափանիշները, ինչն էլ հնարավորություն է տալու գործել հայեցողությամբ, հայեցողական եւ սուբյեկտիվ մեկնաբանություն տալ հնարավորության դեպքի առկայությանը կամ բացակայությանը: Այսինքն՝ յուրաքնաչյուր դեպքում հնարավորության առկայությունը գնահատվելու է միայն հայեցողության շրջանակներում՝ ստեղծելով միեւնույն  իրավիճակներում իրավունքի սուբյեկտների նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսեւորման վտանգ: Վերոգրյալից ելնելով եւ հիմք ընդունելով դրույթների՝ իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանելու կարեւորությունը՝ առաջարկում ենք սահմանել նվազագույն չափանիշներ, դեպքեր, պայմաններ, որոնց առակության դեպքում Ակադեմիան կարող է ապահովել օրենքով սահմանված ունկնդիրների բնակությունը: Տվյալ պարագայում, կարծում ենք, կհստակեցվեն Ակադեմիայի հայեցողության սահմանները:

2. Նախագծի կարգավորումներով նախատեսվում է Օրենքով սահմանված ունկնդիրների համար դադարեցնել Ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում նախատեսված կրթաթոշակը, ինչպես նաեւ                                           վերապատրաստման վայրից դուրս մշտապես բնակվող որոշ ունկնդիրներին Ակադեմիայի կողմից տրվող տրանսպորտային, գիշերավարձի եւ այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցումը կամ նրանց փոխադրումը: Մասնավորապես՝ Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսված փոփոխությունները գործող օրենսդրական կարգավորումների համեմատությամբ անձի համար առաջացնում են ավելի անբարենպաստ վիճակ, վատթարացնում են վերջիններիս իրավական վիճակը. մինչդեռ Նախագծում բացակայում է անցումային դրույթ մինչեւ Նախագծի ուժի մեջ մտնելը արդեն իսկ կրթաթոշակ ստացող կամ վերապատրաստվող եւ տրանսպորտային, գիշերավարձի եւ այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում ստացող անձանց մասով:

Նախագծի 4-րդ հոդվածով սահմանված է Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը, համաձայն որի՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե (…) 3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիությունը, որի համաձայն. «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»:

Այսպիսով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսված կարգավորումներն ունկնդիրների համար վատթարացնող բնույթ են կրում, առաջարկում ենք կամ Նախագծում նախատեսել անցումային դրույթ՝ սահմանելով, որ Նախագծով նախատեսված կարգավորումները վերաբերում են նոր ունկնդիրներին եւ վերապատրաստվողներին կամ Նախագծի գործողությունը տարածել նոր ունկնդիրների եւ վերապատրաստվողներ վրա:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

17.06.2025թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

17.06.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքից հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու եւ դրան ուղղակիորեն վերաբերող կարգավորումները: Բացի այդ, նախատեսվում է նաեւ, որ Ակադեմիայի ռեկտորը Ակադեմիայում դասավանդման գործընթացին ներգրավված անձանց հետ կնքում է նաեւ աշխատանքային պայմանագրեր:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

10.06.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում եւ փոփոխություններ կատարել «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչը պայմանավորված է Արդարադատության ակադեմիայի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու եւ դրան ուղղակիորեն վերաբերող կարգավորումները հանելու անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Ակադեմիայի ռեկտորը Ակադեմիայում դասավանդման գործընթացին ներգրավված անձանց հետ կնքում է նաեւ աշխատանքային պայմանագրեր:

Նախագծի ընդունման դեպքում, հեղինակն ակնկալում է պետական բյուջեի միջոցների օգտագործումը դարձնել առավել թիրախային եւ հիմնավորված, ինչը թույլ կտա տնտեսված միջոցները օգտագործել Ակադեմիայի կարիքների բավարարման եւ կարողությունների զարգացման համար, ինչպես նաեւ հնարավորություն նախատեսել Ակադեմիայում դասավանդման գործընթացին ներգրավված անձանց հետ կնքել աշխատանքային պայմանագրեր:

Նշենք նաեւ, որ կարող է անհրաժեշտություն առաջանալ կնքել քաղաքացիաիրավական պայմանագրեր, հետեւաբար՝ անհրաժեշտ է պահպանել նաեւ նման պայմանագրեր կնքելու ռեկտորի լիազորությունը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ                                                              

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

23.06.2025թ.