ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-1097-02.06.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Ծովինար Վարդանյանի, Արուսյակ Մանավազյանի եւ Ալեն Սիմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-1097-02.06.2025-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում նշված «7-ին ընդունված N ՀՕ-148-Ն» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «7-ի ՀՕ-148» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը: 2. Նախագծի 3-րդ հոդվածով «էներգետիկայի մասին» օրենքի 47-րդ հոդվածում նախատեսվում է լրացնել նոր՝ 8-րդ մաս, մինչդեռ արդեն իսկ ընդունված, բայց դեռեւս չինկորպորացված «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 14-ի ՀՕ-111-Ն օրենքի 6-րդ հոդվածով «էներգետիկայի մասին» օրենքի 47-րդ հոդվածում արդեն իսկ առկա է 8-րդ մաս: 3. «էներգետիկայի մասին» օրենքի 56.1-ին գործող 6-րդ մասով սահմանված է. «Ինքնավար էներգաարտադրողը կարող է մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային՝ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակից հրաժարվելու պայմանով: Սույն մասով նախատեսված դեպքում ինքնավար էներգաարտադրողն օրենքի ուժով ստանում է միկրոէներգաարտադրողի կարգավիճակ՝ առանց տվյալ էներգաարտադրության տեղակայանքի մասով ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակը հետագայում վերականգնելու իրավունքի»: Նախագծի 6-րդ հոդվածով քննարկվող նորմը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում դրանից հանվում է այն կարգավորումը, համաձայն որի, ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակից հրաժարված անձը ստանում է միկրոէներգաարտադրողի կարգավիճակ, հետեւաբար հասկանալի չէ, թե այսուհետ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակից հրաժարված անձը ինչ կարգավիճակ է ունենում: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), 19.06.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), 19.06.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Էներգետիկայի մասին» օրենքում հստակ ամրագրել, որ յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ սպառողի կողմից կարող է մատուցվել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն, որը չի հանդիսանում էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ եւ նշված օրենքի իմաստով կարգավորման ենթակա չէ, ինչպես նաեւ հնարավորություն ստեղծել սպառողի համար՝ իրեն մատակարարված էլեկտրաէներգիան սպառել նաեւ սպառողի սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող եւ իրեն պատկանող ավտոկայանատեղիում կամ որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության այլ տարածքում՝ գործող պահանջներին համապատասխան ինքնուրույն իրականացնելով այդ համակարգերի միմյանց միացումը: Բացի այդ, առաջարկվում է սահմանել նաեւ, որ 150 կՎտ-ը գերազանցող հզորությամբ ինքնավար էներգաարտադրողները կարող են նույն կարգավիճակն ունեցող մյուս անձանց հետ հավասար պայմաններով մասնակցելու էլեկտրաէներգետիկական մրցակցային շուկային՝ այդ կերպ նաեւ խթանելուվ էլետրաէնեգետիկական շուկայում մրցակցությունը եւ ընդլայնելով դրա մրցակցային հատվածում առեւտրի մասնակիցների շրջանակը, ինչպես նաեւ սահմանել, որ ինքնավար խմբի մասնակիցների հարաբերությունները, ներառյալ՝ ինքնավար խմբի ներսում արտադրված էլեկտրական էներգիայի իրացմանն առնչվող հարցերը, որոշվում են ինքնավար խմբի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 10.06.2025թ.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչը պայմանավորված է Հայաստանում շահագործվող էլեկտրամոբիլների լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակության ապահովման եւ գործընթացի դյուրացման անհրաժեշտությամբ: Նախագծի հեղինակների կողմից ներկայացված լրացումներով եւ փոփոխություններով, առաջարկվում է. - ամրագրել, որ յուրաքանչյուր սպառող կարող է մատուցել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն, որը չի հանդիսանում էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ եւ Օրենքի իմաստով կարգավորման ենթակա չէ, ինչպես նաեւ հնարավորություն ստեղծել սպառողի համար՝ իրեն մատակարարված էլեկտրաէներգիան սպառել նաեւ սպառողի սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող եւ իրեն պատկանող ավտոկայանատեղիում ու որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության այլ տարածքում՝ գործող պահանջներին համապատասխան ինքնուրույն իրականացնելով այդ համակարգերի միմյանց միացումը, - 150 կՎտ-ը գերազանցող հզորությամբ ինքնավար էներգաարտադրողների համար հնարավորություն ստեղծել նույն կարգավիճակն ունեցող մյուս անձանց հետ հավասար պայմաններով մասնակցելու էլեկտրաէներգետիկական մրցակցային շուկային՝ դրանով իսկ խթանելով շուկայում մրցակցությունը, - Օրենքում հստակ ամրագրել, որ ինքնավար խմբի մասնակիցների հարաբերությունները, ներառյալ՝ ինքնավար խմբի ներսում արտադրված էլեկտրական էներգիայի իրացմանն առնչվող հարցերը, որոշվում են ինքնավար խմբի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծի ընդունմամբ, հեղինակներն ակնկալում են, որ կապահովվի էլեկտրամոբիլների լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակությունը: Նախագծով առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 09.06.2025թ.
|