ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1188-12.11.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1188-12.11.2025-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

02.12.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

02.12.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, որի արդյունքում նշյալ օրենքի ընդունումից հետո 27 տարին լրացած անձինք նույնպես կկարողանան օգտվել այդ օրենքի ընձեռած հնարավորությունից՝ համապատասխան վճարի դիմաց ազատվելով զինվորական ծառայություն չանցնելու համար սահմանված պատասխանատվությունից:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

03.12.2025թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն  օրենքում (ակսուհետ՝ Օրենք)՝ ուժը կորցրած ճանաչելով Oրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը:

Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի գործողությունը տարածվում է Օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած եւ օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած կամ 35 տարին լրացած եւ օրենքի պահանջների խախտմամբ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Օրենքի ընդունումից անցել է ավելի քան 1 տարի եւ 10 ամիս, այս պահին ունենք հարյուրավոր քաղաքացիներ, ում 27 տարին լրացել է Օրենքի ընդունումից հետո: Անհրաժեշտ է Օրենքի 5-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը, որպեսզի Օրենքի ընդունումից հետո 27 տարին լրացած անձինք նույնպես կարողանան օգտվել այս Օրենքից, այլապես նրանք չեն վերադառնա Հայաստանի Հանրապետություն, կսպասեն մինչեւ լրանա իրենց 37 տարին եւ վաղեմության հիմքով կարճվի հարուցված քրեական գործը: Մենք կկորցնենք թե մարդկային եւ թե ֆինանսական մեծ ներուժ: 

Կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը.

Հարկ ենք համարում նշել, որ բավական մեծ է այլ երկրի քաղաքացիություն ստացած ազգությամբ հայ մինչեւ 18 տարեկան, ինչպես նաեւ արդեն իսկ 18 տարին լրացած անձանց քանակը, որոնք փաստացի այլ երկրի քաղաքացիություն են ստացել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով եւ երբեւիցե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս չեն բնակվել: Ստացվում է, որ վերոնշյալ անձինք, 27 տարին լրանալուց հետո կարող են կրկին ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ընդամենը 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ վճարելով՝ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից /Տես, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1 մաս/: 


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումը՝ կարծում ենք, որ Նախագիծը լրամշակման կարիք ունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                         ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

02.12.2025թ.