ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1177-29.10.2025-ԳԿ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-11771 -29.10.2025-ԳԿ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-11772 -29.10.2025-ԳԿ-011/0) եւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-11773 -29.10.2025-ԳԿ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1177-29.10.2025-ԳԿ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-11771 -29.10.2025-ԳԿ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-11772 -29.10.2025-ԳԿ-011/0) եւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-11773 -29.10.2025-ԳԿ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 2. «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված պահանջը, որի համաձայն. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: 3. «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք նշված «Ն-0333-1» օրենքի հերթական համարը փոխարինել «Հ.Ն-0333-1» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի հերթական համարը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 03.11.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 03.11.2025թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է մանրամասն կարգավորել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգավորումները, մասնավորապես՝ հուշարձանների պետական ցուցակներում ներառված եկեղեցիների, վանքերի, եկեղեցական եւ վանական համալիրների, տաճարների, մատուռների եւ այլ պաշտամունքային կառույցների (այսուհետ՝ հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցներ)՝ այլ սուբյեկտնտերին օտարելու հետ կապված իրավահարաբերությունները: Այս կապակցությամբ առաջարկվում է պաշտամունքային կառույցների օտարման դեպքում ապահովել կառավարության իրավասությունը՝ համաձայնություն տալու կամ մերժելու գույքային իրավունքները հատուցմամբ կամ անհատույց փոխանցելու վերաբերյալ գործարքը: Նման կարգավորման միջոցով նախատեսվում է մի կողմից երաշխավորել անշարժ գույքի սեփականատիրոջ՝ գույքն օտարելու իրավունքի իրականացումը, իսկ մյուս կողմից պետության հնարավորությունը՝ համաձայնություն տալու կամ մերժելու գույքն օտարելու գործարքը՝ հաշվի առնելով այդ գույքերի՝ պետության եւ հասարակության համար մշակութային, հոգեւոր-կրոնական, պատմական կամ այլ արժեքավոր նշանակությունը եւ այլ նպատակներով օգտագործման, տիրապետման դեպքերի կանխման հնարավորությունը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 05.11.2025թ.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), համապատասխան փոփոխություն եւ լրացում կատարելով նաեւ հարակից՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքներում: Ներկայացվող Նախագծերի փաթեթը պայմանավորված է պետության եւ հասարակության համար մեծարժեք նշանակություն ունեցող հուշարձանների, պաշտամունքային կառույցների՝ այլ սուբյեկտնտերի օտարման իրավահարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ: Համաձայն Օրենքի, հուշարձանների պետական ցուցակները իրավական հիմք են օբյեկտին հուշարձանի կարգավիճակ տալու եւ պետության կողմից պահպանության վերցնելու համար (անկախ սեփականության ձեւից), որը հաստատում է ՀՀ կառավարությունը` լիազորված մարմնի ներկայացմամբ: Նույն օրենքում սահմանվում է նաեւ ՀՀ պետական սեփականություն համարվող այն հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման: Մինչդեռ, օտարման մասով սահմանափակումներ նախատեսված են միայն պետական սեփականություն հանդիսացող որոշ հուշարձանների վերաբերյալ: Խնդրի ռիսկայնությունը պայմանավորված է նրանով, որ պետության եւ հասարակության համար որոշակի արժեք ներկայացնող, պահպանության, զարգացման նպատակով ստեղծված եւ հաշվառված հուշարձանը կարող է առանց որեւէ ընթացակարգային սահմանափակման օտարվել ցանկացած սուբյեկտի: Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան, սակայն Նախագծերի փաթեթի՝ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի վերաբերյալ, կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը: Մասնավորապես, Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ մասի «հանրության շահեր» բառակապակցությունը տարընթերցման եւ մեկնաբանության տեղիք է տալիս, ուստի անհրաժեշտ է հստակեցնել այն եւ մանրամասն սահմանել, թե ի՞նչ է նշանակում «հանրության շահը» տվյալ Օրենքի տեսանկյունից: Եզրահանգում
Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 06.11.2025թ.
|