ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բռնության եւ ոտնձգության մասին կոնվենցիա, 2019թ. (Թիվ 190)» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1125-11.07.2025-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բռնության եւ ոտնձգության մասին կոնվենցիա, 2019թ. (Թիվ 190)» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1125-11.07.2025-ԱՍ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում «2019 Թ.» եւ «2019թ.»  ձեւակերպումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, այն է` «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ:»: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկության հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

25.07.2025թ. 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք՝ առաջանալու է օրենսդրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ այլ օրենքի ընդունման անհրաժեշտություն: Օրինակ՝

Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանվում են «բռնություն եւոտնձգություն» եւ «գենդերային հիմքով բռնություն եւ ոտնձգություն» հասկացությունները: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ, չհակասելով Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված եզրույթներին, ազգային օրենսդրության եւ կարգավորումների սահմանումներով կարող է նախատեսվել մեկ հայեցակարգ կամ առանձին հասկացություններ: Այս համատեքստում նշենք, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) կիրառված է «բռնություն» եւ «սեռական ոտնձգություն» ձեւակերպումները, ընդ որում՝ Օրենսգրքում կիրառված «բռնություն» ձեւակերպումը բովանդակային առումով նույնանում է Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված «բռնություն եւ ոտնձգություն» հասկացությանը, իսկ «սեռական ոտնձգություն» հասկացությունը նախատեսված է «բռնություն» հասկացությունից զատ՝ որպես առանձին հասկացություն:

Հիմք ընդունելով Կոնվենցիայի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթն առ այն, որ ազգային օրենսդրությունը եւ կարգավորումները չեն կարող հակասել Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված հասկացություններին՝ առաջարկում ենք Օրենսգրքի 3.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսել «բռնություն» եւ «ոտնձգություն» հասկացությունների սահմանումները՝ սեռական ոտնձգությունը կլանելով «բռնություն» եզրույթի մեջ կամ դիտարկել որպես «ոտնձգություն» եզրույթի տարատեսակ:

Միաժամանակ նշենք, որ աշխատավայրում գենդերային հիմքով բռնության եւ ոտնձգության վերաբերյալ առանձին կարգավորումներ Օրենսգրքով նախատեսված չեն (ինչը Կոնվենցիայի պահանջ է), նշված արգելքը բխում է բռնության ընդհանուր հասկացության ձեւակերպումից:

Հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

25.07.2025թ. 





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել «Բռնության եւ ոտնձգության մասին կոնվենցիա, 2019թ. (թիվ 190)» կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա), որը պաշտպանում է աշխատողներին եւ այլ անձանց՝ անկախ իրենց պայմանագրային կարգավիճակից, ինչպես նաեւ վերապատրաստվող անձանց, ներառյալ՝ պրակտիկանտները եւ աշակերտները, այն աշխատողներին, որոնց աշխատանքը դադարեցվել է, կամավորներին, աշխատանք փնտրողներին եւ աշխատանքի դիմողներին: Այն վերաբերում է նաեւ գործատուի լիազորություններ, պարտականություններ կամ պատասխանատվություն իրականացնող անձանց:

Կոնվենցիան կիրառվում է եւ՛ մասնավոր, եւ՛ պետական հատվածներում, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ տնտեսությունում: Այն կիրառվում է աշխատանքում բռնության եւ ոտնձգության նկատմամբ, որոնք տեղի են ունենում աշխատանքի ընթացքում, կապված են աշխատանքի հետ կամ բխում են դրանից:

Համաձայն ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության, Կոնվենցիայում առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով, որոնց չափը գնահատել հնարավոր չէ՝ անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

16.07.2025թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր համաժողովի կողմից 2019 թվականի հունիսի  21-ին ընդունված «Բռնության եւ ոտնձգության մասին կոնվենցիա, 2019թ. (թիվ 190)» կոնվենցիան՝ աշխատողների իրավունքների պաշտպանությունը, աշխատավայրի անվտանգության եւ առողջության պահպանումը, միջազգային չափանիշների համապատասխանեցումը, սոցիալ-տնտեսական զարգացումը, տնտեսական ծախսերի կրճատումը, գենդերային հավասարության պարտավորությունը եւ սոցիալական երկխոսությունը խրախուսելու նպատակով:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618

21.07.2025թ.