ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1095-02.06.2025-ՏՀ-011/0), «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1095.1-02.06.2025-ՏՀ-011/0),  «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1095.2-02.06.2025-ՏՀ-011/0), «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1095.3-02.06.2025-ՏՀ-011/0),«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1095.4-02.06.2025-ՏՀ-011/0),  «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1095.5-02.06.2025-ՏՀ-011/0) եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` կոդ` Կ-1095.6-02.06.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1095-02.06.2025-ՏՀ-011/0), «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1095.1-02.06.2025-ՏՀ-011/0),  «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1095.2-02.06.2025-ՏՀ-011/0), «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1095.3-02.06.2025-ՏՀ-011/0), «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1095.4-02.06.2025-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1095.5-02.06.2025-ՏՀ-011/0) եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` կոդ` Կ-1095.6-02.06.2025-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրել, հետեւյալ բովանդակությամբ՝ «1. Հիմնադիրը կարող է պետական կազմակերպությանն անժամկետ եւ անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով հանձնել ցանկացած շարժական գույք, իսկ անշարժ գույքը տրամադրել վարձակալությամբ՝ Կառավարության սահմանված կարգի համաձայն:

2. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից պետական կազմակերպությանը հանձնված շարժական գույքը, ինչպես նաեւ Կառավարության սահմանված կարգի համաձայն դադարեցնել անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը»: 

Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ Հիմնադիրը Պետական կազմակերպությանը շարժական գույք կարող է հանձնել երկու հնարավոր եղանակներով, այն է՝ • անհատույց օգտագործման իրավունքով, • սեփականության իրավունքով: Հիմնադիրը իր կողմից պետական կազմակերպությանը երկու հնարավոր եղանակներով հանձնած (անհատույց օգտագործման իրավունքով կամ սեփականության իրավունքով) շարժական գույքն իրավունք ունի հետ վերցնել: Մինչդեռ նշենք, որ Օրենքի 4-րդ հոդվածով, որը վերաբերում է պետական կազմակերպության սեփականությանը, սահմանված է, որ պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ (որի ձեւավորման եղանակներից մեկն էլ Հիմնադրի կողմից Պետական կազմակերպությանը հանձնելն է) Հիմնադիրը չունի իրավունքներ, միակ բացառությունն Օրենքով սահմանված է պետական կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի համար: Այսինքն՝ Օրենքի գործող  կարգավորմամբ Պետական կազմակերպության լուծարման դեպքում է միայն, որ  վերջինիս պատկանող գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարությանը: Օրենքի նշված կարգավորումների եւ Նախագծով նախատեսված Հիմնադրի կողմից Պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնված շարժական գույքը հետ վերցնելու վերաբերյալ նոր կարգավորման միաժամանակյա առկայությունն իրավական շփոթ է առաջացնում: Հատկանշական է, որ Օրենքի գործող 5-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմամբ Հիմնադիրը կարող է հետ վերցնել պետական կազմակերպությանը ամրացված, այն է անհատույց օգտագործման հանձնված գույքը, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված կարգավորմամբ գույքն  այսուհետ Հիմնադիրը ամրացնում է կամ հանձնում է ոչ միայն անհատույց օգտագործման իրավունքով, այլեւ սեփականության իրավունքով:

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 5-րդ հոդվածում (նաեւ Օրենքի 5-րդ հոդվածում) կիրառված «անհատույց եւ անժամկետ օգտագործման իրավունք» ձեւակերպումն՝ առաջարկում ենք վերանայել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում սահմանված հասկացությունները: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածում սահմանված է գույքի անհատույց օգտագործման պայմանագրի վերաբերյալ իրավադրույթներ, որի 2-րդ մասի համաձայն. «2. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 608 հոդվածով, 612 հոդվածի 1-ին կետով եւ 2-րդ կետի առաջին պարբերությամբ, 617 հոդվածով, 624 հոդվածի 2-րդ կետով, 626 հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով սահմանված կանոնները:»:

Սույն դրույթի ուժով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 1-ին կետի եւ 2-րդ կետի 1-ին պարբերությամբ սահմանված վարձակալության պայմանագրի ժամկետի վերաբերյալ կարգավորումները տարածվում են անհատույց օգտագործման պայմանագրի նկատմամբ, որոնք սահմանում են հետեւյալը. «1. Վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով:

2. Եթե վարձակալության ժամկետը պայմանագրում որոշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով»

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նշենք որ անհատույց օգտագործման պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով, սակայն եթե ժամկետը պայմանագրում որոշված չէ, ապա անհատույց օգտագործման պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով: Ուստի «անհատույց անժամկետ օգտագործման իրավունք» ձեւակերպումն առաջարկում ենք վերանայել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմաված անհատույց օգտագործման իրավունքի վերաբերյալ դրույթներով նախատեսված հասկացությունների տեսանկյունից:

Վերը նշված երկու դիտարկումները վերաբերելի են նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 5.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին:

3. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում նշված «իրավունքով հանձնված եւ (կամ) ամրացված» բառերը փոխարինել, մինչդեռ նշենք, որ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում «հանձնված» եւ «ամրացված» բառեր նշված չեն:

4. Նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի (…)»:

Բավի այդ նորմատիվ իրավական ակտը չի ունենում եզրափակիչ դրույթներ:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված մյուս բոլոր նախագծերի «Եզրափակիչ եւ անցումային դրույթներ» վերտառությամբ հոդվածներին:

5. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում նշված «ենթաօրենսդրական» բառից հետո առաջարկում ենք լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված մյուս բոլոր նախագծերի նույնանուն ձեւակերպմանը:

6. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «նախարարության» բառը փոխարինել «նախարարությանը ենթակա» բառերով՝ հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի ձեւակերպումները:

7. «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄ» բառն առաջարկում ենք փոխորինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծի 1-ին հոդվածով դրույթը նոր խմբագրությամբ է շարադրվում: Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջից եւ 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից:

8. «Գնահատման գործունեության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Գնահատման գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ կետում զուգահեռաբար կիրառված են «Կառավարության» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության» ձեւակերպումները: Հիմք ընդունելով «Գնահատման գործունեության մասին» օրենքում կիրառված ձեւակերպումները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն հասկացությունները՝ համապատասխանեցնելով «Գնահատման գործունեության մասին» օրենքում կիրառված ձեւակերպումներին:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված դրույթներում կիրառված «Կառավարության» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության» ձեւակերպումներին:

9. Առաջարկում ենք շտկել  «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 29-րդ հոդվածի շարադասությունը. մասնավորապես՝ «աշխատակազմին», «հանձնաժողովին» եւ «հիմնադրամներին» բառերը համապատասխանաբար փոխարինել «աշխատակազմի», «հանձնաժողովի», «հիմնադրամների» բառերով: 

10. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերությունում նշված «հանձնված (ամրացված)» բառերը փոխարինել «վարձակալությամբ տրամադրված» բառերով. մինչդեռ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերությունում «հանձնված (ամրացված)» բառերը բացակայում են:

11. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի համարակալումից հետո անհրաժեշտ է նշել միջակետ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը:

12. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ «Պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերն առանց մրցույթի, անհատույց օգտագործման են տրամադրվում` պետական կամ համայնքային հիմնարկներին ու կազմակերպություններին, ընդ որում պետության սեփականությանը պատկանող հողերն առանց մրցույթի, անհատույց օգտագործման են տրամադրվում «Պետական գույքի կառավարման մասին» «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքներով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով: Մինչդեռ նշենք, որ թե՛ Նախագծով, եւ թե՛ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված փոփոխությունների արդյունքում ստացվում է, որ պետությանը պատկանող անշարժ գույքը կարող է միայն վարձակալությամբ հանձնվել, իսկ անհատույց օգտագործմամբ կարող է հանձնվել միայն շարժական գույքը.  հետեւաբար «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առանձին նախատեսել որ անշարժ գույք հանդիսացող հողը կարող է անհատույց օգտագործման տրամադրվել չի համապատասխանում Նախագծերի փաթեթով նախատեսված փոփոխություններին. ուստի անհրաժեշտ է նախագծերով նախատեսված կարգավորումները համապատասխանեցնել միմյանց:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների եւ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                    ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

 (հեռ.` 011-513-248)

19.06.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                    ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

 (հեռ.` 011-513-248)

19.06.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել եւ հստակեցնել պետության կողմից պետական կազմակերպությանը կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանը անհատույց հանձնվող գույքի հետ կապված հարաբերությունները՝ սահմանելով, որ ցանկացած շարժական գույքը նշված կազմակերպությունների կտրամադրվի անժամկետ եւ անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով, իսկ անշարժ գույքը՝ վարձակալությամբ: Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նաեւ հարակից մյուս իրավական ակտերում, իսկ 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների եւ հիմնադրամների մասով առաջարկվում է սահմանել նոր կարգավորումներ:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

11.06.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Ներկայիս գործող կարգավորումները, որոնք թույլ են տալիս պետական մարմիններին պետական գույքը օգտագործել անհատույց, իրենց մեջ ներառում են մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ թափանցիկության պակաս, վերահսկողության սահմանափակում եւ պետական բյուջեի եկամուտների հնարավոր կորուստ: Հաշվի առնելով սա, անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական փոփոխություն իրականացնել, որի արդյունքում պետական մարմինները պետական գույքը կվարձակալեն պետությունից անհատույց օգտագործման փոխարեն: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերում սահմանել համապատասխան կարգավորումներ պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության եւ անհատույց օգտագործման տրամադրման վերաբերյալ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                       ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

20.06.2025թ.