ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1181-03.11.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-1181-03.11.2025-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածով սահմանված «սպասարկման գրասենյակ» հասկացությունը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» հասկացությամբ, ինչի արդյունքում համապատասխան փոփոխություններ են կատարվում նաեւ Օրենքի՝ «սպասարկման գրասենյակ» հասկացությունը ցանկացած հոլովաձեւով պարունակող բոլոր դրույթներում: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Նախագծով որեւէ փոփոխություն չի կատարվում Օրենքի 26.1-ին հոդվածի 3-րդ մասում նշված «սպասարկման գրասենյակներին» բառերի նկատմամբ, հետեւաբար առաջարկում ենք նշված դրույթում կատարել համապատասխան փոփոխություն: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներից: 2. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում «անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը» բառերը «Կառավարությունը» բառով փոխարինելու արդյունքում Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ այդ հոդվածով նախատեսված հատակագծերի ձեւերը, հատակագծերին ներկայացվող պահանջները եւ հատակագծերի ներկայացման կարգը այսուհետ սահմանում է ոչ թե անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը, այլ՝ Կառավարությունը: Այս համատեքստում հարկ է նկատել, որ Նախագծով սահմանված չէ, թե Կառավարությունն ինչ ժամկետում է պարտավորվում սահմանել համապատասխան հատակագծերի ձեւերը, հատակագծերին ներկայացվող պահանջները եւ հատակագծերի ներկայացման կարգը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք Նախագծով սահմանել վերջինիս 3-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման ժամկետ: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 24.11.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 24.11.2025թ.
Նախագծով նախատեսվում է Կադաստրի կոմիտեի կազմում իրականացնել կառուցվածքային փոփոխություններ՝ սպասարկման գրասենյակները փոխարինելով խորհրդատվական կենտրոններով: Այդ նպատակով առաջարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով: Բացի այդ՝ Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է «խորհրդատվական կենտրոն» հասկացությունը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 19.11.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Նախագծով նախատեսվում է Օրենքի համապատասխան հոդվածներում կատարել փոփոխություններ՝ «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինելով «խորհրդատվական կենտրոն» բառերով: Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածում կատարվում է փոփոխություն, համաձայն որի Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների շարքում սահմանվում է «խորհրդատվական կենտրոն» հասկացությունը: Իսկ Նախագծի 25-րդ հոդվածում նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հատակագծերի ձեւերը, հատակագծերին ներկայացվող պահանջները եւ հատակագծերի ներկայացման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի թիվ 1028-Ն որոշմամբ: Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը. Նախագծին կից հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվում է դադարեցնել Կադաստրի կոմիտեի որոշ սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ մնացած բոլոր սպասարկման գրասենյակները միացնել նոր ստեղծվող համապատասխան խորհրդատվական կենտրոններին: Սակայն առկա չէ որեւիցե նշում վերոնշյալ գործընթացի արդյունքում հաստիքների կրճատման, ավելացման, գործունեությունը դադարեցնող սպասարկման գրասենյակների աշխատողներին նոր ստեղծվող խորհրդատվական կենտրոններ տեղափոխելու վերաբերյալ: Եզրահանգում
Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումը՝ կարծում ենք, որ Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 11.11.2025թ.
|