ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1116-30.06.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված   «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1116-30.06.2025-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 314-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելիս նախկինում կիրառվող «ռեզիդենտ» հասկացության փոխարեն կիրառվում է «հարկային ռեզիդենտ» հասկացությունը: Հատկանշական է, որ Օրենսգքրում «հարկային ռեզիդենտ» հասկացությունն այլեւս ոչ մի այլ կարգավորման մեջ չի կիրառվում, ինչի արդյունքում Օրենսգրքում մրաժամանակ առկա են նույն միտքն արտահայտող երկու տարբեր հասկացություններ: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք Օրենսգքրի ողջ տեքստում նույն միտքն արտահայտելիս կիրառել նույն բառերը:

2. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 314-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով հարկ վճարողը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը: Նշեք, որ այս կարգավորումը շփոթ է առաջացնում, մասնավորապես՝ հասկանալի չէ, թե ինչպես պետք է հարկ վճարողը ներկայացնի Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը, եթե նա դիմում է հարկային մարմին հենց այդ կարգավիճակը հաստատելու նպատակով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 314-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետին եւ 5-րդ մասի 2-րդ կետին:

3. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 314-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետում կիրառվող «QR» հապավման կապակցությամբ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտերում օտարերկրյա կազմակերպությունների անվանումները, ֆիզիկական անձանց անունները, աշխարհագրական օբյեկտների անունները, դրանց հապավումները, ինչպես նաեւ թարգմանության ոչ ենթակա իրավական, ֆինանսական, տեխնիկական եւ այլ տերմինները (եզրույթները) գրվում են հայերեն տառադարձությամբ: Անհրաժեշտության դեպքերում հայերեն հապավումների կամ տերմինների հետ փակագծերում կարող են կիրառվել նաեւ լատիներեն կամ օտարալեզու հապավումներ կամ տերմիններ»:

4. Նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

5. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

6. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված է. «Սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված՝ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ռեզիդենտության հաստատման հետ կապված կարգավորումները տարածվում են 2025 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացի վրա»: Մինչդեռ, Նախագծի գործող 314-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով հարկ վճարողի կողմից հարկային մարմին համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո հարկային մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքը: Այսինքն՝ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով հարկային մարմին դիմած հարկ վճարողներն արդեն իսկ ստացել են համապտասխան տեղեկանքները: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի եւ Օրենսգրքի պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

21.07.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

21.07.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վերանայել ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մատուցման դեպքում մշտական հաստատության ձեւավորման չափանիշները, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտների շրջանակը, ՀՀ հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման գործընթացը՝ ներդնելով տեղեկանքների տրամադրման պարզեցված եւ ավտոմատացված համակարգ: Մասնավորապես, սահմանվում է, որ ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողներին Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող աշխատանքների եւ (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե վճարվող եկամուտները ոչ ռեզիդենտ կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության համար համարվում են ծախս եւ (կամ) աշխատողները ներգավված են մշտական հաստատության գործունեության մեջ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

04.07.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացում կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք):

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ ներկայիս կարգավորումներով ոչ ռեզիդենտ կազմակերպություններն աշխատուժի տրամադրման ծառայությունների մատուցման պայմանագրերում կարող են սահմանել այնպիսի դրույթներ, որոնք հնարավորություն կտան ոչ ռեզիդենտ կազմակերպություններին խուսափել Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատության ձեւավորումից: Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացվող եկամուտները չեն դասվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտների թվին եւ ենթակա չեն հարկման Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկով: Կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքները տրամադրվում են առձեռն թղթային կրիչով եւ այլն:

Հաշվի առնելով վերոգրյալը, Նախագծի հեղինակի կողմից առաջարկվում է՝

  • ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մասով Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական հաստատության ձեւավորման համար հիմք ընդունել Օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումը,
  • ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից վարձած աշխատողների Հայաստանի Հանրապետության տարածքում կատարած աշխատանքների եւ ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները համարել հարկման առարկա, եթե այդ աշխատողները ներգրավված են կազմակերպության մշտական հաստատության գործունեության մեջ,
  • սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման եւ դրա վերաբերյալ տեղեկանքի տրամադրման կարգը՝ ներառելով էլեկտրոնային դիմումների ներկայացման, անհրաժեշտ տեղեկատվության եւ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ մերժման հիմքերը եւ ժամկետները:

Նախագծի հեղինակի կողմից առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 155-րդ հոդվածը եւ 159-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության բյուջեի միջոցներից վճարվող վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների գումարները վճարվելու են Միասնական սոցիալական ծառայության կողմից:

2. Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան, սակայն կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը:

Նախագիծը, մեր կարծիքով, կարող է ունենալ երկակի ազդեցություն: Մասնավորապես, Նախագծի ընդունումը կարող է դրական ազդեցություն ունենալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ էլեկտրոնային դիմումների կիրառումը եւ ընթացակարգի պարզեցումը կդարձնեն ռեզիդենտության հաստատման գործընթացը ավելի արագ, հարմար եւ մատչելի, (էլեկտրոնային ծառայությունների ներդրումը կբարձրացնի ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը, կխնայի ժամանակը հատկապես մարզերում բնակվող կամ սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց համար, ինչն էլ իր հերթին կխթանի նրանց սոցիալական ներառվածությունը): Սակայն, մյուս կողմից, էլեկտրոնային համակարգի կիրառումը կարող է դժվարություններ առաջացնել տեխնոլոգիական հմտություններ չունեցող կամ սահմանափակ ռեսուրսներ ունեցող անձանց համար (այդ թվում՝ գյուղական բնակչություն եւ սոցիալական խոցելի խմբեր) ինչը կարող է խոչընդոտել նրանց մասնակցությունը: 


Եզրահանգում

Ընդհանուր առմամբ, Նախագիծը, սոցիալական առումով ունի դրական ազդեցություն՝ նպաստելով հարկային համակարգի արդիականացմանը եւ ծառայությունների մատչելիության բարձրացմանը, սակայն, Նախագծի դրական նպատակների հետ մեկտեղ, կարծում ենք, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ սոցիալական խոցելի խմբերի շահերի պաշտպանությանը՝ որպեսզի փոփոխությունները հասանելի լինեն բոլոր շահառուներին եւ չառաջացնեն նոր խնդիրներ:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

15.07.2025թ.