ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1152-15.09.2025-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1152-15.09.2025-ՖՎ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

25.09.2025թ. 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաեւ Համաձայնագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին» եզրակացության համաձայն՝ «Համաձայնագիրը, թեեւ չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն պարունակում է օրենքին հակասող նորմ»:

Մասնավորապես նշված է, որ Համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Վերականգման վարկերի բանկին ազատում է ուղղակի հարկերից, որոնք Հայաստանի Հանրապետությունում ենթակա է վճարման՝ կապված 1-ին հոդվածում նշված ծրագրերի կամ 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված պայմանագրերի կնքման եւ իրականացման հետ: Ուստի, վերոնշյալ դրույթը հակասում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 19-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն՝ հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքի (անհաղթահարելի ուժ):

Տվյալ դեպքում թեեւ նշվում է, որ Համաձայնագիրը հակասում է Օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, հարկ է հաշվի առնել նաեւ նույն հոդվածի 7-րդ մասի դրույթը:

Մասնավորապես, Օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքի։

Միաժամանակ, Օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ
Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառման կարգը սահմանում է Կառավարությունը։

Սույն դրույթների համակարգային վերլուծությունից բխում է, որ Օրենսգիրքը  ճանաչում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով հարկային արտոնությունների սահմանման հնարավորությունն առանց նույն հարկային արտոնությունների Օրենսգրքում լրացուցիչ սահմանելու անհրաժեշտության: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը հանդիսանում են հարկային արտոնությունների սահմանման ինքնուրույն աղբյուր: Ուստի, կարծում ենք, որ Օրենսգրքի եւ Համաձայնագրով նախատեսվող դրույթների միջեւ հակասություն առկա չէ։

Հարկ ենք համարում նշել, նաեւ որ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

25.09.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել  2025 թվականի մարտի 31-ին Երեւանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչեւ 26.000.000 եվրո վարկ՝ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության զարգացում. փուլ IV» ծրագրի համար եւ մինչեւ 2.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման, խորհրդատվության եւ անհրաժեշտ հարակից միջոցառումների համար: Բացի այդ, ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների հնարավորություն է ընձեռում ստանալ մինչեւ 40.000.000 եվրո արտոնյալ վարկ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության զարգացում. փուլ V» ծրագրի համար, որը Վերականգնման վարկերի բանկի միջոցով հատկացվում է Զարգացման հանրային համագործակցության շրջանակում, ինչպես նաեւ մինչեւ 1.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման, խորհրդատվության եւ անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

26.09.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025 թվականի մարտի 31-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ նպատակ ունենալով ամրապնդել եւ խորացնել բարեկամական հարաբերությունները ֆինանսական համագործակցության միջոցով, ինչպես նաեւ նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալական, տնտեսական եւ շրջակա միջավայրի պահանջներին համապատասխանող զարգացմանը:

Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչեւ 26.000.000 (քսանվեց միլիոն) եվրո վարկ՝ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության զարգացում. փուլ IV» ծրագրի համար եւ մինչեւ 2.000.000 (երկու միլիոն) եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման եւ խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                             ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

23.09.2025թ.