ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1112-26.06.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1112-26.06.2025-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում: Միաժամանակ նշենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես անշարժ գույք, դիտարկվում է ոչ միայն պայմանավորվող կողմի օրենքով նախատեսված անշարժ գույքը, այլեւ անշարժ գույքի օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում եւ անտառային տնտեսությունում օգտագործվող անասունն ու սարքավորումները, այն իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, անշարժ գույքի օգտագործման իրավունքը (ուզուֆրուկտը) եւ օգտակար հանածոների հանքատեղերի, հանքավայրերի եւ այլ բնական պաշարների մշակման կամ մշակման իրավունքի դիմաց փոխհատուցման կարգով վճարվող փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ անշարժ գույք չեն դիտարկվում: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիայում (այսուհետ՝ Կոնվենցիա) Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաեւ կոնվենցիան վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության վերաբերյալ» եզրակացության համաձայն՝ «Կոնվենցիան, թեեւ չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն պարունակում է օրենքին հակասող դրույթ»: Մասնավորապես եզրակացությամբ նշված է, որ Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր՝ սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման, նա այդ Պայմանավորվող պետությունների ներպետական օրենքներով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից անկախ կարող է իր գործը ներկայացնել ցանկացած Պայմանավորվող պետության իրավասու մարմին: Գործը պետք է ներկայացվի Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցումից հետո՝ երեք տարվա ընթացքում: Ուստի դրույթը հակասում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 441-րդ հոդվածի 4-րդ մասին, համաձայն որի՝ հարկային մարմնի ընդունած եւ ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը՝ այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Մինչդեռ նշենք, որ Կոնվենցիայի համապատասխան դրույթը վերաբերում է Պայմանավորվող պետությունների կողմից Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկմանը հանգեցնող գործողություններին, իսկ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նշված դրույթը հարկային մարմնի ընդունած անհատական իրավական ակտերին, որը կապ չունի Պայմանավորվող կողմերի հետ, ուստի Կոնվենցիայով սահմանված կարգավորումները հատուկ կարգավորումներ են, որոնք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններից բացառություն են եւ չեն պարունակում հակասական կարգավորումներ: Միաժամանակ նշենք, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով, ( ): Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 09.07.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 09.07.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա), որով կանոնակարգվում են պայմանավորվող պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Կոնվենցիան հետապնդում է երկու հիմնական նպատակ՝ 1) բացառել եկամուտների կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը՝ պայմանավորվող պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի եւ ներդրումների վրա, 2) ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ, քանի որ այն համարվում է միջազգային պայմանագիր, ունի գերակայություն ազգային օրենսդրության նկատմամբ եւ ի տարբերություն ազգային օրենսդրությունների, շատ ավելի քիչ է ենթարկվում փոփոխությունների (կամ չի փոփոխվում): Կոնվենցիայով երկու պետությունների հարկային մարմինների միջեւ նախատեսվում է համագործակցության հաստատում: Այդպիսի համագործակցությունը ներառում է կրկնակի հարկմանը եւ հարկային օրենքների կիրառմանը վերաբերող վիճելի հարցերի կարգավորման հնարավորություն, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակում՝ հարկումից խուսափելը կանխելու նպատակով: Համաձայն ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության, Կոնվենցիայի վավերացումը, այլ հավասար պայմաններում, կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման, կապված այն հանգամանքի հետ, որ սահմանափակվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից առանց մշտական հաստատության հայաստանյան աղբյուրներից ստացվող ձեռնարկատիրական եկամուտների Հայաստանի Հանրապետությունում հարկման իրավունքը: Միաժամանակ, Կոնվենցիայում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 03.07.2025թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երեւանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա), որի նպատակն է առեւտրատնտեսական եւ մշակութային երկկողմ փոխգործակցության ամրապնդումը: Կոնվենցիան հետապնդում է երկու հիմնական նպատակ՝ 1) բացառել եկամուտների կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի եւ ներդրումների վրա, ինչը հնարավորություն է տալիս խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը՝ ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար, 2) ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ, քանի որ այն համարվում է միջազգային պայմանագիր, ունի գերակայություն ազգային օրենսդրության նկատմամբ եւ ի տարբերություն ազգային օրենսդրությունների, շատ ավելի քիչ է ենթարկվում փոփոխությունների (կամ չի փոփոխվում): Կոնվենցիայի վավերացումը հնարավորություն կտա զարգացնելու Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 04.07.2025թ.
|