ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1108-25.06.2025-ՖՎ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1108-25.06.2025-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ (այսուհետ՝ Հիմնավորում)՝ որպես Նախագծի ներկայացման պատճառ եւ նպատակ նշված է. «ՀՀ բյուջետային գործընթացը սահմանվում է ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքով, համաձայն որի, ՀՀ բյուջետային գործընթացը կազմված է փոխկապակցված երկու փուլերից? (i) միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակում, որի շրջանակներում սահմանվում են առաջիկա երեք տարիների մակրոտնտեսական, հարկաբյուջետային եւ ծախսային քաղաքականությունները եւ շրջանակը, եւ (ii) առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծի մշակում: Թեեւ վերոհիշյալ երկու փուլերն ունեն տարբեր նպատակներ եւ արդյունքներ, սակայն գործնականում նշված երկու փուլերում հիմնականում նույնական են հայտատու մարմիններից ստացվող տեղեկատվության ծավալը, կազմը, քննարկումների գործընթացների կազմակերպումը եւ փաստաթղթերի բովանդակությունը, ինչի արդյունքում ՄԺԾԾ գործընթացը եւ քննարկումները հաճախ գործնականում վերածվում են մանրամասն բյուջետային քննարկումների? նվազեցնելով ՄԺԾԾ գործընթացի ռազմավարական նշանակությունը եւ ուղղվածությունը: Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել եւ պարզեցնել ՄԺԾԾ փաստաթղթի կառուցվածքը? կենտրոնանալով հարկաբյուջետային շրջանակի ներկայացման վրա, իսկ ծախսային քաղաքականության մանրամասն նկարագրության փոխարեն? ներկայացնելով միջնաժամկետ հատվածում Կառավարության ծախսային ընդհանուր քաղաքականությունը»: Կարծում ենք, սակայն, Նախագիծը չի արտացոլում Հիմնավորմամբ նշված նպատակը: Այսպես՝ Օրենքի գործող 15.1-ին հոդվածով սահմանվում է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մաս եւ կառավարության ծախսային քաղաքականության ռազմավարությունը շարադրող մաս, ընդ որում՝ նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սպառիչ թվարկված է, թե նշված երկու մասերը ինչ տեղեկություն պետք է պարունակեն: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 15.1-ին հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում պահպանվում են միջնաժամկետ ծախսերի ծրագրի երկու մասից բաղկացած լինելը եւ կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մասում ընդգրկվող տեղեկությունների սպառիչ ցանկը սահմանող կարգավորումները: Քննարկվող նորմը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում դրանից հանվում է միայն կառավարության ծախսային քաղաքականության ռազմավարությունը շարադրող մասում նշվող տեղեկությունների սպառիչ ցանկը: Ինչի արդյունքում Հիմնավորմամբ նշված միջնաժամկետ ծախսերի ծրագիրը պարզեցնելու փոխարեն համապատասխան նորմը դառնում է անորոշ, քանզի հասկանալի չէ, թե կառավարության ծախսային քաղաքականության ռազմավարությունը շարադրող մասում ինչ տեղեկություններ պետք է նշվեն: 2. Օրենքի գործող 15.1-ին հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մասը պետք է պարունակի միջնաժամկետ ծախսերի ծրագրի առաջիկա 3 տարվա կտրվածքով կանխատեսումներ, Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 15.1-ին հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում սահմանվում է, որ կանխատեսումները պետք է լինեն առնվազն 3 տարվա կտրվածքով: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված միջնաժամկետ ծախսերի ծրագրին վերաբերող կարգավորումներում շարունակում է կիրառվել «առաջիկա 3 տարվա» ձեւակերպումը Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 15.1-ին հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում կիրառվող «առնվազն 3 տարվա» ձեւակերպման փոխարեն: Առաջարկում ենք ապահովել Նախագծի եւ Օրենքի կարգավորումների համապատասխանությունը միմյանց: 3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում վերջինից հանվում է կարգավորումը, համաձայն որի, բյուջետային ֆինանսավորման հայտերը պետք է ցույց տան կապն առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հետ եւ ընդգծեն առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նկատմամբ բոլոր զգալի շեղումները: Նշենք, որ այս փոփոխության նպատակը հասկանալի չէ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի 21-րդ հոդվածի 2.1-ին եւ 2.2-րդ մասերով սահմանված է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հանդիսանում է պետական բյուջեի համար հիմք: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը Օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 15.07.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 15.07.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վերանայել միջնաժամկետ ծախսերի ծրագրին ներկայացվող պահանջները եւ հնարավորինս կրճատել ծախսային քաղաքականության վերաբերյալ պետական մարմինների կողմից պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվությունը, որը պետք է պարունակի յուրաքանչյուր պետական մարմնի ծախսային քաղաքականության ռազմավարությունը շարադրող մասը: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրի փաստաթուղթն առավելապես կներառի տեղեկություններ հարկաբյուջետային շրջանակի եւ Կառավարության ծախսային ընդհանուր քաղաքականության վերաբերյալ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 03.07.2025թ.
Կառավարության կողմից ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծով առաջարկվում է հնարավորինս կրճատել միջնաժամկետ ծախսերի ծրագրի ծախսային քաղաքականության վերաբերյալ պետական մարմինների կողմից պարտադիր ներկայացման ենթակա այն տեղեկատվությունը, որը պետք է պարունակի յուրաքանչյուր պետական մարմնի ծախսային քաղաքականության ռազմավարությունը շարադրող մասը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 09.07.2025թ.
|