ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1100-03.06.2025-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1100-03.06.2025-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք (այսուհետ` Օրենսգիրք) ձեւակերպումը հանել` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում:

2. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

20.06.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

20.06.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է պետական, ինչպես նաեւ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերը (տվյալ դեպքում՝ գյուղատնտեսական նշանակության հողերից՝ արոտավայրերը) ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով (ելնելով վերջիններիս ծավալներից) տրամադրել երկարաժամկետ վարձակալության՝ միաժամանակ վարձակալի համար սահմանելով հողերի պահպանությանն ուղղված միջոցառումներն իրականացնելու եւ այն ըստ գործառնական նշանակության օգտագործելու պարտավորություններ:

Օրենսգրքով սահմանված ներկա կարգավորումներով՝ վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս միայն նախապատվության իրավունք ունի: Նախագծով առաւջարկվում է սահմանել, որ գյուղատնտեսական նշանակության հողերից՝ արոտավայրերի վարձակալության ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 25 տարի ժամկետով՝ սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր (այդ թվում՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր) իրականացնելու նպատակով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

18.06.2025թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում, ինչը պայմանավորված է ելնելով ներդրումային ծրագրերի ծավալների, մասնավորապես, արոտավայրերի երկարաժամկետ վարձակալության տրամադրման հնարավորության հարցի դիտարկման անհրաժեշտությամբ՝ պայմանով, որ ներդրումային ծրագրի դադարեցման կամ ոչ ամբողջական կատարման դեպքում կդադարի կամ կվերանայվի նաեւ վարձակալության պայմանագիրը:

Նախագծով առաջարկվում է պետական, ինչպես նաեւ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերը (արոտավայրերը), ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով դիտարկել երկարաժամկետ վարձակալության տրամադրման հնարավորության հարցը: Միաժամանակ, վարձակալի համար սահմանվելու է հողերի պահպանությանն ուղղված միջոցառումներն իրականացնելու եւ այն ըստ գործառնական նշանակության օգտագործելու պարտավորություններ:

Նախագծի ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կկանոնակարգվեն պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերի (տվյալ դեպքում՝ գյուղատնտեսական նշանակության հողեր) ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով երկարաժամկետ վարձակալության տրամադրման գործընթացները:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝    Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

24.06.2025թ.