ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1182-03.11.2025-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1182-03.11.2025-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» (այսուհետ՝ Օրենք) օրենքին հղում կատարելիս եւ Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

2. Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի լրիվ անվանումը հիշատակելուց հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ պահպանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը առ այն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:», քանզի Նախագծի մյուս հոդվածներում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքը հիշատակելիս այն օգտագործվում է կրճատ «Օրենք» տեսքով:

3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր «ժ.10» կետ, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը` (…) սահմանում է սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը»: Առաջարկում ենք Օրենքում սահմանել նաեւ սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման լիազորություն ունեցող մարմինը՝ ապահովելով նախատեսվող կարգավորումների լիարժեքությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

13.11.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

13.11.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է  «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում սահմանել լիազորող նորմ սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ ստեղծելու եւ սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ մշակելու, ներդնելու եւ վարելու համար:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան

12.11.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ   կատարել «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում:

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ ցանկացած ոլորտում առկա խնդիրների վերհանման, ինչպես նաեւ փաստերի հիման վրա քաղաքականություն մշակելու համատեքստում կարեւորվում է հավաստի վիճակագրական տվյալների հավաքումն ու ամփոփումը: ՈՒստի եւ առաջարկվում է ներդնել սպորտի կառավարման տեղեկատվական համակարգ՝ սպորտային գործունեության կառավարման, կազմակերպման, վերլուծության եւ տվյալների պահպանման նպատակով: 

Վերոնշյալ համակարգի վարման կարգը կսահմանվի Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

Ակնկալվում է, որ Նախագծի ընդունումը կնպաստի զանգվածային սպորտին, մեծ նվաճումների սպորտին եւ մանկապատանեկան մարզադպրոցներին վերաբերող վիճակագրական տվյալների հավաքագրման եւ վերլուծության միասնական համակարգի ստեղծմանը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                         ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

06.11.2025թ.