ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1121-04.07.2025-ԱՍ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1121-04.07.2025-ԱՍ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը առ այն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»: 2. Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն առաջարկում ենք հանել եւ «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառի փոխարեն օգտագործել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ»՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով «Զբաղվածության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարվում է միայն փոփոխություն՝ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով, ինչպես սահմանվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով: 3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 20-րդ հոդվածում ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը առ այն՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:»: 4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 20-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է միայն լիազորված մարմնին վերապահել զբաղվածության պետական քաղաքականության մշակման եւ իրականացման շրջանակներում համագործակցել գործատուների հետ, թեեւ Օրենքի ներկայիս խմբագրության համաձայն այդ լիազորությունը վերապահված է նաեւ Միասնական սոցիալական ծառայությանը, ինչը Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող կարգավորմանը, այն է՝ «Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) միջոցով եւ իրականացնում Ծառայության միջոցով` համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաեւ շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ:», առավել համահունչ է: Հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ վկայակոչվող կարգավորումը փոփոխվել է վերջերս՝ Ազգային ժողովի 24.10.2024 թվականի նիստում ընդունված «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքով՝ առաջարկում ենք Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ լրացուցիչ ներկայացնել մոտեցման փոփոխման պատճառները, քանզի վերջինս ինքնանպատակ չէ եւ Սահմանադրական դատարանը դեռեւս 2014 թվականին իր ՍԴՈ-1176 որոշմամբ արտահայտել է դիրքորոշում առ այն, որ « (...) օրենսդրությունն ստատիկ երեւույթ չէ, այն կարող է եւ պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ: Միեւնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարեւորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, (...) »: 5. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 20-րդ հոդվածի 7-րդ, 10-րդ, 16-րդ մասերում օրենքներին հղում կատարելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը առ այն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: 6. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 20-րդ հոդվածի 7-րդ, 17-րդ մասերում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը առ այն, որ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:» եւ «ՀՀ» եւ «ՊՈԱԿ» հապավումների փոխարեն կիրառել համարժեք բառակապակցությունները: 7. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 20-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ «Վերակազմակերպման դեպքում քվոտավորման ենթակա կազմակերպության քվոտայի պահանջի կատարման պարտավորությունը տվյալ հարկային տարում կատարվում է կազմակերպության իրավահաջորդի (իրավահաջորդների) կողմից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով:»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն իրավաբանական անձի վերակազմակերպումը իրականացվում է իրավաբանական անձի միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման, վերակազմավորման եղանակով: Այս եղանակից յուրաքանչյուրը ունի իր առանաձնահատկությունները, որի դեպքում իրավահաջորդին անցնում են իրավանախորդի քաղաքացիաիրավական իրավունքներն ու պարտականությունները: Սակայն իրավահաջորդ իրավաբանական անձը կարող է Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 20-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսվող քվոտավորման պահանջը կրել ոչ թե այն դեպքում, երբ իրավանախորդն է կրել նման պահանջ, այլ այն դեպքում, երբ ինքն է որպես վերակազմակերպված իրավաբանական անձ համապատասխանում Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 20-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսվող չափանիշներին: Քննարկվող իրավիճակում քվոտավորման պահանջի պահպանումը իրավահաջորդ իրավաբանական անձը կկրի ինքնուրույն առանց կախվածության մեջ լինելով լրացուցիչ կարգավորումից: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 20-րդ հոդվածի 14-րդ հոդվածի կարգավորումը հանել: 8. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 20-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանվող մասհանման չափի հաշվարկման բանաձեւում Քպ-ն սահմանված է որպես Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 20-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված քվոտայի չափ: Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 20-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանվում է միայն այն նվազագույն ժամանակահատվածը, ըստ օրացույցային օրերի, որի ընթացքում քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղ զբաղեցված է եղել հաշմանդամություն ունեցող անձի կողմից: Արձանագրելով այս փաստը՝ գտնում ենք, որ այդ տվյալի եւ «քվոտայի չափ» հասկացության նույնական լինելու վերաբերյալ կարող է առաջանալ շփոթ եւ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 20-րդ հոդվածի 16-րդ մասը: 9. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 20-րդ հոդվածի 17-րդ եւ 18-րդ մասերի համաձայն՝ «17. Մասհանվող գումարները փոխանցվում են ՀՀ պետական բյուջեում լիազորված մարմնի անվամբ բացված եկամուտների հաշվին: 18. Մասհանվող գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվին:»: Ցանկանում ենք նշել, որ սույն կարգավորումների միաժամանակ առկայության պարագայում անհասկանալի է՝ որ հաշվին պետք է ուղղվեն գանձվող մասհանումները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում լիազորված մարմնի անվամբ բացված եկամուտների հաշվին, թե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվին եւ առաջարկում ենք այս հակասությունը վերացնել, որպեսզի իրավունքի սուբյեկտի համար միանշանակ լինի օրենքով իր վրա դրված պարտականության կատարման կարգը: 10. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 20-րդ հոդվածի 23-րդ մասում առաջարկում ենք կատարվող հղումը շտկել եւ «14-րդ» թվականի փոխարեն օգտագործել «22-րդ», քանզի Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 20-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվելու արդյունքում ուղեգրի վերաբերյալ կարգավորումները նախատեսվելու են Օրենքի 20-րդ հոդվածի 22-րդ մասում: 11. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունման ենթակա ակտերը մատնանշելիս «իրավական ակտերն» արտահայտության փոխարեն օգտագործել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն» արտահայտությունը՝ ուղորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված սահմանմամբ: 12. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ « Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե` 1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ 2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ 3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր: »: Սույն կարգավորման համատեքստում առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսել անցումային դրույթներ, որոնք կկարգավորեն ներկայումս գործող կազմակերպությունների համար Նախագծի ընդունման դեպքում քվոտավորման նոր պահանջների տարածման կանոնները, քանզի վերջիններս հաջորդ տարվա հունվարի 30-ին համարվելու են հաշվետու ընթացիկ տարում քվոտավորման պահանջների պահպանման համար եւ անհասկանալի է՝ որ կանոնների հիման վրա պետք է իրականացնեն իրենց ընթացիկ գործունեությունը եւ հետագայում կատարեն մասհանումները: Առաջարկում ենք սույն դիտարկման հիման վրա կատարել Նախագծի 2-րդ հոդվածի լրամշակում եւ նախատեսել այնպիսի դրույթներ, որոնք «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո կսահմանեն ըստ որոշակի անձանց շրջանակի՝ ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը, համապատասխանությունը միմյանց, «Զբաղվածության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 17.07.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 17.07.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վերանայել «Զբաղվածության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված՝ զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանը գործատուների մասնակցության հետ կապված իրավակարգավորումները՝ դրանցով սահմանված քվոտաներն ու մասհանումներն ավելացնելու իմաստով: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է՝ - տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) 100 եւ ավելի աշխատող ունեցող պետական մարմինների եւ համայնքային հիմնարկների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առեւտրային եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, ինչպես նաեւ այն կազմակերպությունների համար, որոնց կանոնադրական կապիտալում պետության մասնակցությունը կազմում է 50 եւ ավելի տոկոս, սահմանել հաշմանդամների զբաղվածության քվոտա` 4 տոկոսի չափով, գործող 3 տոկոսի փոխարեն, - տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) 100 եւ ավելի աշխատող ունեցող ոչ պետական կազմակերպությունների համար, բացառությամբ համայնքային հիմնարկների եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների համար, սահմանել հաշմանդամների զբաղվածության քվոտա` 2 տոկոսի չափով, գործող 1 տոկոսի փոխարեն, - հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղի զբաղեցված լինելու նվազագույն ժամկետն առաջարկվում է սահմանել 275 օրացուցային օր՝ գործող 183 օրացուցային օրվա փոխարեն եւ այլն: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 1. Նախագծով առաջարկվող՝ վերը նշված փոփոխություններն, անշուշտ, կհանգեցնեն 100 եւ ավելի աշխատող ունեցող, ինչպես նաեւ կանոնադրական կապիտալում 50 եւ ավելի տոկոս պետության մասնակցություն ունեցող կազմակերպությունների ֆինանսական բեռի ավելացման, ինչն էլ չի կարող դրական գնահատվել տվյալ կազմակերպությունների տեսանկյունից: Մյուս կողմից, առաջարկվող կարգավորումների ընդունումը կհանգեցնի ընթացիկ տարվա պետական բյուջեի ծախսերի ավելացման, քանի որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:», ուստի նման խնդրից խուսափելու նպատակով առաջարկում ենք օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2026 թվականի հունվարի 1-ը: 2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր խմբագրությամբ 20-րդ հոդվածի 16-րդ մասի՝ ա) առաջին նախադասության մեջ «14-րդ մասով» բառերն անհրաժեշտ փոխարինել «15-րդ մասով» բառերով՝ կատարվող հղումը ճշտելու նպատակով, ինչպես նաեւ հարկ է հստակեցնել, թե արդյո՞ք նշված մասհանումը վերաբերում է յուրաքանչյուր աշխատատեղին, թե՞ ոչ, բ) մասհանումների գումարի հաշվարկման նպատակով ներկայացված բանաձեւը, կարծում ենք, մի քանի պատճառներով վերաիմաստավորման եւ հստակեցման կարիք ունի: Նախ, անհասկանալի է, թե ի՞նչ է իրենից ներկայացնում բանաձեւի սկզբում գրված «866» թիվը (ի՞նչ գործակից է այն իրենից ներկայացնում): Քանի որ այն որեւէ կերպ չի մեկնաբանվել նաեւ Նախագծի հիմնավորման մեջ, ուստի դրա փոխարեն կարող է լինել ցանկացած թիվ, իսկ այդ հանագամանքն էլ, ըստ էության, իմաստազրկում է բանաձեւի տնտեսագիտական բովանդակությունն ու իմաստը: Երկրորդ՝ բանաձեւի ֆորմալ տեսքից ակնհայտ է, որ ոչ թե ստացված (866 x Ան x (Քպ - Քփ)) մեծությունն է բաժանվում 275-ի (ինչի արդյունքում էլ ստացվում է մասնահման գումարը, այնպես՝ ինչպես, ըստ երեւույթին, ցանկացել է ներկայացնել Նախագծի հեղինակը), այլ մասհանման հաշվարկված ընդհանուր գումարն է բաժանվում 275-ի, քանի որ «Չմ» մեծությունը նույնպես գտնվում է կոտորակի համարիչում: Այս խնդիրը լուծելու համար բանաձեւը հարկ է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ Չմ = 866 x Ան x (Քպ - Քփ) / 275: Երրորդ՝ ի տարբերություն մասհանման ֆիքսված չափի, բանաձեւի պարագայում առաջանում է հետեւյալ խնդիրը. եթե ստացվի այնպես, որ մեկ օրացուցային տարում կազմակերպության հաշմանդամություն ունեցող աշխատողների աշխատած օրերի (ներառյալ ամենամյա եւ (կամ) չվճարվող արձակուրդի, հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները) հանրագումարը (այլ կերպ ասած՝ Քփ-ն) ավելի մեծ լինի, քան սահմանված քվոտայի չափը (Քպ-ն), ապա մասհանման գումարը կլինի բացասական նշանով (եւ եթե առաջնորդվենք զուտ մաթեմատիկական տրամաբանությամբ, ապա այդ դեպքում պետությունը պետք է կազմակերպությանը վերադարձնի մասհանման որոշակի մասը): Այս կապակցությամբ, կարծում ենք, ավելի նպատակահարմար կլինի պահպանել մասհանումների ֆիքսված գումարի գաղափարը, գ) բանաձեւի տարրերից մեկը՝ Քպ-ն սահմանվում է, որպես «սահմանված քվոտայի չափ», այն դեպքում, երբ ըստ նույն հոդվածի 2-րդ մասի՝ քվոտան ձեւակերպված է որպես. «Կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձեւից ... հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման նորմատիվ (այսուհետ` քվոտա):», իսկ այդ նորմատիվն արտահայտվում է տոկոսներով՝ աշխատողների թվի համեմատությամբ, այսինքն՝ քվոտան աշխատատեղի քանակ է: Հետեւաբար, (Քպ - Քփ) արտահայտությունն անիմաստ է դառնում, քանի որ աշխատատեղի քանակից հնարավոր չէ հանել այդ աշխատատեղը չզբաղեցնելու օրերի թիվը: Իրականում, բանաձեւի Քպ-ն ոչ թե «սահմանված քվոտայի չափ»-ն է, այլ «հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղի զբաղեցման օրացուցային օրերի նվազագույն քանակն» է, ինչն էլ առաջարկում ենք ամրագրել բանաձեւի «Քպ» տարրի բացատրության մեջ: 3. Նախագծի 17-րդ եւ 18-րդ մասերով սահմանվում են, որ. «17. Մասհանվող գումարները փոխանցվում են ՀՀ պետական բյուջեում լիազորված մարմնի անվամբ բացված եկամուտների հաշվին: 18. Մասհանվող գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվին:»: Նշված երկու մասերի կարգավորումներն էլ սխալ են, հակասում են իրար (մի մասով նշվում է, որ մասհանումները փոխացվում են «լիազորված մարմնի անվամբ բացված եկամուտների հաշվին», իսկ մյուս մասով՝ «կառավարության որոշմամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվին») եւ չեն համապատասխանում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի տերմինաբանությանը, սկզբունքներին եւ կարգավորումներին: Մասնավորապես, նշված օրենքով որեւէ լիազորված մարմնի անվամբ եկամուտների հաշիվ չի բացվում (բյուջեի եկամուտներն ունեն հատուկ դասակարգում), իսկ արտաբյուջետային հաշիվներն էլ վաղուց վերացվել են: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծից հանել Օրենքի նոր խմբագրությամբ 20-րդ հոդվածի 17-րդ եւ 18-րդ մասերը, որոնց կարիքն այսպես, թե այնպես չկա, քանի որ պետական բյուջեի եկամուտների հետ կապված բոլոր հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման եւ որոշ մասով վերաիմաստավորման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 11.07.2025թ. Սոցիալական փորձաքննության արդյունքները
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Զբաղվածության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ըստ որի առաջարկվում է հանրային եւ մասնավոր հատվածում քվոտայի պահանջ ներդնել հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ նպաստելու վերջիններիս տնտեսական ակտիվությանը: Նախագծով հեղինակն առաջարկում է. - հաշմանդամություն ունեցող անձանց քվոտայի պահանջ սահմանել պետական մարմինների եւ համայնքային կառավարչական հիմնարկների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առեւտրային ու համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակի 4 տոկոսի չափով՝ նախկին 3-ի փոխարեն, իսկ ոչ պետական կազմակերպությունների համար՝ 2 տոկոս՝ 1-ի փոխարեն, եթե տվյալ հարկային տարում աշխատողների միջին տարեկան քանակը 100 եւ ավելի է, - աշխատողների միջին տարեկան քանակի որոշման դեպքում չդիտարկել «Պետական գաղտնիքի մասին» օրենքով պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների, դատախազական համակարգի, ՆԳՆ ոստիկանության, փրկարար ծառայության, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն ծառայության աշխատողների մեջ, - վերանայել քվոտավորման ենթակա աշխատանքային օրերի քանակը՝ 275 օրացուցային օր՝ նախկին 183-ի փոխարեն, - վերանայել մասհանումներ հանդիսացող նպատակային միջոցների օգտագործման ուղղությունները՝ սահմանելով միայն աշխատանքային եւ մասնագիտական վերականգնումը եւ այլն: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի: ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 15.07.2025թ.
|