ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1124-09.07.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արսեն Թորոսյանի, Արեն Մկրտչյանի եւ Հասմիկ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1124-09.07.2025-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 187.1-ին հոդվածում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, այն է՝ «Հոդվածների (…) համարները տեքստից բաժանվում են միջակետերով (…) »:

3. Որոշակի տեսակի հանցագործության քրեական օրենքով նկարագրված հատկանիշների համակցությունը ձեւավորում է կոնկրետ հանցակազմ: Հանցակազմը արարքի քրեական օրենքով սահմանված օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հատկանիշների համակցությունն է: Այդ հատկանիշները քրեական իրավունքի տեսության մեջ անվանվում են հանցակազմի տարրեր: Հանցակազմի տարրերն են՝ սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ, օբյեկտ, օբյեկտիվ կողմ:

Հանցակազմի տարրերի միաժամանակյա առկայությունը պարտադիր է կատարված արարքում հանցագործության առկայության փաստը հաստատելու համար: Համապատասխանաբար, թվարկված տարրից որեւէ մեկի բացակայությունը կվկայի, որ արաքը հանցագործություն չէ, ուստի կբացակայի նաեւ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքը:

Մեր կողմից քննարկվող հարցում հետաքրքրություն է ներկայացնում հանցագործության օբյեկտիվ կողմի բացահայտումը: Օբյեկտիվ կողմը արարքի արտաքին կողմն է, որը դրսեւորվում է գործողությամբ կամ անգործությամբ, հանրորեն վտանգավոր հետեւանքով, արարքի եւ հետեւանքի միջեւ պատճառական կապով, արարքի կատարման տեղով, ժամանակով, եղանակով եւ միջոցներով:

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 187.1-ին հոդվածի 1-ին մասը, ունենալով հետեւյալ տեսքը՝ «Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը: (…) », գտնում ենք, որ կարող է խնդրահարույց լինել օբյեկտիվ կողմի որոշակիության տեսանկյունից, քանի որ հստակ չէ՝ «մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը» որպես արարք ինչ նվազագույն հատկանիշներ պետք է պարունակի որպեսզի համարվի «խոչընդոտում»: 

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»: Այս պահանջի պահպանման առանձնակի կարեւորությանը ցանկանում ենք անդրադառնալ ոչ միայն Սահմանադրության, այլ նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) տեսանկյունից, քանզի այս հիմնարար փաստաթղթի 7-րդ հոդվածով սահմանվում է, որ միայն օրենքը կարող է սահմանել հանցագործությունը եւ պատիժը:  Այստեղից հետեւում է, որ իրավախախտումները եւ համապատասխան պատիժները պետք է հստակ սահմանված լինեն օրենքով՝ որոշակի որակական պահանջների համպատասխանելով: Այս պահանջը բավարարվում է այն դեպքում, երբ անձը համապատասխան դրույթի ձեւակերպումից կարող է իմանալ, անհրաժեշտության դեպքում դատարանների կողմից տված մեկնաբանությունների օգնությամբ եւ համապատասխան իրավաբանական խորհրդատվություն ստանալուց հետո, թե որ գործողությունները եւ անգործությունն իր նկատմամբ կառաջացնի քրեական պատասխանատվություն եւ ինչ պատիժ է նախատեսված այդ դեպքում[1]: Այլ խոսքերով՝ քրեական իրավախախտում եւ պատիժ կարող է սահմանվել միայն իրավական որոշակիության պահանջներին համապատասխանող օրենքով: 

Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է որոշակիության սահմանադրական սկզբունքին՝ նշելով՝ «1) (…) օրենքը պետք է համապատասխանի նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (…) սկզբունքին, այսինքն՝ ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (ՍԴՈ630), 

2) «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաեւ իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետեւանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը։ Օրենքի կանխատեսելիությունը գնահատելու համար կարեւոր գործոն է նաեւ տվյալ հարաբերությունները կանոնակարգող տարբեր կարգավորումների միջեւ հակասությունների առկայության կամ բացակայության հանգամանքը» (ՍԴՈ-753), 

3) « .... սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածներում նշված իրավախախտումների եւ վիճարկվող նորմում նշված հանցակազմի միջեւ էական տարբերությունների բացակայության պայմաններում անձը զրկվում է իր վարքագծի իրավական հետեւանքները կանխատեսելու հնարավորությունից, ինչը չի բխում օրենքի կանխատեսելիության եւ որոշակիության սկզբունքներից» (ՍԴՈ-851), 

4) «Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները ....» (ՍԴՈ-1148), 

5) «ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարեւորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (ՍԴՈ-1270), 

6) «Մի շարք այլ որոշումների (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) համատեքստում, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, Սահմանադրական դատարանը գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետեւանքները եւ վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների եւ պարտավորությունների հարցում» (ՍԴՈ-1439), 

7) (…) Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ դիրքորոշումներն ամրագրված են Սահմանադրական դատարանի մի շարք, մասնավորապես, ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1270 որոշումներում, որոնցից բխում է, որ Սահմանադրական դատարանն իրավական որոշակիության սկզբունքը դիտարկում է որպես Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված՝ իրավական պետության եւ հատկապես վերջինիս կարեւորագույն հատկանիշներից` իրավունքի գերակայության գլխավոր պահանջներից մեկը, եւ հիշյալ սահմանադրաիրավական սկզբունքի գործողությունը տարածվում է բոլոր օրենքների վրա` անկախ այն հանգամանքից, թե վերջիններս ունեն հիմնական իրավունք սահմանափակող, թե հիմնական իրավունքի իրացումը կարգավորող բնույթ (ՍԴՈ-1357): Անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին` Սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ, մասնավորապես, որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753), օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (ՍԴՈ-1176, ՍԴՈ-1449), 

8) (…) հիմնական իրավունքները կամ ազատությունները սահմանափակող օրենքների հստակությունը, կանխատեսելիությունը եւ մատչելիությունն ուղիղ համեմատական են հիմնական իրավունքի սահմանափակման աստիճանին. որքան ավելի ինտենսիվ է այդ սահմանափակումը, այնքան ավելի հստակ, կանխատեսելի եւ մատչելի պետք է լինեն հիշյալ օրենքների ձեւակերպումները, որպեսզի երկիմաստություն չառաջացնեն մասնավոր անձանց համար արգելքների, այլ սահմանափակումների կամ նրանց վրա դրված պարտականությունների առկայության եւ բովանդակության հարցում:»:

Ամրագրված լինելով ձեւական հանցակազմով՝ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 187.1-ին հոդվածի 1-ին մասը կարող է իրավակիրառ պրակտիկայում ունենալ տարընկալումներ, խնդրահարույց լինել հանցագործության իրավաբանական որակման փուլում, քանզի իրավակիրառ մարմինը կունենա լայն հնարավորություն դրսեւորելու տարբերակված մոտեցում՝ մի դեպքում որոշակի արարքի կատարումը մեկնաբանման միջոցով որակելով որպես Օրենսգրքում նոր լրացվող 187.1-ին հոդվածով նախատեսված հանցագործություն, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ: Սակայն իրավական որոշակիության պահանջը չի կարող բացարձականացվել եւ կենսական հարցերի բազմազանությունը եւ նորմաստեղծ ճանապարհով բոլոր իրավիճակներին արձագանքելու անհնարինությունը` օրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջը չի բացառում անորոշ իրավական հասկացությունների ամրագրումն օրենքներում, սակայն այն պարտադիր պետք է ուղեկցվի նման հասկացությունների համարժեք, իսկ նույնական դեպքերում` միատեսակ մեկնաբանությամբ, առանց որի անհնարին կլինի փաստել այդ դրույթների կանխատեսելիությունը: 

Հետեւաբար նշված հիշատակված խնդիրներից խուսափելու նպատակով եւ որպես կոնսեսուսային լուծում առաջարկում ենք լրամշակել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 187.1-ին հոդվածի 1-ին մասը՝ հաշվի առնելով Օրենսգրքում գործող եւ պրակտիկայում մեկնաբանում ստացած մոտեցումները: Մասնավորապես՝ Օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն է նախատեսվում լրագրողին տեղեկություն տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նրա մասնագիտական օրինական գործունեությունն այլ կերպ խոչընդոտելու համար: Սույն հանցակազմի օբյեկտիվ կողմը նկարագրված է միաժամանակ կոնկրետ արարք նկարագրող հասկացություններով՝ «տեղեկություն տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրել» եւ վերացական հասկացությամբ, որը իր մեջ խտացնում է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտող հիմնական ու տարածված ձեւերից զատ այլ արարքները: 

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 130.1-ին հոդվածի 1-ին մասը, նախատեսելով բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար պատասխանատվություն, հանցակազմի օբյեկտիվ կողմը նկարագրում էր կատարման եղանակի պարտադիր հատկանիշով՝ «բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաեւ ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով»: 

Ելնելով վերոշարադրյալից եւ հաշվի առնելով Նախագծին կից ներկայացված հիմավորմամբ իրավական ակտի ընդուման անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները, վիճակագրական տվյալները՝ առաջարկում ենք համանման մոտեցում նաեւ ներդնել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 187.1-ին հոդվածի 1-ին մասում՝ միաժամանակ ընդգծելով օրենսդրական կարգավորման նպատակայնությունը եւ հաղթահարելով օրենդրական նորմի իրավական որոշակիության հնարավոր խոցելիությունը:

4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 187.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով: Նախագծին կից հիմնավորմամբ ներկայացվել է բուժաշխատողի մասնագիտության հատուկ կարգավիճակը, ընդգծվել նրանց մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հետեւանքների վտանգավորությունը եւ այդ արարքի համար պատասխանատվություն նախատեսելով այն զսպելու կարեւորությունը՝ համեմատական անցկացնելով լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսված քրեական պատասխանատվության հետ (Օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մաս), ըստ որի՝ « (…) խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»:

Հարկ է ընդգծել, որ Օրենսգրքում յուրաքանչյուր արարքի համար քրեական պատասխանատվության, սույն դեպքում՝ պատժի տեսակը եւ չափը սահմանված են որոշակի չափորոշիչներ հաշվի առնելով: Մասնավորապես, Սահմանադրությամբ ամրագրված պատժի համաչափության սկզբունքի համաձայն՝ օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաեւ նշանակված պատժատեսակը եւ պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին: Հետեւաբար, այս կամ այն հանցավոր արարքի համար պատժատեսակ եւ պատժաչափ որոշելիս պետության կողմից պետք է ապահովվի պետական հակազդեցության համաչափությունը կատարված հանցանքին: 

Ելնելով վերոգրյալից, Նախագծին կից ներկայացված հիմնավորման փաստակներից, այն հանգամանքից, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող 187.1-ին հոդվածը նախատեսվում է լրացնել Օրենսգրքի 25-րդ գլխում՝ հանցակազմի օբյեկտը համարելով մարդու կյանքը եւ առողջությունը, համանման հանցագործությունների համար Օրենսգրքով նախատեսվող սանկցիաների համեմատական վերլուծությունից՝ արձանագրում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 187.1-ին հոդվածով նախատեսվող պատժաչափերը կարող են խնդրահարույց լինել Օրենսգրքի որդեգրած հանցավոր արարքների համար նախատեսված պատժաչափերի համաչափության եւ տրամաբանության տեսանկյունից եւ առաջարկում ենք այն վերանայել։ 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության եւ պատժի համաչափության սկզբունքների պահպանման տեսանկյունից: 

 Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

24.07.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

24.07.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար՝ նպատակ ունենալով կանխարգելել բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

15.07.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք):

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում)՝ Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել միջազգային փորձը, ինչպես նաեւ բուժաշխատողների նկատմամբ բռնության շարունակական դրսեւորումները: 

Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 25-րդ գլխում /«Կյանքը եւ առողջությունը վտանգող հանցագործությունները»/ ավելացնել նոր՝ 187.1 հոդված, որով պատասխանատվություն է սահմանվում բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կամ նույն արարքը բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կատարելու դեպքում: 

Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը.

Օրենսգրքում նոր լրացվելիք 187.1  հոդվածի 1-ին մասում օգտագործվող՝ «օրինական գործունեությանը խոչընդոտելը» արտահայտությունը կարող է հայեցողական մեկնաբանման առիթ հանդիսանալ: Այս համատեքստում հարկ ենք համարում նշել, որ Հիմնավորման մեջ հիշատակված՝ նախկինում գործող 130.1 հոդվածի 1-ին մասում  առկա էր հետեւյալ ձեւակերպումը՝

«Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաեւ ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով................», իսկ նույն հոդվածի 2-րդ մասում նշվում էր՝

«Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաեւ ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով.............. »: Այսինքն՝ հոդվածի դրույթների ձեւակերպումներից պարզ էր, թե «բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաեւ ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը» ինչպես է դրսեւորվում: 


Եզրահանգում

Վերոնշյալ նկատառումը հաշվի առնելու դեպքում՝ Նախագիծը լրամշակման կարիք կարող է ունենալ:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                    ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

25.07.2025թ.

--------------------------------------------------------------------------------

[1] Cantoni v. France, 15 November 1996, կետ 29, Reports of Judgments and Decisions 1996-V, եւ Kafkaris, cited above, կետ 140