ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1068-12.05.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված   «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1068-12.05.2025-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում հանվում է ոստիկանությունում ծառայության անցնելու համար սահմանված առավելագույն տարիքային սահմանափակումը, առաջարկում ենք համապատասխան փոփոխություն կատարել Օրենքի 60.5-րդ հոդվածի 1-ին մասում նշված «սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջները (բացառությամբ տարիքային եւ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պահանջների)» արտահայտության մեջ:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 14-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6.3-րդ մասով սահմանված է. «Համայնքային ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն այն անձինք, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում եւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ստացել են համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն: Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում կատարվում է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո»: Այս համատեքստում հարկ է նկատել, որ Նախագծի 5-րդ հոդվածով սահմանված է դրույթ, որը միտված է քննարկվող նորմի վերաբերյալ լրացուցիչ հստակություններ կատարելուն: Մասնավորապես՝ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված պայմանը կիրառելի է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն ստացած առաջին հոսքի շրջանավարտների նկատմամբ, որոնց շնորհվում է առնվազն ոստիկանության լեյտենանտի կոչում, ինչպես նաեւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտած եւ համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվող ոստիկանության ծառայողների նկատմամբ: Այդ շրջանավարտները եւ ծառայողները համարվում են հավելավճար նախատեսող ատեստավորում անցած: Մինչեւ համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվելը ատեստավորում անցած ծառայողների ատեստավորման արդյունքները պահպանվում են մինչեւ համայնքային ոստիկանության համապատասխան խմբերի պաշտոններում նշանակվելը»: Հատկանշական է, որ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմը իր բնույթով եւ բովանդակությամբ միտված է ոչ թե Նախագծի անցումն ապահովելուն, այլ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 14-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6.3-րդ մասով սահմանված նորմի վերաբերյալ հստակեցում մտցնելուն: Ինչից բխում է, որ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումն իրենից չի ներկայացնում անցումային դրույթ, այն հանդիսանում է հիմնական դրույթ, որը պետք է սահմանված լինի Օրենքի 14-րդ հոդվածում՝ այդ հոդվածում Նախագծով լրացվող նոր 6.3-րդ մասի ճիշտ կիրարկումը մշտապես ապահովելու համար: Այս դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված անցումային դրույթների վերաբերյալ կարգավորումներից:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

22.05.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

22.05.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով, առաջարկվում է վերանայել ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները: Մասնավորապես, հանվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումը, հնարավորություն է տրվում ոստիկանությունում ծառայության անցնել նաեւ 35 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ եւ առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները: Նախագծով հնարավորություն է տրվում ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորել պաշտոնի նշանակվելուց երկու ամիս անց, ինչպես նաեւ հնարավորություն է ստեղծվում համայնքային ոստիկանությունը առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրում իրականացնելու համար: Ընդ որում, արհեստագործական կրթություն ստացած, ինչպես նաեւ համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները կհամարվեն  հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած, ինչն էլ կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացմանը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան

14.05.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում կատարել փոփոխություններ եւ լրացումներ: 

Նախագծի ընդունումը պայմանավորված է համայնքային ոստիկանության կադրերի մասնագիտական պատրաստվածության բարելավման, համայնքային ոստիկանությունում արհեստավարժ կադրերով համալրելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ոստիկանությունում ծառայության անցնելու խոչընդոտը վերացնելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է՝

  • հանել ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը,
  • հնարավորություն տալ ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորվել պաշտոնի նշանակվելուց  երկու ամիս անց,
  • նախատեսել դրույթ, առ այն, որ համայնքային ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն այն անձինք, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում եւ լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ստացել են համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն եւ այլն: 

Նախագծի ընդունումը կարող է սոցիալական առումով դրական ազդեցություն ունենալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 35 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ի տարբերություն ներկայիս կարգավորումների,  հնարավորություն կունենան ոստիկանությունում ծառայության անցնելու, ինչպես նաեւ ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված  ծառայողը պաշտոնի նշանակվելուց ո՛չ թե վեց, այլ երկու ամիս անց իրավունք ձեռք կբերի ատեստավորվելու եւ վերջինիս արդյունքներով ստանալ հավելավճար:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                        ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

20.05.2025թ.