ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1186-10.11.2025-ՊԱ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11861 -10.11.2025-ՊԱ-011/0), «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11862 -10.11.2025-ՊԱ-011/0), «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11863 -10.11.2025-ՊԱ-011/0), «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11864 -10.11.2025-ՊԱ-011/0) եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11865 -10.11.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1186-10.11.2025-ՊԱ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11861 -10.11.2025-ՊԱ-011/0), «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11862 -10.11.2025-ՊԱ-011/0), «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11863 -10.11.2025-ՊԱ-011/0), «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11864 -10.11.2025-ՊԱ-011/0) եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11865 -10.11.2025-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանված չէ վերջինիս կարգավորման առարկան, ինչը խնդրահարույց է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթի տեսանկյունից, այն է. «Նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից»: Առաջարկում ենք Նախագծով սահմանել դրանով կարգավորվող հարաբերություններին համապատասխան կարգավորման առարկա: 2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն որոշակի հանգամանքներում անհայտ կորած անձ կարող է համարվել - զինծառայողը, - զինվորական ծառայության մեջ չգտնվող, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված եւ մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորական: Ցանականում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում կիրառվում է «տարածքային պաշտպանությանը ներգրավված եւ մարտական գործողություններին մասնակցած կամ զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված եւ մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձը (այսուհետ` կամավորագրված անձ)» ձեւակերպումը: Առաջարկում ենք հետեւել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին եւ նույն միտքն արտահայտող ձեւակերպումները օրենսդրությունում օգտագործել միասնական մոտեցմամբ՝ համապատասխանեցնելով այս ձեւակերպումները միմյանց: 3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: Առաջարկում ենք սույն պահանջը պահպանել Նախագծերի փաթեթում օրենքների կրճատ անվանումները հիշատակելիս, ինչպես օրինակ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում, 5-րդ հոդվածի 8-րդ մասում, 6-րդ հոդվածի 1-ին մասում, եւ հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը։ 4. Հարկ ենք համարում նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերնայել Նախագծում «եւ/(կամ)» գրելաձեւերիի գործածման դեպքերը: 5. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում անհայտ կորած անձի ընտանիքի անդամներին թվարկելիս առաջարկում ենք այն համապատասխանեցնել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի մոտեցմանը՝ համապաստախանաբար «ամուսինը» բառից հետո լրացնելով «կինը (այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող)» բառերը։ 6. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվում են «Հայաստանի Հանրապետություն կառավարությունը» բառերը, հարկ է նկատել, որ Նախագծում առկա է տարբեր հոլովաձեւերով «Հայաստանի Հանրապետություն կառավարություն» եւ «Կառավարություն» բառերի միաժամանակյա կիրառություն, հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծում բոլոր հոլովաձեւերով առկա «Հայաստանի Հանրապետություն կառավարություն» բառերը փոխարինել համապատասխան հոլովաձեւով «Կառավարությունը» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կիրառվում է «Կառավարություն» տարբերակը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներից: 7. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետեւանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների մինչեւ 27 տարեկան զավակները, ծնողները, ամուսնինը (կինը) Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված բարձրագույն եւ պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելության եւ ուսումնառության իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: ( ) »: Առաջարկում ենք սույն մասում կրթական ծրագրերի անվանումներում կիրառվող տերմինաբանությունը նախատեսելիս հաշվի առնել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-251-Ն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսվող «Կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածում կիրառվող կրթական ծրագրերի անվանումների տերմինաբանությունը, որը ուժի մեջ է մտնելու ոչ ուշ, քան 2026 թվականի հուլիսի 31-ը: 8. Նախագծի 5-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասության մեջ «հոդվածի» բառն առաջարկում ենք փոխարինել «մասի» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քնարկվող նախադասությամբ նշված կրագավորումը վերաբերում է միայն տվյալ մասին, այլ ոչ ողջ հոդվածին: 9. Նախագծի 5-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող ճանաչված անձինք կամ նրանց ընտանիքի անդամներն օգտվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով եւ 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված արտոնություններից՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկից եւ փոխադրամիջոցի գույքահարկից ազատման տեսքով՝ Կառավարության սահմանած կարգով:»։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով եւ 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով արտոնություններ նախատեսվում են նաեւ մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս մահացած ճանաչված անձանց համար՝ առաջարկում ենք նրանց եւս ընդգրկել Նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ մասում եւ «անհայտ բացակայող» բառերից հետո լրացնել «կամ մահացած» բառերը։ 10. Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում են անհայտ կորած անձանց, նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների ու աջակցությունների տեսակները: Նախագծի 6-րդ հոդվածն ունի «Շահառուների՝ վնասի հատուցում եւ աջակցության ստանալու իրավունքը» վերնագիրը: Հատկանշական է, որ կարգավորումների նույնատեսակ լինելու, ինչպես նաեւ՝ Նախագծի 6-րդ հոդվածով սահմանված դրույթների՝ իրենց բնույթով Նախագծի 5-րդ հոդվածի կարգավորման առարկայի մեջ լիովին ընդգրկվելու պարագայում հասկանալի չէ Նախագծի 6-րդ հոդվածով սահմանված դրույթների տարանջատումը 5-րդ հոդվածով սահմանված դրույթներից: Ընդ որում՝ Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթն իր բովանդակությամբ դուրս է այդ հոդվածի կարգավորման առարկայից եւ համահունչ է Նախագծի 5-րդ հոդվածի կարգավորման առարկային. Նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրը վերաբերում է շահառուներին հատկացվող հատուցմանը եւ աջակցություն ստանալու իրավունքին, մինչդեռ՝ այդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ կարծում ենք, որ բացակայում է Նախագծի 6-րդ հոդվածով սահմանված դրույթներն առանձին սահմանելու անհրաժեշտությունը: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջից: Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կամավորականի ընտանիքի անդամին տրամադրվող արտոնության առումով կարող է շփոթ առաջանալ «ընտանիքի անդամ» հասկացության վերաբերյալ: Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն անհայտ կորածի ընտանիքի անդամ հասկացությունը ունի այլ ծավալ եւ ընդգրկում է այլ սուբյեկտներ, քան «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում որպես շահառու ճանաչվող սուբյեկտներն են: Կարծում ենք՝ սույն իրողությունը իրավակիրառ պրակտիկայում արտոնությունների տրամադրման վարույթում կարող է առաջացնել խնդիրներ եւ առաջարկում ենք վերանայել ու լրամշակել Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասը: 11. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված շահառուներն» բառերը փոխարինել «Շահառուներն» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված արտահայտության մեջ հղում է կատարվում Նախագծի 1-ին հոդվածով սահմանվող «շահառու» հասկացությանը, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածից արդեն իսկ բխում է, որ դրանով սահմանվող հասկացություններն այսուհետ կիրառվելու են իրենց սահմանմանը համապատասխանող իմաստով եւ այդ դրույթին հղում կատարելու անհրաժեշտություն չկա: 12. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում առաջարկում ենք նախարարությունների անվանումները նշելիս շարժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կիրառված ձեւակերպումներով՝ համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն», «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն»։ 13. Նախագծի 10-րդ հոդվածում կիրառվում է «անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձ» ձեւակերպումը, ինչի կապակցությամբ հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված «անհայտ կորած անձ» հասկացության սահմանման մեջ արդեն իսկ ներառված է տվյալ անձի գտնվելու վայրի անհայտ լինելու հանգամանքը, հետեւաբար առաջարկում ենք քննարկվող ձեւակերպումից հանել փակագծերում նշված «(գտնվելու վայրն անհայտ)» բառերը: Սույն առաջարկը բխում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի մնացած բոլոր հոդվածներում կիրառվում է «անհայտ կորած անձ» հասկացությունը: Նախագծի 10-րդ հոդվածում առկա է նույն միտքն արտահայտող «միջգերատեսչական հանձնաժողով» եւ «հանձնաժողով» բառերի միաժամանակյա կիրառություն, ինչը խնդրահարույց է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից: 14. Նախագծի 10-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի գործունեության հիմնական խնդիրները՝ ի թիվս այլ սուբյեկտների՝ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց որոնողական ու վերադարձման աշխատանքներին իր իրավասության սահմաններում աջակցելն է եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց ընտանիքների անդամների ու շահառուների, ինչպես նաեւ շահագրգիռ մարմինների եւ կազմակերպությունների հետ մշտական կապ պահպանելը:
Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն համանման իրավասությամբ հանձնաժողովի վերաբերյալ դրույթներ արդեն իսկ նախատեսվում են՝ «Պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին կից կարող է գործել անհայտ կորածների հարցերով խորհրդատվական հանձնաժողով:»: Ուստի առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի դրույթները նախատեսելիս հաշվի առնել նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները՝ տարանջատելով այդ հանձնաժողովների գործունեության ոլորտները: 15. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասում առկա է հետեւյալ արտահայտությունը՝ «Անհայտ կորած անձանց միասնական ռեեստրը (այսուհետ՝ Ռեեստր)»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: Այսպես՝ վերը մեջբերված դրույթից բխում է, որ կրճատ տարբերակը պետք է սահմանվի առաջին իսկ կիրառումից հետո, մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում «անհայտ կորած անձանց միասնական ռեեստր» հասկացությունն առաջին անգամ կիրառելիս վերջինիս՝ Նախագծում կիրառվող կրճատ տարբերակի վերաբերյալ որեւէ նշում չի կատարվում: Առաջարկում ենք շտկել Նախագծի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի միջեւ առկա անհամապատասխանությունը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասով որպես՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կրճատ տարբերակ սահմանված է «Լիազոր մարմին» բառերին, որոնք կիրառվում են նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասում: Այս համտեքստում հարկ է նաեւ նշել, որ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ Նախագծում կիրառվող «Լիազոր մարմին», «լիազոր մարմին» եւ «լիազորված մարմին» բառերը նույն միտքն են արտահայտում: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»՝ առաջարկում ենք կիրառել նշված բառերից միայն մեկը: 16. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ռեեստրի տիրապետողը Լիազոր մարմինն է, որը ամբողջական ծավալով հասանելիություն ունի Ռեեստրում մուտքագրված տեղեկություններին:»: Առաջարկում ենք «տիրապետողը» հասկացությունը փոխարինել «վարողը» հասկացությամբ՝ հաշվի առնելով նույն հոդվածի 3-րդ մասի ձեւակերպումը եւ համապատասխանեցնել միամյանց: 17. Նախագծի 14-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկում ենք օգտագործել «օպերատիվ-հետախուզական» ձեւակերպումը՝ առաջնորդվելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում կիրառվող ձեւակերպմամբ։ 18. Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասում առկա «հայտնաբերված չէ (չեն)» բառերի վերաբերյալ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը», հետեւաբար՝ առաջարկում ենք վերը մեջբերված բառերից հանել «(չեն)» ձեւակերպումը: 19. Նախագծի 6-րդ գլխում առկա է միայն մեկ հոդված, մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում»: Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ Նախագծի՝ մեկ հոդված պարունակող այլ գլուխներին: 20. Նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ մասում կիրառվում է «ԴՆԹ» հապավումը, ինչը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասին, որով սահմանված է. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»: 21. Նախագծի 17-րդ հոդվածի համաձայն՝ «Անհայտ կորած անձանց հետախուզումն իրականացնելիս համապատասխան մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում համագործակցում են օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի ( ):»: Ցանակոնում ենք նշել, որ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովը որպես առանձին կառույց բացակայում է ներպետական եւ միջազգային օրենսդրությունում։ Ըստ այդմ, առաջարկում ենք հստակեցնել համագործակցող սուբյեկտներին։ 22. Նախագծի 8-րդ գլխի «Եզրափակիչ եւ անցումային դրույթներ» վերնագրում առաջարկում ենք «եւ» շաղկապից առաջ լրացնել «մաս» բառը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածից բխում է, որ օրենքն ունենում է եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ: 23. Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «ենթաօրենսդրական» բառից հետո լրացնել «նորմատիվ իրավական» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ինչպես նաեւ՝ նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: 24. Նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ մասով հղում է կատարվում Նախագծի 11-րդ հոդվածի 7-րդ մասին, մինչդեռ այդ հոդվածն ունի ընդամենը 6 մաս, առաջարկում ենք շտկել վրիպակը: 25. «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքի 9-րդ հոդվածով սահմանված է. «Անհայտ զինվորական շիրիմների եւ չհուղարկավորված աճյունների, զոհվածների եւ անհայտ կորածների անունների հայտնաբերման նպատակով կատարվում են որոնողական աշխատանքներ: Դրանք կազմակերպվում են լիազորված մարմնի համապատասխան ծրագրերի հիման վրա, իսկ իրականացնում են նման աշխատանքների կատարման համար լիազորված պետական մարմինները:»: Նույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված է, որ այդ օրենքի իմաստով լիազոր մարմին են համարվում տեղական ինքնակառավարման մարմինները եւ պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմինը: Վերոգրյալից բխում է, որ անհայտ զինվորական շիրիմների եւ չհուղարկավորված աճյունների, զոհվածների եւ անհայտ կորածների անունների հայտնաբերմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները եւ պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմիներ, մինդչեռ Նախագծով այդ իրավասությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը: Առաջարկում ենք ապահովել Նախագծի եւ «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքի համապատասխանությունը միմյանց: 26. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ նախագծում «Օրենք» կրճատ տարբերակն այլեւս չի կիրառվում: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում նշված «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպմանը: Միաժամանակ նշեք, որ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում «Օրենք» կրճատ տարբերակը կիրառվում է առանց այդ մասին նշում կատարելու: Առաջարկում ենք ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին: 27. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերնագրին: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքի, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի, «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-251-Ն օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ` Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248), Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 01.12.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծերի փաթեթի ընդունմամբ առաջանում է անհրաժեշտություն այլ օրենքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու: Մասնավորապես՝ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է. «Ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետեւանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների մինչեւ 27 տարեկան զավակները, ծնողները, ամուսնինը (կինը) Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված բարձրագույն եւ պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելության եւ ուսումնառության իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Պետությունը սույն մասով սահմանված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի այն սովորողներին, որոնք ուսումնառության ընթացքում ձեռք են բերել սույն մասով նախատեսված կարգավիճակ, տրամադրում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»: Հատկանշական է, որ համապատասխան կարգավորում առկա չէ կրթության ոլորտը կարգավորող որեւէ օրենքում. ընդ որում՝ Նախագծերի փաթեթով նման կարգավորում չի նախատեսվում սահմանել եւս: Կարծում ենք՝ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումը պետք է սահմանել նաեւ կրթության ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերով: Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ` Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248), Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 01.12.2025թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց իրավական վիճակին առնչվող իրավահարաբերությունները: Մասնավորապես, սահմանվում են քննարկվող օրենքի իմաստով անհայտ կորած անձի հասկացությունը, իրավական կարգավիճակը, անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության, անհայտ կորած անձանց որոնման, հայտնաբերման եւ վերադարձման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում են անհայտ կորած անձանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների իրավունքները, այդ թվում՝ անհայտ կորած անձի անհետացման պատճառների եւ հանգամանքների, գտնվելու դեպքում՝ գտնվելու վայրի, մահվան դեպքում՝ մահվան հանգամանքների, հուղարկավորման վայրի (եթե այն հայտնի է) վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու, մարմինը (մասունքները) ստանալու իրավունքը, սոցիալական պաշտպանության իրավունքը, իրենց նախաձեռնությամբ եւ լիազոր մարմնի համաձայնությամբ, լիազոր մարմնին անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացում օգնություն եւ աջակցություն ցուցաբերելու իրավունքը եւ այլն: Դրույթներ են նախատեսվել Անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների վերաբերյալ, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսված շահառուների կողմից վնասի հատուցման գումարների, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ նաեւ աջակցության գումարի տրամադրման իրավունքի վերաբերյալ, որպիսի գումարները տրամադրվում են նշված օրենքով սահմանված կարգով: Սահմանվում են նաեւ անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթներ, հետախուզման դադարեցման դեպքերը, անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմինը, անհայտ կորած անձանց հարցերով միասնական ռեեստրին առնչվող դրույթներ, միջազգային համագործակցության շրջանակները եւ վերաբերելի այլ դրույթներ: Միաժամանակ, հարակից օրենքների նախագծերով նախատեսվում է կերակրողին կորցնելու դեպքում ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձի ընտանիքի՝ նախագծերում նշված անդամների՝ կենսաթոշակի, ինչպես նաեւ նպաստի իրավունքը (եթե անհայտ կորած անձը դատարանի վճռի հիման վրա ճանաչվել է անհայտ բացակայող)՝ կանոնակարգելով նաեւ դրա կիրառմանն առնչվող հարաբերությունները, իրավական հիմք է ստեղծվում անձին սոցիալական աջակցության տեսակ հանդիսացող սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրել նաեւ «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նկարագրված իրավիճակների հետեւանքով ընտանիքի անդամի անհայտ կորելու դեպքում եւ այլն: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում անդրադառնալ Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) որոշ դրույթներին: 1. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին նախադասությամբ սահմանվում է, որ. «Պետությունը սույն մասով սահմանված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի այն սովորողներին, որոնք ուսումնառության ընթացքում ձեռք են բերել սույն մասով նախատեսված կարգավիճակ, տրամադրում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»: Խնդիրը կայանում է նրանում, որ «Պետական նպաստների մասին» օրենքով, որով սահմանված են պետական նպաստների բոլոր տեսակները, որպես այդպիսին՝ «ուսանողական նպաստ» նախատեսված չէ, ինչն էլ կարող է տարընթերցման տեղիք տալ: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ տվյալ նախադասության մեջ խոսքը գնում է ընդամենը ուսման վճարի փոխհատուցման մասին (ինչը մասամբ կարելի է նպաստ համարել), առաջարկում ենք այս նախադասությունից ուղղակի հանել «ուսման նպաստի ձեւով» բառերը՝ հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով: 2. Նույն՝ ուսման վճարի փոխհատուցման տեսքով սահմանվող արտոնության հետ կապված, հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ Հարկային օրենսգրքի 160.1.-րդ հոդվածով սահմանված է նաեւ հարկային արտոնություն՝ վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձի տեսքով, իսկ այս երկու արտոնությունների համաժամանակյա կիրառման դեպքում նույն անձը նույն գումարի չափով կարող է երկու անգամ փոխհատուցում ստանալ: Տվյալ խնդրի լուծման նպատակով առաջարկում ենք Նախագծերի փաթեթը լրացնել նոր նախագծով եւ ՀՀ Հարկային օրենսգրքի 160.1.-րդ հոդվածում հստակ ամրագրել, որ Նախագծով նախատեսվող արտոնությունից օգտվող անձինք չենք կարող փոխհատուցում ստանալ Հարկային օրենսգրքի 160.1.-րդ հոդվածով սահմանված կարգով եւ չափով: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ տարընթերցումներից խուսափելու նպատակով շտկումների կատարման եւ փաթեթի կազմում նոր նախագծի ընդգրկման տեսքով:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 14.11.2025թ.
Կառավարության կողմից ներկայացվել է «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծը, ինչպես նաեւ մի քանի հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման՝ « անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների անդամներին տարբեր իրավական ակտերում կա որոշակի անդրադարձ, մինչդեռ նշված դրույթները թերի են, շատ դեպքերում ընդամենը հղումներ են կատարվում այլ օրենքներին կամ նշվում է, որ կոնկրետ սուբյեկտի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է այլ սուբյեկտի սոցիալական պաշտպանության համար սահմանված կարգով, այսինքն՝ դրանք բավարար չեն իրավական դաշտը կարգավորված դիտելու համար: Բացի այդ, առկա կարգավորումների համապարփակ բնույթ չկրելու պայմաններում շատ դեպքերում հավանական շահառուի համար դժվարություն է առաջացնում նույնիսկ այս կամ այն սոցիալական երաշխիքի կամ արտոնության, դրանց տրամադրման ընթացակարգերի մասին տեղեկատվություն ստանալը: Ոչ պակաս կարեւոր է նաեւ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ առկա չէ ռազմական գործողություններում, զինված հակամարտությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալների միասնական բազա, սահմանված չեն նաեւ պետական մարմինների եւ մասնավոր անձանց միջեւ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համապատասխան մեխանիզմներ»: Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է՝ սահմանել գործուն կարգավորումներ՝ ուղղված անհայտ կորած անձանց իրավական վիճակի կարգավորմանը, նրանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությանը: «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նաեւ Նախագիծ) վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ առաջարկություններն ու նկատառումները. 1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «անհայտ կորած անձ է համարվում զինծառայողը, ինչպես նաեւ զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձը, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված եւ մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորականը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում՝ ................... ռազմական գործողություններին հաջորդող վեցամսյա ժամկետում խաղաղ պայմաններում եւ հավաստի տեղեկությունների համաձայն՝ նրա վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրվանից 72 ժամ անց ծառայության վայրում կամ նրա ընտանիքի անդամների մոտ տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի եւ ճակատագրի մասին». Վերոնշյալի կապակցությամբ հարց է առաջանում, թե ինչո՞ վ է պայմանավորված հենց վեցամսյա ժամկետի ընտրությունը: 2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ անհայտ կորած անձի ընտանիքի անդամ է հանդիսանում նաեւ անհայտ կորած անձի հետ «փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող» ամուսինը կամ կինը. Սույն Նախագծի շրջանակներում սահմանված չեն չափանիշները եւ պայմանները, որոնց բավարարելու դեպքում անձինք կհամարվեն փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող, ինչը կարող է կամայական մեկնաբանության եւ հայեցողական որոշումներ կայացնելու առիթ հանդիսանալ. 3. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Վերոնշյալի հետ կապված՝ հարկ ենք համարում նշել, որ՝ - սույն Նախագծի համաձայն «անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամ» հասկացությունը շատ ավելի լայն է եւ տարբերվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շահառուների շրջանակից. - նաեւ հստակեցված չէ, թե «սոցիալական պաշտպանությունն» իր մեջ սոցիալական աջակցության եւ արտոնությունների ի՞ նչ տեսակներ/փաթեթ է ներառում. 4. Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասում՝ «միջազգային մարդասիրական կազմակերպություններին» բառերից հետո, առաջարկում ենք ավելացնել «ինչպես նաեւ բոլոր այլ մարմիններին եւ կազմակերպություններին» արտահայտությունը. 5. Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «պարտավոր է այդ մասին» բառերից հետո ավելացնել համապատասխան ժամկետ (որի ընթացքում հարցումը ստացած համապատասխան մարմինը պարտավոր է Լիազոր մարմնին ծանուցել, որ չի կարող 14-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում ապահովել անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը): Եզրահանգում Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները եւ առաջարկությունները՝ կարծում ենք, որ «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 01.12.2025թ.
|