ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-1154-19.09.2025-ՊԻ-013/0) վերաբերյալ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-1154-19.09.2025-ՊԻ-013/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում առաջարկում ենք գրել «ՆԱԽԱԳԻԾ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Իրավական ակտերի նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը»: 2. Նախագծի վերնագրում առաջարկում ենք բացառել «ՀՀ» հապավումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերի վերնագրերում արգելվում է կիրառել հապավումներ կամ բառերի կրճատումներ»: Միաժամանակ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը շարադրել Նախագծի անվանումից առաջ: 3. Նախագծի ամբողջ տեքստում առաջարկում ենք «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով, իսկ Նախագծի 3-րդ կետի վերջին պարբերությունում «ՄԱԿ» հապավումը փոխարինել «Միավորված ազգերի կազմակերպության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»: 4. Նախագծի ամբողջ տեքստում «կառավարության» եւ «ՀՀ կառավարության» բառերը՝ համապատասխան հոլովաձեւերով, առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ սահմանված հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-րդ մասի պահանջը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»: 5. Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառված են տարբեր ձեւակերպումներ. այսպես՝ «Արցախ», «Արցախի Հանրապետություն», «Հայաստան» «Հայաստանի Հանրապետություն»: Առաջարկում ենք ձեւակերպումների միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն ձեւակերպումները՝ որոշակի հերթականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 01.10.2025թ.
Նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 01.10.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է հավանություն տալ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ներկայացված «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» վերտառությամբ ԱԺ հայտարարության նախագծին: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 24.09.2025թ.
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից առաջարկվում է հավանություն տալ «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագծին (այսուհետ՝ Նախագիծ) եւ այն սահմանված կարգով դնել շրջանառության մեջ: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513-235, 16-18 02.10.2025թ.
|