ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1146-08.09.2025-ԱռՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1146-08.09.2025-ԱռՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)», ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանագմանքը, որ Նախագծում «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերից հանել համապատասխանաբար «եթե ամուսիններից մեկը մինչեւ 55 տարեկան է (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչեւ 53 տարեկան)» եւ «մինչեւ 55 տարեկան» եւ «(հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչեւ 53 տարեկան)» արտահայտությունները՝ հիմք ընդունելով 2025 թվականի ապրիլի 1-ին ընդունված ՍԴՈ-1775 որոշումը, որով Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչվել են Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր։ Սահմանադրական դատարանի որոշումը ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլի 9-ից, հետեւաբար այդ ամսաթվից սկսած քննարկվող մասը չունի այլեւս իրավական ուժ, չի կարող կիրառվել անձանց նկատմամբ, առաջացնել իրավական հետեւանքներ: Օրենսդրական կարգավորումների համապատասխանեցումը Սահմանադրական դատարանի որոշմանը իրականացվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ըստ որի՝ «Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում, Կառավարությունը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ուսումնասիրում եւ անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է համապատասխան իրավական ակտեր մշակելը եւ Ազգային ժողով ներկայացնելը:»: Ցանկանում ենք նշել, որ Նախագիծը Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային ժողով է ներկայացվել 2025 թվականի սեպտեմբերի 8-ին: Մինչդեռ Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվել է 2025 թվականի ապրիլի 4-ին եւ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի, Կառավարության կողմից Նախագիծը Ազգային ժողովին պետք է ներկայացվեր մինչեւ 2025 թվականի հուլիսի 4-ը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 24.09.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 24.09.2025թ.
Ներկայացված Նախագծով, առաջարկվում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերից հանել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար նախատեսված սահմանափակումները՝ կանանց համար (53 տարեկան) եւ տղամարդկանց համար (55 տարեկան) սահմանված տարիքային շեմը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 15.09.2025թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նապագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Նախագծով հեղինակն առաջարկում է Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում փոփոխություններ կատարել եւ հանել հետեւյալ բառակապակցությունները՝ «եթե ամուսիններից մեկը մինչեւ 55 տարեկան է (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչեւ 53 տարեկան)» եւ «մինչեւ 55 տարեկան» եւ (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչեւ 53 տարեկան)»: Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 1-ի N ՍԴՈ-1775 որոշման համաձայն՝ Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի վերոհիշյալ կետերը՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչվել են Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունումը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 11.09.2025թ.
|