ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական տուրքի մասին օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1105-09.06.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1105-09.06.2025-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` «Օրենք»)» ձեւակերպումը ` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Պետական տուրքի մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 25.06.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 25.06.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում եւ փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածում, համաձայն որի՝ նախատեսվում է պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմնարար իրավունքների խախտման հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հայցով, եթե նախաքննության մարմինը, դատախազը կամ դատարանը հաստատել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետեւանքով իրավունքի խախտման փաստը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 20.06.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում եւ փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: Ակնկալվում է, որ Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմնարար իրավունքների խախտման հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հայցերով երաշխիքներ սահմանել արդար դատաքննության իրավունքի մաս կազմող դատարանի մատչելիության իրավունքի լիարժեք իրացման համար՝ կապված գործերի բնույթի, դիմող սուբյեկտների եւ պաշտպանվող իրավունքի տեսակի հետ: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 17.06.2025թ.
|