ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1185-10.11.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1185-10.11.2025-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «14.1-րդ» գրելաձեւը փոխարինել «14.1-ին» գրելաձեւով՝ պահպանելով դասական թվականների ճիշտ գրելաձեւը: 2. Նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում է լրացնել նոր՝ 14.1-ին կետ, որով սահմանվում է դատարաններում պետական տուրքի գծով նոր արտոնություն, այն է՝ «դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ( ) 14.1) «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի համաձայն ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձինք՝ «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներով»: Տվյալ դեպքում հարկ է նկատել, որ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են. «13) դիմողները կամ հայցվորները՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 29.3-րդ եւ 31.3-րդ գլուխներով նախատեսված գործերով»: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.3-րդ գլխով նախատեսվում է «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վերաբերյալ կարգավորումներ: Միաժամանակ Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ նույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաեւ դատարանի վճիռների եւ որոշումների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար: Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ եւ 2-րդ մասի դրույթների համադրման արդյունքում կարող ենք փաստել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 14.1-ին կետով նշված անձինք արդեն իսկ ազատված են «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար տուրքի վճարումից: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն. «8. Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»: Միաժամանակ ցանկանում ենք նաեւ նշել, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի համաձայն ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձինք՝ «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված նախազգուշացումը դատական կարգով բողոքարկում են վարչական դատավարության ընդհանուր կարգով եւ այդ նախազգուշացումների բողոքարկումը ազատված չէ պետական տուրքի վճարումից, քանի որ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված չէ: Ուստի նրանց դատական բողոքարկումը վարչական դատարան ներկայումս կատարվում է պետական տուրքը վճարելուց հետո: Հետեւաբար, «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված նախազգուշացման դատական բողոքարկումը նախ պետք է նախատեսվի Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում որպես դատարանում պետական տուրքի գծով արտոնություն, իսկ այդ որոշման կապակցությամբ դատարանի վճռի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքները կազատվեն պետական տուրքի վճարումից արդեն նույն հոդվածի 2-րդ մասի ուժով: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող նոր լրացումը՝ 14.1-ին կետը վերանայել՝ իրավական նորմերի անհիմն կրկնությունը բացառելու եւ Նախագծով ակնկալվող արդյունքը ստանալու նպատակով: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկության հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Պետական տուրքի մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 20.11.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 20.11.2025թ.
Նախագծով առաջարկվում է պետական տուրքից ազատելու ձեւով պետական տուրքի արտոնություն սահմանել այն անձանց համար, ովքեր դիմել են դատարան «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներով, նույն օրենքի համաձայն ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձինք՝ ամուսնալուծության վերաբերյալ հայցերով, ծնողական իրավունքների իրականացման, ներառյալ երեխայի բնակության վայրը որոշելու, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու, երեխայի հետ շփվելու, երեխայի խնամքին, դաստիարակությանն ու կրթությանը մասնակցելու վերաբերյալ հայցերով, հայրությունը որոշելու վերաբերյալ հայցերով եւ ծնողական իրավունքները սահմանափակելու, ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցերով: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 24.11.2025թ.
Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում կատարել լրացումներ: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ պետական տուրքի վճարման տեսքով ֆինանսական բեռը եւ սոցիալական պայմանները հաճախ խոչընդոտ են հանդիսանում ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց՝ դատարան դիմելու կամ դատական ակտերը վերաքննության եւ վճռաբեկության կարգով բողոքարկելու համար, ինչն էլ վերջիններիս զրկում է արդյունավետ դատական պաշտպանություն իրացնելու հնարավորությունից: Հաշվի առնելով վերոգրյալը, Նախագծի հեղինակի կողմից առաջարկվում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատել ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված այն անձանց, ովքեր հանդես են գալիս նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներով, ինչպես նաեւ ամուսնալուծության, ծնողական իրավունքների իրականացման, ներառյալ՝ երեխայի բնակության վայրը որոշելու, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու, երեխայի հետ շփվելու, երեխայի խնամքին, դաստիարակությանն ու կրթությանը մասնակցելու, հայրությունը որոշելու, ծնողական իրավունքները սահմանափակելու եւ ծնողական իրավունքներից զրկելու հայցերով: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծի ընդունումը, կարծում ենք, կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ կոնկրետ շրջանակի անձանց սոցիալական վիճակի բարելավման տեսանկյունից կունենա դրական նշանակություն: Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 17.11.2025թ.
|