ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1129-22.07.2025-ՏՏԳՇ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1129.1-22.07.2025-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1129-22.07.2025-ՏՏԳՇ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1129.1-22.07.2025-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածում փոփոխություններ կատարելիս առաջարկվում ենք շտկել կատարվող հղումները, քանզի Նախագծի 1-ին հոդվածում հղում է կատարվում Օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 89-րդ կետերին, մինչդեռ Օրենսգրքի 1-ին հոդվածը չունի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխանող տեսք եւ կազմված է չհամարակալված պարբերություններից, որոնց եւ պետք է հղում կատարել փոփոխություններ կատարելիս:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետերում առաջարկում ենք ««հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգ» հասկացությունը» արտահայտության փոխարեն օգտագործել «պարբերությունը» բառը, քանզի նոր խմբագրությամբ շարադրվում է ոչ թե հասկացությունը, այլ՝ հոդվածի համապատասխան պարբերությունը, որին եւ պետք է հղում կատարել, ինչպես նշվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետին, որտեղ փոփոխությունն է նախատեսվում կատարել Օրենսգրիք 1-ին հոդվածի 7-րդ կետի հասկացությունում, մինչդեռ փոփոխություն պետք է կատարվի համապատասխան պարբերությունում:

3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»: Այս կարգավորումից ելնելով՝ Օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսվել է «Հայաստանի Հանրապետության կառավարություն» արտահայտության կրճատ տարբերակը, այն է՝ «կառավարություն», որը պետք է կիրառվի նորմատիվ իրավական ակտի ողջ տեքստում: Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 30.1-ին հոդվածում նոր լրացվող 3-րդ մասում եւ Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերում կատարվող լրացումներում «Կառավարություն» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերի փոխարեն կիրառել Օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված տարբերակը, որպեսզի պահպանվի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի մեկ այլ պահանջ, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ» (15-րդ հոդվածի 2-րդ մաս):

4. Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի 9-րդ կետի կարգավորումը առ այն՝ «Կառավարությունը կամ նրա լիազորած պետական կառավարման մարմինը՝ սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո` հաստատում է ջրային ռեսուրսներում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները եւ դրանց կիրարկման կարգն ու ժամանակացույցը` ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերի հաստատումից մեկ տարի հետո:»: Սույն կարգավորումը հանդիսանում է Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման ժամկետ նախատեսող անցումային դրույթ: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

(…) 

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Քննարկվող անցումային դրույթի նշանակությունը միայն պայմանավորված է համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման ժամկետի սահմանմամբ: Վերջինս փոխկապակցված է Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին եւ պետք է կատարմամբ իրեն արդեն իսկ սպառած լիներ ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերի հաստատումից (Օրենսգրքի հրապարակումից հետո երեք տարում՝ ըստ Օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի) հետո մեկ տարվա ընթացքում: 

Ելնելով վերոգրյալից եւ ընդգծելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի 9-րդ կետը արդեն իսկ կատարմամբ իրեն պետք է սպառած լինի եւ չունենա իրավական նշանակություն որպես անցումային դույթ՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 11-րդ հոդվածը:

5. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը առ այն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»:

6. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանագմանքը, որ  «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին»  օրենքին  այլեւս հղում չի կատարվում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

31.07.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

31.07.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է  Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով ամրագրված «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգ» հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ` համապատասխանեցնելով միջազգայնորեն ընդունված հասկացությանը, ամբողջականացնել ազատ ջրօգտագործման դեպքերը, համաձայն որի՝ հակահեղեղային միջոցառումների իրականացումը եւս կհամարվի ազատ ջրօգտագործում, հստակեցնել ջրօգտագործման թույլտվության հայտերի մերժման, ինչպես նաեւ սահմանել էկոլոգիական թողքի հաշվառման դեպքերը: 

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

24.07.2025թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք), ինչպես նաեւ փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում:

Նախագծերի փաթեթով մասնավորապես առաջարկվում է՝

-  «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգ» հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համապատասխանեցնելով միջազգայնորեն ընդունված հասկացությանը. 

- Օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ կետը խմբագրել՝ հաշվի առնելով, որ ջրօգտագործման թույլտվությամբ արդեն իսկ սահմանվում եւ հաստատվում են ջրօգտագործման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական եւ քանակական չափաքանակները (հետեւաբար եւ, դրանց առանձին հաստատման անհրաժեշտությունը բացակայում է).

- ամբողջականացնել ազատ ջրօգտագործման դեպքերը, համաձայն որի հակահեղեղային միջոցառումների իրականացումը եւս կհամարվի ազատ ջրօգտագործում.

- ամրագրել, որ ջրօգտագործման թույլտվության հայտերը մերժվում են, եթե օրենքով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա լինելու դեպքում առկա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, եթե ջրային ռեսուրսի ծանրաբեռնվածությունը գերազանցում է միջին ծանրաբեռնվածության աստիճանը, ինչպես նաեւ իրավական հիմք է նախատեսվել ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդաբանության մշակման համար.

- ամրագրել, որ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի ժամկետի երկարաձգման դեպքում ջրօգտագործման թույլտվությունը երկարաձգվում է Օրենսգրքով սահմանված կարգով.

- սահմանել էկոլոգիական թողքի հաշվառման դեպքերը.

- ստորերկրյա քաղցրահամ ջրերը սպառումից պահպանելու նպատակով խթանել հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում շրջանառու համակարգով գործունեության իրականացումը.

- Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրայի ռեսուրսների ծավալը նվազեցնել՝ «1.1 մլրդ մ3/տարի» բառերը փոխարինելով «923 մլն մ3/տարի» բառերով՝ հաշվի առնելով իրականացված ուսումնասիրություններն ու վերլուծությունները, ինչպես նաեւ կլիմայական փոփոխությունները եւ Արարատյան արտեզյան ավազանի ներկա վիճակը:

Ակնկալվում է, որ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում մեխանիզմներ կստեղծվեն ազգային ջրային պաշարի պահպանման, օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի եւ որակի ջրով քաղաքացիների եւ տնտեսության պահանջների բավարարման եւ շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման համար:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618

08.08.2025թ.