ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1099-03.06.2025-ՏՀ-011/0) եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10991 -03.06.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1099-03.06.2025-ՏՀ-011/0) եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10991 -03.06.2025-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում առաջարկում ենք շտկել «Հարկային ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) հերթական համարի վրիպակը՝ «ՀՕ-402» թիվը փոխարինել «ՀՕ-407» թվով: 2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 30-րդ հոդվածի 6-րդ մասում առաջարկում ենք «ՀՀ» հապավումը հանել՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ սահմանված հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Նույն առաջարկությունը վերաբերելի է նաեւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Մաքսային ծառայության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 26-րդ հոդվածի 12-րդ մասում (ըստ ճիշտ համարակալման 6-րդ մասի) նշված «ՀՀ» հապավմանը: 3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «Կոմիտեի» բառը փոխարինել «հարկային մարմնի» բառերով, հաշվի առնելով այն հանգամաքը, որ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված է. Հարկային մարմինը Պետական եկամուտների կոմիտեն է (այսուհետ՝ հարկային մարմին): Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից: Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 33-րդ հոդվածի 5-րդ մասում նշված «Կոմիտեի» բառերին: 4. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Նույն առաջարկությունը վերաբերելի է նաեւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերնագրին: 5. Առաջարկում ենք ապահովել «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Մաքսային ծառայության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 26-րդ, 28-րդ եւ 29-րդ հոդվածների մասերի համարակալման հաջորդականությունը: 6. «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Մաքսային ծառայության մասին» օրենքի 26-րդ, 28-րդ եւ 29-րդ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում «Մաքսային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասից դուրս է մնում՝ ( ): Նշված անձինք պարտավոր են ունենալ նաեւ տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն» դրույթը: Կարծում ենք՝ տվյալ դրույթի հանումը նպատակահարմար չէ, քանի որ նման հմտությունների առկայությունը կարող է կարեւոր դեր ունենալ արտակարգ կամ դժբախտ պատահարների ժամանակ՝ մինչեւ մասնագիտական բուժօգնության ժամանումը։ Առաջին բուժօգնության ցուցաբերումը կարող է էականորեն նպաստել տուժածի կյանքի եւ առողջության պահպանմանը։ Ուստի առաջարկում ենք վերանայել փոփոխությունը եւ պահպանել նշված պարտավորությունը օրենքի տեքստում։ Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալի համատեքստում անհրաժեշտ է վերանայել նաեւ «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում առկա համանման կարգավորումը, մասնավորապես՝ վերոնշյալ նախագծով «Մաքսային ծառայության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 30-րդ հոդվածի 1-ին մասում առկա կարգավորումը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Հարկային ծառայության մասին» օրենքի, «Մաքսային ծառայության մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 20.06.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 20.06.2025թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքների՝ հարկային եւ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի օգտագործման հետ կապված կարգավորումները համապատասխանեցնել 2023թ.-ի հունիսի 1-ից գործող «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համապատասխան կարգավորումներին: Մասնավորապես, նշված օրենքներում վերաշարադրվում եւ խմբագրվում են հարկային եւ մաքսային մարմինների հանրային ծառայողների հատուկ միջոցների կազմը, նրանց կողմից ֆիզիկական ուժի կիրառման հիմքերը, պայմանները եւ սահմանները, զենքի կիրառման (գործադրման եւ օգտագործման) հիմքերը, պայմանները եւ այդ հանրային ծառայողների անհատական պաշտպանության միջոցների կազմը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 16.06.2025թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքներում, ինչը պայմանավորված է վերոհիշյալ օրենքների կարգավորումները 2023 թվականի հունիսի 1-ից գործող «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կհստակեցվեն հարկային եւ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառման հետ կապված հարաբերությունները, նպատակ ունենալով զարգացնել եւ կայացնել հանրային ծառայության համակարգը՝ դրված խնդիրներն արդյունավետ լուծելու, արհեստավարժ եւ բարեվարքությամբ օժտված մարդկային կապիտալ ձեւավորելու միջոցով: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 11.06.2025թ.
|