ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1128-22.07.2025-ԳԿ-011/0), «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11281
-22.07.2025-ԳԿ-011/0), «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11282
-22.07.2025-ԳԿ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11283
-22.07.2025-ԳԿ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1128-22.07.2025-ԳԿ-011/0), «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11281 -22.07.2025-ԳԿ-011/0), «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11282 -22.07.2025-ԳԿ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11283 -22.07.2025-ԳԿ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է կատարել փոփոխություններ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից, այն է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»: Նույն դիտարկումը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով: 2. «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «38-րդ» թվից առաջ առաջարկում ենք շարադրել «Օրենքի» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածին եւ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) 2-րդ հոդվածին: 3. «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով «Կրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին կետով որպես մարզպետի նոր իրավասություն՝ սահմանվում է. «իրականացնում է ուսումնական հաստատություններում վարչատնտեսական գործառույթների համակարգում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների եւ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների.)»: Վերը մեջբերված դրույթում նշված բացառության վերաբերյալ նշենք, որ մասնագիտացված ուսումնական հաստատությունների եւ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների վարչատնտեսական գործառույթների համակարգման հետ կապված որեւէ այլ կարգավորման բացակայության պարագայում հասկանալի չէ, թե ում կողմից է այդ գործառույթն իրականացվում, եթե մարզպետին նման իրավասություն չի տրվում: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով «Կրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.2-րդ կետով սահմանվող կարգավորմանը: 4. «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով «Կրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.3-րդ կետով որպես մարզպետի նոր իրավասություն՝ սահմանվում է. «ըստ անհրաժեշտության հավաքագրում, ամփոփում եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնին է ներկայացնում ուսումնական հաստատություններն վերաբերերող տեղեկատվությունը, ինչպես նաեւ հաստատում է ուսումնական հաստատությունների կողմից Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները»: Կարծում ենք, որ այս դրույթը բավականաչափ որոշակի չէ եւ ունի հստակեցման կարիք, մասնավորապես՝ հասկանալի չէ, թե ինչ հանգամանքների առկայությունն է այդ դրույթի իմաստով համարվում «անհրաժեշտություն», հասկանալի չէ, թե ուսումնական հաստատություններին վերաբերերող կոնկրետ ինչ տեղեկատվություն պետք է ներկայացվի, ինչպե նաեւ՝ հասկանալի չէ, թե ինչ ձեւով եւ կարգով է այդ տեղեկատվությունը ներկայացվում կրթության պետական կառավարման լիազորված մարմնին: 5. «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածում «Օրենքի» բառն առաջարկում ենք փոխարինել «օրենքի» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերոնշյալ նախագծի 1-ին հոդվածով նշված է, որ նախագծով «Օրենք» բառը կիրառվում է «Կրթության մասին» օրենքի անվանման փոխարեն, մինչդեռ քննարկվող նորմում այն կիրառվում է՝ նկատի ունենալով նախագիծը: Նույն խնդիրն առկա է նաեւ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերում: 6. «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում ցանկացած հոլովաձեւով նշված «ենթակետ» բառերն առաջարկում ենք փոխարինել համապատասխան հոլովաձեւերով «կետ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները: 7. Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասով «Հանրակրթության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 20-րդ մասի 22-րդ կետում «էլեկտրոնային» բառը լրացնելու արդյունքում Օրենքի գործող կարգավորումներով տնօրենին վերապահված իրավասությունն այսուհետ ունենում է հետեւյալ բովանդակությունը. «ապահովում է դպրոցում գործածության ենթակա էլեկտրոնային փաստաթղթերի վարումը եւ պահպանումը»: Հատկանշական է, որ Օրենքի կարգավորումներից չի բխում, որ դպրոցում գարծածվում են միայն էլեկտրոնային փաստաթղթեր: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ոչ էլեկտրոնային փաստաթղթերի վարման եւ պահպանման վերաբերյալ առանձին կարգավորում սահմանված չէ՝ նշենք, որ հասկանալի չէ, թե ում է վերապահված դպրոցում գործածության ենթակա ոչ էլեկտրոնային փաստաթղթեր վարումը եւ պահպանումը: 8. Նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ մասով Օրենքի 12-րդ հոդվածում լրացվող նոր՝ 22.1-ին մասի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջին: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 5.1-5.5-րդ կետերի համարակալմանը: 9. Նախագծի 10-րդ հոդվածի վերջին նախադասությամբ նշված է. «Սույն Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած է ճանաչվում` մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից (...)»: Առաջարկում ենք վերանայել քննարկվող դրույթի ձեւակերպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուժը կրոցրած է ճանաչվում ոչ թե Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասը, այլ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետը՝ համաձայն Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասի: 10. «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Տարածքային կառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածին հղում կատարելիս կիրառվում է այդ հոդվածի վերնագիրը: Առաջարկում ենք նշված հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի կարգավորումները: Միաժամանակ՝ առաջարկում ենք նույն հոդվածից հանել «1. 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այն կրկնվում է: 11. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Օրենք» կրճատ տարբերակն այդ նախագծում այլեւս չի կիրառվում: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպմանը: 12. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր՝ 2-րդ եւ 3-րդ կետերում նշված «Համայնքի ղեկավարն» բառերն առաջարկում ենք հանել՝ կարգավորումների ճիշտ շարադրասությունն ապահովելու նպատակով: Միաժամանակ՝ առաջարկում ենք քննարկվող նորմում «մասերով» բառը փոխարինել «կետերով» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվում են նոր կետեր: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը եւ դրանց համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 12.08.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 12.08.2025թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմինների համակարգում եւ վերանայել դրանց կառավարման եւ գործունեության հիմնական ուղղություններով իրավակարգավորումները: Մասնավորապես, առաջարկվում է հանրարկրթական դպրոցների բովանդակային կառավարումը վերապահել ԿԳՄՍՆ-ին, իսկ վարչատնտեսական մասը՝ մարզպետարանների աշխատակազմերին, ինչպես նաեւ կատարել մի քանի այլ փոփոխություններ, որոնք բխում են «Հանրակրթության մասին» օրենքում որոշ ձեւակերպումների, հղումների եւ կարգավորումների խմբագրման անհրաժեշտությունից: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթի տրամաբանությունից եւ դրանով առաջարկվող կարգավորումների բովանդակությունից բխում է, որ համապատասխան փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտություն է առաջանում կատարել նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարաման մասին» օրենքում, մասնավորապես՝ դրա 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, ըստ որի՝ կրթության, մշակույթի եւ երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները. «կազմակերպում է Երեւանի ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական եւ մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման եւ նորոգման աշխատանքները.»: Խնդիրը կայանում է նրանում, որ «կազմակերպում է Երեւանի ենթակայության դպրոցների ... գործունեությունը» արտահայտությունը շատ լայն իմաստ ունի, խիստ մեկնաբանելի է, որեւէ տեղ սահմանված չէ թե ի՞նչ շրջանակներ է ընդգրկում «գործունեության կազմակերպում» հասկացությունը եւ այլն, որի կապակցությամբ (եւ համապատասխան մեկնաբանության դեպքում) կարելի է հասկանալ նաեւ, որ Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները չեն վերաբերում Երեւան քաղաքի ենթակայության տակ գտնվող դպրոցներին (որոնք, ի դեպ, կրթության բնագավառը կարգավորող մյուս բոլոր օրենքներում կոչվում են «ուսումնական հաստատություններ») եւ դրանցում ուսումնական բոլոր գործընթացները շարունակելու են ղեկավարվել Երեւանի քաղաքապետի կողմից: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն դրանում նոր օրենքի նախագծի ներառման անհրաժեշտություն է զգացվում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 25.07.2025թ.
1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Կրթության մասին» օրենքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից այլ օրենքներում: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ մասնագիտացված ուսումնական հաստատությունների, ինչպես նաեւ տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների լիազոր մարմնի վերանայման, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վարչատնտեսական գործառույթների իրականացման լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթով նախատեսվում է՝
Նախագծերի փաթեթով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխությունն իրականացնել 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխությունը՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից: 2. Նախագծերի փաթեթի վերաբերյալ, սոցիալական եւ կրթական հիմնախնդիրների տեսանկյունից, կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները եւ առաջարկությունները: 2.1.Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում հանրակրթական դպրոցների կառավարումը կենտրոնացվում է ԿԳՄՍ նախարարության եւ Կառավարության վերահսկողության ներքո: Մեր կարծիքով, հանրակրթական դպրոցների կառավարման կենտրոնացումը, կարող է զգալիորեն նվազեցնել համայնքների եւ դպրոցի խորհրդի ազդեցությունը դպրոցի կառավարման եւ որոշումների կայացման գործընթացում (կարող է առաջացնել տեղական խնդիրների անտեսում եւ նախաձեռնությունների սահմանափակում կամ խոչընդոտել հրատապ խնդիրներին արագ արձագանքելու եւ լուծում տալու հարցում): Մասնավորապես, դպրոցի կառավարման եւ որոշումների կայացման գործընթացում համայնքների ազդեցության նվազումը կրթության որակի վրա կարող է ունենալ օրինակ հետեւյալ բացասական հետեւանքը՝ ներքեւից դեպի վերի փոխարեն վերեւից ներքեւ կառավարման հոսքը կարող է հանգեցնել կրթության պետական չափորոշիչներին կենտրոնանալու՝ (չափորոշիչների եւ կանոնակարգերի միատեսակ կիրառություն) առանց հաշվի առնելու համայնքային առանձնահատկություններն ու խնդիրների արագ արձագանքը (ինչպես նշեցինք՝ տեղական խնդիրների անտեսում): Վերջիններիս ներգրավվածության նվազումը կարող է թուլացնել դպրոցի ու համայնքի միջեւ կապը եւ կրթության որակի վերահսկողությունը: Վերոգրյալի հետ կապված, նշենք նաեւ, որ ըստ հետազոտությունների, խորհուրդների ազդեցության նվազեցումը նույնպես հանգեցնում է ժողովրդավարական կառավարման, հաշվետվողականության եւ համայնքային խնդիրների արագ արձագանքելու նվազման՝ ինչը կարող է խոչընդոտել դպրոցական կրթության որակի պահպանմանն ու բարելավմանը: Դպրոցների կառավարման արդյունավետությունը զգալիորեն պայմանավորված է տեղական մակարդակում որոշումների կայացմամբ եւ համատեղ կառավարման գործընթացում գտնվող բոլոր մասնակիցների ներգրավվածությամբ[1]: Կենտրոնացված կառավարման կամ խորհուրդների դերի ֆորմալացման դեպքում կարող է նվազել տվյալ համայնքի առանձնահատկությունների նկատմամբ ուշադրությունը եւ որոշումները հիմնականում կկայացվեն համընդհանուր ստանդարտների շրջանակում՝ անտեսելով տեղանքի հատուկ պահանջներն ու առանձնահատկությունները[2]: Այսպիսով, վերլուծությունները եւս ցույց են տալիս, որ հանրակրթական դպրոցների կառավարման կենտրոնացումը կհանգեցնի համայնքների եւ դպրոցի խորհրդի ազդեցության ու մասնակցության շոշափելի նվազման՝ որոշումների կայացման առանցքային փուլերում, փոխարինելով ներքեւից վերեւ (bottom-up) մոտեցումները՝ վերեւից ներքեւ (top-down) վերահսկողությամբ (նվազեցնելով դպրոցների եւ համայնքների ինքնուրույնությունը)։ Ուստի, հանրակրթական դպրոցի կառավարումը ԿԳՄՍ նախարարության վերահսկողության ներքո գտնվելուն զուգահեռ, կարեւոր ենք համարում, որ չնվազի համայնքների եւ դպրոցի խորհրդի մասնակցության մակարդակը դպրոցի կառավարմանը եւ որոշումների կայացմանը, որպեսզի դպրոցները գործեն մեկ միասնական չափորոշիչով ու պետական վերահսկողությամբ եւ միաժամանակ կարողանան հաշվի առնել ու արագ արձագանքել համայնքի առանձնահատկություններին ու դժվարություններին։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Շվեդիայի տեղական եւ տարածքային իշխանությունների ասոցիացիայի (SALAR) ,DeaLoGե ծրագրի ամենամյա համայնքային ֆորումի ժամանակ (որը նվիրված է եղել կրթության ապակենտրոնացման թեմային եւ կրել է «Համայնքների դերը կրթությունում. ձայներ տեղերից» խորագիրը) ներկայացվել են հանրակրթության ոլորտում իրականացվող հիմնական բարեփոխումները՝ ընդգծելով ապակենտրոնացման եւ համայնքների հզորացման կարեւորությունը։ Անդրադարձ է կատարվել հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմանը, մասնավորապես նշվել է. «Չափորոշիչն ունի բավական մեծ հնարավորություններ. այն դպրոցին տալիս է սեփական համայնքի կարիքները, երեխաների հետաքրքրություններն ու առանձնահատկությունները գնահատելու եւ դրան համապատասխան ուսումնական պլան մշակելու ինքնավարություն։..[3]»: «Դպրոց-համայնք համագործակցություն» աշխատաժողովում («Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման եւ տեղական ինքնակառավարման բարեփոխումներին»), որը իրականացվել է ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ՝ ,DeaLoGե ծրագրի շրջանակում, կարեւորվել է դպրոց-համայնք համագործակցության զարգացումը, մասնավորապես նշվել է, որ «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որպես պատասխանատու ստորաբաժանում կարեւորում է դպրոցների դերակատարության բարձրացումը համայնքային կյանքում: Դպրոցը, զարգացնելով իր գործառույթները, պետք է դառնա այն պատասխանատու կառույցը, որի շուրջ կարող են կազմակերպվել համայնքային կյանքի աշխուժացման մի շարք գործընթացներ:»: Նշվել է նաեւ, որ ,DeaLoGե ծրագիրն աջակցում է Հայաստանում կրթության ապակենտրոնացմանն ուղղված աշխատանքներին` համագործակցելով դպրոցների եւ համայնքների հետ, որի շնորհիվ հնարավոր կլինի ավելի թիրախային եւ պլանավորված իրականացնել ապակենտրոնացմանն ուղղված պետական քաղաքականությունը, ինչպես նաեւ արձանագրել ընթացիկ խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: Աշխատաժողովի ընթացքում ,DeaLoGե ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության տասը համայնքների եւ «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» ընկերության (Շվեդիայի Տեղական իշխանությունների եւ տարածաշրջանների ասոցիացիայի (SALAR) դուստր կառույց) միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր[4]: 2.2. «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 5-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է «Հանրակրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 7-րդ մասի սկիզբը լրացնել նոր նախադասությամբ, որի համաձայն՝ «Հերթական ատեստավորմանը չներկայանալու կամ չատեստավորվելու դեպքում ուսուցիչը մասնակցում է կազմակերպվող հաջորդ հերթական ատեստավորմանը, որին կրկին չներկայանալու կամ կրկին չատեստավորվելու դեպքում ուսուցիչը համարվում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող:»: Նախագծի նույն հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է Օրենքի 26-րդ հոդվածի 15-րդ մասում կատարել փոփոխություն, որի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից եւ ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել միայն կամավոր ատեստավորման դրական արդյունք ունենալու դեպքում: Առաջարկվող լրացումների բովանդակությունից հետեւում է, որ եթե ուսուցիչը հերթական ատեստավորմանը չներկայանա կամ չատեստավորվի, ապա մասնակցում է կազմակերպվող հաջորդ հերթական ատեստավորմանը, իսկ եթե կրկին չներկայանա կամ չատեստավորվի՝ համարվում է իր զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող եւ աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածով: Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից եւ կարող է մասնակցել ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին միայն այն դեպքում, երբ ունի կամավոր ատեստավորման դրական արդյունք: Այսինքն, Օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվում է աշխատանքային պայմանագրի լուծում հերթական ատեստավորման երկու հաջորդական փուլերում ատեստավորմանը չմասնակցելու դեպքում՝ առանց որեւէ բացառության (աշխատանքից ազատում անհամապատասխանության հիմքով՝ անգամ առանց հաշվի առնելու բացակայությունը հիմնավորված է թե ոչ), իսկ Օրենքի նույն հոդվածի 15-րդ մասով՝ եթե աշխատանքից ազատված ուսուցիչը ցանկանում է նորից աշխատանքի ընդունվել, ապա նոր աշխատանքի ընդունումը սահմանափակվում է մինչեւ կամավոր ատեստավորման դրական արդյունքի ձեռք բերումը, ինչը, կարող է երկարացնել աշխատանքից զրկված լինելու ժամանակահատվածը (հատկապես, եթե ատեստավորման համար անհրաժեշտ է նոր վերապատրաստում անցնել): Հարկ ենք համարում նշել, որ կամավոր ատեստավորման նպատակն է ուսուցիչների առարկայական գիտելիքների իմացության աստիճանի գնահատումը եւ դրա արդյունքում ուսուցչի դրույքաչափի փոփոխությունը եւ հավելավճարի տրամադրումը[5]: Նման կարգավորումը, ըստ մեզ, կարող է հանգեցնել աշխատատեղերի թափուր թվի ավելացման հատկապես այն մարզերում եւ գյուղերում, որտեղ արդեն կան ուսուցիչների պակաս: Ուստի, կարծում ենք, անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հատկապես խոցելի եւ դժվար համալրվող տարածաշրջաններում մասնագետների պակասի ռիսկին եւ կանխարգելիչ ծրագրեր մշակել: Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մասնագիտական զարգացման ապահովման նպատակով ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման հիման վրա իրականացվում է վերապատրաստում: Վերապատրաստման արդյունքով ուսուցիչն ատեստավորվում է։ Ուսուցչի վերապատրաստումը եւ հերթական ատեստավորումն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով՝ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման արդյունքներին համապատասխան: Վերը նշված դրույթի բովանդակությունից ենթադրվում է, որ այն նպատակ ունի ապահովել ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացումը, եւ հերթական ատեստավորումն ու վերապատրաստումը պետք են իրականացվեն ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման կարիքների համատեքստում (օգնելու ուսուցիչներին բարելավելու իրենց հմտություններն ու գիտելիքները՝ կրթության որակը բարձրացնելու նպատակով, այլ ոչ թե ատեստավորման արդյունքներով որոշվի լուծել աշխատանքային պայմանագիրը): Կարծում ենք, որ հերթական ատեստավորման երկու հաջորդական փուլերում մասնակցությունից բացակայելու դեպքում, եթե բացակայությունը հիմնավորված է առողջական, ընտանեկան կամ արտակարգ հանգամանքներով, ուսուցիչը չպետք է համարվի իր պաշտոնին չհամապատասխանող, այլ անհրաժեշտ է նախատեսել ատեստավորման լրացուցիչ ժամկետներ կամ հնարավորություն, իսկ աշխատանքային պայմանագիրը լուծել միայն այն դեպքում, երբ ուսուցիչը հերթական ատեստավորման երկու հաջորդական փուլերում ատեստավորմանը չի մասնակցել առանց հիմնավոր պատճառների: Համաձայն լինելով այն հանգամանքի հետ, որ ուսուցիչների վերապատրաստումն ու ատեստավորումը կարող են նպաստել կրթական համակարգի զարգացմանը, վերահսկել ուսուցիչների որակական մակարդակը՝ ապահովելով բարձր կրթական չափանիշների պահպանություն եւ ուսուցման արդյունավետություն, այդուհանդերձ, մեր կարծիքով, անհրաժեշտ է օրենքով ամրագրել այնպիսի մեխանիզմներ, որոնք ապահովեն ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացումը, ատեստավորման պարտադիր պահանջների կատարման հնարավորությունը՝ միաժամանակ նվազեցնելով աշխատանքից զրկման, սոցիալական լարվածության եւ կադրային պակասի ռիսկերը (հատկապես մարզերում եւ գյուղերում): Առավել կարեւոր է նաեւ խթանել ուսուցիչների ակտիվ մասնակցությունը վերապատրաստման ծրագրերին՝ ապահովելով ատեստավորման պահանջներին համապատասխան հմտությունների զարգացում եւ պատրաստություն: Նախագծով առաջարկվող փոփոխությունները, կարծում ենք, անհրաժեշտ է քննարկել այս համատեքստում: 2.3. «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող «Կրթության մասին» օրենքի 39-րդ հոդվածում լրացվող նոր 4-րդ կետի եւ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվող «Հանրակրթության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 1.1-ին կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը աջակցում է կրթահամալիրների՝ որպես համայնքային կենտրոնների գործունեության զարգացմանը, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր 2-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարն աջակցում է կրթահամալիրների՝ որպես համայնքային զարգացման կենտրոնների գործունեությանը: Այդ կապակցությամբ, առաջարկում ենք վերանայել վերոնշյալ դրույթները եւ կիրառել միատեսակ ձեւակերպումներ: 2.4. Ինչպես նշվում է Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ «...հաստատությունների ենթակայության փոփոխությունից հետո Երեւանի քաղաքապետարանի եւ մարզպետների աշխատակազմերի կրթության ոլորտը համակարգող ստորաբաժանումների կառավարման գործառույթները կսահմանափակվեն, եւ հաստիքների կրճատման անհրաժեշտություն կառաջանա:», ինչը, կարող է բերել աշխատողների սոցիալական վիճակի վատթարացման եւ մոտիվացիայի անկման: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրճատումների արդյունքում աշխատողները կարող են կորցնել աշխատանքը (ինչը բացասաբար է անդրադառնալու վերջիններիս կյանքի որակի, առողջության եւ աշխատանքի արդյունավետության վրա), կարծում ենք, որ անհրաժեշտ է այս հարցը քննարկել Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների հետ միաժամանակ եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս փոփոխությունների արդյունքում հնարավորինս զերծ մնանք բացասական հետեւանքներից (օրինակ՝ կրճատումների եւ կառավարման կենտրոնացման գործընթացների հավասարակշռված իրագործում՝ հնարավորինս նվազեցնելով սոցիալական բացասական ազդեցությունները՝ պահպանելով կրթության որակը եւ աշխատակիցների իրավունքների պաշտպանությունը, նոր աշխատատեղերի եւ վերապատրաստման ծրագրերի մշակում եւ այլն): Եզրահանգում
Հաշվի առնելով սույն եզրակացության մեջ ներկայացված նկատառումները եւ առաջարկությունները, կարծում ենք, որ Նախագծերի փաթեթը սոցիալական առումով լրացուցիչ քննարկման եւ լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 07.08.2025թ. -------------------------------------------------------------------------------- [1] https://assets.publishing.service.gov.uk/media/5b606251e5274a5f588eb228/TR-School-Governance.pdf [2] https://edcircuit.com/the-impact-of-school-board-meetings-on-k-12-education/ https://www.oecd.org/en/publications.html, https://assets.publishing.service.gov.uk/media/5b606251e5274a5f588eb228/TR-School-Governance.pdf [3] https://escs.am/am/news/27517 [4]https://escs.am/am/news/20180 [5] Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի եւ դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձեւավորման կարգ, Հավելված ՀՀ կառավարության 2022 թ. ապրիլի 28-ի N 596-Ն որոշման
|