ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1175-21.10.2025-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1175-21.10.2025-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 60-րդ հոդվածում նոր լրացվող 4-րդ մասի վերլուծությունից պարզ է դառնում հետեւյալը՝
Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հողային հարաբերությունների կարգավորման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում եւ հաստատում են համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ), քաղաքաշինական գոտիավորման նախագիծն ու հողերի օգտագործման սխեման, ինչպես նաեւ սահմանում եւ փոփոխում են հողերի նպատակային եւ գործառնական նշանակությունը` Կառավարության սահմանած կարգով (...): Օրենսգրքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի համաձայն` հողերի նպատակային նշանակությունը, հողատեսքերն ու գործառնական նշանակությունը եւ հողերի օգտագործման նկատմամբ սահմանափակումները նշվում են համայնքների հողերի օգտագործման սխեմաներում, գլխավոր հատակագծերում: Շարադրված նորմերի բովանդակությունից բխում է, որ համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, քաղաքաշինական գոտիավորման նախագիծը, հողերի օգտագործման սխեման կազմելու եւ հաստատելու, Կառավարության սահմանած կարգին համապատասխան` հողերի նպատակային եւ գործառնական նշանակությունը սահմանելու եւ փոփոխելու իրավասությամբ օժտված են տեղական ինքնակառավարման մարմինները: Ելնելով վերոգրյալից կարող ենք արձանագրել, որ համայնքը իր վարչական տարածքում գտնվող եւ իրեն սեփականության իրավունքով պատկանող հողերի վերաբերյալ կարող է ընդունել նպատակային եւ գործառնական նշանակության փոփոխությունների վերաբերյալ որոշումներ եւ տալ այդ հողերի Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկանք: Կառավարության կողմից կարող է նախատեսվել այս լիազորության իրականացման կարգը, սակայն իրացումը չի կարող կաշկանդվել: Այժմ անդրադառնանք այն հարցին, թե արդյոք Կառավարության որոշման գործողության ընթացքում մեկ այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով (տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող հողերի վերաբերյալ կարող է ընդունել նպատակային եւ գործառնական նշանակության փոփոխությունները իրականացվում են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կարգավիճակ ունեցող որոշումներով) նախատեսվող կարգավորումները կարող են ունենալ գերակայություն, եթե ըստ Սահմանադրության 5-րդ հոդվածի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ունեն հավասար իրավաբանական ուժ: Տեղական ինքնակառավարման մարմնի որոշմամբ պետության կողմից համայնքին անհատույց սեփականության իրավունքով տրված հողերի նպատակային եւ գործառնական նշանակության փոփոխման վերաբերյալ որոշումը հողի օտարման ընթացքում կարող է «կոնֆլիկտ» ունենալ Կառավարության համապատասխան որոշման հետ, քանզի օրենսդրության մեջ կգործեն երկու հավասար իրավաբանական ուժ ունեցող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր նույն հողի կարգավիճակի եւ նրա իրավական ռեժիմի վերաբերյալ՝ պարունակելով միմյանց հակասող նորմեր: Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 60-րդ հոդվածում նոր լրացվող 4-րդ մասի համաձայն հողը կարող է օտարվել տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների արդյունքում՝ Կառավարության որոշման գործող նորմերին ի հակառակ: Գտնում ենք, որ տեղական ինքնակառարման մարմնի եւ Կառավարության որոշումների միջեւ նախապատվություն տալով տեղական ինքնակառավարման մարմնի որոշմանը Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 60-րդ հոդվածում նոր լրացվող 4-րդ մասը կարող է խնդրահարույց լինել ոչ միայն Սահմանադրության 5-րդ հոդվածի տեսանկյունից, ըստ որի՝ օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին եւ օրենքներին, այլ նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից, ըստ որի՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտով նախատեսել հավասար իրավաբանական ուժ ունեցող այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ գերակայության մասին նորմ: Իրավական ակտերի կիրարկման գործընթացում կարող են առաջանալ այնպիսի հարցեր, որոնք փոփոխությունների անհրաժեշտություն են առաջացնում, ինչը բխում է գործնականում ծագած խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունից։ Այդ ընթացքում պետք է գործող կարգավորումը ոչ թե «անտեսվի» այլ վերանայվի եւ անհրաժեշտ փոփոխությունների ենթարկվի: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով այն գաղափարով, որ Կառավարության որոշմամբ գործող կարգավորումները չեն կարող ուղղակի նշվել ոչ գերակա հավասար իրավաբանական ուժ ունեցող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նկատմամբ, առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 60-րդ հոդվածում նոր լրացվող 4-րդ մասը: 2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 60-րդ հոդվածում նոր լրացվող 4-րդ մասում կիրառել «կառավարության» ձեւակերպումը՝ համապատասխանեցնելով այն Օրենսգրքում կիրառվող ձեւին: 3. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 11.11.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 11.11.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է նախկինում պետական սեփականություն հանդիսացող եւ համապատասխան համայնքներին Կառավարության որոշումներով փոխանցված, փոխանցման պահին Կառավարության վերոնշյալ որոշումներով չմասնավորեցվող դասված, սակայն դրանից հետո համայնքների գլխավոր հատակագծերում կամ հողամասերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում, ինչպես նաեւ դրանցում իրականացված կամ իրականացվող փոփոխություններում նշված հողամասերի մասով նման սահմանափակում չնախատեսող հողամասերի հետագա տնօրինումը՝ առանց նշված որոշումներում փոփոխություն կատարելու համայնքի ղեկավարի կողմից տրված՝ տվյալ հողամասը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում այլեւս ընդգրկված չլինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 28.10.2025թ.
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) կատարել լրացումներ: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ գործող իրավակարգավորումներով ամբողջությամբ կարգավորված չեն Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից հանված հողամասերի մասնավորեցման ընթացակարգերը: Հաշվի առնելով վերոգրյալը, Նախագծի հեղինակի կողմից առաջարկվում է Օրենսգրքում նախատեսել դրույթ, որի համաձայն՝ Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից հանված հողամասերը կարող են օտարվել առանց նախկինում պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին Կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություն կատարելու՝ համայնքի ղեկավարի կողմից տրված՝ տվյալ հողամասը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում այլեւս ընդգրկված չլինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա: Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 31.10.2025թ.
|