ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1115-26.06.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1115-26.06.2025-ՏՀ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ) միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են տարբեր բառեր՝ տարբեր հերթականությամբ, ինչպես նաեւ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) սահմանված հասկացությունները կիրառվում են տարբեր կերպ: Օրինակ՝ 1) Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 9.1-ին կետում կիրառված է «չափագիտության ոլորտի լիազոր մարմին» հասկացությունը, Նախագծի 11-րդ հոդվածով Օրենքում լրացվող 9.2-րդ հոդվածի 2-րդ մասում եւ Նախագծի 25-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 27-րդ հոդվածի 1-ին մասում՝ «լիազոր մարմին» հասկացությունը: Հարկ է նկատել, որ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում սահմանված է «չափագիտության լիազոր մարմին» հասկացությունը: 2) Նախագծում կիրառված են «մեծությունների չափման միավորներ» եւ «մեծությունների միավորներ» հասկացությունները՝ համապատասխան հոլովաձեւերով: 3) Նախագծում գործածվում են «չափումների ազգային մարմին» եզրույթի կիրառության երկու տարբերակ, մասնավորապես այն կիրառվում է ինչպես փոքրատառով, այնպես էլ մեծատառով: Միեւնույն ժամանակ Օրենքում նշված հասկացության կիրառության համար ընտրվել է մեծատառով գրելու տարբերակը: 4) Նախագծի 13-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 10.1-ին հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում կիրառված է «ստուգաչափման վկայական» եզրույթը, մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 11.1-ին կետով սահմանված է «չափման միջոցի ստուգաչափման դրական կամ բացասական արդյունքները հավաստող փաստաթուղթ» հասկացությունը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում կիրառել սահմանված հասկացությունները, ինչպես նաեւ միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ: 2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետի «իա» ենթակետով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 22-րդ եւ 23-րդ կետերում սահմանված են հետեւյալ հասկացությունները. «22) չափման մեթոդիկայի (մեթոդ) վկայագրում՝ չափումների մեթոդիկայի (մեթոդի) հետազոտություն եւ հավաստում, որ այն համապատասխանում է չափումների նկատմամբ սահմանված չափագիտական պահանջներին. 23) չափագիտական վկայագրում՝ իր կազմում մեկից ավելի չափիչ սարք ունեցող կամ լրացուցիչ սարքերի հետ համատեղ աշխատող չափման միջոցների համալիրների ստուգաչափում.»: Նշված հասկացությունների Օրենքում ամրագրման կապակցությամբ հարկ է նշել, որ Օրենքում չափման մեթոդիկայի (մեթոդի) վերաբերյալ կարգավորումներում շարունակում է կիրառվել չափագիտական վկայագրում հասկացությունը: Օրինակ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է. «2. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաները ենթակա են չափագիտական վկայագրման:»: Կարծում ենք՝ Նախագծով Օրենքում «չափման մեթոդիկայի (մեթոդ) վկայագրում» հասկացության ներդրմամբ անհրաժեշտություն է առաջանում չափման մեթոդիկայի (մեթոդի) վերաբերյալ կարգավորումները համապատսխանեցնել նոր հասկացություններին՝ իրավական շփոթից խուսափելու նպատակով: 3. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ: Առաջարկում ենք Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը նոր խմբագրությամբ շարադրելիս պահպանել Օրենքում գլուխների վերնագրերի կիրառության միատեսակ մոտեցումը, մասնավորապես՝ «Գլուխ» բառը գրել մեծատառերով եւ համարակալումից հետո դրված միջակետը հանել: Նույն դիտարկմամբ առաջարկում ենք նաեւ Նախագծի 19-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխի համարակալումից հետո դրված միջակետը հանել: 4. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածը վերնագրված է «Ազգային եւ աշխատանքային չափանմուշներին ներկայացվող պահանջները»: Հարկ է նկատել, որ նշված հոդվածում սահմանված կարգավորումները ընդգրկում են նաեւ ազգային չափանմուշի համակարգի վերաբերյալ դրույթներ: Ուստի քննարկվող հոդվածում նախատեսված կարգավորումների շրջանակը, հոդվածի բովանդակությունն ավելի լայն է, քան ենթադրում է սահմանված վերնագիրը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք ապահովել Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջից, որի համաձայն. «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»: 5. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված է «հաստատման» բառից հետո լրացնել «, եթե չունի չափագիտական հետեւելիությունը հավաստող փաստաթուղթ» բառերը: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծով չի սահմանվում չափագիտական հետեւելիությունը հավաստող փաստաթուղթ հասկացությունը, եւ որեւէ կարգավորում չկա չափագիտական հետեւելիությունը հավաստող փաստաթղթի ձեւը բացահայտող: Ուստի իրավական որոշակիության ապահովման նպատակով առաջարկում ենք սահմանել նվազագույն կարգավորումներ չափագիտական հետեւելիությունը հավաստող փաստաթղթի ձեւի վերաբերյալ: 6. Նախագծի 13-րդ հոդվածը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման համակարգի մարմինը»: Առաջարկում ենք վերնագրում կիրառել Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում սահմանված «չափագիտության լիազոր մարմին» հասկացությունը, ոչ թե այն բացահայտող ձեւակերպումը: 7. Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 12-րդ հոդվածի վերնագիրը շարադրվում է հետեւյալ կերպ. «Չափագիտության կառավարման խորհուրդ»: Նշված փոփոխությունն անհրաժեշտություն է առաջացնում նաեւ նշված հոդվածի 1-ին մասում «Կառավարման խորհուրդը» բառերը փոխարինել «Չափագիտության կառավարման խորհուրդը» բառերով: 8. Նախագծի 23-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 24-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասի համաձայն. «3. Իրավաբանական անձը եւ անհատ ձեռնարկատերը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում կարգադրագրի կատարման մասին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնել տեսչական մարմնին:»: Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է, որ կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչական մարմնին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով: Հարկ է նկատել, որ Նախագծով սահմանվում է իրավաբանական անձի եւ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեսչական մարմին կարգադրագրի կատարման մասին տեղեկացնելու երկու եղանակ, մասնավորապես՝ գրավոր կամ էլեկտրոնային: Մինչդեռ Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված դրույթը պատասխանատվություն է նախատեսում միայն գրավոր եղանակով չտեղեկացնելու համար: Առաջարկում ենք Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում կատարել համապատասխան փոփոխություն՝ պատասխանատվություն նախատեսող նորմում ներառելով նաեւ էլեկտրոնային եղանակով չտեղեկացնելը: 9. Նախագծի 26-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավադրույթների համապատասխանությունը «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 17.07.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 17.07.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության բառարաններով սահմանված հասկացություններին ներդաշնակեցված հասկացություններ, չափածրարված արտադրանքին, որպես չափիչ անոթ օգտագործվող շշերին, ոչ ավտոմատ գործողության կշռող սարքերին ներկայացվող պահանջները եւ դրանց շուկայահանման կարգը, չափագիտության ազգային մարմնին աջակցող եւ ոլորտի փորձագետներից կազմված չափագիտության խորհրդի գործառույթները: Բացի այդ, նախատեսվում է նաեւ ընդլայնել օրենսդրական չափագիտության տարածման ոլորտները, ինչպես նաեւ հստակեցնել ազգային եւ աշխատանքային չափանմուշներին ներկայացվող պահանջները եւ չափագիտության լիազոր մարմնին ու ազգային մարմնին վերապահված գործառույթները: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 02.07.2025թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչը պայմանավորված է Օրենքի կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, արձանագրված ոլորտային բացթողումները եւ խնդիրները վերանայելու, դրանով իսկ՝ ոլորտը արդիականացնելու եւ նոր իրավակարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով, հեղինակը նախատեսում է՝ - OIML V 1 եւ OIML V 2-200 միջազգային բառարաններով սահմանված հասկացություններին ներդաշնակեցված հասկացություններ, - չափածրարված արտադրանքի նկատմամբ չափագիտական եւ դրանց շուկայահանման պահանջներ, - ազգային եւ աշխատանքային չափանմուշներին ներկայացվող պահանջների հստակեցում, - օրենսդրական չափագիտության տարածման ոլորտների ընդլայնում, - կառավարությանը վերապահված գործառույթների սահմանում առանձին հոդվածով, - չափագիտության լիազոր մարմնին եւ ազգային մարմնին վերապահված գործառույթների հստակեցում: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագծով նախատեսվող փոփոխություններ եւ լրացումների ընդունման դեպքում հեղինակն ակնկալում է կարգավորել չափումների միասնականության ապահովման ոլորտը՝ համապատասխանեցնելով միջազգային պրակտիկայում գործող փորձին եւ օրենսդրությանը: Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 02.07.2025թ.
|