ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1107-17.06.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1107-17.06.2025-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 264-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվող փոփոխության արդյունքում դատական վերանայման ինստիտուտում սահմանվելու է վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր կանխավարկած: 

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն յուրաքանչյուր ոք ունի անկախ եւ անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Սահմանադրական այս սկզբունքը ամրագրված է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածում: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը,  որպես մեկ ամբողջություն, երաշխավորում է քրեական դատաքննությանն արդյունավետորեն մասնակցելու՝ մեղադրյալի իրավունքը: Այն ընդհանուր առմամբ ներառում է, ի թիվս այլ իրավունքների, ոչ միայն ներկա լինելու, այլ նաեւ՝ վարույթը լսելու եւ վարույթի ընթացքին հետեւելու իրավունքները։ Այդ իրավունքներն անուղղակիորեն բխում են «մրցակցային դատավարություն» հասկացությունից եւ կարող են բխեցվել նաեւ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ», «դ» եւ «ե» ենթակետերում ամրագրված երաշխիքներից: Այս իրավունքը կապակցված է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով եւ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված «հրապարակային դատաքննության» իրավունքին, որն անհրաժեշտորեն ենթադրում է «բանավոր դատաքննության» իրավունք: 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային պրակտիկան, անդրադառնալով հրապարակային եւ արդար դատաքննության բաղադրատարրերի Կոնվեցիայի 6-րդ հոդվածի ոգով կենսագործմանը, արձանագրել է, որ դատական նիստ անցկացնելու պարտավորությունը 6-րդ հոդվածի քրեաիրավական բաղադրիչին համապատասխանող ոչ բոլոր գործերի դեպքում է բացարձակ: Ընդ որում, ընդգծվել է, որ  մեղադրյալի մասնակցությունը վերաքննիչ վարույթին չունի նույն վճռորոշ նշանակությունը, ինչպես այն ունի առաջին ատյանի դատաքննությանը: Համաձայնվելով այս տեսակետի հետ եւ արձանագրելով, որ բանավոր դատաքննության բացակայությունը կարող է համատեղելի լինել 6-րդ հոդվածի պահանջների հետ՝ այնուամենայնիվ, ցանկանում ենք նշել, որ Եվրոպական դատարանը Պոպան եւ Տանասեսկուն ընդդեմ Ռումինիայի1 գործով արձանագրել եւ հետագայում Մտչեդլիշվիլին ընդդեմ Վրաստանի գործով2   նաեւ վերահաստատել է, որ « (…) երբ վերաքննիչ դատարանը կոչ է արվում գործը քննել փաստերի եւ օրենքի առնչությամբ եւ լիարժեք գնահատել դիմումատուի մեղավորության կամ անմեղության հարցը, նա չի կարող, որպես արդար դատաքննության հարց, պատշաճ կերպով որոշել այդ հարցերը առանց մեղադրյալի կողմից անձամբ տրված ապացույցների ուղղակի գնահատման, երբ վերջինս պնդում է, որ նա չի կատարել վերը նշված արարքը: Դատարանը գտել է, որ քրեական մեղադրանքը որոշելիս, այնուամենայնիվ, ամբաստանյալին անձամբ լսելը պետք է լինի ընդհանուր կանոն։ Այս սկզբունքից ցանկացած շեղում պետք է լինի բացառիկ եւ ենթարկվի սահմանափակող մեկնաբանության:»: 

Սույն գաղափարը ելակետային համարելով եւ այն շարունակելով՝ Եվրոպական դատարանը նույն որոշմամբ նաեւ արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի վերաքննիչ դատարանը հստակորեն պարզաբանի գործի բանավոր քննությունից հրաժարվելու բացառիկ պատճառները:

Վերոշարադրյալի լույսի ներքո հայտնում ենք մտավախություն, որ Եվրոպական դատարանի նախադեպային դիրքորոշումները չեն արտացոլվում Նախագծով առաջարկվող կարգավորումներում, ըստ որոնց՝ ընդհանուր կանոնի կարգավիճակ ձեռք է բերում վերաքննիչ դատարանում գրավոր դատաքննության անցկացումը, իսկ բանավոր դատաքննությունը որպես նրանից շեղում՝ բացառության: Այս անհամապատասխանությունը կարող է մեկնաբանվել որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածով եւ համապատասխանաբար Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված արդար եւ հրապարակային դատաքննության պահանջի խախտում:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվող փոփոխությունը:

2. Նախագծի 6-րդ հոդվածում առաջարկում ենք պահպանել դասական թվականների ճիշտ գրելաձեւը:

3. Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում կատարվող լրացումները կարծում ենք առաջացնում է անհրաժեշտություն լրացում կատարել նաեւ հոդվածի վերնագրում, քանզի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»: Ուստի առաջարկում ենք այս պահանջը պահպանելու նպատակով լրացում նախատեսել Օրենսգրքի 379-րդ հոդվածի վերնագրում եւ «հրապարակմանը» բառից հետո լրացնել «կամ կայացմանը» բառակապակցությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 63-րդ հոդվածի տեսանկյունից: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

07.07.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

07.07.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթներում ներառել նաեւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 46-րդ գլխով նախատեսված վարույթը: Մասնավորապես, դատական վերանայման ինստիտուտում վերաքննություն իրականացնելիս Նախագծով առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ: Նախագծով առաջարկվում է նաեւ՝

- վերաքննիչ բողոքների՝ դատական նիստում քննելու իրավական հնարավորություն: Մասնավորապես, բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կգա եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում, գործի քննության ցանկացած փուլում կարող է որոշում կայացնել վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու մասին՝ գրավոր ընթացակարգով իրականացող վարույթը փոխակերպելով բանավոր ընթացակարգի,

- վերաքննիչ բողոքների քննության հստակ ժամկետներ սահմանել, որի արդյունքում կարգավորումը վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգի հետ զուգորդմամբ կնպաստի բողոքների քննության արագությանը, հետեւաբար՝ նաեւ գործերի ողջամիտ ժամկետներում քննության պահպանմանը,

- դատավճռին ներկայացվող պահանջների փոփոխություն, մասնավորապես՝ սահմանվում է, որ նախագահողը կնքում է վճռի յուրաքանչյուր էջը եւ ստորագրում է վճռի եզրափակիչ մասը, որը կթեթեւացնի դատավորների անհարկի ծանրաբեռնվածությունը՝ մեծածավալ վճիռների յուրաքանչյուր էջը ստորագրելու ձեւական պահանջը փոխարինելով միայն վճռի վերջին էջը ստորագրելու պահանջով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

25.06.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), ըստ որի առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ: 

Մասնավորապես, առաջարկվում է ամրագրել վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած՝ սահմանելով ինչպես այդ մասին վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու պահը, այնպես էլ՝ վերաքննիչ բողոքարկման ընթացքում ապացույցներ հետազոտելու միջնորդություն եւ վերաքննիչ բողոքի քննության ընթացքում բողոքի սահմաններից ի շահ մեղադրյալի դուրս գալու դեպքերում բանավոր ընթացակարգով բողոքների քննության առանձնահատկությունները:

Նախագծով հեղինակն առաջարկում է նաեւ վերաքննիչ բողոքների քննության հստակ ժամկետներ սահմանել, որպեսզի կարգավորումը վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգի հետ զուգորդմամբ նպաստի բողոքների քննության արագությանը, հետեւաբար նաեւ, գործերի ողջամիտ ժամկետներում քննության պահպանմանը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծով նախատեսվող փոփոխություններ եւ լրացումների ընդունման դեպքում հեղինակն ակնկալում է վերաքննիչ բողոքների գրավոր ընթացակարգով քննության միջոցով թեթեւացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել գործերի քննության ողջամիտ ժամկետներ, դատական ակտերի պատշաճ ծանուցումների ապահովմամբ իրական եւ օբյեկտիվ հնարավորություն ստեղծել Օրենսգրքով սահմանված ժամկետներում դատավճիռը կողմերին ուղարկելու պահանջը:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ                                              

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

24.06.2025թ.

-------------------------------------------------------------------------------

[1] Տե՛ս Popa and Tanasescu v. Romania, no. 19946/04,  46, 10 April 2012

https://hudoc.echr.coe.int/eng#{%22appno%22:[%2219946/04%22],%22itemid%22:[%22001-110212%22 ]}

[2] Տե՛ս Mtchedlishvili v. Georgia 25/02/2021, 33

https://hudoc.echr.coe.int/#{%22itemid%22:[%22001-208015%22 ]}